Թաւշեայ Յեղափոխութիւնից Յետոյ Հայաստան Պէտք Է Դառնայ Ամերիկայի Ռազմավարական Գործընկերը. Փալոն

0
160

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Հայաստանում Թաւշեայ յեղափոխութիւնը հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման նոր հնարաւորութիւններ է բացել, արդէն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»ի հետ հարցազրոյցում յայտարարել է Միացեալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամութեան խմբի համանախագահ՝ կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկեան ռազմավարական համագործակցութեան մասին օրէնսդրական նախաձեռնութիւն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հաւանութիւն ստանալու դէպքում խրախուսելու է Միացեալ Նահանգների պետքարտուղարութեանը (արտաքին գործոց նախարարութեան) Հայաստանին որպէս ռազմավարական դաշնակցի մօտենալ:

«Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Հայաստանն աւելի ժողովրդավար է. այնտեղ իշխում է օրէնքի գերակայութիւնը, խրախուսւում է ազատ շուկայի ձեւաւորումը: Ուստի, սա հնարաւորութիւն է մեր երկու երկրների միջեւ համագործակցութեան նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում», յայտնում է նա:

Համագործակցութեան մէկ այլ ոլորտ՝ Հայաստանում խորհրդարանական մշակոյթի ձեւաւորմանը Միացեալ Նահանգների աջակցութիւնն է: Կոնգրեսական Փալոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռեւս Սպիտակի աւերիչ երկրաշարժից յետոյ՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկեան օգնութիւն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թաւշեայ յեղափոխութիւնից ամիսներ առաջ՝ Ամերիկայի Կոնգրեսի պատուիրակութեան կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամութեան խումբը նախատեսում է հայ եւ ամերիկեան օրէնսդիրների միջեւ 2019ին այցերի փոխանակում կազմակերպել:

Ժողովրդավարական արժէքներն ու օրէնքի գերակայութիւնը յարգող Հայաստանը Միացեալ Նահանգների համար կարեւորագոյն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալոնը: Կոնգրեսականի խօսքով, ժողովրդավարական արժէքներից հայերին չեն կարող յետ պահել նոյնիսկ Հայաստանի տարածքում տեղակայուած Ռուսաստանի զօրքերը։

«Արեւմուտքում համոզմունք կայ, որ քանի որ Հայաստանում առկայ է ռուսական ռազմական խարիսխ եւ ռուսական զօրքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մէջ է: Ես դրան չեմ հաւատում եւ մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախուած է ռուսաստանից՝ ինքնապաշտպանութեան համար Թուրքիայի կողմից հնարաւոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարաւոր պատերազմի դէպքում», յայտնում է նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here