«Մեր ամենամեծ առաքելությունը մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է»․ Փաշինյան

0
357

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այցի գլխավոր միջոցառումը բազմամարդ հանրահավաքն էր Լոս Անջելեսի կենտրոնական այգիներից մեկում:

Լոս Անջելեսի և հարակից քաղաքների հազարավոր հայեր եկել էին լսելու Հայաստանի վարչապետին: Փաշինյանին դիմավորեցին բուռն ծափահարություններով, վանկարկումներով:

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ, ասաց, որ ժամանակն է նորովի խոսել Սփյուռքի հետ, նորոգել Հայաստան Սփյուռք կապերը:

«Մենք հույս ունենք, որ ինչպես Սփյուռքը կանգնեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին: Եվ ես ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան, որովհետև այսօրվա Հայաստանում դուք չեք հանդիպի այն խոչընդոտներին, որ կային նախկինում: Հայաստանից արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը», – իր ելույթում հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ «աշխարհի 10 միլիոն հայությունը կդառնա Հայաստանի «պրոմոթերը»:

Վանեցյանի հայտարարությունը՝ «անարգանք սպայի պատվին»

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ, որին մասնակցում էին Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցները, ինչպես նաև ՀՀ վարչապետի ԱՄՆ այցը լուսաբանելու նպատակով Հայաստանից ժամանած լրագրողները։

Այս հարցուպատասխանի ամենաուշագրավ դրվագը, թերևս, վարչապետի մեկնաբանությունն էր՝ կապված Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստի հետ: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նման հայտարարություն անելը նշանակում է սպայի ուսադիրները նետել աղբամանը:

«Դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ՝ դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Սպան էդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ ա, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Դա անարգանք ա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ էս երևույթին իր գնահատականը տվել ա», – հայտարարեց վարչապետը:

«Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել»

Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանին: Նա ասում էր, որ այս անձինք Հայաստանում քաղաքական ապագա չունեն, փոխարենը՝ իրավապահները պետք է զբաղվեն նրանցով:

«Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք ա էղել ու իրանք բոլորը պետք ա իրանց թալանածը վերադարձնեն: Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն», – հայտարարեց նա:

Ամուլսարի մասին՝ «ես ճնշման տակ չեմ գործելու»

Վարչապետին հարց ուղղվեց նաև Ամուլսարի մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ վերջնական որոշում Հայաստանի կառավարությունը չի կայացրել:

«Ես համաձայն չեմ, որ կառավարությունը պետք ա՝ ում ճնշումը ուժեղ եղավ, նրա ճնշման տակ որոշում կայացնի: Համենայնդեպս ես երբեք ճնշման տակ չեմ գործել ու չեմ գործելու՝ անկախ ամեն ինչից», – հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով իր դիրքորոշումը․ – «Մենք և՛ հայ, և՛ միջազգային հանրության հետ այս հարցում պետք ա լինենք ազնիվ, իսկ ազնիվ լինելու համար պետք ա մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից»:

Օրվա ընթացքում Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նաև ազգային կուսակցությունների ներկայացուցիչների, Կալիֆորնիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ մեծ համաժողով անցկացրեց, իսկ երեկոյան էլ հանդիսավոր ընդունելություն անցկացվեց ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի: Վարչապետն այստեղ ևս հանդես եկավ ելույթով:

«Մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերկանգնելն է», – իր այս ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here