«Նիկոլ Փաշինեանի Սելֆին Իրանահայերի Համար Բարդութիւններ Է Ստեղծել»

0
284

ԶՐՈՅՑ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

27 Փետրուարի 2019-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցն Իրանի Իսլամական Հանրապետութիւն բարդութիւններ է առաջացրել իրանահայ համայնքի համար, թէեւ թէ՛ համայնքը, թէ՛ վարչապետը խանդավառուած էին այդ հանդիպումից: Փաշինեանը, ոգեւորուած Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միութիւնում իրանահայերի հետ հանդիպումից, «սելֆի» արեց եւ անմիջապէս հրապարակեց այն:

«Արցախը Հայաստան է եւ վերջ» գրութեամբ պաստառը, որը փակցուած էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միութեան պատին, երեւացել էր վարչապետի հրապարակած լուսանկարում: Իրանի ադրբեջանցիները այս «սելֆին» սոցիալական ցանցերում տարածել են՝ տարբեր մակագրութիւններով եւ լուրջ քննարկումների թեմա դարձրել, հակահայկական լուրջ խմորումներ են ծաւալուել Իրանում, ինչի հետեւանքով իրանահայերի կեանքն ու գործունէութիւնը յայտնուել է իրանական յատուկ ծառայութիւնների խիստ վերահսկողութեան ներքոյ:

Այժմ իրանահայերը որեւէ միջոցառում նախաձեռնելու կամ իրականացնելու համար պէտք է ծրագիրը մանրակրկիտ ներկայացնեն կառավարութեանը, յատուկ ծառայութիւններին, եւ միայն հաւանութեան արժանանալուց յետոյ այն իրականացնեն: Նախկինում հայ համայնքն իր միջոցառումները կազմակերպում էր՝ առանց մանրամասն հաշուետուութիւն ներկայացնելու:

Խնդիրներն առաւել ակնառու են Ատրպատականի շրջանում՝ Թաւրիզում, Ուրմիայում եւ յարակից բնակավայրերում, որոնք առաւելապէս ադրբեջանցիներով են բնակեցուած:

24 Յուլիսին Ատրպատականի նահանգում՝ իրանա-ադրբեջանական սահմանի մօտակայքում գտնուող հայկական Սուրբ Ստեփանոս վանքում արարողութիւն կար: Նախօրէից արդէն յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչները տեղեկացուած էին, որ եկեղեցում հիւրեր կան, իսկ առաւօտեան եկեղեցում միջոցառում է նախատեսուած: Նրանք մի քանի անգամ հետաքրքրուել եւ ստուգել էին, թէ ովքեր են հիւրերը եւ ինչ են անում:

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիթճեանի հետ զրուցել ենք իրանահայերի, վարչապետի այցից յետոյ ստեղծուած լարուածութեան եւ հայկական ժառանգութեան մասին:

Խիստ լարուածութիւն է զգացւում այստեղ անձնակազմի, իրանահայերի եւ յատուկ ծառայութեան աշխատակիցների միջեւ: Յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից խիստ վերահսկողութիւն կայ եկեղեցու, մարդկանց եւ տեղի ունեցող միջոցառումների նկատմամբ: Մի՞շտ է այսպիսի հսկողութիւն իրականացւում իրանահայերի նկատմամբ:

Փոքրամասնութիւններ որտեղ որ կան, որ համայնքներում եւ երկրներում որ կան, միշտ օղակի մէջ պէտք է պահուեն՝ դրական իմաստով, այսինքն՝ ուշադրութեան տակ: Պարզ է, չէ՞, որ գիտութիւնն ասում է՝ մեծը կը կլանի փոքրին: Ծովի օրէնքն է: Իսլամական երկրներում իրենք մեծամասնութիւն են կազմում: Այստեղ ապրում են փոքրամասնութիւններ՝ քրիստոնեայ, սիւնի, հրէական համայնքներ: Սրանք եթէ միշտ ուշադրութեան կենտրոնում չեն, ապա իրենց շուրջ միշտ ապահովագրական գօտի կայ, որպէսզի, իրենց բացատրութեամբ, մենք խաղաղ ու հանգիստ ապրենք: Փաստօրէն, իրենց ասածի մէջ ճշմարտութիւն կայ: Իսլամական ուրիշ երկրներ էլ կան, որոնք գմբէթի վրայ խաչ չեն թողնում կանգնեցնել: Գնացէք Դուբայ, Շարժա, մենք այնտեղ նոր եկեղեցի ունենք, բայց խաչ չես կարող գմբէթի վրայ դնել:

ԻԻՀի պարագայում հայերը եկուոր տարր չեն: Հայերը բնիկ են՝ յատկապէս Ատրպատականում, որը Հայաստանի մէկ մասնիկն է եղել որոշ կարճ ժամանակ: Թադեւոս առաքեալն ինչու է եկել այստեղ, եթէ հայ չկար: Եկել է այստեղ հայերին քրիստոնէութիւնը տարածելու: Ատրպատականն անընդմէջ հայ ժողովուրդ ունեցել է: Գաղթել են, գնացել են Ռուսաստան, ուրիշ երկրներ, բայց միշտ հայ եղել է: Սա երկրին, պետութեանը ստիպում է յարգել այս մարդկանց գոյութիւնը: Գոյութիւն ասելով՝ միայն ֆիզիկական գոյութիւնը չէ, այլ ապահովել նրանց կեանքը եւ իրենց կրօնական ազատութիւնը: Ամենակրիտիկական պահը ԻԻՀ հաստատման տարիներին էին, երբ հայկական դպրոցները փակեցին, յետոյ տեսան, որ՝ ոչ, հայ տարրն այստեղ կարեւոր տարր է, շինարար տարր է, վտանգաւոր տարր չէ, երկրի համար պատիւ բերող տարր է, աշխատասէր ժողովուրդ է: Մինչեւ հիմա մի տեղ գնաս, հայերի մասին խօսես, ասում են՝ լաւ արհեստաւոր են, ճշմարտախօս են, մի բան ասեն՝ ճիշդ ժամանակին կիրարկեն, խօսք տան՝ կը յարգեն: Այս ձեւով է ճանաչուած հայն այստեղ: Ուրեմն՝ այս տարրն ինչու՞ կորցնել: Ինչու՞ համար եկեղեցիները փակել, պարտադրել իրենց ուզածները կամ իսլամական շարիաթով այստեղ կառավարել հայերին, որոնք Իրանում մեծագոյն քրիստոնեայ փոքրամասնութիւնն են: Տեսան, որ վնաս չկայ սրանցից, ասացին՝ թող իրենց կեանքով ապրեն: Սրանք չեն շատանալու այնքան, որ կարողանան միւսներին կլանել իրենց մէջ: ԻԻՀ համար մենք վտանգ չենք ներկայացնում, ընդհակառակը՝ դրական ներկայութիւն ենք: Բայց, ինչպէս ասացի, բոլոր փոքրամասնութիւնները մի օղակի մէջ պիտի լինեն իրենց անվտանգութեան համար, ինչպէս իրենք են բացատրութիւն տալիս:

Դուք հաւատու՞մ էք այդ բացատրութեանը:

Դէպքեր պատահել են, որոնք մեզ մտածել են տալիս, որ կարեւոր է այդ ապահովութիւնը: Օրինակ՝ այսօր քաղաքները զուտ քաղաքացիներով կազմուած չեն, Թաւրիզում ինչքան բնիկ թուրքեր կան, այստեղ գալիս անցնում են, եկեղեցի են տեսնում, ասում են՝ էս ինչ է: Այս վանքը (խօսքը Սուրբ Ստեփանոսի մասին է-հեղ.), որտեղ հիմա գտնւում ենք, միշտ գալիս են Նախիջեւանից, Բաքուից, ասում են՝ ինչ հայ, ինչ քրիստոնեաներ, սրանց ի՞նչ էսքան խաղեր էք տալիս: Զարմանում են, որ իսլամական հանրապետութիւնում նման բան կայ: Բայց դրանք գիւղացիներ են, որոնք չեն ճանաչում հային, մշակոյթի հասկացողութիւն չունեն, պատմութիւն չեն իմանում, գալիս են, ման են գալիս: Քաղաքների ժողովուրդն այստեղ այդ գիւղացիներից կազմուած տարրերից են, եւ այդ կացութեան մէջ այդ ապահովութիւնը պէտք է:

Ապրիլի 24ը մեզ համար ամենազգայուն կէտերից մէկն է: Թաւրիզում մենք դա շատ ծածուկ ենք անում: Այս տարի եկեղեցուց դուրս եկանք, յուշարձանի մօտ մեր ծաղիկները դրեցինք, եւ անմիջապէս ամէն մարդ իր դենը գնաց, երբ որ մենք նախկինում յուշարձանի մօտ արարողութիւն էինք անում, մեր սրբերի բարեխօսական կարգն այնտեղ էինք անում: Հիմա ամէն ինչ եկեղեցու մէջ ենք անում: Շէնքերի մէջ նայողներ կան (նկատի ունի՝ Թաւրիզի եկեղեցուն յարակից շէնքերի՝ եկեղեցու եւ դրա բակի տեսանելիութիւնը): Բայց ոչ թէ այդ շէնքերի մէջ նայողներն են վտանգաւոր կամ որ դիպուկահարներ կան այնտեղ, այլ այսօրուայ աշխարհի պատերազմն ընթանում է մեդիայով (լրատուամիջոցներով-Խմբ.): Մի բան կը նկարեն ու կը գցեն համացանց: Հիմա մեդիան է աշխարհում մէկին սպանելու, միւսին տապալելու, երրորդին՝ վատաբանելու կամ քարտէզից ընդհանրապէս ջնջելու գործիքը: Այդ ամբողջ հզօրութիւնն ու ներոյժն այսօր մեդիան ունի: Ուզում ես Թաւրիզի ողջ հասարակութեան միտքը պղտօրել, երկու նկար գցի, եւ արդէն հերիք է:

Վարչապետ Փաշինեանի այցո՞վ էր պայմանաւորուած «ծածուկ» արարողակարգն այս տարուայ Ապրիլի 24-ին:

Փաստօրէն, պարզ էր, որ վարչապետը որ եկաւ, տեղացի թուրքերը մի փոքր ընդվզեցին այն արտայայտութիւնից, որ մեր ժողովուրդը պատին փակցրել էր «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտայայտութիւնը: Պարոն Փաշինեանն էլ որ սելֆի էր նկարել ժողովրդի հետ, հետեւում այդ պաստառն էր դուրս եկել, ամբողջ Թաւրիզի եւ շրջակայքի բոլոր թուրքերը դա տարածեցին, հայհոյանքներով լցրեցին ինտերնետային (համացանցի-Խմբ.) էջերը, եւ այդ պատճառ եղաւ, որ մեզ աւելի ամփոփեն:

Տեղացի թուրքերը մեզ լաւ են ճանաչում, իմանում են, որ մենք վտանգաւոր տարր չենք այնտեղ: Նախ՝ թուով այնքան քիչ ենք: Բայց երբեմն իրենք որոշ բաներ իրենց պետութեան դէմ են անում իսլամութեան դէմ իրենց գետինն օգտագործելով:

Բայց իրանական պետութիւնը շատ լաւ իմանում է, որ սահմանի վրայ հայութեան պահպանումը իր ամէն բանով՝ խանութներով, արուեստով, եկեղեցիով, առաջնորդարանով եւ ամէն ինչով, կարեւոր կէտ է՝ բարի դրացիութիւն վարելու համար եւ նաեւ աշխարհին ցոյց տալու համար:

Բայց պետութեան պաշտպանութիւնը կարեւոր է մեզ համար, որովհետեւ իմ նախորդս, որ Ջուղայի խաչքարերի քանդման նկարահանումները կատարեց եւ UNESCOին ուղարկեց, ուղղակի Թաւրիզի առաջնորդարանի վրայ յարձակուեցին, իրեն ուզում էին սպանել, դուռը ջարդեցին, ամբողջ դարպասը փլուեց, եւ այդտեղ մեր պարիսպը խանութպաններ ունի, թուրք խանութպաններ են, նրանք մեզ ճանաչում են, եկան, թեւ թեւի անցան եւ ասացին, որ միայն իրենց դիակի վրայից կ՛անցնեն, մինչեւ ոստիկանութիւնը հասաւ:

Դժուարութիւններ ամէն թեմում կան, բայց Ատրպատականի թուրքերը մեզ շատ լաւ ճանաչում են, գիտեն, որ մենք բնիկ ենք, եկուոր չենք: Մեր խնդիրը Բաքուից, Նախիջեւանից եկածներն են, որոնք գալիս են եւ այստեղ օգտւում են բժշկութիւնից, ատամնաբուժութիւնից, երբեմն պղտորում են մթնոլորտը: Ես կարող եմ ասել, որ այս միջավայրը մեզ համար ապահով է, վտանգի հասնելու խնդիր չկայ:

Յատուկ ծառայութիւնների վերահսկողութիւնը միայն հայերի նկատմա՞մբ է այսքան ուժեղ, թէ ադրբեջանցիներին էլ են նման աչալրջութեամբ հսկում:

Նրանց էլ են հսկում՝ զսպելու համար:

Քանի՞ հայ է ապրում այժմ Ատրպատականում:

Մեր թիւն Ատրպատականում 3000-ից չի իջնում, ոչ էլ բարձրանում է: Ուրմիայի շրջանում հայերը խառնուել են ասորիների հետ: Պատերազմի ժամանակ միասին գնացել են Իրաք, միասին էլ վերադարձել են, հարազատութիւն, հարեւանութիւն է ստեղծուել, բնականաբար ամուսնութիւններ են ստեղծուել: Մինչեւ հիմա, եթէ Ուրմիա գնաք, չէք կարող ասել՝ ով է հայ, ով՝ ասորի: Խառն են, ամէն տան մէջ կան: Բայց մենք բոլորս նրանց մեր թեմի զաւակներ ենք հաշւում: Այն ընտանիքում, որտեղ հայ կայ, մեր թեմին ենք համարում:

Հայկական ի՞նչ կրթօջախներ են մնացել Ատրպատականում:

Երկու դպրոց ունենք, երկու մանկապարտէզ: Այսինքն՝ մէկ դպրոց եւ մէկ մանկապարտէզ Թաւրիզում, նոյնքան էլ՝ Ուրմիայում: Ամուսնութիւնները քիչ են: Մարդիկ մտածում են երկրի կացութեան մասին, մարդիկ մտածում ենէ եթէ պիտի այստեղից գաղթեն եւ գնան, էնտեղ կ՛ամուսնանան, երեխան էլ էնտեղ կը ծնուի: Բայց Ատրպատականում շատ քիչ են գնացողները, որովհետեւ մենք ապրում ենք ամենադժուարին շրջանում: Երբ ամենադժուար տարածաշրջանում ապրես, կաշիդ կը պնդանայ, աւելի տոկուն կը դառնաս: Մեր ազգի մէջ ընդհանրապէս, ես չեմ ուրանում, կայ քոչուոր լինելու արիւն: Ինչքան էլ ասում ենք՝ Հայկ նահապետն եկաւ, այս արեց, այն արեց, եկեղեցի ունենք եւ այլն, մեր արմատները շատ խորն ենք զգում, դա հաւաքական կեանքի մէջ շատ լաւ է դրսեւորւում, մեր անհատական կեանքի մէջ մենք քոչուոր ենք: Մեր աշխարհը մեր ընտանիքն է միայն՝ ընտանիքիս համար լաւ պայմաններ, երեխեքիս համար՝ լաւ ապագայ, պատանի զաւակիս համար՝ լաւ ուսում, լաւ համալսարան: Մեր աշխարհը մեր ընտանիքն է դառնում միայն: Բայց երբ հաւաքական կողք կողքի գանք, լաւ ճառեր կ՛ասենք, կը դառնանք այն ոյժն աշխարհի դէմ, որ կը տրորի ողջ աշխարհը:

Ատրապատականում պահպանուած քանի՞ եկեղեցի կայ հիմա, ի՞նչ վիճակում են:

Մենք 100-ից աւել եկեղեցի ունենք Ատրպատականի մարզում՝ գիւղերում եւ այլն: 98 հատը իմ գրքում նկարագրել եմ, երկրորդ հատորի վրայ եմ աշխատում: Երեք հատորով յուսամ աւարտել՝ ամէն մանրամասնութեամբ: Նոյնիսկ եթէ մէկ հայերէն տառ կայ, նկարում եմ, զետեղում եմ գրքում:

Թաւրիզում 4 գործող եկեղեցի ունենք, մէկ հատ էլ ունենք Ուրմիայում:

Բոլորը պետութեան պահպանութեան ներքո՞յ են:

Ոչ բոլորը: Այն եկեղեցիները, որոնք արձանագրուած են UNESCOի ժառանգութեան ցուցակում, պահպանւում են երկրի կողմից: Բայց եթէ դիմենք, ասենք՝ այսինչ գիւղում այսինչ եկեղեցին պէտք է նորոգուի կամ պահպանուի, իրենց միջոցով պէտք է վերանորոգուի: Բայց հեռաւոր շրջաններում վերանորոգութիւններ անելն ինչ-որ տեղ անիմաստ է, որովհետեւ ո՞վ պիտի պահպանի դրանք: Արաքսի ճիշդ ափին՝ որտեղ Արաքսը եւ Տղմուտը միանում են, այդտեղից քայլել եմ 6 ժամ, մինչեւ առաջին եկեղեցին գտնեմ: Տղմուտի յովտում 3 եկեղեցի ունենք, մէկը՝ Սուրբ Գէորգ տաճարը, Սուրբ Թադէի վանքից աւելի հսկայ է, կիսափուլ վիճակում է, ճանապարհ չկայ, մեքենայ չի գնում, ոտքով պէտք է գնալ: 6 ժամ գնացել եմ մինչեւ առաջին՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, յետոյ Սուրբ Գէորգը, յետոյ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին է: Բոլորն էլ ոչ մեքենայի, նոյնիսկ ոչ էլ քայլելու ճանապարհ չկայ: Այդ եկեղեցիները նորոգենք վասն ինչի՞: Աւազակներ, գանձախոյզներ միշտ գնում են՝ գետինները փորփրելու, որ գուցէ ոսկի պահպանուած լինի: Բոլորը վերանորոգել իմաստ չունի:

Իրանահայերը նաեւ պատմում են, որ շատ պարսիկներ են դիմում հայկական եկեղեցիներ, որպէսզի քրիստոնէութիւն ընդունեն եւ մկրտուեն: Իսկապէս այդ պահանջմունքը կա՞յ:

Մեր թեմում չկայ: Նրանց մօտ էլ ամբողջը կեղծ է: Ոչ թէ իսլամից հրաժարւում են, այլ տեսնում են, թէ ինչպէս են հայերը դիւրութեամբ վիզա ձեռք բերում՝ մկրտութեան թղթով, իբրեւ հալածական քրիստոնեաներ եւ այլն, կարողանում են այդ միջոցով հասնել Ամերիկա: Միայն մկրտութեան թուղթ ձեռք բերելու համար են ուզում, որպէսզի Ամերիկա հասնեն:

«ՀԵՏՔ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here