Վախճանվել է հայտնի պետական եւ հասարակական գործիչ, բարերար Վարդգես Արծրունին

0
140

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում, կյանքի 78-րդ  տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի պետական, հասարակական գործիչ, վաստակավոր շինարար և բարերար Վարդգես Արծրունին:

Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ.  31 հոկտեմբերին Կիսլովոդսկում: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:

Նա իր կյանքը չէր զատում իր Հայրենիքի ճակատագրից  եւ անում էր իրենից կախված ամեն ինչ` ամրապնդելու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները:

Վարդգես Արծրունին եղել է Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, շինարարական կոմիտեի նախագահ: 1988թ. երկրաշարժից հետո ղեկավարել է աղետի հետեւանքների վերացման շտաբը: Շնորհիվ նրա անհետաձգելի միջոցառումների մասին անհապաղ կայացրած որոշումների,  փրկվեցին բազմաթիվ կյանքեր:

Ավելի քան 60 տարի շինարարության ոլորտում աշխատելով, նա իր մեծ լուման է ներդրել պատմաճարտարապետական ժառանգության պահպանման գործում: նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարևյան ինստիտուտի շենքի վերակառուցմանը եւ Մոսկվայի նորակառույց հայկական եկեղուցու հողհատկացմանը: Մշտապես ակտիվ քննարկումներ է կազմակերպել հայոց ցեղասպանության, հայկական հարցի, ժամանակակից Թուրքիայի կողմից վարվող  հակահայկական եւ հակառուսական քաղաքականության թեմաներով: Հիմնադրել եւ հովանավորել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը:

Նա հովանավորել է նաեւ մի շարք հուշարձանների եւ քանդակների նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Նրա վերջին ցանկությունն էր իր կողմից պատվիրված եւ արդեն պատրաստված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրումը Երեւանում` ի նշան երախտիքի` նրա հայանպաստ գործունեության:

Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է:

Վարդգես Արծրունու հոգեհանգիստը կկայանա   24 օգոստոսին  Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարի տարածքում:

http://armenpress.am/arm/news/985736/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here