«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍՓԻՒՌՔԻ ԳՈՐԾԵՐՈՒ ԳԼԽԱՒՈՐ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
551

«Հայրենադարձութեան Հրաշքը Մե՛նք Պէտք Է Առաջ Բերենք»

Վարեց՝ ԱԶԱ ԲԱԲԱՅԵԱՆ

«Հայրենադարձութիւնը մեր պետութեան կայացման եւ ամրապնդման անբաժանելի մասն է, առանց դրա չի լինելու», Մոսկուայում «Ազատութիւն» հայկական ծառայութեանը տուած հարցազրոյցում յայտարարեց Հայաստանի վարչապետի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը:

Դա, Գլենդէյլի նախկին քաղաքապետի համոզմամբ, կը ստացուի՞. «Հրաշքը մե՛նք պէտք է առաջ բերենք»:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Եթէ մատնանշելու լինէք հինգ առաջին կէտերը, որը պէտք է ձեր գրասենեակը առաջիկայ մի քանի ամիսներին կատարի կամ սկսի, որո՞նք են:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Առաջինը, ու սրանք, էսպէս ասեմ, առաջինի ու հինգերորդի միջեւ ժամանակային իմաստով տարբերութիւն չկայ, շատերը զուգահեռ են իրար հետ, առաջինը դա մեր գրասենեակի վերջնական կազմաւորումն է:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Ի՞նչ տեսք է այն ունենալու:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Այն լինելու է կազմուած 50 հոգուց:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Այսինքն՝ նախարարութիւն, բայց ուրիշ անուանումով:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Նախարարութիւնը շատ աւելի մեծ էր՝ 90 հոգուց էր բաղկացած: 50 հոգուց. երկար ուսումնասիրելուց յետոյ մենք եկել ենք այն եզրակացութեան, որ 50 հոգով մենք կարող ենք լուրջ աշխատանք տանել, իրօք աշխարհով մէկ, մեր Սփիւռքը շատ մեծ է, շատ աշխատանք կայ: Ակնկալել, որ 10-15 հոգով կարելի է այս 6ից 7 միլիոնանոց Սփիւռքը քարտէզագրել, իրենց հետ աշխատել, իրենց կարիքները հոգալ եւ այդ ամէնը անել ժամանակի իմաստով պատասխանատու ձեւով՝ դա իրատեսական չի:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Ե՞րբ պատրաստ կը լինի այդ գրասենեակը, կազմուած կը լինի արդէն:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Իմ նպատակն է, որ այն լիովին կազմուած լինի վեց ամսուայ ժամկէտում: Կը սկսենք այդ քարտէզագրման հիմքի վրայ քաղաքականութիւն մշակել, այսինքն՝ վերլուծենք այդ քարտէզագրման արդիւնքում առաջ եկած արդիւնքները եւ վերլուծութեան վրայ սկսենք նաեւ կազմել քաղաքականութիւն Սփիւռքի նկատմամբ կամ սփիւռքների նկատմամբ, որովհետեւ այդ քաղաքականութիւնը լինելու է իրականում մի քանի, բազմաթիւ քաղաքականութիւններ…

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Եւ հինգերորդ կէտը՞:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Եւ հինգերորդ կէտն էլ՝ մենք պէտք է նաեւ Հայաստանի տնտեսական միջավայրի առողջացման աշխատանք տանենք: Որովհետեւ եթէ մենք մարդկանց ասում ենք՝ գիտէ՞ք, եկէք ապրէք, գիտէ՞ք, եկէք ներդրում արէք, համապատասխան պայմաններ պէտք է լինեն:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Ստացւում է, որ մենք կէս տարուց կարող է ունենանք Սփիւռքի հարցերով գրասենեակի ինչ-որ լուջ ռազմավարութիւն արդէն պատրաստած:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Իհարկէ, դա մեր նպատակն է, այո: Ասեմ, որ ակնկալիքները, գիտեմ, շատ են, աշխատանքը շատ աւելի շատ է, բայց պէտք է սկսենք աշխատել:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Որ՞ն էր Հայաստանի իշխանութիւնների հիմնական սխալը Սփիւռքի հետ աշխատանքի առումով, ինչու՞ չկարողացան իսկապէս լուրջ հոսք ստեղծել դէպի Հայաստան անկախութիւնից յետոյ:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Իրենց ամենամեծ սխալը նա էր, որ իրենք իրենց առջեւ նոյնիսկ նման նպատակ չէին էլ դրել: Ես մի վայրկեան չեմ հաւատում, որ ետանկախ այդ փուլում, այսինքն՝ 91 թուականից մինչեւ այսօր, մինչեւ յեղափոխութիւնը, Հայաստանի կառավարութիւնը լուրջ իր առջեւ նպատակ է դրել մեծ հայրենադարձութիւն սկսելու: Չի եղել նման ծրագիր, իրենք չեն դրել նման ծրագիր, հետեւաբար այդ ծրագիրը չի իրագործուել:

Գիտէ՞ք, մի աքսիոմատիկ (անքննելի-Խմբ.) ճշմարտութիւն կայ. որեւէ պետութիւն, եթէ այն իրօք պետութիւն է, իր առջեւ երբ որ նպատակներ է դնում, որեւէ խոչընդոտ չի կարող խանգարել պետութեանը, կամ այդ պետութիւնը պետութիւն չի:

Ամէն ինչի համար ռեսուրս եղել է՝ հարստանալու համար, թալանի համար, բայց պետական ծրագրերի համար, արի ու տես, որ ֆինանսներ չեն եղել: Չէ, եթէ իրենք ուզէին, ապա ինչ-որ բան կ՛արուէր, յաջողութիւն էլ կը լինէր: Չեն արել:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Այսինքն, յեղափոխական իշխանութիւնների մօտ, ձեր կարծիքով, կը ստացուի:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Յեղափոխական իշխանութիւնները, վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր առջեւ նպատակ է դրել, այո, հայրենադարձութեան, պետականաշինութեան: Հայրենադարձութիւնը մեր պետութեան կայացման եւ ամրապնդման անբաժանելի մասն է, առանց դրա չի լինելու:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Եւ կը յաջողուի:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Անպայման: Հրաշքը մե՛նք պէտք է առաջ բերենք: Եւ դա ես չեմ էլ ուզում որպէս հրաշք մեկնաբանել, որովհետեւ հրաշքը, գիտէ՞ք, մի տեսակ, մենք դա ցանկանում ենք, որ տեղի ունենայ, բայց այն տեղի է ունենում մեր կամքից անկախ: Չէ, սա պէտք է լինի մեր կամքից կախուած, մե՛նք պէտք է թելադրենք:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Մե՛ր ստեղծած հրաշքը:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Մե՛ր ստեղծած հրաշքը պէտք է լինի, եւ միշտ այս թեման բացելուց՝ ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ, հայրենադարձութիւն, ռեպատրիացիա (հայրենադարձութիւն-Խմբ.), այս թեմաները բացելուց միշտ Իսրայէլի անունն եմ տալիս, որովհետեւ դա անխուսափելի է. այսինքն՝ Իսրայէլը այն պետութիւնն է, որը անցել է այս ճանապարհը եւ…

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Բայց մեծ գին է վճարել՝ պետութիւն ունենալու, վերադարձի համար մեծ գին է վճարել:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Մեծ գին է վճարել, որ մենք պէտք է վճարենք նաեւ, դա անխուսափելի է: Մենք պէտք է մեծ ռեսուրսներ յատկացնենք դրան, մենք պէտք է պետականօրէն պատրաստուենք դրան, եւ միայն նոր կարող ենք այդ հրաշքը առաջ բերել:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Մէկուկէս ամիս Երեւանում աշխատելուց յետոյ, ի՞նչ էք կարծում, մենք ճի՞շդ ժողովրդավարական երկիր ենք կառուցում:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Մենք այսօր բռնել ենք ճիշդ ժողովրդավարական պետութիւն կառուցելու ճանապարհը:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ».- Իսկ ժողովրդավարական Հայաստանը կը կարողանա՞յ ունենալ, պահպանել բարեկամական յարաբերութիւններ ոչ ժողովրդավարական Ռուսաստանի հետ, ձեր կարծիքով, Իսրայէլի օրինակը կ՛օգնի՞:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Այո: Ինչպէս դուք ինքներդ ասեցիք՝ կան շատ եւ շատ պետութիւններ, որոնք, արի ու տես, ունենալով տարբեր քաղաքական համակարգեր, կարողանում են շատ լաւ յարաբերութիւններ ունենալ իրար հետ: Ռուսաստանի հանրապետութիւնը սուվերեն (գերիշխան-Խմբ.) երկիր է, իրենք կը բռնեն այն ուղին, որ իրենք են ճիշդ գտնում, մենք իրենց դաշնակից պետութիւն ենք, մենք իրենց բռնած ուղու հետ շատ գործ չունենք, իրենք մնալու են մեր դաշնակիցները, եւ մենք համագործակցելու ենք իրենց հետ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here