Մեր ներուժն իրականություն դարձնելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույնների հետ համագործակցությունն է. նախագահ Արմեն Սարգսյան

0
513

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցերին:

«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,– ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հայ-ճապոնական հարաբերությունների մասին լրագրողի հարցին: «Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է նախագահը:– Դա շատ հստակ երևում էր նաև այսօր՝ վարչապետի հետ մեր հանդիպման ժամանակ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ նախորդ հանդիպումների ընթացքում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները բազմաթիվ ուղղություններ ունեն: Երկու երկրները համագործակցում են տարբեր ձևաչափերում, ինչը, նրա խոսքով, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ հայ-ճապոնական հարաբերությունները խորը հիմք ունենալով՝ մեծ արագությամբ կարող են առաջ ընթանալ:

«Շատ էական եմ համարում, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մի քանի ուղղության վրա,-ընդգծել է նախագահը:– Առաջինն այն է, որ երկու երկրներն էլ այնպիսի տարածքում են, որտեղ բնական աղետների, երկրաշարժերի վտանգը մեծ է։ Հետևաբար, երկուսիս համար էլ շատ էական է նախօրոք իմանալ, կանխորոշել նմանատիպ իրադարձությունների հավանականությունը: Իհարկե, շատ բարդ է կանխորոշել մի բան, որը կախված է բնությունից, բայց դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ»: Նախագահն ավելացրել է, որ երկու երկրներն արդյունավետ կարող են համագործակցել հատկապես բնական աղետների կառավարման, միջուկային անվտանգության և միջուկային թափոնների կառավարման բնագավառներում, քննարկել համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը միջուկային վառելիքի, աղտոտված ջրերի մեկուսացման ոլորտներում: Չափազանց կարևոր համարելով բնական աղետների կանխորոշման, ժամանակին հանրությանն իրազեկելու հարցում համագործակցությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այս հարցում նորից գնում ենք արհեստական բանականության և մեծ տվյալների կառավարման ուղղությամբ, որտեղ Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է»:

Անդրադառնալով իր այցին՝ նախագահը նշել է, որ իր նպատակը միայն կայսեր գահակալության արարողությանը ներկա գտնվելը չէր, թեև այն ինքնին պատմական իրադարձություն է: «Իմ մյուս նպատակը հանդիպումներ ունենալն է պետական կառույցների և ճապոնական այն խոշոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, արհեստական բանականությամբ և մեծ թվային տվյալների վերամշակմամբ,-նշել է նա: – Այս երեք ուղղություններից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց Հայաստանը և Ճապոնիան կարող են ընտրել որոշակի տիրույթ, որը կապված կլինի բնապահպանության, բնական արհավիրքների, երկրաշարժերի և միջուկային անվտանգության հետ: Ե՛վ Ճապոնիան, և՛ մենք հետաքրքրված ենք այդ խնդիրների լուծմամբ, հետևաբար, իրենք նույնպես հետաքրքրված կլինեն մեզ հետ համագործակցել այդ ոլորտներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կա այդ երեք ուղղություններում աշխատելու ներուժ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ լավագույն տեխնոլոգիաները, բայց դրա համար պետք է շատ աշխատել, ունենալ հստակ ծրագիր, ռեսուրսներ, մարդիկ, այդ թվում՝ արտերկրում ապրող հայերը, որոնք ոլորտի մասնագետներ են կամ հաջողության են հասել նշված ոլորտներում: «Պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը օտարների համար: Մենք պետք է լիովին ներգրավված լինենք այն բոլոր ուղղությունների, զարգացումների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում,-ընդգծել է նախագահը:– Պետք է աշխատենք բոլորի հետ՝ ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների, չինացիների, հնդիկների և, իհարկե, ճապոնացիների : Պետք է իրականություն դարձնենք այն ներուժը, որն ունենք, և դա անելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույններից մեկի հետ համագործակցությունն է»:

Նախագահը նշել է, որ կողմերը դեռևս պետք է լիարժեք բացահայտեն միմյանց. «Ճապոնական ընկերությունների հետ դեռևս երկխոսության վաղ շրջանում ենք, դեռ պետք է ծանոթանալ միմյանց, գտնել գործընկերներ: Փնտրելիս պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև գուցե այն հայերին, որոնք միջազգային մեծ ընկերություններ են կառավարում, և նրանց ևս ներգրավել ,-ասել է նախագահը: -Էական է, թե մենք ինչ կարող ենք առաջարկել մարդկանց, և դրա համար պարտադիր չէ անպայման ծով, մեծ նավեր ունենալ։ Պետք է ունենալ վիրտուալ ընկերությունների գործիքներ, որոնք մեծ գաղափարներ են ստեղծում: Մենք այսօր ընդամենը ճանապարհ ենք դուրս գալիս: Լավ լուրն այն է, որ բոլորն են հիմա նոր ճանապարհ դուրս գալիս՝ անկախ նրանից, թե ով ինչքան մեծ ներուժ ունի»:

Նախագահի խոսքով՝ այսօր ոչ միայն մենք, այլև աշխարհն է նոր դարաշրջանի խաչմերուկում: «Մեր ունեցած ներուժն իրականություն դարձնելու համար բոլորս պետք է աշխատենք, այդ թվում ՝ նախագահը, կառավարությունը, հայկական բիզնեսը, կրթական համակարգը,– նկատել է նախագահը:– Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա: Ես փորձում եմ իմ ներդրումը բերել՝ հաշվի առնելով, որ շատերին անձամբ ճանաչում եմ, ճապոնական ընկերություններին ներկայացնում եմ հայկական ընկերությունների հետ համագործակցելու ներուժը»:

Պատասխանելով Ճապոնիայի կայսեր գահակալության արարողության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմական իրադարձություն էր, և կայսրության պատմությունն ու կայսեր բուն ինստիտուտը երկրին տալիս է ոչ միայն պատմական հաջորդականության, այլ նաև կայունության զգացում: «Ցանկացած պետության ներսում շատ էական է, որ գոյություն ունենան պետականության սյուներ, որովհետև յուրաքանչյուր պետություն անցնում է զարգացումների, փոփոխությունների, խնդիրների, փորձությունների ճանապարհով, և շատ էական է, որ պետության ներսում լինեն ինստիտուտներ, որոնք անկախ նրանից՝ ինչպիսի ներքին և արտաքին դժվարություններ կան, կայուն լինեն և պահպանեն պետականությունը,-ընդգծել է նախագահը:– Կայուն պետականությունը ապագա զարգացման հիմքն է՝ ներդրումների, քաղաքական զարգացումների, հավասարակշռության պահպանության, թե այլ իմաստներով: Պետք է կայուն սյուներ ունենալ, որ պետությունը կայուն մնա: Ճապոնիայի դեպքում դա կայսեր ինստիտուտն է: Այս երկիրը կարողացել է կայուն պետականության ինստիտուտը 2000 տարի պահել, հետևաբար, գուցե սովորելու բան ունենք իրենցից»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here