Վստահութեան Եւ Անվստահութեան Պատճառները

0
152

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Տարատեսակ սոցիոլոգիական (ընկերաբանական-Խմբ.) հարցումները ցոյց են տալիս, որ վերջին ամիսներին նոր իշխանութեան վարկանիշը թէեւ փոքր-ինչ ընկել է, սակայն վստահութեան մակարդակը շարունակում է բարձր մնալ:

Ես այդ հարցումների արդիւնքներին հաւատում եմ՝ ամէնօրեայ շփումս մարդկանց հետ հաստատում է, որ քաղաքացիների մեծ մասն իսկապէս հաւատում է իշխանութեանը: Ասելով «իշխանութեանը», նկատի ունեմ Փաշինեանին, որովհետեւ քաղաքական գործընթացները մեր երկրում խիստ անձնաւորուած են:

Եթէ որեւէ սոցիոլոգ (ընկերաբան-Խմբ.) մօտենար ինձ եւ հարցնէր՝ «դուք վստահո՞ւմ էք Փաշինեանին», ես կը դժուարանայի միանշանակ պատասխան տալ, որովհետեւ հարցը չափից դուրս ընդհանուր է դրուած եւ պէտք է բաժանուի «ենթահարցեր»ի:

Ես վստահ եմ, որ

1.- Փաշինեանը երբեք չի օգտագործի իշխանութիւնը՝ իր եւ իր ընտանիքի նիւթական հարցերը լուծելու համար,

2.- եթէ քաղաքացիների մեծամասնութիւնը չցանկանայ, որ Փաշինեանը պաշտօնավարի, նա «զօրով» չի մնայ իշխանութեան ղեկին,

3.- վարչապետն անկեղծօրէն ցանկանում է բարեփոխել մեր երկիրը:

Այդ առումով այդ՝ ընդհանուր ձեւով դրուած հարցի իմ պատասխանը դրական է: Բայց ես վստահ չեմ, որ

1.- Փաշինեանը գիտի, թէ ինչպէս պէտք է բարեփոխել մեր կեանքը,

2.- նա իր ներկայիս թիմով կարող է դա անել: Ահա վստահութեան եւ անվստահութեան, այսպէս ասած, «աւելի մանր» դասակարգումը:

Բանն այն է, որ երկիրը հնարաւոր է բարեփոխել որոշակի ծրագրի կամ, ինչպէս հիմա է ընդունուած ասել՝ «ճանապարհային քարտէզ»ի հիման վրայ: Այդ «քարտէզ»ն իր հերթին, իմ կարծիքով, պէտք է բխի որոշակի գաղափարախօսութիւնից՝ այո, չարչրկուած «իզմ»երից: Բերեմ մի պարզ օրինակ: Նրանք, ովքեր ապրել են Հայաստանում 1990ականների առաջին կէսին, յիշում են, թէ ինչպիսի հսկայական հերթեր էինք մենք կանգնում հացի համար՝ սկզբից առանց կտրօնների, այնուհետեւ՝ կտրօններով: Այդպէս շարունակուեց, մինչեւ որ կառավարութիւնը հասկացաւ, որ հացը պէտք է արտադրուի ոչ թէ հսկայական պետական գործարաններում, այլ փոքրիկ մասնաւոր փռերում, իսկ գները պէտք է ազատականացուեն, դրանք կ՛որոշուեն շուկայական մեխանիզմներով: Եւ մօտաւորապէս 1994 թուականի երկրորդ կէսից հացի խնդիրը վերացաւ։ «Ճանապարհային քարտէզ»ը չպիտի լինի ամբոխահաճոյ՝ հայաստանցիներից շատերը մինչեւ հիմա հայհոյում են Հրանդ Բագրատեանին «երկիրը քանդելու» համար: Ծրագիրը չի կարող լինել անձնաւորուած՝ ոմանք, օրինակ, կարծում են, որ դատաիրաւական համակարգի բարեփոխումը յանգում է Հրայր Թովմասեանի՝ ՍԴ նախագահ լինել-չլինելուն: Միւս կողմից վստահ եմ, որ մօտակայ չորս տարիներին բարեփոխումների հնարաւորութիւն ունի իրականացնելու միայն Փաշինեանի կառավարութիւնը: Միայն թէ այդ հնարաւորութիւնը բաց չթողնի:

Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով՝ https://www.aravot.am/2019/07/27/1057899/

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here