«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ BBC-Ի 1 ՄԱՐՏԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹԵԱՆ ՀԵՂԻՆԱԿ ԳՐԻԳՈՐ ԱԹԱՆԱՍԵԱՆԻ ՀԵՏ

0
231

«Մենք Այս Տեղեկութիւնը Չէինք Հրապարակի, Եթէ Կասկածներ Ունենայինք»

ՎԱՐԵՑ՝ ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ

1 Մարտի գործով քննութեան վերաբերեալ բրիտանական BBC-ի հետաքննութեան հեղինակ Գրիգոր Աթանէսեանը պատասխանել է «Ազատութեան» հարցերին:

ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Առաջին հարցը, որ այսօր թերեւս բոլորն են տալիս ձեզ՝ որտեղի՞ց այդ փաստաթղթերը, ի՞նչ ճանապարհով է BBC-ն դրանք ձեռք բերել եւ որքանո՞վ է հաւաստի ձեր աղբիւրը:

ԳՐԻԳՈՐ ԱԹԱՆԱՍԵԱՆ.- Ես չեմ կարող բացայայտել աղբիւրը, սակայն, կարող եմ ասել, որ այդ փաստաթղթերը ստացել եմ հայաստանեան իմ աղբիւրից, եւ բաւականին շատ ժամանակ է պահանջուել այդ փաստաթղթերի հաւաստիութիւնը հաստատելու համար: Մենք այս տեղեկութիւնը չէինք հրապարակի, եթէ կասկածներ ունենայինք այդ փաստաթղթի հաւաստիութեան ու ծագման վերաբերեալ: Սակայն, կրկին, ուզում եմ ասել՝ ես չեմ կարող բացայայտել աղբիւրը, այն փոխանցուել է անանուն մնալու սկզբունքով:

ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Մի փոքր աւելի մանրամասնէք փաստաթղթերի մասին, եթէ կարող էք, քանի՞ էջ է, արդեօք այդտեղ միայն Յատուկ քննչական ծառայութիւնից ստացուած հարցաքննութեան պատճէննե՞րն են, թէ այլ փաստաթղթեր էլ կա՞ն ձեր տրամադրութեան տակ:

ԳՐԻԳՈՐ ԱԹԱՆԱՍԵԱՆ.- Այս փուլում չեմ կարող աւելի մանրամասն այս մասին խօսել, քանի որ մենք հրապարակել ենք այն տեղեկատուութիւնը, որը կարող ենք այս փուլում հրապարակել եւ որի մէջ վստահ ենք: Չէի ուզի խօսել այն մասին, ինչում համոզուած չենք: Իմ տեսածը Յատուկ քննչական ծառայութեան փաստաթղթերն են, դա Մարտի 1ի առնչութեամբ նոր գործն է, նոր հետաքննութիւնը եւ երկու հարցաքննութիւնների արձանագրութիւնները, որոնցից մէկը երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հետ հարցաքննութիւնն է: Այս փուլում մենք աւելին չենք կարող բացայայտել:

ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Հայաստանեան մամուլում եւ սոցիալական ցանցերում ձեր հրապարակումից յետոյ կարծիքներ են հնչում, որ այս յօդուածը միտումնաւոր հրապարակուեց հէնց այսօր, երբ երէկ Ղարաբաղում անցկացւում էին Համահայկական խաղերի բացման արարողութիւնը, ելոյթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Դուք ինչպէ՞ս կ՛արձագանգէք այս մեկնաբանութիւններին եւ իսկապէս՝ ինչո՞վ կը բացատրէք, ինչո՞ւ հէնց հիմա դա հրապարակուեց:

ԳՐԻԳՈՐ ԱԹԱՆԱՍԵԱՆ.- Դաւադրութեան այդ տեսութիւններն ինձ շատ ծիծաղելի են թւում: Բնականաբար, BBC-ի ռուսական ծառայութիւնը հայաստանեան ներքին իրադարձութիւններով չի առաջնորդւում, մենք ունենք խմբագրական պլանաւորում, նիւթերի վրայ աշխատում ենք շաբաթներով, ամիսներով, եւ այս նիւթն էլ հրապարակեցինք, երբ համոզուեցինք, որ այն ինչ ունենք, ենթակայ է հրապարակման: Կրկնում եմ, որեւէ օրակարգի հետ այն չէր կարող կապ ունենալ, եւ աւելին, ինձ համար տարօրինակ է լսել, թէ հէնց ա՛յս օրը կարող է յատուկ կարեւորութիւն ունենալ, քանի որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւնների, ներքին քաղաքականութեան ոլորտներում ամէն օրն է պայթունալի: Մէկ Սահմանադրական դատարանում է ինչ-որ սկանդալ (գայթակղութիւն-Խմբ.), մէկ սահմանին է իրավիճակը սրւում, մարդիկ են զոհւում, բանակցութիւններ են ընթանում… վերջին մէկուկէս տարում հայաստանեան քաղաքականութեան մէջ ամէն օր ինչ-որ նոր իրադարձութիւններ ու զարգացումներ են տեղի ունենում, որոնց հետ, ցանկութեան դէպքում, կարելի է ինչ ասես կապել…

ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ.- Եւ վերջին հարցը՝ կարո՞ղ ենք առաջիկայում նոր հրապարակումներ սպասել BBC-ից:

ԳՐԻԳՈՐ ԱԹԱՆԱՍԵԱՆ.- Կարծում եմ՝ այո, մենք կը շարունակենք հետեւել այդօրինակ պատմութիւններին, որոնք ոչ միայն հայաստանեան ներքաղաքական օրակարգ ունեն, այլ՝ առաւել ընդարձակ՝ տարածաշրջանային: Այստեղ ներգրաւուած են մի քանի խաղացողներ, եւ բաւականին կարեւոր գործ է, որով այս կամ այն կարգավիճակով անցնում են մի քանի նախագահներ, ինչը բաւական աննախադէպ երեւոյթ է հետխորհրդային տարածքում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here