Շահան Գանտահարյանի հարցազրույցը Շանթ-ին

0
282

Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում. Շահան Գանտահարյանի հարցազրույցը «Շանթ»-ին:

Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նաիրի Հոխիկյանին՝ խոսելով տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքով, Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում:

«Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,-ասել է լիբանանահայ վերլուծաբանը:

Սիրիայում ահաբեկիչները այսօր ավելի լոկալացված են, բայց դա չի նշանակում, որ նրանք էլ չկան, նրանք պահվում են որպես խաղաքարտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվանան: Դրան ավելացնենք հարևան պետությունների և գերտությունների ներգրավվածությունը, շահերը, քաղաքական սլաքները պարբերաբար բախվում են, ինչի հետևանքով տուժում են ժողովուրդները:

Սա կառավարելի քաոս է, ասել է Շահան Գանտահարյանը:

Հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք Իրանի շուրջ ռազմական բախման վտանգ, Գանտահարյանը պատասխանել է, որ այս պահին դա սպասելի և կանխատեսելի չէ, մանավանդ որ ԱՄՆ ղեկավարն այդ առումով էլ անկանխատեսելի է՝ նախընտրում է լարվածությունը հասցնել գագաթնակետին, ապա մտնել բանակցության:

«Պատերազմները միշտ հանկարծակի են սկսվում, իսկ երբ դու պարբերաբար նախապատրաստվելու մասին ես խոսում, ապա ավելի շատ դա քաղաքական միավորներ հավաքելու և կերպար ձևավորելու նպատակ ունի»:

Շահան Գանտահարյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նեոսմանական քաղաքականությանն ու Լիբանանի տարածաշրջանային դերին:

Թուրքիան ձգտում է իր ազդեցության տակ վերցնել Լիբանանը՝ հաշվի առնելով, որ այնտեղ կա թուրքմենական հոծ զանգված, որի թիվը գնալով մեծանում է, բացի այդ, Թուրքիան մեծացնում է տնտեսական ակտիվությունը Լիբանանում:

«Արցախյան խնդրի դեմ պայքարելիս և ցեղասպանության առումով թուրքերը միշտ օգտագործում են քրիստոնյա հայեր- մահմեդականներ հակադրության խնդիրը, ինչը վտանգավոր է, և մենք պետք է դրան հատուկ ուշադրություն դարձնենք»:,-ասել է Գանտահարյանը՝ միաժամանակ նշելով, որ մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, հարաբերությունները սրելով Թուրքիայի հետ, փորձում են կապ ստեղծել Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ օգտագործելով ցեղասպանության փաստը: Դա, Շահան Գանտահարյանի համոզմամբ, մի խաղաքարտ է, որը օգտագործում են բազմաթիվ երկրներ, սակայն մենք պետք է ևս կարողանանք դրանից ճիշտ օգտվել:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here