Գարեգին Բ. Մտահոգութիւն Կը Յայտնէ Սուրիոյ Վերջին Զարգացումներուն Գծով

0
284

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը իր խոր մտահոգութիւնը յայտնեց Սուրիոյ մէջ տեղի ունեցող վերջին զարգացումներուն առիթով:

«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետութեան հիւսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացուող ռազմական ներխուժման վերաբերեալ: Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրէնքի դէմ գործողութիւնների վրայ՝ ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր՝ հետագայ արիւնահեղութիւնը կանխելու համար:

«Փոքրամասնութիւնների՝ այդ թւում սիրիահայ մեր զաւակների դէմ վերջիններիս ազգային ինքնութեան պատճառով Թուրքիայի կողմից յարձակումների վտանգը արթնացնում է նոյն պետութեան կողմից 1915-23թթ. իրագործուած Հայոց Ցեղասպանութեան մասին յուշերը եւ պէտք է խստագոյն դատապարտութեան արժանանայ միջազգային հանրութեան կողմից:

«Կիսելով ցաւն ու տառապանքը պատերազմի արհաւիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների եւ քոյրերի՝ աղօթք ենք բարձրացնում առ Աստուած Սիրիայում եւ ողջ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան շուտափոյթ վերահաստատման համար: Կատարուածը չունի որեւէ արդարացում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել Սիրիայի ժողովրդին եւ մեր ազգի զաւակներին», ըսաւ վեհափառը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here