Ստամբուլեան Կոնվենցիան Բաց Տեքստով Արշաւանք Է Մեր Ազգային-Մշակութային Աւանդոյթների Նկատմամբ. Լիլիթ Գալստեան

0
194

Ստամբուլեան (Պոլսոյ-Խմբ.) կոնվենցիայի (համագումարի-Խմբ.) վաւերացման դէպքում փոխւում է ՀՀ սահմանադրութեամբ ամրագրուած ընտանիքի կոնցեպցիան (գաղափարը-Խմբ.): Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը.

«Մի քանի դիտարկում ստանբուլում կամ «Եւրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնութեան եւ ընտանեկան բռնութեան կանխարգելման եւ դրա դէմ պայքարի մասին» կոնվեցիայի շուրջ, որը ընդունուել է 2011թ. Ստամբուլում:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Կոնվենցիան վաւերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը: Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ստորոգրել եւ չեն վաւերացրել: Սլովակիան հրաժարուել է վաւերացնել: Լատուիան եւ Լիտուան հակուած չեն վաւերացնելու: Մոլդովան չի վաւերացրել, փոխարէնը մշակել է կանանց նկատմամբ բռնութեան կանխարգելման ռազմավարական ծրագիր: Միացեալ Թագաւորութիւնը չի վաւերացրել:

Բուլղարիան՝ բուլղար եկեղեցու ակտիւ ներգրաւուածութեամբ, մերժել է վաւերացնել կոնվենցիան՝ այն գնահատելով որպէս հակասահմանադրական:

Հայաստանը ստորագրել է 2018-ին, սակայն ստորագրումն ինքնին վաւերացում չի պարտադրում (կան բազմաթիւ կոնվենցիաներ, որոնք ստորագրուած են, բայց վաւերացուած չեն):

ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՈՒԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆ

Յօդուած 3.

բ. «Ընտանեկան բռնութիւն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնութեան գործողութիւնները, որոնք կատարւում են ընտանիքի կամ ընտանեկան միաւորի ներսում կամ նախկին կամ ներկայ ամուսինների կամ զուգընկերների միջեւ, անկախ նրանից, թէ արդեօք կատարողը բնակւում է կամ բնակուել է տուժողի հետ նոյն բնակարանում.

գ. «Գենդերային (սեռի-Խմբ.) պատկանելութիւն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունէութեան տեսակներ եւ յատկութիւններ, որոնք տուեալ հասարակութիւնը դիտում է որպէս պատեհ կանանց եւ տղամարդկանց համար:

Յօդուած 4.

ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ, ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ, ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Մասնակից պետութիւնների կողմից սոյն Կոնվենցիայի դրոյթների կատարումը, մասնաւորապէս՝ զոհերի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած միջոցները, պէտք է ապահովուեն առանց խտրականութեան, այն է՝ անկախ սեռից, ռասսայից (ցեղէն-Խմբ.), մաշկի գոյնից, լեզուից, կրօնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական (ընկերային-Խմբ.) ծագումից, ազգային փոքրամասնութեանը պատկանելուց, գոյքային դրութիւնից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնութիւնից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամութեան առկայութիւնից, ամուսնական դրութիւնից, միգրանտի (գաղթողի-Խմբ.) կամ փախստականի կամ այլ կարգավիճակից:

Ըստ էութեան, փոխւում է ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած ընտանիքի կոնցեպցիան: Տուեալ կոնվենցիայի համատեքստում ընտանեկան միաւոր եւ զուգընկերներ հասկացութիւնները հաւասարեցւում են ընտանիք հասկացութեանը: Սեռը դիտւում է ոչ թէ որպէս կենսաբանական իրողութիւն, այլ՝ սոցիալական դերակատարութիւն-ընտրութիւն, այստեղից բխող բոլոր՝ իրաւական եւ հանրային հետեւանքներով:

ՀՀ Սահմանադրութիւն, Յօդուած 35.1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմեանց հետ իրենց կամքի ազատ արտայայտութեամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրաւունք ունեն: Ամուսնութեան տարիքը, ամուսնութեան եւ ամուսնալուծութեան կարգը սահմանւում են օրէնքով:

Յօդուած 12.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԻ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

 

  1. Մասնակից պետութիւնները պէտք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարուելակերպերում փոփոխութիւններ մտցնելու նպատակով՝ այն հաշուով, որպէսզի արմատախիլ արուեն այն նախապաշարմունքները, սովորոյթները, աւանդոյթները եւ միւս բոլոր այն երեւոյթները, որոնք հիմնուած են կանանց ստորադասուածութեան կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրայ:

Ըստ էութեան, բաց տեքստով՝ արմատախիլ անելու նպատակադրութեամբ, արշաւանք է մեր ազգային-մշակութային աւանդոյթների ու սովորոյթների, ինքնութեան նկատմամբ, ուր ազգային արժէքների համադրութեան, ողջամտութեան եւ տրամաբանութեան սահմաններում ապահովուած է փոխլրացնող սոցիալական դերաբաժանումն ու մեր պետականութեան հիմք հանդիսացող ընտանիքի ինստիտուտը (հաստատութիւնը-Խմբ.):

Այսուհանդերձ, միանշանակ է, որ պետութիւնը լրացուցիչ միջոցներ պիտի ձեռնարկի ընտանիքի ինստիտուտն ամրացնելու, կանանց եւ երեխաների իրաւունքների պաշտպանութեան իրաւական եւ գաղափարական հիմքերն ամրացնելու, ընտանեկան բռնութիւնների կանխարգելման ուղղութեամբ:

Յօդուած 14.

ԿՐԹՈՒԹԻՒՆ

Մասնակից պետութիւնները, հարկ եղած դէպքում, պէտք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային յարաբերութիւններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հաւասարութեան, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ յարգանքի եւ վէճերը առանց բռնութեան լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնութեան եւ անձնական անձեռնմխելիութեան իրաւունքի հարցերով ուսումնական նիւթերն ընդգրկուեն պաշտօնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում եւ յարմարեցուած լինելով ուսումնառողների զարգացող ընդունակութիւններին:

Ըստ էութեան, ՀՀ պաշտօնական կրթական ծրագրերում հաւասարութեան, յարգանքի, բռնութեան դէմ դրական քարոզչութեան կողքին, նոյնքան անթաքոյց կ՛ուսուցանուեն եւ կը հանրահռչակուեն կոնվենցիայով ամրագրուած ոչ-աւանդական ընտանիքի, սեռային պատկանելութեան, ոչ-կենսաբանական սեռի կամ աւանդական, ազգային կարծրատիպերն արմատախիլ անելու քարոզչութիւն եւ հանրահռչակում:

Յօդուած 60.

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՆԵՐ

 

  1. Մասնակից պետութիւնները պէտք է ձեռնարկեն օրէնսդրական եւ այլ բնոյթի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշուի առնող ընդունման ընթացակարգեր եւ աջակցութեան ծառայութիւններ, ինչպէս նաեւ գենդերային ուղեցոյցներ եւ գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառեալ՝ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը եւ միջազգային պաշտպանութեան մասին դիմումները:

Ըստ էութեան, Կոնվենցիան պարտադրելու է փախստականի կարգավիճակ եւ ապաստան տալ եւ առհասարակ իր պաշտպանութեան տակ վերցնել գենդերային բաղադրիչով բռնութեան ենթարկուած օտարերկրացիներին: Ապաստանների, կացարանների, սոցիալական այլ ենթակառուցուածքների ապահովումը, բազմաթիւ արտօնութիւնների ապահովումը ֆինանսական եւ այլ միջոցներ է պահանջում: Արդեօք սոցիալական եւ անվտանգային լրջագոյն խնդիրներ դիմագրաւող Հայաստանի համար սա նոր մարտահրաւէր չէ՞:

Յօդ1.2.

Մասնակից պետութիւնների կողմից Կոնուենցիայի դրոյթների արդիւնաւէտ իրականացումն ապահովելու նպատակով, Կոնվենցիայով ստեղծւում է վերահսկողութեան յատուկ խումբ («ԳՐԵՒԻՕ»):

Սա նշանակում է, որ Կոնվենցիայով ամրագրուած իւրաքանչիւր նորմ (կանոն, օրինակ-Խմբ.) ենթակայ է միջազգային մշտադիտարկման, նաեւ համապատասխան սանկցիաների (պատժամիջոցներու-Խմբ.): Հետեւաբար, Կոնվենցիայի հայեցողական կիրառում բացառւում է: Այն իրացուելու է ամբողջութեամբ:

Յետ գրութիւն.- Կոնվենցիայի գործնականացման համատեքստում խիստ կարեւոր են վերջինիս պաշտօնական մեկնաբանութիւնները եւ նրա գործադրման միջազգային փորձը:

Ի դէպ, Կոնվենցիան վաւերացրած երկրներում բռնութեան նուազում չի արձանագրուել:

Կոնվենցիայի առթիւ իրենց մտահոգութիւնն են յայտնել ԵՄ անդամ պետութիւնների բազմաթիւ ՀԿներ:

Եւրոպական խորհրդարանը ս.թ.   4 Ապրիլին դիմել է Լիւքսեմբուրգում գործող Արդարադատութեան դատարան՝ ակնկալելով Ստամբուլեան կոնվենցիային միանալու իրաւաչափութեան վերաբերեալ եզրակացութիւն:

Ի վերջոյ, կանանց եւ երեխաների իրաւունքների պաշտպանութիւնը մշտական գործընթաց է: Հասարակութեան մէջ բռնութեան մշակոյթն արմատախիլ անելու, եւ, առհասարակ, պաշտպանուած հասարակութիւն կառուցելու իրաւական եւ քաղաքական բազմաթիւ գործիքներ կան, որոնց արդիւնաւէտ գործադրմամբ կարելի է դրական արդիւնքներ արձանագրել»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here