«ԱՐՄԷՆՊՐԷՍ«Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆԻ ՀԵՏ

0
222

«ԱՄՆն Ադրբեջանին Ռազմական Որեւէ Օգնութիւն Չպէտք Է Տրամադրի»

Վարեց՝ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Հայաստանում թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում արձանագրուած ժողովրդավարական զարգացումները: Հայկական հարցերը մշտապէս բարձրաձայնող կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թէեւ նկատում է Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) պահուածքը:

Փալոնը կարծում է, որ ԱՄՆն Ադրբեջանին չպէտք է տրամադրի որեւէ ռազմական աջակցութիւն։ «Արմէնպրէս»ի հետ զրոյցում Փալոնը խօսեց այս եւ այլ կարեւոր հարցերի մասին։

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Նախեւառաջ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ՝ այն անձնուէր աշխատանքի համար, որ կատարում էք ԱՄՆ ներկայացուցիչների պալատում՝ հայ ժողովրդին առնչուող հարցերի բարձրաձայնման գործում: Ինչպէս էք գնահատում ձեր այցելութիւնը Հայաստան եւ Արցախ: Կը նշէ՞ք ձեր հանդիպումներից ստացած այն գլխաւոր ուղերձներից մէկը, որ ձեզ հետ կը տանէք ԱՄՆ:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Մենք, երբ ասում եմ մենք, ի նկատի ունեմ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի անդամներս, շատ ուրախ եւ գոհ ենք թաւշեայ յեղափոխութեան արդիւնքներով: Մենք տեսնում ենք, որ թաւշեայ յեղափոխութեան արդիւնքներով Հայաստան աւելի ժողովրդավար է, կենտրոնացել է օրէնքի գերակայութեան, կոռուպցիայի (կաշառակերութեան-Խմբ.) վերացման վրայ: Այցի օրակարգի մի մասն էր կազմում հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի եւ խորհրդարանի անդամների հետ, որոնք ընտրուել են թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: Եւ ցանկանում եմ փոխանցել, որ ջանքեր գործադրենք, որպէսզի ԱՄՆ Կոնգրեսը եւ Վաշինգտոնն աւելի շատ սատարեն Հայաստանին՝ տնտեսութեան, առեւտրի, անվտանգութեան բնագաւառներում: Այդ հարցը մեր ուշադրութեան կենտրոնում է:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Արցախում դուք շեշտել էք ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հաւասար օգնութիւն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հաւասարակշռութիւն պահպանելու նպատակով։ Բայց մենք գիտենք Բաքուին Պենտագոնի աջակցութեան կտրուկ աճի մասին: Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարին ու պաշտպանութեան նախարարին ուղղուած նամակում դուք եւ այլ ներկայացուցիչներ պահանջել էիք անյապաղ դադարեցնել Ադրբեջանին տրուող ռազմական օգնութիւնը: Ինչ սպասելիքնե՞ր ունէք:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանին ռազմական որեւէ օգնութիւն չպէտք է տրամադրենք, քանի որ Ադրբեջանը շատ ագրեսիւ է, եւ այդպէս իրեն դրսեւորեց բոլորովին վերջերս՝ 2016ին: Նրանք ԱՄՆից չպէտք է ստանան որեւէ ռազմական օգնութիւն։ Կոնգրեսի անդամներս չգիտէինք եւ վերջերս ենք իմացել, որ ամերիկեան ռազմական օգնութիւնը շատ մեծ է եղել՝ աւելի քան 100 մլն. դոլար՝ վերջին 3 տարում, եւ դա շատ աւելին է, քան այն, ինչ տրւում է Հայաստանին։ Եւ պատմականօրէն «Ազատութեան աջակցութեան ակտ»ի 907 ուղղման համաձայն՝ չես կարող ռազմական օգնութիւն տալ երկրին, որն ակտիւօրէն (աշխուժօրէն-Խմբ.) ագրեսիւ է եղել, ինչպէս եղել է Ադրբեջանը 2016ի Ապրիլին: Մեր նամակում, որն ուղարկել էինք, ասում էինք, որ ռազմական օգնութիւն չպէտք է տրամադրուի Ադրբեջանին: Եւ մենք կը ցանկանայինք հիմնաւորում ստանալ այս առումով: Այն, ինչ անում ես մի երկրի համար, պէտք է անես նաեւ միւս երկրի համար: Բայց ես չեմ ասում, թէ մենք երկու երկրներին միլիոնաւոր դոլարներ պէտք է տրամադրենք ռազմական աջակցութեան համար, քանի որ մենք ուզում ենք խաղաղութիւն, չենք ուզում խրախուսել պատերազմը։ Այս պահին մենք շատ հիասթափուած ենք, որ Թրամփի վարչակազմը դա ձեռնարկել է, սակայն ուզում ենք դադարեցնել ռազմական աջակցութեան տրամադրումն Ադրբեջանին: Եւ մենք ուզում ենք նաեւ իմանալ, թէ որն է հիմնաւորումը, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ տեսնելու՝ ռազմական օգնութեան տրամադրման այդ գործողութիւնը հնարաւոր է խախտել է 907րդ ուղղումը:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դուք միշտ ջանքեր էք գործադրել, որ ԱՄՆն ֆինանսական աջակցութիւն տրամադրի Արցախին: ԱՄՆ Կոնգրեսն ինչպէս է արձագանգում այս հարցին: Արցախը յաջորդ տարի որքան աջակցութիւն կը ստանայ:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Այս պահին Արցախի համար ողջ աջակցութիւնը հումանիտար ուղղութիւն ունի: Եւ երբ, ես Արցախում էի, այցելել եմ երկու կազմակերպութիւն, որ ցանկանում եմ առանձնացնել: Մէկը «Halo trust»ն է (ֆինանսաւորւում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կողմից), որը զբաղւում է ականազերծման աշխատանքներով, եւ նրանք ստացել են մեծ գումարներ։ Մենք ուզում ենք, որ դա շարունակական լինի: Եւ դա կազմակերպութեանն այցելելու պատճառներից մէկն էր: Տրամադրուող գումարի չափը կրճատելու առաջարկներ կան, բայց ես հանդիպեցի նրանց հետ, նրանք նշեցին, որ դա ճիշդ չէ, բաւականին ականազերծման աշխատանք ունեն կատարելու եւ կարիք ունեն ֆինանսաւորման: Մենք ուզում ենք աշխատել այս հարցում՝ հաւաստիանալու, որ ծրագիրը կը շարունակուի։ Այցելել եմ նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոն: Դա միւս կազմակերպութիւնն է, որը կարող է ստանալ ԱՄՆ աջակցութիւնը: Այն օգնում է հաշմանդամութիւն ունեցող երեխաներին, պատանիներին, որոնք ունեն ֆիզիկական կամ վարքագծի խնդիրներ։ Սա մեր աջակցութեան եւս մէկ կարեւոր ուղղութիւն է:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Արցախում դուք նշել էք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է խաղաղ հանգուցալուծում ստանայ՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ու անվտանգութիւնը: Կը ցանկանայի այս հարցի շուրջ ձեր կարծիքը լսել:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Արցախը պէտք է լինի հայկական: Ես կ՛ուզէի տեսնել խաղաղ հանգուցալուծում, որին ցանկանում է հասնել ԵԱՀԿի Մինսկի խումբը: Խաղաղ կարգաւորումը ոչ միայն պէտք է երաշխաւորի, որ Արցախը հայկական է, այլ նաեւ կարեւոր է այն տարածքների հարցը, որոնք պէտք է կազմեն անվտանգութեան գօտին։ Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սեւան, եւ անցանք որոշ տարածքներով, որոնք պէտք է պահպանուեն։ Անվտանգութեան նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի պատճառով պահպանւում է լարուածութիւնը։ Չեմ կարծում, որ հիմա հնարաւոր է խաղաղ կարգաւորում: ԱՄՆը կարող է աջակցել վստահութեան կառուցման գործին, գուցէ սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարաւոր լինի նուազեցնել լարուածութիւնը։

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հանգուցալուծումը պէտք է ընդունելի լինի թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի եւ թէ Ադրբեջանի ժողովրդի համար: Սակայն Ադրբեջանը համարժէքօրէն չի արձագանգում այդ յայտարարութեանը: Ինչպէ՞ս էք գնահատում Ադրբեջանի այս պահուածքը:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Իմ մտավախութիւնն այն է, որ Ադրբեջանն ուզում է հակամարտութիւնը լուծել ռազմական ճանապարհով, եւ չի ցանկանում խաղաղ հանգուցալուծում:

Ահա, թէ ինչո՛ւ, կարծում եմ, որ ամենակարեւորը, որ մենք հիմա կարող ենք անել լարուածութիւնը նուազեցնելու համար, Ադրբեջանին համոզելն է, որ ռազմական լուծումը տարբերակ չէ: Դա պատճառներից մէկն է, որ չենք ողջունում Ամերիկայի ռազմական օգնութիւնը, քանի որ դա կարող է օգտագործուել Հայաստանի դէմ:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Եւ վերջում սա ձեր առաջին այցը չէ Հայաստան, ինչն է ամենաշատը ձեզ տպաւորում այստեղ:

ՖՐԱՆԿ ՓԱԼՈՆ.- Հայաստանում շատ անգամներ եմ եղել։ Ես հաւանում եմ այս գեղեցիկ երկիրը, որտեղ շատ-շատ բան կայ տեսնելու, մշակութային ակտիւութիւնը: Բայց ես կարծում եմ, որ հայերը շատ նմանութիւն ունեն ամերիկացիներին, նրանք հաւատում են ժողովրդավարութեանը, հաւատում են, որ մարդիկ պէտք է կրթուած լինեն, բոլորը կեանքում պէտք է հաւասար հնարաւորութիւններ ունենան: Եւ ես մասնաւորապէս ուրախ եմ թաւշեայ յեղափոխութեան համար: Հայաստանում եղել ենք նաեւ տեսարժան վայրերում, նախաճաշել ենք Սեւանայ լճի ափին: Գնացել էինք տեսնելու խաչքարերը, Սեւանի եկեղեցիները:

Լուսանկարը՝

ԳԷՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵՐԵԱՆԻ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here