…ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

0
1282

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ – ԱԶԳ

Աշխարհի որ ծայրում էլ ապրի ու աշխատի հայ մարդը, նա հազարումի թելերով կապված է իր հայրենիքին, կառչած է իր արմատներին. արյան կանչը նրան մղում է հայրենանվեր, ազգօգուտ արարումների: Հայը ցանկանում է, որ աշխարհը ճանաչի ու արժեւորի ադամանդի փոքրությամբ եւ սակայն ադամանդի պես թանկ իր երկիրը: Ճանաչողական այդ մեծ գործին են լծված արտերկրում ապրող մեր շատ հայրենակիցներ, որոնցից մեկիՙ Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության եւ «Բիզնես-Արմենիա» հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարգսյանի հետ էլ ծավալվեց իմ զրույցը:

– Պարո՛ն Սարգսյան, գիտեմ որ երեւանցի եք, ապրում եւ աշխատում եք Չիկագոյում, Երեւանում լինում եք աշխատանքային հարցերով. այդպե՞ս է…

– Շնորհակալությո՛ւն, այո՛, ծնունդով երեւանցի եմ, արմատներով էջմիածնեցի եւ թիֆլիսեցի: Երեւանում եմ ստացել միջնակարգ եւ բարձրագույն կրթությունս. ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, հետագայումՙ Մոսկվայի կապի եւ ինֆորմատիկայի համալսարանը: Երեւանում ավելի շատ, այո՛, լինում եմ աշխատանքային այցերով, երբեմն էլՙ անձնական: Այստե՛ղ է իմ տունը, այստե՛ղ են իմ հարազատները, ընկերներն ու գործընկերները: Մի խոսքովՙ Հայաստա՛նը, Երեւա՛նն է իմ մնայուն հանգրվանը: Երկար տարիներ աշխատել եմ արտերկրումՙ Բուլղարիայումՙ որպես ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ եւ ՌԴ-ումՙ Մոսկվայում, որպես INSVIAZSERVIS ընկերության գլխավոր տնօրեն: Երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ բիզնես-հաղորդակցության ոլորտում, Երեւան-Չիկագո քույր քաղաքների նախաձեռնող խմբի համանախագահն եմ, այժմ բնակվում եմ ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգում:

– Դուք Հայաստանում ղեկավար աշխատանք եք կատարել փոստային կապի ոլորտում, խնդրում եմ, խոսեք այդ մասին:

– Այո՛, Կապի նախարարության համակարգում սկսել եմ աշխատել 1977 թվականից. սկզբում որպես օպերատոր, իսկ 1985թ.-ին նշանակվել եմ ՀՀ-ի Կապի նախարարության փոստային կապի վարչության պետ: 1985-ից մինչեւ 1993-ը եղել եմ ՀՀ փոստային կապի վարչության պետը. աշխատանքային տարիները եղել են հետաքրքրական եւ բազմաբովանդակ, ձգտել ենք արդյունավետ կապ ապահովել ազգաբնակչության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, 1992թ. Հայաստանը ներկայացնել Բեռնում (Շվեյցարիա)ՙ Համաշխարհային փոստային միությունում (UPU), որին եւ Հայաստանն անդամագրվեց: Կազմակերպված միջոցառումների շնորհիվ հրատարակվեցին հայկական փոստային առաջին դրոշմաթղթերը, նախարար Ռոբերտ Ավագյանի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԱՄՆ-ի AT&T ընկերության հետՙ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու կապի զարգացման ուղղությամբ, եւ պետք է ասեմ, որ այն լիարժեքորեն իրականացվեց: Սկզբում կազմակերպեցինք Երեւան-Թեհրան, Երեւան-Փարիզ փոստային առաքումների նոր ուղղությունները: Հետաքրքրական նախագիծ էր Վիլյամ Սարոյանի հոբելյանին նվիրված ԱՄՆ-ի փոստային դեպարտամենտի եւ ՌԴ-ի «ԾՈՐՍՈ» հրատարակչության հետ համատեղ փոստային դրոշմաթղթի հրատարակումը: Վերջերս Ֆրեզնոյում Վ. Սարոյանի տուն-թանգարանի բացման կապակցությամբ իմ կողմից ընծայվեց Սարոյանին նվիրված վավերագրական կարճամետրաժ ֆիլմ: Եթե մարդ նպատակ է դնում եւ հավատում է, ապա այն անպայմա՛ն իրականանում է: Մարդը չպետք է բավարարվի իր արած մի գործով, այլ պետք է շարունակ աշխատի, ստեղծի, փնտրի նոր գործեր անելու ճանապարհներ: Ես անհանգիստ, գործուն տեսակն եմ, սիրում եմ աշխատել:

– Պարո՛ն Սարգսյան, Դուք Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի խորհրդականն եք նաեւ. ի՞նչ դերակատարում ունի հյուպատոսարանը Չիկագոյի հայ համայնքի կյանքում, հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում:

– Օսկար Թաթոսյանն իր դիվանագիտական հմտություննեով, լինելով նաեւ Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ, գորգերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Oscar Isberian Rug» ընկերության տնօրենՙ կարողանում է մի յուրօրինակ կամուրջ ստեղծել երկու երկրների, Երեւան-Չիկագո քույր քաղաքների միջեւ: Հյուպատոսարանը հայի տունն է հեռավոր ափերում, ուր հաճախակի այցելում են մեր հայրենակիցները, խորհրդակցում իրենց հուզող տարբեր հարցերի շուրջ, դիմում զանազան խնդիրներով: Աշխատանքներ ենք տանումՙ ամերիկյան AbbVie դեղագործական ընկերության համագործակցության շրջանակները Հայաստանում ընդլայնելու եւ բարեգործական ծրագրեր իրականացման ուղղությամբ: Հյուպատոսարանը նաեւ տեղեկատվական հետեւողական աշխատանք է կատարում: Կից ունենք «IT» տեխնոլոգիաների խումբ, որում ընդգրկված երիտասարդներն աշխատում են Չիկագոյի տեխնոլոգիական մեծ կետրոններում: «IT» ոլորտը դարձել է ժամանակի հրամայականը: Ամիսը մեկ անգամ հավաքվում ենք, խորհրդակցում զանազան հարցերի շուրջ, նոր ծրագրեր մշակում, աշխատանքներ ենք տանում Հայաստանի հետ մշակութային, տնտեսական, զբոսաշրջային կապերի ուղղությամբ, տեղեկացնում ենք ՀՀ-ի զբոսաշրջային հին ու նոր երթուղիների, հյուրանոցների մասին: Աշխատանքներ ենք տանում, որպեսզի Հայաստանը դրամաշնորհներ ստանա հեպատիտ C-ի ինտենսիվ բուժման համար: Անցյալ տարի փորձնական ձեւով 120 հոգու համար բուժման կուրս կազմակերպեցինք Չիկագոյում, որն անցավ արդյունավետ: Մշակութային կապեր ենք հաստատում նաեւ Իլլինոյս եւ հարակից նահանգների միջեւ, Հայաստանի լավագույն արտադրողներին ներկայացնում ենք ամերիկյան շուկայում:

– Այսինքնՙ նպաստում եք ներդրումներ կատարելուն, եւ Հայաստանն առավել ճանաչելի դարձնում օտարներին:

– Եկե՛ք դա անվանենք տնտեսական համագործակցություն: Օրինակՙ Իլլինոյս նահանգի շուկայում արդեն ներկայացված է հայաստանյան «Թամարա» ընկերության արտադրանքըՙ հյութեր, ջեմեր, պահածոներ. այժմ աշխատանքներ են տարվումՙ ներկայացնելու այլ խոշոր արտադրողներին ինչպես Իլլինոյս, այնպես էլՙ հարակից նահանգներում: Սա շարունակական գործընթաց է:

– Խոսենք Իլլինոյս նահանգի մայրաքաղաքում բացված Երեւանյան պուրակի ստեղծման պատմության մասին, որի նախաձեռնողներից եք:-

– Պուրակը բացվել է Չիկագոյում ՀՀ-ի պատվավոր հյուպատոսության եւ իմ նախաձեռնությամբ, հայ համայնքի եւ քաղաքային իշխանությունների աջակցությամբ: Մեր հյուպատոսը հանդիպումներ կազմակերպեց, միասին բավականին բանակցություններ տարանք Չիկագոյի այգիների տնօրինության հետՙ վերաձեւավորելու այգու այդ մասը. եկանք ընդհանուր հայտարարի, որպեսզի ստեղծենք հայկական այդ ինքնատիպ անկյունըՙ Երեւանյան այգին: Ասեմ, որ դա պաշտոնական անվանումը չէ, պարզապես մենք ենք այդպես կոչում: Դեռեւս չունենք մեր էկետրոնային հասցեն, այն նախատեում ենք բացել աշնանը: Դեռ մեկ տարվա պատմություն չունի, սակայն այն շատ հայտնի է ու սիրված: Այգում տեղադրված է Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված 6 նստարան: Այգում է գտնվում նաեւ ծագումով հայաստանցի գործարարի հիմնադրած «ԱրգոԹի» թեյարանը: Երբ երիտասարդները ժամադրվում են, ասում ենՙ Yerevan Park-ում կհանդիպենք: Այս այգին դարձել է հանդիպումների եւ հանգստի մի յուրօրինակ վայր ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւՙ տեղաբնակների եւ զբոսաշրջիկների համար: Առաջիկայում «Բիզնես-Արմենիա»-ն կմշակի նոր ծրագրեր, որոնք կնպաստեն երկու քաղաքների տնտեսական եւ գործարար կապերի ընդլայնմանը: Սեպտեմբերի 9-ին այգու բացման մեկ տարին է լրանում: Շուտով 4 մետր բարձրությամբ երկաթյա-բրոնզյա ձուլվածքով զբոսաշրջային ուղեցույց կտեղադրվի ARTTING դիզայներական ընկերության տնօրեն Արթուրի նախագծով ու միջոցներով: Այգին գտնվում է քաղաքի կենտրոնում: Այգում մարդիկ հանդիպում են, թեյ, սուրճ խմում, զբոսնում, հանգստանում, երաժշտություն լսում, հմայվում շատրվաններով: Քանի որ Չիկագոն մշտապես իր վրա է սեւեռում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը, ուստի այն նաեւ Հայաստանին ծանոթանալու, Հայաստան այցելելու, զբոսաշրջային ոլորտի զարգացման խթան կարող է լինել: Այն նպաստում է Երեւանի եւ Չիկագոյի միջեւ բարեկամության ընդլայնմանը եւ տարբեր ոլորտներում համագործակցության կապերի հաստատմանը:

– Այսինքնՙ բացի մշակութային, տնտեսական, զբոսաշրջային կապերից, այդտեղ նաեւ քաղաքական ենթատեքստ կա, այո՞…

– Այո՛, այդպես է: Որեւէ երկրի մշակութային, տնտեսական կապերը մեկ ուրիշ երկրի հետ նաեւ քաղաքական ենթատեքստ են պարունակում: Դրանք փոխադարձ գործակցութունից զատՙ նպաստում են նաեւ քաղաքական լավագույն հարաբերությունների ձեւավորմանը:

– Ձեր առաջնային նպատակները…

– Իլլինոյսի եւ հարակից այլ նահանգների մշակութային եւ տնտեսական կապերի ընդլայնումը եւ ամրապնդումը, նաեւՙ կամուրջ դառնալ հատկապես հայ երիտասարդների, մասնագետների, ստեղծագործողների միջեւՙ նպաստելով նրանց աշխատանքային կապերի զարգացմանն ու Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղիներ փնտրելուն: Գիտեք, այսօր քիչ բան չէ քաղաքի կենտրոնում ունենալ Երեւանյան այգի, որտեղ վեր է խոյանում Հայաստանի դրոշը, եւ մարդիկ մոտենում են, հարցնում քո երկրի մասին, քիչ բան չէ, որ 80 երկրների կողքին Հայաստանը եւս ունի իր աթոռը… Բոլոր նպատակներն էլ առաջնային են:

– Նախկինո՞ւմ էր ավելի դյուրին համագործակցել Հայաստանի որեւէ գերատեսչության հետ, թե՞ այսօր:

– Ես երկար տարիներ ՀՀ-ում կարեւոր բնագավառիՙ փոստային կապի պատասխանատուն եմ եղել եւ շփվել եմ տարբեր ոլորտի պաշտոնյաների հետ. չէի ասի, թե դժվար էր այն ժամանակ, բայց դաՙ մինչեւ 1993թ., որից հետո աստիճանաբար բարդացել ու դժվարացել է ամեն ինչ, իսկ այսօր լիարժեք մեծ հնարավորություններ կան ազատ, անկաշկանդ եւ ստեղծագործաբար աշխատելու: Կարծում եմՙ յուրաքանչյուրը պետք է շարունակ զբաղվի ինքնազարգացմամբ, լինի ծրագրերի նախաձեռնող եւ իրականացնող: Այսօր նորարարական տեխնոլոգիաների առկայությունը շատ բան է փոխել մեր կյանքում, եւ շփումներն ու համագործակցությունն ավելի դյուրին են դարձել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here