«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՅԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆԻ ՀԵՏ

0
696

«Մենք Սարսափելի Ենք Վարուել Բնութեան Հետ, Յատկապէս Անկախութեան Տարիներին Մեզ Դրսեւորել Ենք  Բարբարոս Ազգ»

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»ի հարցերին պատասխանում է բնապահպան, ՀՀ պետական եւ հասարակական գործիչ, «Յանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի (միութեան-Խմբ.) նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով յանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Կարինէ Դանիէլեանը:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ».- Տիկին Դանիէլեան, ստեղծուած իրավիճակը Սեւանայ լճում խիստ մտահոգիչ է: Որո՞նք են պատճառները, որոնց հետեւանքով լիճը սկսել է ծաղկել:

ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Պատճառները բազմաթիւ են եւ յայտնի են վաղուց, այս իրավիճակը արդիւնք է այն բոլոր խնդիրների, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնել ենք: Սակայն, ցաւօք, մեր ձայնը լսելի չի եղել: Հիմնական պատճառներից մէկն այն է, որ Սեւանի ողջ աւազանում արտադրուող կեղտաջրերը, գրեթէ առանց մաքրուելու, լցւում են Սեւանի մէջ: Լիճը աղտոտւում է օրգանական եւ անօրգանական նիւթերով: Ընդամէնը մի քանի մաքրման կայաններում է մաքրում տեղի ունենում, այն էլ մեխանիկական, իսկ վերջերս՝ նաեւ մի քանի հասարակական օբյէկտներում (վայրերու մէջ-Խմբ.): Աղտոտող նիւթերը կուտակուել են լճում: Սեւանի մէջ լցուող գետերն ասես աղբատար լինեն: Լուսանկարներ կան, որոնք վկայում են բնակչութեան վերաբերմունքի մասին՝ աղբով ու կեղտաջրերով լցուած գետեր:

Պատճառներից յաջորդը. Սեւանի մակարդակը բարձրացնելիս լիարժէք չի իրականացուել ափերի մաքրման աշխատանքները, թէեւ մաքրման վերաբերեալ ծրագրեր կային: Եւ կանաչ տարածքները, անտառները, ծառերը, ինչպէս նաեւ տարբեր աղբակոյտեր ու կառոյցներ անցան ջրի տակ: Այդ ամէնին յաւելուել է վերջին տարիների կլիմայի փոփոխութիւնը, այսինքն՝ ջերմաստիճանի բարձրացումը, որ նոյնպէս որոշ չափով ազդում է լճի վրայ: Ի դէպ, Բնապահպանութեան նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ եւ անդրադարձել է այս բոլոր կէտերին: Չի նշել մի բան՝ վերջին տարիներին լճի մակարդակի տատանումը: Ժամանակին, ՄԱԿի պատուէրով, ուսումնասիրութիւն ենք կատարել, հաւաքել գիտական, վիճակագրական բոլոր տուեալները եւ զարմանքով նկատել ենք, թէ ինչպէս է լիճը, կենդանի օրգանիզմի նման, արձագանգում այն փոփոխութիւններին, որոնք տեղի են ունենում շրջակայ միջավայրում, եւ յատկապէս՝ կապուած մակարդակի հետ: Երբ մակարդակը բարձրացնում ես՝ քայլ առ քայլ փորձելով գոնէ մի փոքր մօտեցնել իր բնականոն վիճակին, լճի ինքնամաքրման գործընթացներն ակտիւանում են, եւ գրեթէ մի տարի յետոյ արդէն դրական է արդիւնքը: Հէնց ջրի մակարդակը իջեցնում ես, լրացուցիչ ջրառ ես իրականացնում, իսկոյն բացասական արդիւնք ես ստանում: Ցաւօք, պէտք է փաստեմ, որ 2013թ.ից սկսած, արդէն չորս անգամ բացասական բալանս ենք ունեցել: Չնայած ամէն անգամ հարց ենք բարձրացրել՝ վկայակոչելով, որ օրէնքը թոյլ չի տալիս բացասական բալանս ունենալ, ամէն անգամ մեզ պատասխանել են, թէ բոլոր հաշուարկներն արուած են, բացասական բալանս չի լինելու: Աւաղ… Վերոնշեալ բոլոր երեւոյթները, ի վերջոյ, նման արդիւնք պէտք է տային:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ».- Իսկ նման երեւոյթ նախկինում նկատուե՞լ է, Սեւանը ահազանգ հնչեցրե՞լ է:

ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- 1964 թ.ից սկսած՝ լիճը պարբերաբար ծաղկել է, բայց ոչ այս մասշտաբներով, ինչ եղաւ անցեալ տարի եւ սկսւում է հիմա: Սա ցուցանիշ է, որ լիճն արդէն ակտիւօրէն գնում է դէպի ճահճացում: Աստուած մի՛ արասցէ, եթէ Սեւանայ լճի փոխարէն ճահիճ ունենանք, կը կորցնենք Հայաստանը. չենք կարողանայ ոռոգում իրականացնել, օգտագործել լիճը ռեկրէացիայի (զբօսանքի-Խմբ), տուրիզմի (զբօսաշրութեան-Խմբ.) համար: Ի դէպ, բոլոր ջրերը կապուած են իրար հետ: Երբ 1930ականներից սկսեցինք իջեցնել լճի մակարդակը, նախ մօտակայքում, յետոյ գրեթէ ամբողջ Հայաստանի տարածքում, աղբիւրները ցամաքեցին, որովհետեւ բոլորն իրար հետ կապուած են: Եւ հիմա այդ աղտոտուածութիւնը, ջրի վատ վիճակը, ի վերջոյ, կարող է տարածուել նաեւ միւս ջրերի վրայ: Այնպէս որ, խնդիրը շատ լուրջ է:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ».- Տիկին Դանիէլեան, յիշեցրիք 30ականներին լճի մակարդակի իջեցման մասին: Ո՞րն էր պատճառը, արդեօք կապուա՞ծ էր ինչ-ինչ խնդիրների լուծման հետ:

ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- 1930-ական թուականներին, երբ էկոլոգիայի (բնապահպանման-Խմբ.) գաղափարներ գրեթէ չկային կամ շատ թոյլ էին, այսպիսի գաղափար առաջացաւ: Ջուրը, իբր, կորցնում ենք, այսինքն՝ կորցնում ենք այն առումով, որ տնտեսական օգուտ չի տալիս, զուր գոլորշիացում է տեղի ունենում: Հաշուի չէր առնւում, որ այդ գոլորշիացումը օգնում է կլիմային՝ մեղմացնելով այն: Եւ գաղափար առաջացաւ՝ լճի ջուրն օգտագործել էներգետիկ (ուժանիւթի-Խմբ.) նպատակներով, մեծ Սեւանը չորացնել, թողնել միայն փոքր Սեւանը, այն էլ՝ ոչ շատ խորը, իսկ մեծ Սեւանի տարածքը օգտագործել գիւղատնտեսութեան համար: Այդպիսի նախագիծ մշակուել էր եւ արդէն սկսուել էր դրա իրականացումը: Իհարկէ, եղան մասնագէտներ, որոնք դէմ խօսեցին այդ ծրագրին: Սակայն Մոսկուայից պատասխան եկաւ, որ եթէ հայերին պէտք չէ, այդ ջուրը կարող է օգտագործուել Ադրբեջանի դաշտերի համար: Ահա այդ պատճառով մեր իշխանութիւնները համաձայնեցին, ու սկսուեց գործընթացը: Երբ ջրօգտագործումից յետոյ լճի մակարդակը բաւականին իջաւ, ի յայտ եկան բացասական երեւոյթներ, ջրի որակը վատացաւ, վտանգները երեւացին, միկրոկլիմայի փոփոխութիւններն ակնյայտ դարձան: Այդ տարիներին սկսեցին զարգանալ էկոլոգիայի գաղափարները ե՛ւ ողջ աշխարհում, ե՛ւ մեզ մօտ: Իհարկէ, Հայաստանի նախաձեռնութեամբ, Սովետական Միութիւնում գործող քառասուն ինստիտուտ սկսեցին ուսումնասիրել Սեւանը: 80ականներին մեծ ծրագիր էր իրականացւում, եւ այն ժամանակ որոշուեց, որ առնուազն վեց մետրով պէտք է բարձրացնել լճի մակարդակը: Ես այդ ծրագրի գիտքարտուղարն էի եւ տեսնում էի, թէ որքան լուրջ էին վերաբերւում լճին: Բոլոր ծրագրերը մշակուած են, կան: Թէ՛ այն ժամանակ, թէ՛ յետոյ, եւ հիմա էլ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանութեան ինստիտուտը (հիմնարկը-Խմբ.) շարունակում է աշխատել: Խորհրդային տարիներին Լճագիտութեան ինստիտուտն էր կարգաւորում, համակարգում գործունէութիւնը: Այնպէս որ, գիտականօրէն հիմնաւորուած ամէն ինչ կար:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ».- Տիկին Դանիէլեան, ծաղկումը երեւոյթ է, որ միանգամից տեսանելի է: Իսկ այլ երեւոյթներ, որոնք անզէն աչքով տեսանելի չեն, կա՞ն, գուցէ աւելի մեծ խնդրի առաջ կարող են կանգնեցնել:

ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Այո՛, կան ուսումնասիրութիւնների արդիւնքներ, որոնք հրապարակուած են գիտական ամսագրերում: Օրինակ, գենետիկներն (ծննդաբանական գիտութեամբ զբաղողները-Խմբ.) ուսումնասիրել են լճի ծածան, կարպ ձկնատեսակները, եւ պարզուել է, որ առկայ է գենետիկական փոփոխութիւն՝ մուտագենես (ծիներու փոփոխութիւն-Խմբ.): Նրանք ենթադրել են, որ դա ծանր մետաղների ազդեցութեան հետեւանք է, իսկ ծանր մետաղների բաւականին աղտոտուածութիւն ունենք Հայաստանով մէկ: Միւս ուսումնասիրութիւնները բացայայտել են ափամերձ տարածքներում ծանր մետաղների բարձր առկայութիւնը, որոնք տոքսիկանտ (թունաւոր-Խմբ.) են: Սրանք բազմակողմանի խնդիրներ են եւ արագ լուծում են պահանջում:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ».- Ի՞նչ միջոցներ են պէտք ձեռնարկել Սեւանը փրկելու համար:

ՊՐՈՖ. ԿԱՐԻՆԷ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Նախ դժգոհութիւնս յայտնեմ լրագրողների հանդէպ: Մենք միշտ հարցը բարձրացրել ենք, ցաւօք, լսող չի եղել: Ու լրագրողների մօտեցումն էլ նոյնն է, ինչ իշխանութիւններինը: Ոչ թէ համակարգային, ռազմավարական մօտեցում է, այլ իրավիճակային: Այսինքն՝ եթէ բացասական, մեծ երեւոյթ չէ, եւ ուզում ենք տեղեկատուութիւն տալ, լրագրողներին չի հետաքրքրում: Իսկ երբ խնդիրը օրհասական է, պայթիւն կայ, բոլորին հետաքրքրում է: Ընդամէնը մի երկու տարի առաջ, երբ բարձրաձայնում էինք, որ վտանգ կայ, որ ռիսկային (վտանգաւոր-Խմբ.) է, ընդամէնը մէկ-երկու լրագրող էր լսում, մինչդեռ այսօր հեռախօսազանգերը չեն լռում: Նոյն մօտեցումն ունեն նաեւ իշխանութիւնները՝ պիտի անպայման պայթի, այսպիսի վատ վիճակ լինի, որ հասկանան:

Ինչ վերաբերում է Սեւանը փրկելու միջոցներին, նշեմ, որ «SOS Սեւան» (ՀԿների միաւորում) քննարկման ժամանակ առաջարկեցի շտապ ստեղծել միջգերատեսչական յանձնաժողով՝ անկախ փորձագէտների, ՀԿների մասնակցութեամբ: Երեւոյթները, որոնք մենք արդէն գիտենք եւ որոնք բացասական ազդեցութիւն են թողնում, քայլ առ քայլ պէտք է լուծում ստանան, բայց կոնկրետ (յստակ-Խմբ.) ջրիմուռների հետ կապուած՝ տարբեր առաջարկութիւններ կան քիմիկոսների, կենսաբանների կողմից: Պէտք է համատեղ քննարկենք՝ ինչպէս ազատուել դրանցից, որպէսզի օգուտի փոխարէն չվնասենք: 2008-ին ՀԿների հետ բացայայտեցինք, որ ձմրանը, երբ ոռոգման սեզոն չէ, մեծ քանակութեամբ ջուր է բաց թողնւում. ակնյայտ է, որ ՀԷԿերի աշխատանքի, էներգիա (ուժանիւթ-Խմբ.) ստանալու համար: Մինչդեռ կառավարութեան որոշում կար, որ ջուրը բաց է թողնուելու միայն ոռոգման նպատակով եւ այդ ժամանակ էլ կարելի է օգտագործել էներգիայի համար: Էներգետիկ նպատակներով ջուր չպէտք է բաց թողնուի: Այդ հարցով դիմեցինք կառավարութեանը՝ փաստերով ապացուցելով, եւ արդիւնքում ստեղծուեց նախագահին առընթեր յանձնաժողով, որը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսեանը, ով շատ լաւ գիտեր ջրային ռեսուրսները (միջոցները-Խմբ.) եւ յատկապէս Սեւանը: Այդ յանձնաժողովը գործեց չորս տարի, եւ դրական արդիւնքը տեսանելի էր՝ այդ տարիներին բացասական բալանս չենք ունեցել, եւ լճի վիճակը սկսել էր լաւանալ: Քայլ առ քայլ ափերը մաքրւում էին: Սակայն Վ. Մովսիսեանի մահից յետոյ յանձնաժողովը նախ դանդաղեցրեց աշխատանքը, ապա՝ դադարեցրեց:

Սա համազգային խնդիր է, եւ բոլորի մասնակցութիւնն է անհրաժեշտ, ամէն մէկս՝ ով ինչքան եւ ինչպէս կարող է: Գուցէ յայտարարենք, հաւաքուենք Սեւանի շուրջը, գոնէ ափերը մաքրենք:

Խնդիրներից մէկն էլ ծառերի հարցն է: Կառավարութեանը առաջարկել էինք թոյլ տալ տեղի բնակիչներին կտրել ծառերը՝ որպէս ձմրան վառելիք: Դա սխալ մօտեցում համարեցին, իբր՝ սխալ կը կտրեն, իսկ եթէ յատուկ կազմակերպութիւն լինի, աւելի ճիշդ կարուի գործընթացը: Ի վերջոյ, ո՛չ այս եղաւ, ո՛չ այն: Վերջին տարիներին այդ հարցը լուծուեց յօգուտ համայնքի բնակիչների:

Ի դէպ, երբ զարմանում էինք, որ անտառը ջրի տակ են թողնում, Բնապահպանութեան նախարարութիւնից պատասխանում էին, թէ դա խնդիր չէ: Այդ առիթով նոյնիսկ հեռուստահաղորդում եղաւ, որտեղ բանավիճում էի նախարարութեան ներկայացուցչի հետ: Նա ինձ ասաց. «Դուք բուսաբան չէք, չէք հասկանում՝ ինչքան անտառը մնայ ջրի տակ, այնքան լաւ ե՛ւ անտառի, ե՛ւ լճի համար»: Իբր՝ բոյսերը կեր կը հանդիսանան ձկների համար: Արդիւնքում, տեսանք՝ ինչ եղաւ, սկսուեց կանաչումը: Եւ ստիպուած, արդէն մեծ գումարով յատուկ տեխնիկա գնեցին՝ ջրից այդ ծառերը հանելու համար: Բայց դա էլ լիարժէք իրականացնել հնարաւոր չէ:

Հիմա ես Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով յանձնաժողովի նախագահն եմ: Փետրուարին, երբ քննարկեցինք Սեւանի հարցը (քանի որ անհանգստացած էի, որ ծաղկումը կարող է նորից կրկնուել), դիմեցինք կառավարութեանը երկու խնդրանքով՝ նախ փորձել այս տարի Սեւանից ջրառ չիրականացնելու հնարաւորութիւն գտնել եւ սահմանափակուել օրէնքով թոյլատրուած 170 միլիոնով, եւ ամենակարեւորը՝ շտապ միջոցներ գտնել ու կարգի բերել ոռոգման համակարգը, որովհետեւ ինչքան Սեւանից ջուր ենք վերցնում, դրանից աւելին էլ կորցնում ենք: Մի քանի անգամ մասնակցել եմ ոռոգման համակարգի հետ կապուած քննարկումներին եւ պարզել եմ, որ ոռոգման համակարգ գրեթէ գոյութիւն չունի: Ոռոգման համակարգը առկայ վիճակում պահելու դէպքում Սեւանը կը չորացնենք: Ե՛ւ բնապահպանութեան նախարարը, ե՛ւ Ջրային կոմիտէն համաձայն էին: Նաեւ պաշտօնապէս գրաւոր պատասխան ստացանք, որ այս տարի բաւականին ջրառատ է եղել, բոլոր ջրամբարները, բացի մէկից, լրիւ լցուել են, եւ կարիք չի լինի Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնել: Բայց ամառը շատ չորային է, տեսնենք՝ ինչ կը լինի: Եթէ լրացուցիչ ջրառ չիրականացուի եւ այս բոլոր երեւոյթների նկատմամբ շտապ միջոցներ ձեռնարկուեն, գուցէ կարողանանք փրկել լիճը: Մենք սարսափելի ենք վարուել բնութեան հետ: Յատկապէս անկախութեան տարիներին մեզ դրսեւորել ենք որպէս բարբարոս ազգ: Եւ էկոլոգիական մշակոյթի խիստ պակաս կայ երկրում:

Խորհրդային տարիներին որոշում ընդունուեց, որով արգելւում էր Սեւանի ափին 1908 մետրից ցածր կապիտալ որեւէ շինութիւն կառուցել, միայն ժամանակաւոր շինութիւններ, որոնք հնարաւոր էր տեղափոխել: Անկախութեան տարիներին վերանայուեց 1908ը, իջեցուեց 1905-ի, ինչը սխալ էր, եւ անկախ այդ ամէնից՝ կառուցապատուեցին ափերը: Այդ խնդիրը հիմա նոյնպէս կայ: Խնդիր կայ նաեւ ենթակառուցուածքների, ճանապարհների, էլեկտրահաղորդման լարերի, հեռախօսալարերի եւ այլնի հետ կապուած, բայց դրանց լուծման ծրագրերն էլ կան, միայն կամքի ու գումարի խնդիր է: Պէտք է Սփիւռքին, միջազգային կառոյցներին դիմել, բայց նախ եւ առաջ մեր ուժերով պէտք է գործենք: Բոլոր խնդիրները լուծուելիք են, պարզապէս շատ արագ ու վաղուց պէտք է արուէին: Մեզ մօտ ամէն հարցի նկատմամբ է իրավիճակային մօտեցում, սպասում ենք հասնի լարուածութեան, յետոյ մտածում ենք, թէ ինչ անենք: Նախօրօք է պէտք ռազմավարական մօտեցում դրսեւորել:

Իմ պատկերացմամբ՝ Սեւանը ոչ միայն կենդանի էակ է, այլեւ ասես Տիեզերքի աչքն է այստեղ: Ինչպէս մենք կը վերաբերուենք Սեւանին, այնպէս էլ Տիեզերքը մեզ կը վերաբերուի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here