Սեպտեմբերի 21. Հայոց Անկախ Պետականութեան Վերականգնման Ու Վերակերտման Օր

0
206

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Ծիծեռնակը բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում,
Ամէն մի շիւղ կպցնելիս`
Առաջուայ բոյնն էր յիշում:

Հայ դասական գրականութեան երախտաւորներից մէկի` Ղազարոս Աղայեանի այս քառատողը, ինչպէս` «Յիշողութիւն» բանաստեղծութիւնն ամբողջովին, որտեղից քաղուած է այն,  ըստ էութեան, միանգամայն յատկանշական է բնորոշում հայոց անցած բազմադարեայ ուղին` ծայրեծայր յագեցած վերելքներով եւ գահավիժումներով: Փոխնիփոխ վերակրկնուող ձեռքբերումների ու կորուստների այդ ողջ շարանն իր հանրագումարում վկայում է, թէ ինչ աստիճան բարդ ու դժուարին էր հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, եւ թէ ինչքան աներեր, անկոտրում էին եւ են նրա հաւաքական կամքն ու վճռակամութիւնը յանուն հայրենի բնօրրանում ազգային ինքնորոշման եւ ինքնահաստատման իր խելայեղ հերոսական մաքառումներում` անկախ ժամանակների հոլովոյթների բարենպաստ կամ աննպաստ ռազմաքաղաքական բնոյթից:

Անշուշտ, ոչ այլ կերպ, քան հէնց այդպէս` խելայեղ հերոսական կարելի  է գնահատել անկախ պետականութեան վերականգնման հայոց համազգային պայքարը քսաներորդ դարի երկրորդ տասնամեակի աւարտին` 1918-1920թթ., երբ կարծես թէ լիովին բացակայում էին նման պարագաներում առաջին անհրաժեշտութեան նախադրեալները` նոյն տարածքում ազգի ժողովրդագրական հաւաքականութիւնը, գործող քաղաքական ուժերի միաբանութիւնը, առկայ զինուժի համախումբ, պետականօրէն կազմակերպուած միասնականութիւնը, միջազգային համախոհութիւնն ու աջակցութիւնը: Ցեղասպանութեան ենթարկուելով օսմանեան Թուրքիայում` հայ ժողովուրդը գրեթէ ամբողջապէս գլխատուած, արմատախիլ էր արուած Արեւմտեան Հայաստանում, Կիլիկիայում, յարակից հայահոծ տարածքներում, իսկ անիշխանութեան ճիրաններում յայտնուած  Արեւելեան Հայաստանը ծայրից ծայր հեղեղուած էր թուրքական եաթաղանից մազապուրծ սովեալ ու հիւծուած, համատարած համաճարակներից  օրաւուր շեշտակի նօսրացող գաղթականութեամբ: Աւելի՛ն. Արեւելեան Հայաստանի եւ ողջ Այսրկովկասի հայութեան գլխին նոյնպէս դամոկլեան սրի պէս կախուած էր բնաջնջման սպառնալիքը` ցեղասպան արշաւանքի ելած թուրքական զօրքերի ասպատակութեան տեսքով:  Բացառութիւն էր կազմում միայն մէկ էական գործօն` անկախ պետականութեան կառուցման ազգային գաղափարախօսութիւնը, որի հիմնական կրողը, ջատագովն ու առաջմղիչ ուժը Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնն էր: Եւ հէնց Դաշնակցութեան կազմակերպական ջանքերի շնորհիւ եւ կշռադատ առաջնորդութեամբ է, որ հայ ժողովրդի համար այդ աղէտալի պայմաններում, ի զարմանս ապշահար աշխարհի, կատարուեց թւում էր թէ անկարելին ու աներեւակայելին. 1918-ի մայիսի 28-ին ազդարարուեց հայոց անկախ պետականութեան վերականգնման ու վերակերտման մեկնարկը` հռչակուեց Հայաստանի Հանրապետութիւնը: Աւա՜ղ, ժամանակաշրջանի բոլորիս քաջ յայտնի ռազմաքաղաքական հանգամանքները, առանձնապէս դարեր ի վեր հայ ժողովրդի յուսալի ապաւէն թուացած Ռուսաստանի, մեղմ ասած, «ոչ բարեկամական», եթէ չասենք` դաւաճանական պահուածքը, հնարաւորութիւն չտուեցին երկար գոյատեւելու հայոց Ա. հանրապետութեանը: Եւ հազիւ երկուսուկէսամեայ ծանր ու հիւծիչ, աջ ու ահեակ ուղղուած մաքառումներից յետոյ` 1920-ի դեկտեմբերի սկզբներին, այն ստիպուած եղաւ իր տեղը զիջել պոլշեւիկեան կայսրապետութեանը` միութենական հանրապետութեան յեղյեղուկ իրաւական կարգավիճակով:

Նոյն դաւադիր բեմագրով անկում ապրեց նաեւ Արցախի առաջին հանրապետութիւնը, որն  անկախ վարչաքաղաքական միաւորի կարգավիճակով` սեփական Ազգային խորհրդով ու կառավարութեամբ հանդերձ, հռչակուել էր 1918թ. յուլիսի 22-ին` Շուշիում հրաւիրուած արցախահայութեան առաջին համագումարում: Սակայն, դարձեալ պոլշեւիկեան կոշտ միջամտութեան ու պարտադրանքի ուժով, 1920-ի մայիսին Արցախը եւս խորհրդայնացուեց, ապա եւ յաջորդ տարուայ յուլիսի 5-ին` երրորդ պետութիւն հանդիսացող  Խորհրդային Ռուսաստանի Համայնավար կուսակցութեան Կովկասեան պիւրոյի ոչ իրաւաչափ, կամայական որոշմամբ բռնակցուեց նոյնպէս խորհրդայնացուած Ազրպէյճանին` հետագայում իր պատմական տարածքի մեկուսի մասով ստանալով մարզային ինքնավարութեան կարգավիճակ այդ արհեստածին հանրապետութեան  կազմում:

Փաստօրէն, անցած դարասկզբի այդ խառնակ ռազմաքաղաքական շրջանում, ի լրումն հայոց պատմական բնաշխարհի արեւմտեան եւ արեւելեան հատուածներում իրագործուած Ցեղասպանութեան, հայ ժողովրդի գլխին իջաւ իրաւական բնոյթի երկու մեծ չարիք` Հայաստանի եւ Արցախի առաջին հանրապետութիւնների վերացումն ու խորհրդայնացումը` մի կողմից,  եւ նրանց կամայական ներառումը Խորհրդային Միութեան կազմի մէջ` միւս կողմից, Հայաստանը` ԽՍՀՄ միութենական հանրապետութեան, իսկ Արցախը` Ազրպէյճանի ինքնավար մարզի (երկու տէրով ծառայ մը), երկու դէպքում էլ, կրկնում եմ, յեղյեղուկ կարգավիճակներով:

Բայց երեւի թէ իրաւացի է ժողովրդական իմաստութիւնը` ասելով, թէ «Չկայ չարիք` առանց բարիքի, չկայ բարիք` առանց չարիքի»: Կարելի է հասկանալ այսպէս. քանի որ աշխարհում ամէն ինչ յարաբերական է, ուստի չի բացառւում, որ յարաբերականութեան օրէնքի թելադրանքով կամ պարտադրանքով չարիքն ի վերջոյ վերափոխուի բարիքի, կամ հակառակը` բարիքը չարիքի: Ուստի, թող տարօրինակ չթուայ, եթէ ասեմ, որ անցած դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած այդ իրաւական չարիքները` Հայաստանի եւ Արցախի, համապատասխանաբար, ԽՍՀՄ կազմում միութենական հանրապետութեան եւ Ազրպէյճանի կազմում մարզային ինքնավարութեան կարգավիճակները, որքան էլ որ դրանք անհամատեղելի էին անկախ պետականութեան կերտման մեր համազգային պատմական իղձերի ու նպատակների հետ, այնուամենայնիւ, ինչպէս ցոյց տուեցին իրադարձութիւնների հետագայ զարգացումները, տեւականօրէն ենթարկուելով անխուսափելի էական վերափոխումների, նոյն դարավերջին կարեւոր իրաւական նախադրեալ հանդիսացան հայոց անկախ, ինքնիշխան զուգապետութեան` Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հռչակման համար: Ինչպէս յայտնի է, նրանցից առաջինը հռչակուեց 1990թ. օգոստոսի 23-ին, համաձայն Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի ընդունած «Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի», երկրորդը` 1992թ. սեպտեմբերի 2-ին, համաձայն Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների եւ բոլոր մակարդակի խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ կայացած համատեղ նիստի ընդունած «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի: Առաջինը, անկախանալով, դուրս եկաւ Խորհրդային Միութեան կազմից, երկրորդը` Ազրպէյճանական ԽՍՀ-ի, նկատի առնելով, որ վերջինս օրեր առաջ` օգոստոսի 30-ին, հռչակել էր իր պետական անկախութիւնը ԽՍՀՄ-ից` յայտարարելով «1918-1920թթ. պետական անկախութեան վերականգնման» մասին, հետեւապէս ԽՍՀՄ կազմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դուրս գալու իրաւական անհրաժեշտութիւն այլեւս չկար: Ընդ որում` թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի պարագաներում էլ իրաւական հիմք են ընդունուել գրեթէ միեւնոյն խորհրդային եւ միջազգային հանրաճանաչ իրաւական կանոնները (ԽՍՀՄ սահմանադրութիւն, ԽՍՀՄ օրէնքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին», 3 ապրիլի, 1990թ., ՄԱԿ-ի կանոնադրութիւն, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիր, Ազգերի ազատ ինքնորոշման իրաւունք եւ այլն):

Ըստ երեւոյթին, թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Արցախում այլեւս ակնյայտ էր Խորհրդային Միութեան փլուզման անխուսափելիութիւնը. Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ կայսրութիւնն իր գոյութիւնը քարշ տուեց ընդամէնը 16 ամիս, իսկ ԼՂՀ հռչակումից յետոյ` 3 ամիս: Ինչ խօսք, Մոսկուայում 1991թ. օգոստոսեան յեղաշրջման փորձն աւելի արագացրեց խորհրդային պետութեան վախճանը: Եւ միայն յեղաշրջման ձախողումից յետոյ խորհրդային հանրապետութիւնները, որոնք ընդամէնը վեց ամիս առաջ քուէարկել էին ԽՍՀՄ պահպանման օգտին, մէկը միւսի յետեւից հռչակեցին իրենց անկախութիւնը:

Անկում ապրելով հանդերձ, Հայաստանի Ա. Հանրապետութիւնն իր կարճատեւ գոյութեամբ անգամ էական դերակատարութիւն ունեցաւ հայոց պետականութեան հետագայ ճակատագրում: Այն, փաստօրէն, իրաւանախորդ հանդիսացաւ Հայաստանի համայնավարական քղամիդ հագած Բ. հանրապետութեան` Հայկական ԽՍՀ-ի համար, քանզի եթէ այն գոյութիւն չունենար, ապա չէր բացառւում Հայաստանի լրիւ մասնատումը եւ նրա տարածքների բաշխումը հարեւան Ազրպէյճանի եւ Վրաստանի միջեւ, ինչի հաւանականութիւնը հետագայ տասնամեակներում եւս, մանաւանդ` Բ. Աշխարհամարտից յետոյ ընկած ժամանակաշրջանում յետնաբեմային քաղաքական քննարկումների առարկայ էր Մոսկուայում, որոնք ընդհատուեցին խորհրդային ժողովրդակեր առաջնորդ Ստալինի մահից եւ դրան յաջորդած իշխանափոխութիւնից յետոյ միայն: Իր հերթին` նոյն շղթայական յաջորդականութեամբ, Հայկական ԽՍՀ-ն դարձաւ անկախ Հայաստանի իրաւանախորդը` այդպիսով իսկ նոյն շղթայի մէջ իրար ագուցելով Առաջին եւ Երրորդ Հանրապետութիւնները: Պատահական չէ, աւելի ճիշդ` միանգամայն տրամաբանական եւ օրինաչափ է, որ Հայաստանի անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբն ազդարարող հռչակագրում, ի շարս այլ նախադրեալների, ընդգծւում է նաեւ «1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները» զարգացնելու անհրաժեշտութիւնը, իսկ հետագայում, որպէս անկախ պետականութեան խորհրդանիշներ, որդեգրուեցին Ա. հանրապետութեան պետական զինանշանը, օրհներգն ու դրօշը:

Յատկանշական է նաեւ, որ Հայաստանի անկախութեան հռչակագիրը խորհրդարանի ամպիոնից առաջինն կարդալու պատիւը տրուեց այն ժամանակ  սակաւ յայտնի ՀՀՇ-ական գործիչ, պատգամաւոր Արամ Մանուկեանին, ընդ որում` բացառապէս նրա անուան համար, խորհրդանշելով, որ 1918թ. կազմաւորուած Ա. հանրապետութեան իրական հիմնադիրը Արամ Մանուկեանն էր: Այդպիսով իսկ, 1990-ի խորհրդարանական ընտրութիւններով Հայաստանում փաստացի իշխանութեան եկած ՀՀՇ-ն փորձում էր միմեանց կապել Ա. եւ Բ. հանրապետութիւնները:

Այս առումով եւս մէկ զուգորդում. Հայաստանի Ա. Հանրապետութիւնում իշխանութեան գերագոյն մարմինը խորհրդարանն էր: Նոյն կերպ, իր սկզբնաւորման շրջանում, խորհրդարանական էր նաեւ Բ. հանրապետութիւնը եւ, ինչպէս նշուած է Անկախութեան հռչակագրի 3-րդ կէտում. «Հայոց պետականութեան կրողը Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն է, որն իր իշխանութիւնը իրագործում է անմիջականօրէն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ: Հանրապետութեան ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդին»: Ընդ որում, ըստ հռչակագրի 5-րդ կէտի. «Հայաստանի Հանրապետութիւնը իր անվտանգութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ»:

Նոյն կերպ, կազմաւորման առաջին շրջանից մինչեւ 1994թ. դեկտեմբերի 21-ը, խորհրդարանական կառավարում էր իրականացւում նաեւ ԼՂՀ-ում: Այնուհետեւ երկու հայկական հանրապետութիւններն էլ անցան կիսանախագահական կառավարման համակարգի: Տասնամեակներ անց միայն` 2018թ. ապրիլին, Հայաստանի պետական կառավարման համակարգը, 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէով  վերադարձաւ ի շրջանս իւր` խորհրդարանական կառավարման համակարգի (ՀՀ սահմանադրութիւնն ընդունուել է 1995թ. յուլիսի 5-ի, փոփոխութիւնների ենթարկուել` 2005թ. նոյեմբերի 27-ի  հանրաքուէներով): Իսկ դրանից մէկ տարի առաջ` 2017թ. փետրուարի 20-ին  հանրաքուէով Արցախը պետական կառավարման կիսանախագահական համակարգից  անցաւ նախագահականի` երկրի 2-րդ սահմանադրութեան դրոյթներին համապատասխան (ԼՂՀ առաջին սահմանադրութիւնն ընդունուել է 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքուէով):

Անկախացման նախաշեմին` 1990թ. երկու փուլով` մայիսի 20-ի եւ յունիսի 3-ի ընտրութիւնների արդիւնքում, մեծամասնական ընտրակարգով կազմաւորուեց Խորհրդային Հայաստանի վերջին Գերագոյն խորհուրդը: Ուշագրաւ է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին առաջին եւ, աւաղ, վերջին անգամ ընդգրկուել էր նաեւ Արցախի ընտրազանգուածը` հիմք ընդունելով 1989թ. դեկտեմբերի 1-ի  «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը: Հետագայում այդ պատմական փաստաթուղթը, որն իրաւական  հիմունքների շարքում նոյնպէս ամրագրուած էր Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի նախաբանում, այդպէս էլ մնաց թղթի վրայ` ի սպառ զրկուելով կեանքի կոչուելու իր հրամայական իրաւունքից:

1991թ. վաղ գարնանը կայսրապետական Մոսկուան` յանձին Խորհրդային Միութեան առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Կորպաչովի, վերջին ճիգն էր գործադրում` փրկելու գերտէրութեան անխուսափելի վախճանը: Այդ նպատակով որոշուեց մարտի 17-ին անցկացնել Խորհրդային Միութիւնը պահպանելու հանրաքուէ: Հայաստանի Գերագոյն խորհուրդը մարտի 1-ին մերժեց հանրաքուէի անցկացումը երկրի տարածքում: ԽՍՀՄ բնակչութեան մօտ երեք քառորդը կողմ արտայայտուեց խորհրդային երկրի գոյութեանը: Հայաստանը հինգ այլ հանրապետութիւնների հետ` Վրաստան, Մոլտովա, Լաթվիա, Լիթվա, Էսթոնիա, պոյքոթեց հանրաքուէն: Ի պատիժ Հայաստանի իշխանութիւնների այդ յանդուգն քայլի` Մոսկուան Պաքուին թոյլատրեց իրականացնել մինչ այդ համատեղ հանգամանալի նիւթուած ու նախապատրաստուած «Օղակ» դաւադիր ռազմագործողութիւնը: Եւ ապրիլի վերջերին Պաքուն` Արցախում  եւ յարակից ազրպէյճանական շրջաններում տեղակայուած խորհրդային ներքին զօրքերի անմիջական օժանդակութեամբ, ձեռնամուխ եղաւ հայաթափման այդ չարագոյժ ծրագրի իրականացմանը: Դրա պատճառով ապրիլ-օգոստոս ամիսներին բռնատեղահանուեցին, հրկիզուեցին եւ կործանուեցին Արցախի, ընդհանուր առմամբ, 24 հայկական բնակավայրեր` Շահումեանի շրջանի Գետաշէնի ենթաշրջանից  մինչեւ Հադրութի շրջանի Առաքել գիւղը, զոհուեցին մեծ թուով անմեղ մարդիկ: Արցախի հայ բնակչութեան բռնատեղահանման այդ գործընթացը դադարեցուեց միայն Մոսկուայում տեղի ունեցած օգոստոսեան խռովութեան օրերին:

Հայաստանի Գերագոյն խորհուրդը 1991թ.  մարտի 1-ի նոյն որոշմամբ սահմանեց վեց ամիս յետոյ հանրապետութեան տարածքում  անցկացնել հանրաքուէ` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին` համաժողովրդական քուէարկութեան դնելով հետեւեալ հարցը.  «Համաձա՞յն էք, որ Հայաստանի Հանրապետութիւնը  լինի անկախ ժողովրդավարական պետութիւն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքուէն նշանակուեց եւ անցկացուեց  սահմանուած ժամկէտում` 1991թ. սեպտեմբերի 21-ի շաբաթ օրը: Քուէարկութեանը մասնակցեց ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը, իսկ մասնակիցների աւելի քան 99 տոկոսն «Այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Հանրաքուէի արդիւնքում 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը հաստատեց հանրապետութեան ելքը ԽՍՀՄ կազմից: Հայաստանը լիակատար անկախութիւն ձեռք բերեց նոյն տարուայ դեկտեմբերի 26-ին` ԽՍՀՄ կազմալուծման արդիւնքում:

Թող թոյլ տրուի միջանկեալ ասել. պարզ զուգադիպութի՞ւն է, թէ՞ ոչ, երեւի թէ էական չէ, բայց Հայաստանի անկախութեան տօնի համար, կարծում եմ, խորհրդանշական է, որ  սկսած 2002-ից նոյն այդ ամսաթիւը` սեպտեմբերի 21-ը, ՄԱԿ-ի նախորդ տարուայ  որոշմամբ մշտապէս նշւում է  Խաղաղութեան միջազգային օր (International Day of Peace), որպէս կրակի համընդհանուր դադարեցման եւ բռնութիւնից հրաժարման օր:

Հայ ժողովրդի համար այդ պատմական օրուանից` 1991թ. սեպտեմբերի 21-ից անցել է ուղիղ 28 տարի, որ, անշուշտ, մէկ ակնթարթ է մարդկութեան պատմութեան համար, բայց եւ դարակազմիկ նշանակութիւն ունի համայն հայութեան կեանքում: Իր մէջ մարմնաւորելով մեր բազում սերունդների մշտաբորբոք ու մշտապէս տրոփուն իղձն ու փափաքը` թիզ առ թիզ տունդարձի բերել անցած դարաշրջաններում օտարների բաժին դարձած հող հայրենին եւ պատմական հայրենիքում վերականգնել, վերակերտել ազատ, անկախ, միացեալ Հայաստան պետութիւնը, օրն այդ կոչուած է խորհրդանշելու եւ ցուցանելու մէկ յարկի տակ հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի համախումբ գոյապայքարի, նախնեաց բնաշխարհի շէնացման եւ հզօրացման ուղին, յիշեցնելու, որ միայն ազգային ամուր պետականութեան եւ պետական հզօր, մարտունակ բանակի տէր ազգերն ու ժողովուրդները սեփական արժանապատիւ տեղ ունեն այս մեղսալի աշխարհում: Այնպէս որ, անկախ համաշխարհային կամ տարածաշրջանային ընդգրկման  ռազմաքաղաքական շիլաշփոթից, աջ ու ահեակից իրար յաջորդող հակահայ մարտահրաւէրներից, ներքաղաքական մրցակցութիւնից ու երբեմն ճղճիմ գզվռտոցի վերածուող աթոռակռիւներից, մենք` հայոց նորոգ անկախ, ինքնիշխան պետականութեան կրողներս ու շինարարներս` Հայաստանում, Արցախում, թէ սփիւռքում, պարտաւոր ենք արժանուոյնս տէր կանգնել յանուն հայրենի պետականութեան յարատեւութեան մեր ստանձնած, յիրաւի, պատմական պատասխանատուութեանը` ներկայ եւ, առաւել եւս, գալիք սերունդների առաջ: Յիշենք ինքներս, մտապահենք ամուր ու մեր ժառանգներին փոխանցենք Մեծն Չարենցի մարգարէական պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»:

Շնորհաւոր անկախութեան տօնը, իմ հայ ժողովուրդ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here