Համահայկական Օրակարգը Վերաբերում Է Նաեւ Արցախին. Արտգործնախարարի Հարցազրոյցը BBC-ին

0
500

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը հացազրոյց է տուել BBC-ի Hard Talk հաղորդման Սթիւըն Սակուրին: Մնացականեանը հարցազրոյցում խօսում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, կոռուպցիայի դէմ պայքարի, Ղարաբաղի հարցի, արտաքին քաղաքականութեան եւ այլ թեմաների մասին: Հարցազրոյցը թարգմանաբար ներկայացուած է ստորեւ:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Բարի գալուստ Hard Talk, ես Սթիւըն Սակուրն եմ: Հայաստանը Կովկասեան տարածաշրջանում հսկայական ռազմավարական նշանակութիւն ունեցող փոքր երկիր է՝ շրջապատուած լարուածութեամբ եւ թշնամութեամբ: Անցեալ տարի, ժողովրդական բողոքի ցոյցերը յանգեցրին, այսպէս կոչուած, թաւշեայ յեղափոխութեան, որի արդիւնքում Երեւանում իշխանութեան եկաւ նոր կառավարութիւն: Բարեփոխման վերաբերեալ յաւակնոտ զրոյցի շուրջ իմ հիւրն է այդ կառավարութեան արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը: Քաղաքականապէս եւ տնտեսապէս Հայաստանը ձգտում է դէպի Արեւե՞լք, թէ՞ Արեւմուտք: Զոհրաբ Մնացականեան, բարի գալուստ Hard Talk:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Շնորհակալ եմ:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Անցեալ տարին ձեր երկրում՝ Հայաստանում, նշանաւորուեց քաղաքական խոշոր յեղաշրջմամբ, այսպէս կոչուած, թաւշեայ յեղափոխութեամբ, որից յետոյ դուք եւ ձեր կառավարութիւնը պնդեցիք, որ աշխատում էք նոր Հայաստանի համար: Թերհաւատները կ՛ասեն, որ այն շատ նման է հին Հայաստանին: Այսպիսով, ո՞րն է տարբերութիւնը:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչո՞ւ պիտի նման բան ասեն:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Քանի որ, օրինակ, դուք նախորդ իշխանութիւնների օրօք տարիներ շարունակ պաշտօնավարել էք: Դուք կառավարական մեծ փորձ ունէք եւ ամենեւին էլ նորեկ չէք:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիւանագիտական կարիերայից (Ասպարէզ-Խմբ.) անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխութիւն է: Ես վերցրել եմ պատասխանատուութիւնը, որը կիսում եմ այն կառավարութեան հետ, որի կազմում եմ, եւ դա զգալի փոփոխութիւն է: Յեղափոխութեան արդիւնքում կառավարութիւնը ժողովրդի, հասարակութեան կողմից ստացել է լայն մանդատ: Կառավարութիւնն արձագանգել է այդ հանրային պահանջներին եւ փոփոխութիւններ կատարելու համար ստացել ուժեղ մանդատ: Մենք ի ցոյց դրեցինք քաղաքական կամքի շատ ուժեղ կողմը, որի ժամանակ քաղաքական կամքի առկայութեան դէպքում հնարաւոր է շատ արագ կերպով արդիւնքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջից եւ առնչւում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կեանքում բոլորի համար հաւասար հնարաւորութիւններին, արդար ընտրութիւններին եւ ներկայումս առկայ ամենամեծ մարտահրաւէրին՝ դատական բարեփոխումներին: Դրանք տարբեր հարցեր են: Ես պարզապէս ներկայացրի կառավարութեան կողմից հասցէագրուող տարբեր հարցերի կարճ ցուցակը:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դուք պնդում էք, որ գործը շատ արագ է արուել, այդուհանդերձ, ձեր արդարադատութեան նախարարը՝ պարոն Բադասեանը, օրեր առաջ յայտարարել է, որ հակակոռուպցիոն յանցագործութիւնների բացայայտման եւ քննութեան իրաւասութեան միասնական մարմինը, այսպէս կոչուած, Հակակոռուպցիոն կոմիտէն կը ստեղծուի միայն 2021թ.:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Միանշանակ, դա հէնց այն է, ինչ ես ասում էի քաղաքական կամքի զօրութեան առումով: Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիւ հնարաւոր է հասնել արդիւնքների, սակայն դա բաւարար չէ: Անհրաժեշտ է, ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) առումով ամրապնդել համակարգը, ինչի արդիւնքում հնարաւոր կը լինի արձագանգել այդ երեւոյթներին:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Յանձնաժողով ստեղծելու համար արդեօք երկու տարի՞ է պահանջւում:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ո՛չ, ո՛չ, սա բաւական համապարփակ գործընթաց է. պէտք է աշխատել կոռուպցիայի դէմ պայքարի ինստիտուցիոնալ կարողութիւնների ստեղծման ուղղութեամբ: Եւ սա շատ աւելի բարդ է: Իրականում, մենք այդ ուղղութեամբ աշխատում ենք ոչ միայն երկրի ներսում, այլեւ մեր միջազգային գործընկերների հետ, մասնաւորապէս տարածաշրջանային գործընկերների, ինչպիսիք են Եւրամիութիւնը, Եւրոպայի խորհուրդը եւ այլ կարեւոր դերակատարներ:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Մենք չենք խօսում ապագայի մասին, սակայն կայ որոշակի մեծամտութիւն ձեր կառավարութիւնում, քանի որ ոչ վաղ անցեալում վարչապետ Փաշինեանը եւրոպացի պատգամաւորներին ասել է, մէջբերում՝ «Մեզ յաջողուել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան»: Դա ակնյայտօրէն ճիշդ չէ:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչո՞ւ ոչ:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դէ, օրինակ դա ասելուց ընդամէնը մի քանի շաբաթ անց, հակակոռուպցիոն գործակալութեան պետին առաջադրուած լուրջ մեղադրանքներ կային, մարդ, որին նշանակել է հէնց ինքը՝ վարչապետը: Սա շատ կարեւոր հարցերի տեղիք է տալիս առ այն, թէ արդեօք վարչապետը քաջատեղեակ է, թէ ինչ է կատարւում պաշտօնեաների կոռուպցիոն առումով:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ո՛չ, ո՛չ: Ես չգիտեմ՝ ինչ ի նկատի ունէք, բայց ինչպէս եւ ասում եմ, մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանութեան ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերուելու…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Գումարներո՞վ լի ճամպրուկներ: Դա երկար ժամանակ տեղի չէր ունենում:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այլեւս անարդար պայմաններ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում չեն լինելու, չի լինելու այդ երեւոյթը: Եւ դա հնարաւոր է դարձել քաղաքական կամքի եւ ինստուցիոնալ կարողութիւնների համադրման արդիւնքում:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Պարոն Սանասարեանին, որը վարչապետի մտերիմներից է եւ նշանակուել էր Պետական վերահսկողական ծառայութեան՝ ներկայիս հակակոռուպցիոն ծառայութեան պետ, այժմ առաջադրուել են մեղադրանքներ: Երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպէս կարող է վստահութիւն ունենալ:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բայց չէ՞ որ համակարգն արձագանգեց, այդպէս չէ՞: Համակարգն արձագանգել է:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Ես նկատի ունեմ այն, որ վարչապետը վստահեցրել էր Եւրոպային, որ ինքն արմատախիլ էր արել համակարգային կոռուպցիան նախքան…

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Վարչապետը… եկէք սա այդքան պարզունակ չդարձնենք. ինչպէս արդէն նշեցի, պէտք է առկայ լինի ինստիտուցիոնալ կարողութիւն, որի ստեղծումը մեծագոյն մարտահրաւէր եւ առաջնահերթութիւն է: Այն պէտք է ամրապնդի այն ամէնը, ինչին մենք հասել ենք մեր երկրում եւ ինչը մենք արել ենք կառավարութեանը իշխանութեան բերած ժողովրդի կողմից տրուած մանդատի շրջանակներում: Դա մեր ամենամեծ մարտահրաւէրն է:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Իրաւունքի գերակայութիւնն առաջնայի՞ն է լինելու:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դա հէնց այն է, ինչին մենք ամբողջապէս ձգտում ենք: Սա մեր մանդատն է, կառավարութեան համար այլ կարեւոր առաջնահերթութիւն չկայ, քան իրաւունքի գերակայութիւնը, դատական համակարգի անկախութիւնը, անկողմնակալութիւնը եւ վերջինիս նկատմամբ վստահութեան բաւարար մակարդակ ձեւաւորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դուք ասում էք, որ խօսքը ինստիտուտների ձեւաւորման մասին է, ասում էք, որ դրա համար որոշ ժամանակ կը պահանջուի: Ես հասկանում եմ դա, իւրաքանչիւրն էլ կը հասկանայ դա: Միեւնոյն ժամանակ մենք ակնկալում ենք այլ ազդակներ, որոնք կը փաստէին, որ թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում իրական փոփոխութիւններ են տեղի ունեցել: Եւ ուղղութիւններից մէկը, որտեղ մենք փոփոխութիւն պէտք է փնտռենք, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ձեր երկրի եւ ձեր հարեւան Ադրբեջանի միջեւ հակամարտութեան՝ ներկայումս փակուղի մտած իրավիճակն է: Ես դեռեւս որեւէ նշան չեմ տեսել առ այն, որ ձեր կառավարութիւնը հակամարտութեան շուրջ նոր գաղափարներ եւ պատկերացումներ է առաջ քաշել:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Շնորհակալութիւն: Տեսէք, յեղափոխութեան շնորհիւ մեր ներքին նպատակներին հասնելու ճանապարհին ոչ ոք կասկածի չի ենթարկել մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները: Մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները եղել են բաւականին հետեւողական. այն է՝ ապահովել Հայաստանի ազգային անվտանգութեան ճարտարապետական կայունութիւնը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգութեան մեծ մարտահրաւէր է Հայաստանի, մեր ժողովրդի համար: Մեզ համար դա, նախեւառաջ, մեր հայրենակիցների անվտանգութեան, մարդու անվտանգութեան, 150,000 մեր հայրենակիցների անվտանգութեան խնդիրն է: Մեր կառավարութիւնը, առանց յապաղելու, անմիջապէս ներգրաւուել է կարգաւորման գործընթացի մէջ, եւ ներգրաւուել ենք կառուցողական ձեւով: Մենք լիովին քաջատեղեակ ենք խաղաղութեան օգուտների մասին, մենք խաղաղութիւն ենք ցանկանում, մենք ցանկանում ենք հասնել դրան, սակայն այնպէս, որ պահպանուի կողմերի յանձնառութիւնների ողջամիտ հաւասարարժէքութիւնը եւ մենք լուծենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան եւ կարգավիճակի մեր բացարձակ առաջնահերթութիւնները:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Պարոն նախարար, դուք ասում էք, որ խաղաղութիւն էք ուզում: Այդ դէպքում բացատրէք, թէ ինչու Օգոստոսին, ընդամէնը մի քանի ամիս առաջ, վարչապետը բարձր մակարդակով արուած ելոյթում առանց որեւէ երկմտանքի յայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ճիշդ է:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Արդեօք նա խաղաղութի՞ւն է ցանկանում:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Նա իրապէս խաղաղութիւն է ցանկանում, քանի որ Հայաստանի վարչապետը շարունակաբար պնդում է, որ կարգաւորումը, որին մենք պէտք է հասնենք, պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, յայտարարութեան, որտեղ նոյնպէս անդրադարձ կը լինի նաեւ մեր շահերին, մեր մտահոգութիւններին՝ կապուած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան հետ: Նրանք հրաժարւում են դա անել:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ – Պէտք է անկեղծ լինեմ, երբ վարչապետը յայտարարեց. «Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ», երբ նա հասկանում է, որ դա շրջանցում է միջազգային իրաւունքը, ՄԱԿի եւ բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, ես դժուարանում եմ որակել այդ ժեստը որպէս խաղաղութեանն ընդառաջ քայլ, յատկապէս երբ նա այդ ելոյթի ժամանակ առաջնորդում էր ամբոխին միասնականութեան կոչերով, այն նոյն ազգայնական կարգախօսներով, որոնք լսելի էին 80ականներին եւ 90ականներին՝ Ադրբեջանի դէմ պատերազմի ժամանակ: Իսկ դուք ասում էք, որ ձեր վարչապետը նուիրուած է խաղաղութեանը:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ես ասում եմ դա, քանի որ Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում են նաեւ Արցախին: Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ եւ չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. դա համահայկական օրակարգ է: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետութեան տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Բայց պէտք է ճանաչէք միջազգային իրաւունքը:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակւում են մեր հայրենակիցները: Մենք…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ո՛չ: Իմ ասածն այն է, որ Լեռնային Ղարաբաղում բնակւում են մեր հայրենակիցները, որոնց անվտանգութեան մասին մենք հոգ ենք տանում, մենք նրանց անվտանգութեան միակ երաշխաւորն ենք, սակայն մենք յանձնառու ենք խաղաղ կարգաւորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը եւ անվտանգութիւնը մեր հիմնական առաջնահերթութոուններն են: Մենք յանձնառու ենք խաղաղ կարգաւորմանը. Մենք երբեք չենք շեղուել այդ խաղաղ կարգաւորման գործընթացից:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Մէկ րոպէ, պարոն նախարար, թոյլ տուէք ձեզ մի հարց ուղղեմ. ձեր ամենամտերիմ ռազմական դաշնակիցը շատ առումներով ռուսներն են, նրանք ձեր տարածքում ունեն ռազմաբազա, դուք աշխատում էք նրանց հետ երկար ժամանակ: Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովն ընդամէնը մի քանի ամիս առաջ ձեր վարչապետի այս բաւականին անթաքոյց յայտարարութեան առնչութեամբ ասաց, որ կողմերի յայտարարութիւնները, լուրջ յայտարարութիւնները, որ «Արցախը Հայաստան է», մէջբերում, «նոյնն է, ինչ Ալբանիայի վարչապետն ասէր Տիրանայից, որ Կոսովոն Ալբանիա է»: Ուստի անգամ ռուսներն են այժմ ասում, որ ձեր դիրքորոշումն անընդունելի է:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Գիտէք, ես պէտք է կրկնեմ. ՀՀ վարչապետը անընդհատ եւ հետեւողականօրէն պնդում է, որ մեզ պէտք է ազդակ, Ադրբեջանից փոխզիջման ազդակ, որը մենք չենք լսում: Երբ Հայաստանի վարչապետը պնդեց, որ լուծումը պէտք է ընդունելի լինի բոլոր ժողովուրդների համար՝ Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, նա արժանացաւ, մեր կառավարութիւնը արժանացաւ մեծ քննադատութեան: Բայց մենք դա պնդում ենք, մենք պնդում ենք, որ փոխզիջումն է ելքը, փոխզիջում, որում կայ յանձնառութիւնների համարժէքութիւն: Իրականում, նոյն այդ ելոյթի ժամանակ, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանն առանձին կէտով, որում նա բաւական հետեւողական ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ փոխզիջումային լուծման մեր մօտեցումը:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Մի քանի այլ բան այս հակամարտութեան վիճելի հարցերի վերաբերեալ, որը ծագել է 1980ական թուականներին եւ մինչ օրս չի լուծուել: Ինձ թւում է, փակուղուց դուրս գալու համար երեւակայութիւն է պէտք: Պատրա՞ստ էք ստանձնել այդ դերը եւ ընդունել, որ վերջին 20 եւ աւելի տարիների ընթացքում հայկական բանակը պատասխանատու է եղել շատ լուրջ խախտումների համար: Դրանք նշուած են ՄԱԿի, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի եզրակացութիւններում, Amnesty International-ի նման անկախ խմբերը խօսել են ձեր զինուած ուժերի կողմից իրականացուած խախտումների մասին: Եթէ այս նոր կառավարութեամբ ցանկանում էք փոխել դինամիկան (աշխուժութիւն-Խմբ.), պատրա՞ստ էք ասել՝ «Այո, մենք պատասխանատու ենք եղել նախկինում կատարուած լուրջ խախտումների համար»:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դուք մի փոքր խեղաթիւրում էք պատմութիւնը: Հայաստանը, հայերը, Հայաստան պետութիւնը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան միակ երաշխաւորը: Այն, ինչ մենք ունենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան ապահովում է:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Խնդրում եմ հարցիս պատասխանէք:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ես պատասխանում եմ: Մենք պատասխանատու ենք եղել եւ մնում, մենք ունենք այդ պատասխանատուութիւնը, մենք կրում ենք անվտանգութեան երաշխաւորողի այդ դերը, եւ մենք բանակցութիւններ ենք վարել այնպէս, որ մենք մշակենք պարամետրերը…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դուք չէք պատասխանում իմ հարցին: Եւս մէկ անգամ փորձեմ. «Human Rights Watch»ի զեկոյցը, դա 1995թ. արուած լայնածաւալ զեկոյց է, ասում է, որ հայկական ուժերը, ՀՀ աջակցութեամբ, պատասխանատու էին պատերազմի ընթացքում իրականացուած չարաշահումների մեծամասնութեան համար: Արդէն իսկ 2017 թուականին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 12 վճիռ կայացրեց Հայաստանի վերաբերեալ, դրանցից 11ում նշւում է, որ երկիրը խախտել է Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիան (համաձայնագիր-Խմբ.): Ուստի իմ հարցն է՝ արդեօք պատրա՞ստ էք ասել՝ «Նախկինում թոյլ են տրուել սխալներ, պատահել են չարաշահումներ»: Այնուհետեւ դուք, ինչպէս նաեւ Ադրբեջանը, պէտք է ափսոսանք յայտնէք դրա համար եւ փորձէք լուծում գտնել:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Սա առաջ շարժուելու մաս է, իրապէս: Սակայն այս պահին, մենք նաեւ պէտք է գտնենք այն ճանապարհը, ինչպէս կարող ենք առաջ տանել մեր ամենամեծ առաջնահերթութիւնը՝ ժողովրդի անվտանգութիւնը:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դուք հիմա ափսոսանք յայտնո՞ւմ էք, թէ ոչ որոշ բաների համար, ինչ անցեալում կատարուել է ձեր զօրքերի կողմից:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Գիտէք, 90ականների սկզբին մի իրավիճակ էր ստեղծուել, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 40 տոկոսը բնաջնջուած էր, Լեռնային Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը զաւթուած, եւ այդ ժամանակ եղել են չարաշահումներ, եղել են ամենազարհուրելի բռնութիւններ: Մենք ունէինք իրավիճակ, թոյլ տուէք վերջացնեմ, երբ Ադրբեջանի կառավարութիւնը գնաց աւելի հեռու՝ հերոսացնելով հային սպանողի: Ոչ վաղ անցեալում ստեղծուեց մի իրավիճակ, երբ 2016թ.ի Ապրիլին Ադրբեջանը կրկին փորձեց ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դէմ, ինչը միայն աւելի է ուժեղացնում մեր անվտանգութեան զգացումը ներկայումս: Անդրադառնալով ձեր կոնկրետ հարցին՝ այո, ես ընդունում եմ, որ մենք պէտք է բոլորս միասին առաջ շարժուենք: Բոլորս: Սակայն իւրաքանչիւր կողմ պէտք է կառուցողական կերպով ներգրաւուած լինի: Հէնց սա ի նկատի ունէր վարչապետը՝ «բոլորի համար ընդունելի լուծում» ասելով: Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կը փոխադարձի մեզ, որպէսզի այդ ոգով հիմք ստեղծուի առաջ շարժուելու համար:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դրա վերաբերեալ վերջին հարցը. Հոկտեմբերի 17ին Ադրբեջանի կառավարութիւնը մեղադրել է Հայաստանի զինուած ուժերին 20 անգամ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու մէջ: Հնարաւո՞ր է արդեօք, որ դա կարող է նոր ռազմական հակամարտութեան յանգեցնել:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Սա հէնց այն է, ինչը լիովին գտնւում է մեր ուշադրութեան կենտրոնում: Կարծում եմ գիտէք, որ այս ընթացքում, ինչ մեր կառավարութիւնն իշխանութեան է եկել, եւ սա եւս մէկ լաւ ցուցանիշ է մեր կողմից ցուցաբերուած լրջութեան, որպէս Հայաստանի նոր կառավարութիւն, մեզ յաջողուել է ձեւաւորել որոշակի վստահութիւն, որի շնորհիւ այս մէկ տարուայ ընթացքում հրադադարի խախտման դէպքերը նշանակալիօրէն նուազել են: Մենք լիովին կենտրոնացած ենք այն պահպանելու եւ ամրապնդելու վրայ: Դա մէկն է մեր առաջնահերթութիւններից, եւ, ըստ էութեան, դա այն է, ինչի վրայ մենք կենտրոնացել ենք եւ ինչի շուրջ շարունակել ենք աշխատել ադրբեջանական կառավարութեան, Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների հետ: Սա բանակցային գործընթացի շատ կարեւոր մասն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Այժմ անցնենք առաւել լայն պատկերի: Ինձ թւում է՝ Հայաստանը գալիք տարիներին առերեսուելու է ռազմավարական ընտրութեան այն առումով, որ դուք ունէք նոր կառավարութիւն, եւ պէտք է որոշէք, թէ արդեօք ձեր երկրի ռազմավարական շահն է ձեր առաջնահերթութիւնները կապել Ռուսաստանի եւ ԵԱՏՄի հետ, որի անդամ էք հանդիսանում, եւ, եթէ չեմ սխալւում՝ այժմ նախագահում էք, եւ մեծագոյն ջանքեր գործադրել յարաբերութիւններ զարգացնելու ուղղութեամբ, թէ երկարաժամկէտ հեռանկարում, ըստ էութեան, շարժուելու էք դէպի արեւմուտք՝ ԵՄ եւ ՆԱՏՕ: Ի՞նչ էք պատրաստւում անել:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Գիտէք, մեր աշխարհը երկբեւեռ չէ, այն սեւ եւ սպիտակ չէ: Մեր արտաքին քաղաքականութիւնը հիմնուած է մեր անվտանգութեան ճարտարապետութեան ամբողջականութեան ապահովման համար գործընկերային յարաբերութիւնների ամրապնդման վրայ: Մենք համապարփակ, դաշնակցային յարաբերութիւններ ունենք Ռուսաստանի հետ, որը մեր արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից է, միասին աշխատում ենք Եւրասիական տնտեսական միութեան, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շրջանակներում: Հաւասարապէս, Եւրամիութիւնն առանցքային կարեւորութիւն ունեցող գործընկեր է, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգութեան մատակարարող: Հաւասարապէս, Միացեալ Նահանգները շատ կարեւոր գործընկեր են Հայաստանի համար…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Ես հասկանում եմ, պարոն նախարար, բայց անկեղծ ասած, այլաբանութիւն օգտագործելով, եթէ փորձէք երկու ձի հեծնել, աւելի մեծ վնասուածք ստանալու վտանգի առջեւ կարող էք կանգնել: Թոյլ տուէք պարզապէս մէջբերել ձեր իսկ փոխվարչապետի խօսքերը, ով վերջերս ասել է. «Նոր կառավարութեան գալուց ի վեր, Հայաստանը բոլորովին այլ մակարդակի յարաբերութիւններ ունի Եւրամիութեան հետ»: Նա նշեց, որ «այս նոր քաղաքական թիմը», այսինքն՝ դուք եւ միւս նախարարները, «եւ այս նոր քաղաքական իրավիճակը այժմ ամբողջովին համահունչ է ԵՄ մօտեցումներին»: Իրականում այդպէս չէ՞:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Որեւէ հակասութիւն չկայ: Եւրամիութիւնը Հայաստանի հետ յարաբերութիւններ չի կառուցել այնպէս, որ պնդի, որ մենք պէտք է յարաբերութիւններ ունենանք միայն այս ուղղութեամբ՝ առանց այլ ուղղութիւնների, քանի որ մեր արտաքին քաղաքականութեան ամենամեծ մարտահրաւէրը եւ շատ կարեւոր առաջնահերթութիւնը մի գործընկերոջ հետ յարաբերութիւնները մէկ այլ գործընկերոջ հետ յարաբերութիւնների հաշուին չկառուցելն է: Սա շատ բարդ գործողութիւն է, բայց սա այն է, ինչը պահանջում է մեր ազգային անվտանգութիւնը:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Սա կը դառնայ ձեր բարեփոխման օրակարգի, սկզբունքների եւ արժէքների համար փորձութիւն, քանի որ եթէ գերադասէք հաւատարիմ մնալ Պուտինի Ռուսաստանին, Եւրասիական տնտեսական միութեանը, անկեղծ, դուք հաւանաբար կը շարունակէք հին ռեժիմների գործելակերպը Հայաստանում. կենտրոնացում, աւտորիտար իշխանութիւն, խօսքի ազատութեան իրական խնդիրներ, կամ դուք կարող էք որդեգրել այլ արժէքներ, բաց լինել եւ ընդունել Եւրամիութեան անունից բազում արժէքներ, սա է ընտրութիւնը:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Կարծում եմ՝ նոյն սխալն էք գործում. դուք փորձում էք Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան մէջ աշխարհաքաղաքականութիւն տեսնել: Այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում, բացառապէս հայկական հարց էր: Յեղափոխութիւնը արժէքների յեղափոխութիւն էր, յեղափոխութիւնը ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների մասին էր, իրաւունքի գերակայութեան մասին էր: Սա այն է, ինչ վերաբերում է Հայաստանին, սա է այն, ինչ մեզ անհրաժեշտ էր մեր երկրի համար, սա այն է, թէ ինչպէս մենք արձագանգեցինք ժողովրդի մանդատին. մեր յեղափոխութեան մէջ չկայ աշխարհաքաղաքականութիւն:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Հիլարի Քլինթոնն ասել է, թէեւ դա վաղուց է եղել, սակայն, միեւնոյն է, այն կարող է դեռ արդիական լինել. նա Եւրասիական տնտեսական միութիւնը նկարագրել է որպէս «քայլ՝ Վլադիմիր Պուտինի կողմից ղեկավարուող տարածաշրջանը վերախորհրդայնացնելու համար», եւ նա վշտով աւելացրեց՝ «մենք գիտենք, թէ որն է նպատակը»:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դա տեսակէտ է, որն արտայայտուել է, եւ պարտադիր չէ, դրա հետ համաձայնել: Որովհետեւ մեզ համար Եւրասիական տնտեսական միութիւնը 200 միլիոնանոց շուկայ է, որին մենք՝ որպէս անդամ, մուտք ունենք, մենք նաեւ մասնակից ենք տնտեսական միութիւնում կարգաւորող կանոններին: Բայց դա չի արւում Եւրամիութեան հետ յարաբերութիւնների հաշուին: Եւրամիութեան հետ մենք ունենք շատ կարեւոր յարաբերութիւններ, արժէքահեն յարաբերութիւններ: Մենք ունենք շատ կարեւոր իրաւական հենք՝ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիր Եւրամիութեան հետ, որն ունի շատ կարեւոր քաղաքական մաս, արդարադատութեան մաս, ոլորտային բարեփոխումների մաս…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Դուք ունէք բոլոր այդ պայմանաւորուածութիւնները եւ համաձայնագրերը, ես խօսում եմ մեծ տեսլականի, մեծ ապագայի մասին: Կան շատ մարդիկ, հէնց ձեր հայրենակիցներից, որոնց երկարաժամկէտ երազանքն է տեսնել Հայաստանը ԵՄի կազմում կամ վերջինիս հետ շատ սերտ ասոցացման մէջ, եւ ՆԱՏՕի կազմում կամ վերջինիս հետ շատ սերտ ասոցացման մէջ: Դուք այդ մարդկանցից չէք, այնպէս չէ՞:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Հայաստանում որեւէ մէկը չի պատրաստւում անել այնպիսի բան, որը կարող է վտանգել… Մենք անվտանգութեան շատ բարձր զգացում ունեցող ազգ ենք, չենք պատրաստւում այնպիսի քայլէր ձեռնարկել, որոնք կարող են վտանգել մեր անվտանգութիւնը…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Ուստի, մնալու էք Մոսկուայի կողքին, որովհետեւ Մոսկուան ձեր անվտանգութեան ամենամեծ երաշխաւորն է…

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մենք չենք մնում Մոսկուայի կողքին, մենք չենք մնում Բրիւսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մէկ ուրիշի կողքին: Մենք միայն Երեւանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, եւ դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամէնն անվտանգութեան համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդւում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապէս մերժում ենք, չենք ընդունում երկբեւեռ աշխարհը՝ այս կամ այն ձեւով: Մենք նաեւ չենք ընդունում հետեւեալը. մի՛ դատէք մեր ժողովրդավարութիւնը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտէք, շատ ամբողջական են, եւ ունենք մեր գործընկերների լիարժէք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եւրամիութիւնը կամ ԱՄՆ: Մեզ դա յաջողւում է:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Եթէ կարող եմ այդպէս ասել, դուք քայլում էք շատ նուրբ պարանի վրայով:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այո՛, դժուար է, համաձայն եմ:

ԻՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Այսպիսով, նախքան աւարտելը ցանկանում եմ անդրադառնալ մի առանձնայատուկ մարտահրաւէրի: Դուք գտնւում էք բարդ հարեւանութիւնում: Դուք ունէք, այսպէս ասած, հետաքրքիր հարեւաններ: Ձեր հարեւաններից մէկը Իրանն է: Իրանի հետ ձեր տնտեսական յարաբերութիւնները գնալով աւելի սերտ են դառնում: Դուք ունէք ընդհանուր գազատար եւ նաեւ այլ ծրագրեր: Ամերիկացիներն այժմ պահանջում են, որ դուք կիրառէք իրենց պատժամիջոցները Իրանի դէմ, ինչը կ՛ազդի Իրանի հետ ձեր տնտեսական յարաբերութիւնների վրայ: Ձեր վարչապետը եւ կառավարութեան միւս անդամներն ասել են, որ դուք դա չէք անի, եւ որ նրանք վճռական են պահպանել սերտ տնտեսական յարաբերութիւնները Իրանի հետ: Ուրեմն ո՞րն է ձեր դիրքորոշումը այս հարցում:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մենք իսկապէս շատ ծանր երկխօսութիւն ենք ունեցել ինչպէս իրանցի, այնպէս էլ ամերիկացի մեր գործընկերների հետ: Եւ դուք միանգամայն ճիշդ էք, դա շատ բարդ է: Շատ բարդ, երբ ձեր գործընկերները միմեանց հետ խնդիրներն ունեն: Եւ մենք պէտք է փնտռենք…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Եւ ես հարցականի տակ եմ դնում ձեր առաջնահերթութիւնները: Ի՞նչ էք անելու: Հաճոյանալո՞ւ էք ամերիկացիներին, թէ ոչ:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մենք ունենք ռազմավարական նշանակութեան հարեւանութիւն՝ Վրաստանը եւ Իրանը: Իրանը դարպաս է, Իրանը շատ կարեւոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարիւրամեակների յարաբերութիւններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայութիւն, հայկական ժառանգութիւն, խօսքը մի ժողովուրդի մասին է, որը մեզ շատ լաւ յայտնի է: Եւ մենք, իհարկէ, հաւատարիմ ենք այս յարաբերութիւններին, եւ միեւնոյն ժամանակ…

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Հաւատարիմ, այսինքն ձեր ուղերձը Բոլթոնին եղել է՝ «Մոռացէք դրա մասին»:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Միեւնոյն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ յստակեցնելու, թէ ինչն է հնարաւոր, ինչը՝ ոչ: Որովհետեւ մենք նաեւ կարեւորում ենք մեր յարաբերութիւններն ԱՄՆի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամէնի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից: Պարոն Բոլթոնի հետ երկխօսութիւնը, ԱՄՆի իշխանութիւնների, վարչակազմի հետ երկխօսութիւնը հէնց դրա մասին են, թէ ինչպէս ենք մենք համադրում մեր շահերը տարածաշրջանային գործընթացների շրջանակում: Եւ դա հնարաւոր է: Դա շատ դժուար գործողութիւն է եւ դա այն է, ինչին մենք պէտք է ձգտենք:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Աւարտելով փոխաբերութիւնը. «Եթէ սանձը բաց թողնէք եւ ընկնէք, կարող էք ձեզ վնաս պատճառել, դրա հնարաւորութիւնը աւելի մեծ է»:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այո, եթէ մենք մեզ թոյլ տանք շարժուել միայն այս կամ այն ուղղութեամբ, եթէ մեզ անվտանգութեան տեսանկիւնից աւելի խոցելի դարձնենք այս կամ այն ընտրութիւն կատարելու դէպքում: Դուք չէք երաշխաւորում, որ եթէ մենք յայտարարենք… Ասացէք, եթէ մենք յայտարարենք, որ գնում ենք միայն մէկ ուղղութեամբ, արդեօք դա անմիջապէս աշխատելո՞ւ է, թէ մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թոյլ տալ 10-15 րոպէի անվտանգային վակուում:

ՍԹԻՒԸՆ ՍԱԿՈՒՐ.- Արտաքին գործերի նախարար Մնացականեան, շնորհակալութիւն Hard Talk-ին մասնակցութեան համար:

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ .- Շնորհակալութիւն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here