Ո՞վ Է 1 Մարտին Հրաման Տուել Կրակելու Ցուցարարների Վրայ. BBC-ի Անդրադարձը

0
196

Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ

BBC-ի ռուսական ծառայութիւնը յօդուած է հրապարակել 2008թ. Հայաստանում յետ-ընտրական իրադարձութիւնների եւ  1 Մարտի  դէպքերի մասին: BBC-ի ձեռքում են յայտնուել Մարտի 1ի գործի վերաբերեալ Յատուկ քննչական ծառայութեան փաստաթղթղեր, որոնք փաստում են՜ ցուցարաների վրայ կրակել է Ղարաբաղից բերուած խումբը՝ գեներալ Սամուէլ Կարապետեանի (Օգանովսկի) ղեկավարութեամբ: Յօդուածից հատուած թարգմանաբար ներկայացուած է ստորեւ.

«BBC-ի ձեռքում են յայտնուել Հայաստանի ժամանակակից պատմութեան ամենաողբերգական իրադարձութիւններից մէկի քննչական փաստաթղթերը. 2008-ի Մարտի 1ի բողոքի ցոյցերի ընթացքում Երեւանում տասը մարդու մահուան դէպքը:

Հետաքննութիւնը գտնում է, որ ցուցարարների ուղղութեամբ կրակելու հրաման է տուել գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի):

Բացի այդ, BBC-ի տրամադրութեան տակ յայտնուած քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ գործարար պատգամաւորներ:

2008-ի Փետրուար-Մարտ ամիսներին տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ նոր հետաքննութիւնը արդէն իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութեան հիմքում է:

Հետաքննութիւնը հսկայական քաղաքական նշանակութիւն ունի եւ կարող է էապէս փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասաւորութիւնը:

Զոհերի հարազատները նոյնպէս սպասում են հետաքննութեան արդիւնքներին: Այնուամենայնիւ, գործը նաեւ անուանում են ընտրովի արդարադատութեան օրինակ:

Քննութեան նիւթերից իմանում ենք, որ քննիչները կարծում են.

Ցուցարարների վրայ կրակ են բացել ղարաբաղեան անվտանգութեան ուժերը՝ հրամանատար գեներալ Կարապետեանի գլխաւորութեամբ (այժմ  1 Մարտի գործով հանդէս է գալիս վկայի կարգավիճակում),

Հարցաքննութիւնների ընթացքում քննիչները պնդում էին, որ նրա ստորաբաժանումը տեղակայուած է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում (Բաղրամեան 26),

Հետաքննութիւնը կարծում է, որ ստորաբաժանմանն այցելել են գործող եւ նորընտիր նախագահներ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը:

Քննիչները նաեւ հաստատում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկեանի եւ Սամուէլ Ալեքսանեանի դերը, որոնք հնարաւոր է՝ ֆինանսաւորել են ցոյցի ցրման օրերին Երեւանում Արցախի անվտանգութեան ուժերի կացութիւնը:

Հայաստանի եւ Արցախի աղբիւրները BBC-ին հաստատեցին որոշ հարցաքննութիւնների ընթացքում քննիչների կողմից արուած պնդումները: Սակայն մենք չկարողացանք անկախ հաստատում ստանալ ցուցարարների սպանութեան բոլոր հանգամանքների վերաբերեալ:

Գեներալ-մայոր Կարապետեանը ծառայել է չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) պաշտպանական բանակում:

Նոր քննչական գործողութիւն իրականացնող Հայաստանի յատուկ քննչական ծառայութիւնը անմիջականօրէն ենթարկւում է վարչապետին:

ՀՔԾն հրաժարուել է մեկնաբանութիւններ տալ:

Կարապետեանը չցանկացաւ BBC-ի հետ քննարկել իր դէմ առաջադրուած մեղադրանքները:

Գործարարներ Ծառուկեանն ու Ալեքսանեանը հերքեցին 2008թ. իրադարձութիւններում իրենց ունեցած դերի մասին պնդումները:

Քոչարեանի փաստաբանը չկարողացաւ օպերատիւ (գործնական-Խմբ.) կերպով մեկնաբանութիւն տրամադրել:

Սարգսեանը հրաժարուեց մեկնաբանութիւն տալուց:

ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ

ՀՐԱՁԳՈՒԹԻՒՆԸ

Հարցաքննութեան ընթացքում քննիչները պնդում էին, որ գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը (նաեւ յայտնի որպէս Օգանովսկի) ղեկավարել է ցուցարարների ուղղութեամբ հրաձգութիւնը:

2008-ին Կարապետեանը ղեկավարում էր Երեւան բերուած ղարաբաղեան ստորաբաժանումները: Նա այս փաստը հաստատեց 2018ի Օգոստոսի 15ին հարցաքննութեան ընթացքում, որտեղ նրան կանչել էին վկայի կարգավիճակով:

Հարցաքննութիւնը տեւել էր չորս ժամ, BBC-ի տրամադրութեան տակ կայ արձանագրութեան պատճէնը: Հարցաքննութեան պահին նա զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանութեան նախարարի տեղակալի պաշտօնը եւ պաշտօնից հեռացել է 2019թ. Ապրիլին:

Այնուամենայնիւ, ՀՔԾի եւ գեներալի տարբերակները իրար հակասում են:

Ըստ հետաքննութեան, Կարապետեանը իր ենթականերից կազմել էր 20 հոգուց բաղկացած յատուկ խումբ, որը տեղակայուել էր Մարշալ Բաղրամեան պողոտայում գտնուող նախագահի նստավայրի նկուղում:

Այնտեղ, խմբի անդամներին «մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ նորընտիր նախագահ վարչապետ Սերժ Սարգսեանը», պնդել է քննիչը Կարապետեանի հարցաքննութեան ընթացքում:

Խմբի բոլոր անդամները պատրաստակամութիւն են յայտնել հրամանի դէպքում «կրակել ժողովրդի վրայ», եւ հէնց այս խումբն է ցուցարարներին կրակել  1 Մարտին, ըստ հետաքննութեան:

Հարցաքննութեան ընթացքում Կարապետեանը ժխտել է բոլոր մեղադրանքները եւ յայտարարել, որ «ոչ ոք հրաման չի տուել մարդկանց կրակել»: Գեներալը քչախօս է եղել եւ սահմանափակուել միավանկ հերքումներով:

Կարապետեանին ուղղուած նման մեղադրանքներ հնչեցին նաեւ մի քանի վկաների հարցաքննութեան ընթացքում: Նրանք չկարողացան հաստատել կամ հերքել տեղեկատուութիւնը  1 Մարտի  ողբերգութեան մէջ նրա ունեցած դերի մասին:

Ի պատասխան BBC-ի հարցման՝ Կարապետեանը էլեկտրոնային նամակով գրել է, որ «նշուած հարցերի վերաբերեալ արդէն իսկ համապատասխան մարմիններին պարզաբանումներ է տուել»:

«Ես նրանց վերադառնալու անհրաժեշտութիւն չեմ տեսնում», ասել է գեներալը:

ՀՔԾն չի մեկնաբանել BBC-ի ստացած փաստաթղթերը՝ մերժումը պատճառաբանելով «նախաքննութեան շահերից ելնելով»:

ՀՔԾն երկու անգամ հարցաքննել է նախկին նախագահ Սերժ Սարգսեանին՝ 2019ի 1 եւ 6 Փետրուարին, երկու անգամ էլ որպէս վկայ, ըստ BBC-ի ստացած փաստաթղթերի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here