Հայերի Բնաջնջման Մասին Պեհաէտտին Շաքիրի Նամակները

0
213

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ

Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար ընթերցողներին է ներկայացնում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ արժէքաւոր ուսումնասիրութիւններ կատարած թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր յօդուածը, որը հրատարակուել է «Ակօս» շաբաթաթերթում.

Պատմաբան Թաներ Աքչամը գնում է Հայոց ցեղասպանութեան հարցում կարեւոր դեր կատարած Պեհաէտտին Շաքիրի` հայերի բնաջնջման մասին երկու նամակների հետքերով եւ ցոյց տալիս, թէ ինչո՛ւ պէտք է անհիմն համարուեն այն առարկութիւնները, թէ այդ նամակները «բնօրինակ» չեն:

Արամ Անտոնեանը 1921 թ. հրապարակել էր Հալէպի Գաղթականութեան գրասենեակում աշխատած մի օսմանցի պաշտօնեայի` Նայիմ էֆենտու յուշերը: Իրականում դա մի դասական յուշագրութիւն չէր. Նայիմ էֆենտին իր ձեռագրով պատճէնել էր հայերի բնաջնջման մասին հրամաններ պարունակող մօտ 52 օսմանեան փաստաթուղթ:

Բացի այդ, Նայիմ էֆենտին Անտոնեանին էր յանձնել մօտ 26 փաստաթղթերի բնօրինակները: Անտոնեանը դրանցից 14-ի լուսանկարները հրատարակել էր իր գրքում: Դրանցից երկուսը Պեհաէտտին Շաքիրի նամակներն էին` ուղղուած Ատանայի պատուիրակ Ճեմալ պէյին:

Առաջին նամակը կրում է 1915 թ. մարտի 3-ի ամսաթիւը: Շաքիրը նամակում գրում է.  «Կուսակցութիւնը որոշել է հայրենիքը փրկել այդ անիծեալ ժողովրդից (հայերից) եւ այս հարցում օսմանեան պետութեան պատմութեան վրայ մնալիք կեղտաբծի պատասխանատուութիւնը վերցնել իր` ազգային պատուի տէր ուսերին: Կուսակցութիւնը, որ բերնէ բերան լեցուն է իրար յաջորդած դէպքերի համար վրէժխնդրութեան զգացումով եւ չի կարողանում մոռանալ իր չարաբախտ եւ ցաւալի անցալը, ապագայի համար լիայոյս լինելով` վճռել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին` մէկին իսկ ողջ չթողնելով, եւ այդ հարցում լայն իրաւասութիւն է շնորհել կառավարութեանը: Կառավարութիւնը նահանգապետերին եւ բանակի հրամանատարներին կը տայ անհրաժեշտ բացատրութիւններ, թէ ինչպէ՛ս պէտք է իրականացուի սպաննելով ոչնչացնելու գործողութիւնը: Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան բոլոր պատուիրակները (նկատի ունի կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարներին, «Ակունք»-ի խմբ.) իրենց գտնուած վայրերում կը զբաղուեն այդ հարցով, նրանք թոյլ չեն տայ, որ ոեւէ հայ պաշտպանուի, կամ վերջինիս օգնութեան հասնեն (տառերը ես եմ մգացրել- Թ.Ա.):

1915 թ. ապրիլի 7-ով թուագրուած յաջորդ նամակում կրկնւում է Պեհաէտտին Շաքիրի նոյն արտայայտութիւնը. «Ինչպէս գրուել է նաեւ 330 թ. փետրուարի 18-ի (1915 թ. մարտի 3) ամսաթիւը կրող նամակում, կուսակցութիւնը այսուհետ իր որդեգրած ուղու մէջ որոշել է այսօր այլեւս հիմքից պոկել ու ոչնչացնել տարիներ շարունակ իր հետ ընդհարուած զանազան ուժերին եւ ափսոս, որ ստիպուած է այս հարցում շատ արիւնոտ միջոցների դիմել: Հաւատացէք, որ մենք էլ ենք ցաւում, որ այդ միջոցները սարսափելի պէտք է լինեն: Սակայն կուսակցութիւնը դրանից բացի` այլ ճանապարհ չի տեսնում»:

Անտոնեանը չգիտէր, որ այդ ստորագրութիւնները պատկանում են Շաքիրին

Անտոնեանի կողմից` 1937 թ. Զուիցերիայում բնակուող Մարի Թերզեան անուամբ հայ ընկերուհուն գրուած մի նամակի շնորհիւ հասկանում ենք, որ Անտոնեանը Շաքիրի նամակները հրատարակելիս տեղեակ չէր, որ դրանց հեղինակը Շաքիրն է եղել: Թերզեանն Անտոնեանին հարցնում է, թէ ինչո՞ւ չի նշել, որ Ճեմալ պէյին գրուած երկու նամակների հեղինակը Պեհաէտտին Շաքիրն է»: Անտոնեանը պատասխանում է. «Իմ գրքի հրատարակման ժամանակ չգիտէի, որ այդ նամակները Պեհաէտտին Շաքիրին են պատկանում»: Այդ պատճառով իր գրքում նշում է. «Նամակները» կնքուել էին մի սթանտարթ դրոշմանիշով, ամենայն հաւանականութեամբ կուսակցութեան` Պոլսի կեդրոնական կոմիտէի անդամներից մէկի դրոշմանիշն էր դա»: Անտոնեանն իր գրքի հրատարակումից ամիսներ անց է միայն տեղեկանում, որ ստորագրութիւնը պատկանում է Շաքիրին. նա դրա մասին իմանում է, երբ գնում է Պերլին` Թալէաթ փաշայի սպանութեան դատավարութեանը մասնակցելու: Այնտեղ իրեն յանձնուած պարբերականների շարքում կար «Սապահ» օրաթերթից արուած մի թարգմանութիւն: «Սապահ»-ում նշուած էր, որ գրքում տպագրուած նամակները պատկանել են Պեհաէտտին Շաքիրին, եւ` վերահրատարակել դրանք: Պոլսում տպագրուող «Սապահ»-ին նամակ գրած Անտոնեանն այդ պարբերականի խմբագրութիւնից տեղեկանում է, որ նամակի տակ եղող ստորագրութիւնը պատկանում է Շաքիրին:

Շաքիրի այդ երկու նամակները, ինչպէս նաեւ Թալէաթ փաշային պատկանող որոշ հեռագրերի բնօրինակներ ընդգրկւում են Թեհլիրեանի դատավարութեան գործի մէջ: Անտոնեանը նշում է` «Փարիզ վերադառնալուց յետոյ հանդէս եկայ դրանք ձեռք բերելու 2 նախաձեռնութեամբ, սակայն` ապարդիւն» եւ յաւելում` «Պէտք է որ դեռ այնտեղ լինեն»: Սակայն հետագայ տարիներին բազմաթիւ ուսումնասիրողներ, այդ թւում եւ` ես, զուր ջանքեր էինք գործադրելու Թեհլիրեանի դատական գործի թղթապանակում դրանք գտնելու ուղղութեամբ: Մի անտեսանելի ձեռք այնտեղից հեռացրել էր այդ փաստաթղթերը:

Թուրքական պատմագիտական ընկերութիւնը 1983 թ. հրատարակեց մի գիրք, որում առաջին հայեացքից բաւականին համոզիչ թուացող որոշ փաստարկներով ընդգծւում էր, թէ՛ Նայիմ էֆենտու յուշերը եւ թէ՛ Պեհաէտտիին Շաքիրին պատկանող նամակները կեղծ են: Շաքիրի նամակների կեղծ լինելու վերաբերեալ առաջ քաշուած թեզերի մէջ ամենակարեւորն այն կէտն էր, թէ Ատանա ուղարկուած նամակն ի՞նչ գործ ունէր Հալէպում, Նայիմ էֆենտու ենթադրեալ աշխատած գրասենեակում: Քանի որ այդ առարկութիւնները տրամաբանական ու համոզիչ էին թւում, ուսումնասիրողները նախընտրում էին չօգտագործել Շաքիրի նամակները եւ միւս վաւերագրերը: Անտեսուել էր Շաքիրի այն արտայայտութիւնը, թէ 1915 թ. մարտի 3-ին վճռուել է բնաջնջել հայերին:

Ստորագրութիւնները պատկանում են Պեհաէտտին Շաքիրին

Այլեւս հարկ է նորովի անդրադառնալ Շաքիրի նամակներին: Ես իմ վերջին աշխատութեան միջոցով ցոյց եմ տուել, որ Անտոնեանի կողմից հրապարակուած Նայիմ էֆենտու յուշագրութիւնը եւ այդ փաստաթղթերը բնօրինակն են: Իմ ուսումնասիրութեան ընթացքում յայտնագործել եմ նաեւ, որ նամակների տակ դրուած Պեհաէտտին Շաքիրի ստորագրութիւնը եւս բնօրինակն է, սակայն այդ փաստը մինչ այսօր չէի հրապարակել: Այն, որ այդ ստորագրութիւնները պատկանում են Պեհաէտտին Շաքիրին, կարելի է ապացուցել երկու տարբեր աղբիւրների միջոցով: Առաջին աղբիւրը «Շուրայը Ումմեթ» թերթն է, որի էջերում տպագրուած սիւնակներում առկայ է Շաքիրի ստորագրութիւնը, որ համապատասխանում է նամակներում եղած ստորագրութեան հետ: Իսկ երկրորդ կարեւոր աղբիւրը Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան փարիզեան մատեաններն են, որոնք թուրքերէն են թարգմանուել 2017 թ., իսկ դրանց բնագրերը, ներառուելով սեղմասկաւառակում, կցուել են այդ գրքին: Այդ գրքում առկայ են Պեհաէտտին Շաքիրին պատկանող շուրջ 100 ստորագրութիւններ: Այդ մատեաններում հանդիպող Շաքիրի ստորագրութիւնը համապատասխանում է նամակների տակ դրուած ստորագրութեան հետ:

Այլեւս հնարաւոր է ապացուցել ոչ միայն այն, որ ստորագրութիւնները բնօրինակներն են, այլեւ` որ այդ նամակների բնագիր չլինելու վերաբերեալ առաջ քաշուած ամենակարեւոր թեզերից մէկը եւս (ըստ որի` Ատանայի պատուիրակ Ճեմալին ուղղուած նամակն ինչ գործ ունի Հալէպում) անհիմն է: Անտոնեանն իր գրքում յայտնում է, որ պատուիրակ Ճեմալ պէյը նամակներն ստանալուց յետոյ Ատանայից ուղեւորուել է Հալէպ, որտեղ մեծ ջանասիրութեամբ աշխատել է հայերի կոտորածների ծրագիրն իրագործելու համար: Ըստ Անտոնեանի, Ճեմալ պէյը հայերի աքսորն ու բնաջնջումը կազմակերպելու համար Պոլսից ուղարկուած եւ որպէս Հալէպի վերաբնակեցման եւ գաղթականների տնօրէն գործած Շիւքրիւ պէյի ամենամեծ աջակիցն է:

Մեր ձեռքի տակ գտնուող մի օսմանեան արխիւային փաստաթուղթ եւս ցոյց է տալիս, որ Անտոնեանի հաղորդած այդ տեղեկութիւնը ճիշդ է: Ճեմալ պէյն իրօք Հալէպում նշանակուել է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան պատուիրակ: Ճեմալի դէմ պատերազմից յետոյ դատական գործ է յարուցուել հայերի աքսորի եւ բնաջնջման հարցում ունեցած դերի պատճառով:

Պեհաէտտին Շաքիրի նամակում առկայ է եւս մէկ կարեւոր տեղեկութիւն: Շաքիրը նշում է, որ պետութիւնը բանակի հրամանատարներին եւ նահանգապետերին կ՛անի անհրաժեշտ պարզաբանում առ այն, թէ ինչպէ՛ս պէտք է բնաջնջումն իրականացուի: Վարչապետարանի օսմանեան արխիւում կան Շաքիրի նամակից 11 օր անց Էրզրում (Կարին, «Ակունք»-ի խմբ.), Վան, Պիթլիս (Բաղէշ, «Ակունք»-ի խմբ.),  Էլազըղ (Խարբերդ, Ակունք»-ի խմբ.) եւ Տիարպեքիր (Տիգրանակերտ, «Ակունք»-ի խմբ.) նահանգներին ուղղուած երկու տարբեր հեռագրեր, որոնցում նշուած արտայայտութիւնները ցոյց են տալիս, որ այդ տեղեկութիւնը համապատասխանում է իրականութեանը: Մի հեռագրում հաղորդւում է, որ`   «Հայերի գործողութիւնների դէմ ձեռնարկուելիք անհրաժեշտ միջոցների առնչութեամբ հարկ է դիմել բանակի երրորդ հրամանատարութեանը»:

Այդ նամակները մեզ մատնանշում են հետեւեալ փաստի մասին (նամակներ, որոնց բնօրինակ լինելու վերաբերեալ որեւէ կասկած լինել չի կարող). Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան Կեդրոնական կոմիտէն որոշում է ընդունել հայերի բնաջնջման վերաբերեալ, եւ այդ որոշումը կայացուել է 1915 թ. մարտի 3-ին:

Շաքիրը մասնակցե՞լ է Կեդրոնական կոմիտէի ժողովին

Եթէ ճիշդ է այն տեղեկութիւնը, թէ 1915 թ. մարտի 3-ին բնաջնջման մասին որոշում է կայացուել, ապա հարկ կը լինի մի հանգամանքի վրայ եւս կեդրոնանալ: Անհնար է, որ Պեհաէտտին Շաքիրը մասնակցած լինի Կեդրոնական կոմիտէի այն ժողովին, որի մասին նշում է իր նամակում: Շաքիրը 1914 թ. օգոստոսից ի վեր չի գտնուել Պոլսում: Նա Յատուկ կազմակերպութեան գործողութիւնները համակարգելու նպատակով գնացել էր Էրզրում, սակայն այնտեղ եւս չմնալով` Կովկասում ռազմական գործողութիւններն սկսուելուն պէս շրջել էր այդ շրջաններում եւ կատարել իր պարտականութիւնները: Երրորդ բանակի հրամանատար Հաֆըզ Հաքքը փաշայի` տիֆից մահանալուց յետոյ նա փետրուարի 14-ին Էրզրումի նահանգապետ Թահսինի կողմից շտապ կանչուել էր Էրզրում: Այսինքն 1915 թ. մարտի 3-ին, երբ գրուել էր նամակը, նա գտնւում էր Էրզրումում:

Այդ դէպքում պէտք է որ Կեդրոնական կոմիտէի այն նիստի վերաբերեալ, որի մասին յիշատակում է Շաքիրը, իրեն հաղորդուած լինի հեռագրի միջոցով: Մեր ձեռքի տակ բաւականաչափ ապացոյցներ կան առ այն, որ Պոլսի Կեդրոնական կոմիտէն Էրզրումում գտնուող Շաքիրի հետ յաճախ հաղորդակցուել է հեռագրերի միջոցով:  Օրինակ` Թալէաթ փաշայի կողմից 1914 թ. նոյեմբերի 26-ին «խիստ գաղտնի» քոտով ուղարկուած մի հեռագրում պահանջւում է, որ «Կեդրոնական կոմիտէի հետ… նամակագրական կապ հաստատելու համար Պեհաէտտին Շաքիրն իր նստավայրից Էրզրում կանչուի»: Շաքիրն, ի պատասխան այդ պահանջի, 1914 թ. նոյեմբերի 29-ին եկել է Էրզրում եւ հաղորդել, որ պատրաստ է «հրամանին»: Սխալ չի լինի ենթադրել, որ նա բնաջնջման մասին որոշումն ստացել է նմանատիպ մի հաղորդակցութեան միջոցով:

Ցանկանում եմ կրկնել այն նախադասութիւնը, որ գրել էի Նայիմ էֆենտու յուշերի եւ Թալէաթ փաշայի հեռագրերի բնօրինակ լինելու փաստը հիմնաւորելիս. այլեւս հնար չի մնացել, որ 1915 թուականի մասին ստի պիզը տոպրակի մէջ պարտակուի: Պարտադիր է դարձել, որ բոլորը` լինեն աջակողմեան թէ ձախակողմեան, ազգայնամոլ թէ լիպերալ, դադարեն թաքնուել ստերի յետեւում եւ սկսեն ասել` «Այո՛, եղբա՛յրս, այս պատմութեան ընթացքում պատահել են նման վատ բաներ»:

Եթէ նրանք սկսեն դա ընդունել, կը տեսնեն, որ այսօր երկրի խնդիրների ամենամեծ պատճառը ստի պատի յետեւում թաքնուելն է: Երկրի վաղուայ լոյսը կախուած է անցեալի մթութեան վրայ լոյս սփռելուց:

Պեհաէտտին Շաքիրը կեդրոնական դեր է կատարել հայերի բնաջնջման հարցում

Պեհաէտտին Շաքիրը Հայոց ցեղասպանութեան մասին որոշման կայացման եւ գործադրման ամենամեծ ճարտարապետներից մէկն է: Նա 1915 թ. յուլիսի 4-ին մի հեռագիր է յղում Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան` Խարբերդի տեսուչ Նազըմ պէյին: Այդ հեռագրի նպատակը հայերի աքսորն ու բնաջնջումը համակարգելն է: Հեռագրում Շաքիրը նշում է. «Այդտեղից աքսորուած հայերը զտւո՞ւմ են: Այն վնասակար անձինք, որոնց վերաբերեալ հաղորդել էք, որ աքսորուելով հեռացուել են, բնաջնջւո՞ւմ են, թէ՞ միայն ուղարկւում: Բացայայտ կերպով տեղեկացրէք, եղբայրս»:

Այդ հեռագիրն կարդացուել է Պոլսում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում եւ նպաստել, որ Պեհաէտտին Շաքիրը հեռակայ կարգով դատապարտուի մահուան:

Պեհաէտտին Շաքիրը` որպէս Յատուկ կազմակերպութեան ղեկավար, 1914 թ. օգոստոսին ուղեւորուել է Էրզրում` այդ հաստատութեան գործողութիւնները կազմակերպելու նպատակով: Կարճ ժամանակահատուածում այս շրջանում իր արած դիտարկումների վրայ հիմնուելով` նա համոզւում է, որ հայերը բնաջնջուել են, եւ տարբեր ամսաթուերի Պոլիս հեռագրեր ուղարկում, որոնցում նշում է, որ` «Պարտադիր Պոլիս գալու կարիքն եմ զգում, որպէսզի կարողանամ աւելի օգտաւէտ կերպով յայտնել իմ պահանջների մասին եւ տամ այն բացատրութիւնները, որ հնարաւոր չէ թղթի միջոցով հաղորդել»:

Չնայած իր այդ հեռագրերին` 1914 թ. կէսերից մինչեւ 1915 թ. փետրուար նա մնացել է Կովկասում, Արտուին-Արտահան շրջաններում եւ Յատուկ կազմակերպութեան միաւորումներին ղեկավարել ընդհարումների ժամանակ: Շաքիրը վերջին անգամ Էրզրում է եկել 1915 թ. կէսերին, եւ այստեղից հեռագրերի միջոցով կատարուած բանակցութիւնների ժամանակ իր ուղարկած նամակներից հասկացւում է, որ նա համոզել է Պոլսի Կեդրոնական կոմիտէին` հայերին բնաջնջելու որոշում կայացնելու հարցում: 1915 թ. մարտի երկրորդ կէսին Պոլիս եկած Շաքիրը Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի հետ քննարկել է, թէ ինչպէս պէտք է իրագործել բնաջնջման որոշումը, եւ տեղի ունեցած մի շարք ժողովներում յաւելեալ որոշումներ են ընդունուել Ցեղասպանութեան մանրամասների վերաբերեալ: Պեհաէտտին Շաքիրի ամենամտերիմ ընկերներից մէկի` Արիֆ Ճեմիլի խօսքով, երբ Շաքիրը 1915 թ. ապրիլի սկզբին Էրզրում է եկել, դրութիւնը լիովին որոշակի էր դարձել, եւ «Տեղահանութեան մասին որոշումը»` կայացուել:

Շաքիրի նշանակութիւնը եւ ազդեցութիւնը չեն սահմանափակւում միայն հայերի բնաջնջման վերաբերեալ Պոլսի կեդրոնի կողմից որոշման կայացմամբ: Մեր ձեռքի տակ գտնուող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1914 թ. դեկտեմբերի սկզբներին Պեհաէտտին Շաքիրի ղեկավարած Յատուկ կազմակերպութիւնը որոշել է ոչնչացնել Վանի եւ Պիթլիսի շրջակայքում եղող մի որոշակի հայկական խմբի: Էրզրումում կայացուած եւ Պոլիս հաղորդուած այդ որոշման մէջ նշուած է.  «Թէ՛ կեդրոնում եւ թէ՛ շրջակայ բնակավայրերում հիմակուանից պէտք է ձերբակալել այն հայերին, որոնք ունակ են առաջնորդել անկարգութիւնները: Եթէ նկատուի, որ հայերը յարձակւում են մահմետականների վրայ, հարկ է նրանց ոչնչացնելու համար իսկոյն Պիթլիս ուղարկել…»:

Այդ փաստաթղթի վրայ հիմնուելով` կարող ենք արձանագրել, որ Պիթլիսում ու Վանում ապրող կասկածելի հայերին բնաջնջելու մասին մի որոշում կայացուել է դեռեւս 1914 թ/ դեկտեմբերի սկզբին, Պեհաէտտին Շաքիրի ղեկավարութեան տակ գործող Յատուկ կազմակերպութեան` Էրզրումի Կեդրոնական կոմիտէի կողմից:

Եզրակացնելով` կարող ենք ասել, որ անհնար է Հայոց ցեղասպանութիւնը հասկանալ, քանի դեռ չի բացայայտուել Պեհաէտտին Շաքիրի` այս հարցում կատարած դերը:

http://www.agos.com.tr/tr/yazi/22334/bahaettin-sakirin-ermenilerin-imhasina-dair-mektuplari

Թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here