Փրոֆ. Ռ. Սաֆրաստեանի «Մուստաֆա Քեմալ, Պայքար Հայաստանի Հանրապետութեան Դէմ (1919-1921 Թթ)» Հրատարակութեան Առիթով

0
640

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Մի քանի ամիս առաջ արեւելագէտ-թուրքագէտ, ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտ.  փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեանը հրատարակել էր «Մուստաֆա Քեմալ, պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ (1919-1921թթ)» հետաքրքիր մի աշխատութիւն (Երեւան, ՏԻՐ հրտ., 2019):

Գիրքը, որը բաղկացած է երկու մասից, մանրամասնօրէն նկարագրում է Քեմալ Աթաթուրքի նպատակասլաց գործունէութիւնը Հայաստանը վերացնելու համար, նաեւ նրա քաղաքական հայեացքների ձեւաւորման եւ երկրի տիրակալ դառնալու օգտագործած միջոցները:

Շատերիս է ծանօթ Քեմալի ազգայնամոլ հայեացքների եւ դրա իրականացման համար նրա վարած հետեւողական քաղաքականութիւնը: Այս ուսումնասիրութեամբ Սաֆրաստեանը պարզում է, որ մինչ այսօր Քեմալը բաւականաչափ աղաւաղուած է ներկայացուել, յատկապէս` խորհրդային եւ հէնց թուրք մեկնաբանների կողմից, որն էլ անսակարկ իւրացուել է, էլ աւելի արժեւորելով նրա գործունէութիւնը որպէս բացառիկ քաղաքական գործչի:

Փրոֆ. Սաֆրաստեանի գրքի առաւելութիւնն այն է, որ իր ուսումնասիրութիւնը հիմնուած է ոչ թէ սոսկ թուրք մեկնաբանների տուած տեղեկութիւնների վրայ, ուր Քեմալին ընդունում են որպէս իրենց կուռքը, այլ հիմնուած է հէնց Քեմալի յուշագրութիւնների, նրա տուած հարցազրոյցների, նրա գաղտնի հրամանների, նրա գրառումների, մի խօսքով` նրա անձնական արխիւի վրայ:

Գրքում ներառուած են ոչ միայն Քեմալի` իր մասին տուած փաստագրութիւնները, այլ նաեւ այլ փաստաթղթեր, որոնցից ուշագրաւ է բրիտանացի հետախոյզ Ճ. Պենեթի յուշերը, նրա մասին:

Հեղինակը ամէն կերպ հեռացել է թուրք պատմագիրների ազդեցութիւնից եւ ըստ հնարաւորին` ներկայացրել իրական դէմքն ու գործունէութիւնը Քեմալի, յատկապէս` կապուած մեր երկրի ամենավտանգաւոր շրջանի, մեր անկախութեան տարիներին:

Գիրքը բաղկացած է երկու մասից, որն սկսւում է բրիտանական ռազմանաւի վրայ ստորագրուած Թուրքիոյ պարտութեան զինադադարով, որն յայտնի է Մուտրոսի զինադադար անունով, որով հայ ժողովրդի շահերը աւելորդ անգամ զոհաբերուեց ի շահ Անտանտի պետութիւնների: Այդ զինադադարով օսմանեան բանակում ծառայող գերմանացի սպաներն ու զօրավարները փոխարինուելու էին թուրքերով, որով Քեմալի առջեւ մեծ հնարաւորութիւն բացուեց իր կարողութիւնը այդ ասպարէզում հաստատելու: 1918 հոկտ. 30-ին նա նշանակւում է օսմանեան Եըլտըրըմ (կայծակ) բանակային խմբի հրամանատար` փոխարինելով գերմանացի զօրավար ֆելտմարշալ Լիման ֆոն Զանտերսին: Սակայն ի ցաւ իրեն, այդ զօրախումբը շուտով կազմալուծւում է: Թէպէտ յաջորդող դէպքերը աւելի արագ զարգանալով` Քեմալի առջեւ նորանոր հնարաւորութիւն էր բացում:

Քանի որ զինադադարի պայմանները բրիտանացիների ձեռքով էր շարադրուած, բնականաբար յօգուտ թուրքերին էր ծառայելու: Շատ չանցած` Քեմալը ստանձնում է ռազմական նախարարի պաշտօնը եւ փորձում երիտթուրքերի թափուր թողած իշխանութիւնը գրաւել, մեկնում է Կոստանդնապոլիս, ուր մեծ հնարաւորութիւններ էին բացւում իր դաւադիր ծրագրերը իրականացնելու:

Խտրականութիւն չդնելով միջոցների առջեւ` մեծ պաշտօններ զբաղեցնելու, նա նպատակասլաց, գաղտնօրէն դիմում է ե՛ւ սուլթանին, ե՛ւ բրիտանական գաղտնի հետախուզութեան` իր ծառայութիւնը առաջարկելով նրանց: Հարցն այն էր, որ պարտուած Թուրքիան քաոսային վիճակում էր գտնւում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով: Քեմալը լինելով Միութիւն եւ առաջադիմութիւն (երիտթուրքերի) կուսակցութեան անդամ` չդատապարտուեց, թէեւ երկար ժամանակ թաքնուած է ապրել ու գործել:

Հետաքրքիրն այն է, որ երիտթուրք ղեկավարները չեն վստահել նրան, յատկապէս Էնվերը, որը ջանք չի խնայել այդ դաւադիր խառնուածքով փաշային միշտ մայրաքաղաքից հեռու պահելու: Թէեւ իր ազգայնամոլութեամբ նա շարունակել է երիտթուրքերի գործունէութիւնը, որն իբր թէ պաշտօնապէս «լուծման» էր ենթարկուել: Մինչեւ իսկ ամբողջապէս յենուել է այդ կուսակցութեան անդամների վրայ, որոնցից ոմանք երկրի ղեկավարման իր տարիներին իշխանութեան մաս են կազմել: Կառավարութեան հիմնական լծակը երկրում եղել է մէկ այլ գաղտնի կազմակերպութիւն` «Խորքային պետութիւն» (derin devlet), որի ծրագրմամբ էլ իրականացուել էր Հայոց ցեղասպանութեան ծրագիրը, որը եւ կառավարել է երկիրը:

Քեմալին հետագայ յաջողութեան մղողը եղել է սուլթանի նշանակմամբ Օսմանեան կայսրութեան արեւելեան հատուածի ռազմական նախարարի պաշտօնի ստանձնումը: Այդ շրջանի մէջ էր մտնում մեր Վանի, Տրապիզոնի, Կարինի, Սեբաստիայի, Երզնկայի իշխանութիւնները, որի առաջնահերթ խնդիրը դառնում է իրեն տրուած անսահմանափակ ուժի օգտագործմամբ այդ շրջանների վերջնական մաքրագործումը հայերից, եւ որով նա հաստատում է իր  միանձնեայ իշխանութիւնը:

Նա քաջ գիտակցել է, որ Թուրքիոյ ներսում կատարուած հայերի մաքրագործումը դրսի աշխարհում այնքան էլ բարեկամական չի ընդունուել եւ, ըստ իր բնաւորութեան, սկսել է երկդիմի ու զգուշօրէն գործել: Մի կողմից հասարակութեան մէջ «իրաւահաւասարութեան» կոչ ուղղել, միւս կողմից Քարապեքիր փաշային հրամայել` «մէջտեղից վերացնել Հայաստանը»:

Այդ նոյն երկդիմութեամբ է մօտեցել նաեւ իր նախկին գործընկերների կատարած Հայոց ցեղասպանութեանը: Որքան էլ թուրք պատմագիտութիւնը փորձել է Քեմալի փառքը զերծ պահել կատարուած Ցեղասպանութեան մասնակցութիւնից` մէջբերելով տարեթուեր եւ տարբեր հարցազրոյցներում օգտագործած նրա արտայայտութիւնները, որոնցից ամենայայտնին այն «ամօթալի» արարք որակելն է, միաժամանակ արդարացրել է նրանց արարքը` յայտարարելով, որ` «Հայերը անշնորհակալ գտնուելով, ապստամբել են օսմանեան իշխանութեան դէմ` գործիք դառնալով ռուսների ձեռքին, որի համար եւ օսմանեան կառավարութիւնը ստիպուած է եղել նրանց աքսորել երկրի խորքերը»: Այս նոյն եզրակացութիւնը նա յայտնել է նաեւ 1920-ին, Քլարենս Սթրաթի հետ ունեցած հարցազրոյցում, եւ որով մինչեւ օրս էլ պաշտպանւում է Թուրքիան: Մէկ այլ փայլուն օրինակն էլ այն է, որ նոյն` 1920 թուականին նա լուծարում է Հայոց ցեղասպանութեան պատասխանատուների գործերը քննող ռազմական դատարանները:

Քեմալը կատաղի պայքարել է, որպէսզի հայկական պետականութիւն չստեղծուի, եւ իր հրամանագրերում շեշտել` «վերացնել Հայաստանը իրապէս եւ քաղաքականապէս»:

Ուշագրաւ է, որ դեռեւս 1907-ին` Ցեղասպանութիւնից 8 տարի առաջ, Քեմալի ծրագիրը` «մաքրել Արեւմտահայաստանը հայերից, որպէսզի այն դառնայ իրական թուրքական տարածք» եւ ակնդէտ իր նախորդների հետքերով այդ ուղղութեամբ, նրանց կէս թողածը հետագայում իրականացրել:

Փրոֆ. Սաֆրաստեանը Քեմալի օրագրի եւ նրա հաղորդագրութիւնների բացայայտումով հաստատում է մինչ այսօր մեզ հրամցուած խորհրդային թուրքագէտների, նաեւ այլ աղբիւրների, հէնց իրենց` թուրքական «պատմագրութեան» տուած կեղծ տեղեկութիւնները:

Յատկապէս` մեր Ա. հանրապետութեան գործիչների մասին տարածուած այն ապատեղեկատուութիւնը, որով մեր ժողովրդի անգիտակ հատուածը մեղադրում է նրանց թուրքերի հետ բանակցութիւնների մէջ մտնելու համար, ոմանք աւելի սանձարձակօրէն այն անուանում «սիրաբանութիւն»:

Իմ նպատակը ոչ թէ յարգարժան փրոֆեսէօրի գրքից մէջբերումներ հրամցնելով` այն սպառելն է, այլ տեղեկացնելու, որ մենք պարտաւոր ենք այս գիրքը կարդալու, ուր մանրակրկիտօրէն բացայայտւում է յանձին Աթաթուրքի ընդհանրապէս Թուրքիոյ պետութեան գործելակերպն ու նրանց հեռակայ ծրագրերը, որի շարունակութեանը կրկին ականատեսն ենք այս օրերին: Այդ նոյն Քեմալի ծրագրի շարունակութիւնն է իրականացնում Թուրքիոյ այսօրուայ իշխանութիւնը: Հայերին մաքրեցին իրենց հազարամեայ տարածքներից, այդ մաքրագործմանը ներգրաւելով նաեւ քրտերին, նրանց հպատակեցնելով հաւասարութեան այն խոստումներով, որով մեզ խաբեցին, եւ ներկայումս աշխարհը կրկին ականատես է այս անգամ էլ քրտերի բնաջնջմամբ Թուրքիոյ տարածքների ընդլայնման հին ծրագրի իրագործմանը:

Այս աշխատութիւնը գնահատելի է նաեւ նրանով, որ ոչ միայն լուսաբանում է մեր Ա. հանրապետութեան դէմ Թուրքիոյ կողմից գործադրուող մեզ ի սպառ ոչնչացնելու երկարամեայ ծրագիրը, այլ նաեւ` Ռուսիոյ, Անգլիոյ համաձայնութեամբ այն առաջ մղելու համաձայնութիւնները:

Անշուշտ իւրաքանչիւր այսպիսի տարողութեան հետազօտութիւն լուսաբանում է պատմական դէպքերը նոր փաստարկներով, սակայն փրոֆ. Սաֆրաստեանը մէկ այլ աստիճանի է բարձրացրել իր ուսումնասիրութիւնը` անընդհատ ընդգծելով Քեմալի երկարատեւ ծրագրի իրագործումը, անուղղակիօրէն ընթերցողին շեշտելով պետութեան հեռակայ ծրագրով գործելու անհրաժեշտութիւնը, որից մենք Տիգրան Մեծից յետոյ զրկուել ենք:

Յատկապէս այս օրերին այս աշխատութիւնը արժէքաւոր է նաեւ նրանով, որ տրուած փաստարկները միայն անցեալ չեն, դրանք Թուրքիոյ մինչեւ օրս կիրառուող քաղաքականութիւն են, որով նա առաջ է ընթանում,  ուստի պէտք է թօթափենք մեր մեծամիտ, հանգստաւէտ վիճակը եւ աւելի խորքով քննարկենք մեր թշնամու իւրաքանչիւր քայլը: Մի վարանէք եւ կարդացէք փրոֆ. Ռ. Սաֆրաստեանի «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետութեան դէմ» այս լուրջ ուսումնասիրութիւնը:

10 հոկտեմբեր 2019

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here