Արժէքաւոր Վաւերագիրք. Հայոց Պետականութեան Վերածննդի 100 Էջերը

0
251

ՊԵՏՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ

Ընթերցողի սեղանին է դրուել «Հայոց պետականութեան վերածննդի 100 էջերը» ալպոմ-վաւերագիրը` նուիրուած 1918 թ. մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակման, այն է` հայոց պետականութեան վերականգնման 100-ամեայ տարեդարձին: Գրքի շնորհահանդէսը տեղի ունեցաւ երէկ, ԵՊՀ-ում:

Խորհրդանշական է ալպոմի էջերի թիւը` ճիշդ 100 էջ, որոնք ամփոփ ներկայացնում են Ա. Հանրապետութեան գոյութեան ընթացքում տեղի ունեցած պատմական իրադարձութիւնները` այն կարեւոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին պետականութեան վերածննդի համար: Գրքի հեղինակները` պատմաբան Սեդա Գալստեանը եւ ֆոթոլրագրող Գաբրիէլ Փանոսեանը արխիւային փաստաթղթերի եւ լուսանկարների համադրութեամբ այնպէս են ներկայացրել նիւթը, որ ընթերցողին միանգամայն ընկալելի է դառնում մեր հայրենիքի համար ճակատագրական այն օրերի բարդ ու հակասական բնոյթը, Ա. Հանրապետութեան գոյութեան կարճ` երկուսուկէս տարուայ ընթացքում կատարուած պետականահենք աշխատանքը:

Գիրքը սկսւում է դեռեւս Թիֆլիսում գտնուող Հայոց ազգային խորհրդի 30 մայիսի 1918-ի յայտարարութեան բնագրով, որով իրազեկւում է, որ`  «Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի ու Ազրպէյճանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն յայտարարում է հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն…»: Իսկ հանրապետութեան հռչակումը տեղի էր ունեցել մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհրդի` Արամեանցի տանը տեղի ունեցած նիստում:

Պետականութեան վերակերտումը տեղի էր ունենում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ծանրագոյն պայմաններում. Ա. Աշխարհամարտի ծանր հետեւանքներ, թուրքական ներխուժումից խիստ տուժած Արեւելեան Հայաստան, Ցեղասպանութիւնից յետոյ Արեւմտեան Հայաստանի տարբեր բնակավայրերից Արեւելեան Հայաստան գաղթած բազմահազար քայքայուած ընտանիքներ, տասնեակ հազարաւոր որբ ու անտուն երեխաներ, որոնք սովի մատնուած, վարակիչ հիւանդութիւններից անպաշտպան դեգերում, մեռնում էին բաց երկնքի տակ: Պետութիւնը չունէր համապատասխան միջոցներ` նրանց բաւարար օգնութիւն ցուցաբերելու համար: Ուշագրաւ է ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի կոչը հանրութեանը, այն մարդկանց, որոնք համեմատաբար ապահովուած էին հացով: «… 50.000-ի հասնող որբերի մի ամբողջ սերունդ խնամելն ու դաստիարակելը այսօր մեզ համար ինքնօգնութեան լաւագոյն աքթերից մէկն է, որ պէտք է կատարենք մեր բովանդակ ուժերը լարելով եւ հոգու ամբողջ կորովը կեանքի կոչելով:… Մեծ է կարիքը, միջոցները` սուղ, ժամանակը` կարճ: Կոչ եմ անում ամէնքին, որոնց կրծքի տակ դեռ չի մեռել մարդասիրութեան զգացմունքը, որ դեռ չեն կորցրել ցեղի բնազդը, որ գիտակցում են սեփական շահը իրենց զաւակների… Օգնութեան եկէք ձեր կառավարութեան, փրկեցէք անկումից վաղուայ յոյսը մեր հայրենիքի, խնամոտ ձեռք կարկառեցէք մայթերի ու ճանապարհների վրայ մրմռացող անուժ որբերին, որոնց սովատանջ հայեացքը աղերսում է թէկուզ փշրանքը ձեր սեղանների: Մի՛ թողնէք, ձեր իսկ զաւակների ապագայի սիրուն, որ ձեր աչքերի առաջ այլասերման ենթարկուի այդ մեծ բազմութիւնը անօգնական մանուկների:… Փրկեցէք նրանց»:

Պետականութեան կայացման կարեւորագոյն երաշխիքներից էր հայոց բանակի ստեղծումը: 1917-ի վերջին եւ 1918-ի սկզբին կազմաւորուեց հայկական առանձին բանակային զօրամիաւորում`  զօրավար Թովմաս Նազարբէկեանի հրամանատարութեամբ: 1918 թ. սեպտեմբերին այն լուծարուեց, եւ կազմաւորուեց տիվիզիոն` զօր.  Մովսէս Սիլիկեանի հրամանատարութեամբ: Անձնակազմի ընդհանուր թիւը հասնում էր 16 հազարի: Ստեղծուեց Զինուորական խորհուրդ, որը գլխաւորում էր Թ. Նազարբէկեանը: Նա ստանձնեց նաեւ բանակի սպարապետութիւնը: Հանրապետութեան ռազմական նախարարն էր զօր. Յովհ. Հախվերդեանը:

Երբ թուրքական զօրքը հեռացել էր Անդրկովկասից, 1919 թ. յունուարից մասնակի զօրացրում կատարուեց: Փոխարէնը յայտարարուեց 20-23 տարեկան զինապարտների զօրակոչ: Իր գոյութեան երկուսուկէս տարուայ ընթացքում Հայաստանի Ա. Հանրապետութիւնն ունեցել է չորս ռազմական նախարար. Յովհաննէս Հախվերդեան, Քրիստափոր Արարատեան, Մինաս Տէր Մինասեան (Ռուբէն), Դրաստամատ Կանայեան (Դրօ):

Գրքում առանձին շեշտադրութեամբ են ներկայացուած 1918 թ. մայիսեան հերոսամարտերը, որոնք ճակատագրական եւ վճռորոշ նշանակութիւն ունեցան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Չլինէին այս յաղթանակները (Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի), յատկապէս` Սարդարապատի կեանքի ու մահուայ հերոսամարտը, չէին լինի ո՛չ Հայաստան, ո՛չ էլ պետականութեան վերածնունդ, քանզի Անդրկովկասի` Ռուսաստանի կազմից դուրս գալը, Անդկովկասեան Սէյմի թոյլ ու յեղյեղուկ վիճակը, Կովկասեան ռազմաճակատի խիստ քայքայուած լինելը անչափ յարմար հնարաւորութիւն էին ստեղծել Թուրքիայի համար` ջնջելով մի թիզ մնացած Հայաստանը, որի վրայ էր հիմնականում մնացել ռազմաճակատը պահելու հոգսը, հասնել Կասպից ծով եւ իրականացնել իր վաղեմի երազանքը: Սարդարապատի հերոսամարտը մեր ժողովրդի պատմութեան այն բացառիկ նշանակութիւն ունեցող ազգային միասնութեան դրսեւորումներից է, երբ օրհասական պահին հայն իր մէջ ուժ է գտնում վերջին ճիգով թշնամուն հասցնել փրկարար հարուածը: Ինքնապահպանման բնազդը եւ խիզախ ու հայրենանուէր զաւակների անձնազոհ նուիրումը ապահովեցին հայ ժողովրդի` մազից կախուած գոյատեւման իրաւունքը:

Գրքում անդրադարձ է արւում նաեւ այն հիմնախնդիրներին, որ վերաբերում են Լոռու, Ջաւախքի, Զանգեզուրի, Նախիջեւանի, Ղարաբաղի տարածքների պատկանելութեանը, դրանց ռազմական ու քաղաքական լուծման իրադարձութիւններին: Առանձնապէս շեշտւում է Զանգեզուրի պաշտպանութիւնը, որի գլուխ կանգնած էր հայ ժողովրդի ամենակարկառուն նուիրեալ զաւակներից մէկը` Գարեգին Նժդեհը:

Հարիւր տարուայ վաղեմութեան արխիւային փաստաթղթերը պատմում են պետականաշինութեան այն առաջնահերթ անելիքների մասին, որոնց ձեռք զարկեց Ա. Հանրապետութեան կառավարութիւնը: Հայոց ազգային խորհրդի 24 յուլիսի 1918-ին (նոր տոմարով) հրապարակած յայտարարութիւնը տեղեկացնում է, որ կազմուած է Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւն, որի կազմի մէջ են մտել հինգ գործիչ` Յովհաննէս Քաջազնունի (նախարար նախագահ), Ալեքսանդր Խատիսեան (արտաքին գործերի նախարար), Արամ Մանուկեան (ներքին գործերի նախարար), Յովհաննէս Հախվերդեան (զինուորական գործերի նախարար), Խաչատուր Կարճիկեան (ֆինանսների նախարար): Կառավարութեան առաջնահերթ խնդիրներից էին երկրում տարրական իրաւակարգի ստեղծումը, փոստ-հեռագրային յարաբերութիւնների վերականգնումը, պարէնաւորման տագնապի մեղմացումը, գաղթականների բնակեցումը եւ այլն: Արտաքին քաղաքականութեան ոլորտում կարեւորւում էին Թուրքիայի հետ կնքուած հաշտութեան ամրապնդումը, թուրքական զօրքերի հեռացումը Հայաստանի սահմանից, գաղթականներին հայրենիք վերադարձնելը: Առաջնային էր նաեւ Ազրպէյճանի եւ Վրաստանի հետ սահմանների խնդրի լուծումը` իբրեւ հիմք ընդունելով ազգային սկզբունքները:

Երկրում մէկը միւսի յետեւից սկսեցին հիմնադրուել գործադիր եւ օրէնսդիր մարմինները: 1 օգոստոսի 1918-ին աշխատանքը սկսեց Հայաստանի խորհրդարանը, որն ունէր քառասունհինգ պատգամաւոր: Աստիճանաբար ձեւաւորւում էր հանրապետութեան օրէնսդրութիւնը: Պետութեան արդիւնաւէտ կառավարման համար երկիրը բաժանուած էր տասը գաւառի: Գործում էին գաւառապետական վարչութիւնները, դատարանները, ռատիոկայան, գրադարաններ: Հայերէնը օրէնքով յայտարարուել էր պետական լեզու: Երկրի տնտեսութեանն օգնելու եկան հարեւան երկրներից բարձրակարգ ճարտարագէտներ, մասնագէտներ: Սեփական բարձրորակ մարդուժը պատրաստելու նպատակով 31 յունուարի 1920-ին բացուեց պետական համալսարանը` մէկ ճիւղով` պատմալեզուաբանական: Նոր ուսումնական տարում բաժանմունքների թիւը հասաւ չորսի: Հայոց հողի վրայ սկսեցին գործել հայ գրականութիւնն ու թատրոնը: Կառավարութիւնը քայլեր է ձեռնարկում քաղաքաշինութեան զարգացման ուղղութեամբ. 1919 թ. մայիսին ստեղծւում է գլխաւոր ճարտարապետի վարչութիւն` Ալեքսանդր Թամանեանի գլխաւորութեամբ:

Սկսուած անկախ պետականութեան կառուցումը, սակայն, լրջագոյն խոչընդոտի հանդիպեց ի դէմս թուրք-հայկական պատերազմի: 28 սեպտեմբերի 1920-ին թուրքական զօրքերը յարձակուեցին անկախ Հայաստանի վրայ:

… Ալեքսանդրապոլի  2 դեկտեմբերի  հաշտութեան պայմանագրով պարտուած Հայաստանին պարտադրուեց ծանր պայմանագիր. Հայաստանը հրաժարւում էր Սեւրի դաշնագրից, հայ-թուրքական սահմանը հաստատւում էր Ախուրեան եւ Արաքս գետերով: Թուրքիային անցաւ ոչ միայն Կարսի մարզը, այլեւ` Սուրմալուի գաւառը: Նախիջեւանի մարզը նոյնպէս անցաւ Թուրքիայի հովանու տակ եւ շուտով յանձնուեց Ազրպէյճանին:

Ծանրագոյն այս պարտութիւնը պիտի բորբոքէր յեղափոխական տրամադրութիւններ հանրապետութիւնում, որին նպաստում էր Խորհրդային Ռուսաստանի միջամտութիւնը: 2 դեկտեմբերի 1920-ին Հայաստանում հաստատուեց խորհրդային իշխանութիւն:

«Մայիսի 28-ը մեր պատմութեան ամենամեծ տօնն է: Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը տօնուելու է իբրեւ համազգային անհերքելի ամենամեծ տօն, եւ ամէն հայ երկիւղածօրէն խոնարհուելու է այդ Տօնի առաջ»: Ա. Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունու այս խօսքը, որ հնչել է կառավարութեան ստեղծման կապակցութեամբ, չի կորցրել իր նշանակութիւնը…

Տրամաբանական է, որ «Հայոց պետականութեան վերածննդի 100 էջերը» ալպոմ-վաւերագիրն աւարտւում է «Նեմեսիս» գործողութեան եւ այն իրականացրած ազգանուէր հայորդիների մասին էջով…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here