Համակարգը կազմաքանդվե՞լ է

0
161
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-Առաւօտ
«Էս երկիրը, որ 70-ականներին ծաղկում էր, սաղ կոռուպցիայի շնորհիվ էր, – բացատրում է ինձ հերթական վարորդը, – բանվորը մի քանի բոլթուգայկա էր տանում տուն, պահեստապետն իր ապրանքը «լեւի» էր ծախում, բժիշկը վիրահատության համար փող էր վերցնում, շոֆերը փափախ էր անում, տներում էլեկտրաէներգիա էին գողանում, խանութպանը երշիկը տակից թանկ գներով էր ծախում, «օբեխեսես»-ը տասից մեկին էր բռնում՝ էդպես էին մարդիկ ապրում, հո «չոր» 120 ռուբլով չէի՞ն ապրի: Բոլորը գոհ էին»: Իհարկե, նման դատողությունը կարող է բավականին ցինիկ թվալ, բայց ճշմարտության հատիկ այստեղ, համաձայնեք, կա. Խորհրդային Հայաստանում մարդիկ ապրում էին այդ համակարգում, այդ շղթայի մեջ՝ նրանք, ովքեր այդ շղթայից դուրս էին, կա՛մ «մարդկություն-լավություն» չէին հասկանում, կա՛մ անհույս «հարիֆներ» էին: 1991 թվականին մենք ժառանգել էինք այդ համակարգը եւ այդ մտածողությունը, իսկ այսօրվա Հայաստանում ապրում են նաեւ այդ մտածողության կրողները, նրանց երեխաները եւ թոռները: 2018 թվականին երիտասարդները վճռականորեն ասացին՝ «հերիք է, էլ այդպես չենք ուզում ապրել»: Բայց ասելը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ բան: Համակարգի «կարգավորումները» (այդ թվում՝ հոգեբանական) մշակվել եւ հղկվել են տասնամյակների ընթացքում, եւ նրանք՝ ովքեր «աշխատացնում» էին այդ համակարգը, պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել կոռուպցիայից զերծ հարաբերությունների պայմաններում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետական այրերը խոսում էին այս 28 տարիների ընթացքում՝ Արեւմուտքից այդ նպատակով ստացվել են բազմաթիվ դրամաշնորհներ, ստեղծվել են այդ պայքարը իբր համակարգող բազմաթիվ կառույցներ, որոշ ժամանակ կար անգամ այդ պայքարի գծով նախագահի խորհրդական: Արդյունքը զրոյական է: «Այո, նա կոռուպցիոներ է, բայց մեր թիմի անդամ է», – ՀՀՇ-ի ժամանակ դա ասվում էր բարձրաձայն, իսկ այնուհետեւ՝ շշուկով կամ՝ «մտքում»: Հիմա ստեղծվում են նոր մարմիններ, մշակվում են նոր կառուցակարգեր, ռազմավարություն: Աստված տա այդ ամենն իր արդյունքը տա՝ վարչապետի եւ նրա մերձավոր շրջապատի մտադրությունների անկեղծությանն այդ առումով չեմ կասկածում: Բայց եկեք անկեղծորեն պատասխանենք մի հարցի՝ արդյոք այս պահիս մեզանում չկա՞ն նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք զբաղվում են բիզնեսով: «Մենք սեփականատեր ենք, մենք բաժնետեր ենք, հանձնել ենք հավատարմագրային կառավարման»՝ այդ բոլոր «թզի տերեւները» եկեք մի կողմ թողնենք: Եվ քանի որ օրենսդիր եւ գործադիր մարմնում կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են փող աշխատել ձեռնարկատիրությամբ, թույլ տվեք կասկած հայտնել բոլոր տեսակի կառույցների եւ կառուցակարգերի վերաբերյալ:
…«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/09/06/1064260/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here