Ինչո՞ւ են անօրինական Հայաստանից մինիվեններով միջազգային ուղևորափոխադրումները

0
254

Նաիրի Հոխիկյան

Հայաստանից դեպի Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումների մասին ամառային շրջանում հաճախ են հրապարակումներ լինում՝ հատկապես կապված մեծ թվով վթարների և տուժող ուղևորների շահերի պաշտպանության հետ:

2019-ի հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մի քանի ավտովթարներից հետո պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մինչև 9 տեղանոց մինիվենները չունեն ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվություն, ավելին՝ մեքենաները ՌԴ մուտք գործելիս չեն  անցնում պարտադիր ապահովագրություն, ինչը փաստացի վտանգի է ենթարկում հայ ուղևորների կյանքն ու առողջությունը:

2019թ. հուլիսի 31-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ով ի պաշտոնե պատասխանատու է տրանսպորտային կանոնակարգման համար, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ  մինչև 9 տեղանոց մինիվեններով ուղևորափոխադրումները Հայաստանից դուրս կատարվում են օրենքի խախտմամբ, քանի որ ՀՀ-ում արտասահման ուղևորափոխադրում թույլատրված է բացառապես 9-ից ավելի տեղանոց միկրոավտոբուսներին և ավտոբուսներին, ուղևորափոխադրումների թույլտվություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնք չեն իրականացնում մինիվեններով ուղևորափոխադրում:

Փոխնախարարը կոչ արեց զերծ մնալ մինիվեններով Հայաստանից դուրս մեկնելուց, քանի որ դրանք որևէ պատասխանատվություն չեն կրում ուղևորի կյանքի և առողջության համար, գործում են օրենքից դուրս և հարկային դաշտում չեն:

Օգոստոսի 1-ին մինիվեններով ուղևորափոխադրումներին անդրադարձավ նաև ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով. «Կան մարդիկ, որոնք իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում, ստանում են շահույթ, վնասում են կողքի օրինական բիզնեսին, բայց չեն գտնվում հավասար պայմաններում: Այս առումով մեր մարմինը ուսումնասիրում է այդ խնդիրները, ԱԺ-ում ևս հարց բարձրացվեց: Ըստ ազդակների գնում ենք առաջ՝ սպասելով նաև քաղաքացիների տեղեկություններին»:

ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փոխնախագահ Արտյուշ Գրիգորյանը, ով համակարգում է տրանսպորտային երթուղիները, զրույցում տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են թույլտվություն ունեցող ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտում առկա խնդիրները, լսել նաև վերջիններիս դժգոհությունները: Այժմ գրություն են պատրաստել՝ ուղղված այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրականացնում են դեպի Ռուսաստան և Վրաստան անօրինական ուղևորափոխադրում՝ պահանջելով դադարեցնել այն կամ մտնել օրենքի դաշտ: Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ այդպիսի ավելի քան 120 անօրինական ուղևորափոխադրող կա:

Քանի որ ըստ պետական գերատեսչությունների՝ անօրինական են համարվում մինչև 9 տեղանոց մեքենաներով արտասահման ուղևորափոխադրում կատարողները, պատահականության սկզբունքով զանգահարեցինք սոցիալական ցանցերում իրենց ծառայությունները գովազդող մի քանի ընկերությունների:

Դեպի ՌԴ հարավային շրջաններ մինիվեններով ուղևորափոխադրում կատարող «Mar and Ellen tour» անունով ընկերության գրասենյակից մեզ պատասխանեցին, որ իրենք պարբերաբար իրականացնում են ուղևորափոխադրումներ, սակայն որևէ մեկը մինչ այժմ իրենց չի արգելել, իրենք էլ չեն կարծում, որ օրենքից դուրս են:

Անանուն հայտարարության հետքերով զանգահարելով՝ ստացանք պատասխան, որ իրենք ավելի քան 5 տարի կատարում են ուղևորափոխադրում հիմնականում դեպի ՌԴ Ռոստով քաղաք, լիցենզավորված են, սակայն չունեն որևէ անվանում: Ճշտող հարցին, թե մինիվեններով ուղևորափոխադրումները արգելված են, անվանում չունեցող ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իր եղբայրն է մինչև այժմ զբաղվել այդ գործով, ինքը տեղյակ չէ:

Սոցիալական ցանցերում ակտիվորեն ուղևորափոխադրումների գովազդ տարածող «Սառա տուր» ընկերության գրասենյակից ասացին, որ իրենք երբևէ չեն շրջանցել օրենքը, դեպի Կրասնոդար, Սոչի, Անապա և ՌԴ այլ շրջաններ տարիներ շարունակ իրականացնում են մինիվեններով ուղևորափոխադրում, իսկ այդպիսի գործունեություն արգելող միջոց գոյություն չունի, իրենց չեն կարող արգելել:

ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փոխնախագահ Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենց տեսչական մարմինը առաջիկա օրերին կսկսի կոնկրետ գործողություններ՝ հսկողություն սահմանելով նաև ՀՀ պետական սահմանին, և ապօրինի ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները կտուգանվեն 300.000 դրամով:

Տեսչական մարմնի պաշտոնյան միաժամանակ ասաց, որ օրենքի նախագիծ է մշակվում՝ սահմանելու կանոնակարգեր, որոնց շնորհիվ իրենք կկարողանան շուրջօրյա վերահսկողություն սահմանել մաքսատներում ու բացառել անօրինական ուղևորափոխադրումները:

2016թ. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով կարգավորվում են կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափախոդրումները: Դրանց համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները պետք է ունենան հատուկ թույլտվություն, ՀՀ-ից դուրս թույլատրվում է միայն 9-ից ավելի տեղանոց մեքենաների միջոցով ուղևորափոխադրումը:

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից պահանջվում է ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի սահմանից դուրս գալիս և հանրապետություն մուտք գործելիս: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է 150.000 դրամի պարտադիր տուրք: Միջազգային փոխադրումների ուղևորների տոմսերը պետք է վաճառվեն կամ ավտոկայաններում, կամ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ընկերության հետ: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված է 300.000 դրամի տուգանք:

Բացի այդ, ըստ օրենքի, «Հայավտոկայարան»-ում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման պետք է ենթարկվի տեխնիկական զննության, իսկ վարորդները՝ բժշկական զննության:

Shantnews-ը այս պահանջների կատարման իսկությունը ստուգելու համար ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ-ում, ՌԴ-ում և Վրաստանում:

Հայաստանում 100-ից ավելի գովազդային վահանակներ կան մինչև 9 տեղանոց մինիվեններով ուղևորափոխադրում կատարելու մասին, որոնցից որևէ մեկը «Հայավտոկայարան»-ից չի իրականացնում այն, այլ Երևանի կամ մարզային քաղաքների որևէ փողոցից: Այդ ընկերությունները, ըստ կառավարության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արտյուշ Գրիգորյանի, չունեն պայմանագիր «Հայավտոկայարան»-ի հետ, անգամ գրանցված չեն որպես կազմակերպություն, հետևաբար չեն կարող գործել օրենքի դաշտում:

Ուղևորների համար մյուս վտանգավոր երևույթը արդեն ՀՀ-ից դուրս տվյալ մինիվենների ապահովագրումն է: Հիմնականում ՌԴ-ում այդ մեքենաները խուսափում են պարտադիր ապահովագրությունից՝ գերադասելով 100-200 ռուբլի կաշառք տալ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ինչը, սակայն, վտանգում է ուղևորների կյանքն ու անվտանգությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեզ հետ զրույցում կոչ արեցին ՀՀ քաղաքացիներին՝ խուսափել մինչև 9 տեղանոց մինիվեններով ՀՀ-ից դուրս մեկնելուց՝ սեփական անվտանգության նկատառումներով և հաշվի առնելով, որ տվյալ ուղևորափոխադրողները գործում են անօրինական:

Նաիրի Հոխիկյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here