ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ

0
317

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է վերջինիս հիմնադրման և ձևավորման գործում անգնահատելի ավանդ ունեցած պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից:

Դեռևս օգոստոսին տեղի ունեցած ռեկտորատի նիստի ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն առաջարկեց թանգարանն անվանակոչել հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թանգարանի ստեղծման, այլև արխիվային կարևոր փաստաթղթերի և նյութերի հայթայթման հարցում:

«Թանգարանի հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը ջանք չի խնայել բազմաթիվ կարևոր ցուցանմուշներ հայտնաբերելու և թանգարան բերելու գործում, ինչի համար պարտական ենք նրան»,- նշում է Հեղինե Գասպարյանը:

Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 24-ին Երևանում: 1940 թ. նա ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1954 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1951 թ.՝ ասպիրանտուրան:

1960 թվականին Լյուդվիգ Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1975 թվականին նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1990 թ.՝ պրոֆեսորի կոչում:

Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1951 թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար: 1951-1953 թթ. և 1957-1961 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թ. եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թթ.` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թթ.` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար:

1975-1988 թվականներին Լյուդվիգ Ղարիբջանյանը եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն:

Լյուդվիգ Ղարիբջանյանը, կուսակցական աշխատանքին զուգընթաց, շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում:

1958 թվականին նա ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, իսկ 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր:

Լ. Ղարիբջանյանը հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Երևանի պետական համալսարանը» մենագրության, համահեղինակ՝ «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի: Նա կազմել է «Երևանի պետական համալսարանի ռեկտորները» մատենաշարի երկրորդ և երրորդ հատորները:

Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով:

http://armenpress.am/arm/news/986958/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here