ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԵԱՆ «ԿՈՄԵՐՍԱՆՏ» ԹԵՐԹԻՆ

0
425

«Մեր Յեղափոխութեան Մէջ Չկայ Աշխարհաքաղաքական Ենթատեքստ». Նիկոլ Փաշինեան

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Եկէք սկսենք անհանգիստ տարածաշրջանից՝ Սիրիայից: Ըստ ձեզ, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Սոչիում ձեռք բերուած համաձայնագրերը վերաբերում են նաեւ սիրիահայերին: Կարո՞ղ էք բացել փակագծերը: Ո՞վ պէտք է ապահովի իրենց անվտանգութիւնը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Սիրիայի հիւսիսում կայ Ղամիշլի քաղաք: Այնտեղ բնակւում է մօտ երեք հազար հայ: Ես այս մասին խօսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգութիւններ ունէինք, եւ ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարաւոր ամէն ինչ, որպէսզի հաշուի առնուի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարուածութիւնը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդիւնքում հաշուի են առնուել այս տարածքում բնակուող հայերի անվտանգութեան հարցերը: Յուսով ենք, որ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները կ՛իրականացուեն, եւ հայերի անվտանգութեան շահերը կը շարունակուեն պահպանուել:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Նրանց անվտանգութիւնն ապահովում են միայն ՌԴ զինծառայողնե՞րը, թէ ՌԴ զինծառայողները թուրքերի հետ միասին: Ինչպէ՞ս է այն գործում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Սիրիայում Ռուսաստանը շօշափելի ներկայութիւն ունի: Նրա դերն անվտանգութեան ոլորտում բաւականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպէսզի նպաստի հայերի անվտանգութեանը: Հայաստանը նոյնպէս առաքելութիւն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելութիւնը մարդասիրական է, եւ այն ոչ մի կապ չունի անվտանգութեան խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելութիւն:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Բացի Ռուսաստանից, դուք Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն էք, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ -Այո, եւ դա մեզ համար շատ կարեւոր առաքելութիւն է: Ես այն համարում եմ պատմական: Այն յաջողութեամբ իրականացւում եւ շարունակւում է:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Այնուամենայնիւ, ես ցանկանում եմ հասկանալ: Վլադիմիր Պուտինը ձեզ խոստացաւ, որ  Ռուսաստանը երաշխաւորո՞ւմ է սիրիահայերի անվտանգութիւնը: Ինչպէ՞ս դա ձեւակերպուեց:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ռուսաստանի նախագահը խոստացաւ եւ պահեց իր խօսքը: Նա ասաց, որ բանակցութիւնների ընթացքում հաշուի կ՛առնուեն Ղամիշլիի հայութեան շահերը: Ես նրան տեղեկացրի, որ այնտեղ կայ մեծ հայկական համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խօսակցութիւնը կոնկրետ դրական հետեւանքներ ունի:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Մէկ տարի առաջ մենք ձեզ հետ խօսում էինք այն մասին, որ Ռուսաստանը կը ցանկանար իր համար երաշխաւորել Պենտագոնի միջոցներով ստեղծուած Հայաստանում գործող կենսաբժշկական լաբորատորիաների հասանելիութիւնը: Հարցի լուծումը գտնւում է վերջնական փուլում: Նոյեմբերին, Սերգէյ Լաւրովի՝ Երեւան այցի ընթացքում պէտք է ստորագրուի երկու երկրների միջեւ համապատասխան յուշագիր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այո, մենք աշխատում ենք յուշագրի վրայ: Բայց անցեալ տարի ձեզ հետ մեր զրոյցից յետոյ, իմ անձնական յանձնարարութեամբ ռուս մասնագէտներին թոյլ տրուեց այցելել այդ օբյեկտները՝ համոզուելու, որ դրանք որեւէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապէս չունեն ռազմական նշանակութիւն: Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործւում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզուեցին դրանում:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Յուշագրում, ինչպէս հասկանում եմ, նշուա՞ծ է, որ ռուս մասնագէտների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կը լինեն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այս լաբորատորիաները Հայաստանի սեփականութիւնն են, դա շատ կարեւոր է: Ի դէպ, այս լաբորատորիաներն արժէքաւոր եւ կարեւոր են Հայաստանի համար: Մենք շնորհակալ ենք նաեւ մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք օգնեցին Հայաստանին, ֆինանսաւորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղուած է Հայաստանի կենսաբանական անվտանգութեան ապահովմանը: Փաստացի, սա նուէր է Հայաստանին, եւ շատ արժէքաւոր նուէր: Մենք դեռ աշխատում ենք յուշագրի տեքստի վրայ: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանութիւնն է, որպէսզի մեր գործընկերներից որեւէ մէկի մօտ չլինի որեւէ անհանգստութիւն այդ լաբորատորիաների վերաբերեալ:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Կը ցանկանայի հարցնել «Հարաւկովկասեան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապուած իրավիճակի մասին: Վերջերս հաղորդուեց, որ ռուսական կողմը պատրաստւում է վաղաժամկէտ դադարեցնել Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերեալ համաձայնագիրը: Այնուհետեւ այդ լուրերը հերքուեցին: Ի՞նչ է կատարւում այնտեղ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Խնդիրը քաղաքականացւում է լրատուամիջոցների կողմից: Սա զուտ տնտեսական խնդիր է, ներդրումների արդիւնաւէտութեան հարց: Մենք ակտիւօրէն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան հետ եւ ունենք նախնական պայմանաւորուածութիւններ առ այն, որ կ՛աշխատենք, որեպսզի ՀԿԵի ներդրումային ծրագիրը Հայաստանում լինի աւելի արդիւնաւէտ: Մենք քննարկում ենք այս հարցը մեր ռուս գործընկերների հետ՝ «Ռուսական երկաթուղիներ»ի, ՀԿԵի հետ: Ես չեմ ուզում ասել, որ վստահ եմ, բայց գրեթէ վստահ եմ, որ մենք համաձայնութեան կը գանք:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Այսինքն, պայմանագիրը վաղաժամկէտ դադարեցնելու սպառնալիք չկա՞յ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ես դրա համար որեւէ նախադրեալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ցանկանում, Ռուսաստանը դա չի ցանկանում: Ինչու՞ դա պէտք է տեղի ունենայ:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Գազի գինը եւս մէկ խնդրահարոյց հարց է: Ի՞նչն է խանգարում գալ համաձայնութեան: Բոլորն ակնկալում են, որ գները կը բարձրանան, հարցը միայն նրանում է, թէ երբ՝ ձմռա՞նը թէ գարնանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այս հարցի շուրջ ընթանում է նորմալ խօսակցութիւն: Սա խօսակցութիւն է ռազմավարական դաշնակիցների միջեւ, եւ այն կը բերի կոնկրետ արդիւնքների: Ես դրանում վստահ եմ: Մենք այժմ Հայաստանում տնտեսութեան շատ լաւ դինամիկա ունենք: Այս հարցը մեզ համար կարեւոր է ոչ միայն գազի գնի առումով, սա նաեւ տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարեւոր է, որ գազի գինը լինի այնպիսին, որ չխաթարի Հայաստանի Հանրապետութեան տնտեսական զարգացման դինամիկան:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Ինչպիսի՞ գինը չի խաթարի այս դինամիկան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Սա արդէն հաշուարկների խնդիր է, եւ մենք այժմ զբաղւում ենք այդ հաշուարկներով: Որոշումը կը լինի դաշնակցային: Այլ կերպ չի կարող լինել եւ չպէտք է լինի:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Ե՞րբ կարող է ամէն ինչ համաձայնեցուել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Վերջին մէկ տարուայ ընթացքում մեր ներքին գազի գինը չի փոխուել:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Բայց գնումների գինը փոխուել է, այն աճել է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Սա ուրիշ հարց է: Այն չունի շատ մեծ նշանակութիւն Հայաստանի ներսում սպառողների տեսակէտից: Մեզ համար կարեւոր է, որպէսզի «Գազպրոմ-Արմէնիա»ի գործերը կարգին լինեն: Եւ սա, կարծում եմ, նոյնպէս տնտեսական հարց է: Մենք պէտք է մշակենք այնպիսի բանաձեւեր, որպէսզի ե՛ւ «Գազպրոմ-Արմէնիա»ի գործունէութիւնը լինի արդիւնաւէտ, ե՛ւ գազի գինը լինի արդիւնաւէտ:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Դուք բանակցում էք գինն ընդհանրապէս չբարձրացնելո՞ւ թէ բարձրացնելու շուրջ, բայց ոչ էականօրէն: Ո՞ւմ համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Գնման գինը Հայաստանի համար: Խօսքը նրա մասին է, որ գինը լինի շահեկան Հայաստանի տնտեսութեան համար, որպէսզի չխաթարի տնտեսական աճն ու տեմպը, որն արտայայտւում է տնտեսական դինամիկայով:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Ներկայիս գինը՝ 165 հազար դոլար խորանարդ մետր գազի դիմաց, շահեկա՞ն է: Այն չի՞ խաթարում դինամիկան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Եկէք ես չխօսեմ կոնկրետ թուերի մասին: Կարեւորը բովանդակութիւնն է, ոչ թէ թիւը: Ըստ բովանդակութեան, ես ասացի, թէ որն է նպատակը: Կարծում եմ, որ սա միայն Հայաստանի նպատակը չէ, այն պէտք է լինի նաեւ Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խօսում ենք Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) մասին, մենք ունենք ընդհանուր տնտեսական տարածք: Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են ծագում, սա մեզ շատ է անհանգստացնում: Կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները՝ նախագահը, վարչապետը, նոյն ընկալումն ունեն: Մենք կը լուծենք այս հարցը:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Մեկնաբանէք ռուսաստանեան ORSIS ընկերութեան յայտը մերժելու պատմութիւնը: Ընկերութիւնը ցանկանում էր մասնակցել Հայաստանում զէնքի գնման մրցոյթին: Ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել իրականում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Սա աննախադէպ բան չէ: Սա մրցոյթ է, սա առաջարկի եւ պահանջարկի խնդիր է: Մեկնաբանելու ոչինչ չկայ: Ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիւ մէկ գործընկերն է: Այդպէս է եւ այդպէս էլ կը լինի: Այս ծաւալներում մէկ ընկերութեան եւ մէկ գործարքի հետ կապուած իրավիճակը, չեմ կարծում, որ այնքան շօշափելի է, որ հիմա պէտք է քննարկենք այն:

Եկէք նայենք, թէ ինչ է տեղի ունեցել տեղեկատուական տարածքում անցած մէկուկէս տարուայ ընթացքում՝ կապուած մեր երկրների յարաբերութիւնների հետ: Բոլորն աշխարհի վերջն էին կանխատեսում: Բայց յարաբերութիւնները շատ լաւ են զարգանում, եւ շատ լաւ են զարգանում իմ անձնական յարաբերութիւնները Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ: Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտօնեաները շատ լաւ յարաբերութիւններ ունեն իրենց ռուս գործընկերների հետ:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Բայց ոչ այնքան հարթ: Դուք պարբերաբար ուշադրութիւն էք դարձնում այն փաստին, որ Ադրբեջանին զէնք են վաճառում այն երկրները, որոնք ձեզ հետ միասին հանդիսանում են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ:   Խօսքը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ միւս պետութիւնների մասին է: Սա ՀԱՊԿի արդիւնաւէտութեան հարց է: Ո՞րն է Հայաստանի թիւ մէկ նպատակը ԵԱՏՄում: Ասացէք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Դարձնել կազմակերպութիւնն աւելի արդիւնաւէտ: Եւ ես ուրախ եմ, որ ԵԱՏՄում Հայաստանի նախագահութիւնը ստացուեց շատ արդիւնաւէտ: Անձամբ ես եւ մեր կառավարութիւնը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպէսզի ԵԱՏՄն աւելի շատ գործընկերներ ունենայ ամբողջ աշխարհում: Եւ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղութեամբ:

Նոյնը վերաբերում է ՀԱՊԿին: Ո՞րն է այստեղ նպատակը: Ամէն ինչ անել, որպէսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿը՝ որպէս կազմակերպութիւն, որպէս անվտանգութեան համակարգ, որը շատ կարեւոր է Հայաստանի, Ռուսաստանի եւ անդամ այլ երկրների համար, առաւել արդիւնաւէտ: Կարծում եմ, Ռուսաստանը նոյն նպատակն ունի: ՀԱՊԿի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եւ մենք միասին աշխատում ենք այդ ուղղութեամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդիւնքում ՀԱՊԿն իսկապէս աւելի արդիւնաւէտ կը դառնայ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ միւսների համար:

Լրջօրէն քննարկւում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալը:

Սա շատ լաւ գործընթաց է: Մենք շատ հետաքրքրուած ենք: Այժմ Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ յարաբերութիւնները շատ դինամիկ զարգանում են: Հետաքրքիր փաստ. անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ուզբեկստանի առաջնորդների, ղեկավարների միջեւ պաշտօնական հանդիպում տեղի չի ունեցել: Առաջին հանդիումը տեղի ունեցաւ Հոկտեմբերին՝ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ եւ պայմանաւորուեցինք փոխադարձ պաշտօնական այցերի շուրջ: Եւ, իհարկէ, մենք, որպէս ԵԱՏՄում նախագահող երկիր, շահագրգռուած ենք խորացնել համագործակցութիւնն Ուզբեկստանի հետ: Եթէ Տաշքենդը որոշի ԵԱՏՄ անդամ դառնալ, շատ լաւ կը լինի:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- ԵԱՏՄում կայ դիտորդի ինստիտուտ: Առաջին դիտորդ երկիրը Մոլդովան էր: Իսկ եթէ Ադրբեջանն ասի. ես կը ցանկանայի դիտորդ դառնալ: Ինչպիսի՞ն կը լինի Հայաստանի դիրքորոշումը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Թող ասի, յետոյ կը տեսնենք:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Այսինքն, հէնց շեմից «ոչ» չէ՞ք ասելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Երբ կ՛ասի, այն ժամանակ էլ կը քննարկենք: Ադրբեջանի հետ մեր յարաբերութիւնները գաղտնիք չեն: Այնպէս որ, այս պահի դրութեամբ ես ընդհանրապէս չեմ ուզում դա քննարկել:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Ես դիտեցի BBC հեռուստաընկերութեան Hard talk հաղորդաշարի թողարկումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի մասնակցութեամբ: Վերջին հատուածում խօսակցութիւնն այն մասին էր, թէ որ ճանապարհն է ընտրում Հայաստանը. Եւրոպան՝ իր արժէքներով եւ սկզբունքներով, թէ Վլադիմիր Պուտինի ԵԱՏՄն, ով, ըստ հաղորդավարի, վերականգնում է Խորհրդային Միութիւնը: Ես հետեւեալն եմ ցանկանում հարցնել ձեզ՝ կարո՞ղ են ԵԱՏՄն եւ Եւրամիութիւնը ինչ-որ կերպ զուգակցուել, թէ նրանք դատապարտուած են միմեանց հետ հակամարտելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Հոկտեմբերի 25ին մենք պայմանագիր ստորագրեցինք Սերբիայի հետ՝ Սերբիայի եւ ԵԱՏՄ միջեւ:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Սերբիան ԵՄ անդամ չէ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այո՛, այո՛: Համաձայնագիրը ստորագրուել է ազատ առեւտրի վերաբերեալ: Շատ մեծ հաւանականութիւն կայ, որ Սերբիան կը դառնայ ԵՄ անդամ: Եւ յետոյ ի՞նչ կը լինի: Սա շատ լաւ է, քանի որ մեզ համար համագործակցութիւնն այն մօտեցումն է, որը մենք բոլորս պէտք է ցուցաբերենք: Հայաստանն այնպէս չի ընկալում իրավիճակը, որ մենք պէտք է ընտրութիւն կատարենք Եւրոպայի եւ Ռուսաստանի միջեւ:

XVIII դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները փորձում էին այնպէս անել, որպէսզի Ռուսաստանը գայ մեր տարածաշրջան: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Քանի որ այն ժամանակ հայկական վերնախաւի ներկայացուցիչներն ընկալում էին իրավիճակն այնպէս, որ Ռուսաստանը կը գայ մեր տարածաշրջան եւ իր հետ կը բերի եւրոպական արժէքներ: Մեզ համար Ռուսաստանը եւրոպական երկիր է: Հայաստանը նոյնպէս եւրոպական երկիր է, Բելառուսը նոյնպէս եւրոպական երկիր է:

Մեզ համար Ռուսաստանը եւրոպական քաղաքակրթութեան անբաժանելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլեւ մեր պատմական ընկալումը: Իսրայէլ Օրին, որը յայտնի է որպէս Հարաւային Կովկաս Ռուսաստանի մուտքի նախաձեռնող, իր առաքելութիւնն սկսեց Եւրոպայից: Փորձեց եւրոպական զօրքեր բերել Հայաստան, որպէսզի նրանք ազատագրեն մեր շրջանը թուրքերից եւ պարսիկներից: Նա նախ գնաց Գերմանիա (Պֆալց), ապա Աւստրօ-Հունգարիա: Ու Սրբազան Հռոմէական կայսրութեան կայսր Լէոպոլդ Առաջինը (ում գահը Վիեննայում էր, քանզի այն ժամանակ կայսրութեան կազմում էին ե՛ւ Աւստրիան, ե՛ւ Հունգարիան) խորհուրդ տուեց նրան դիմել ռուսական ցար Պետրոս Առաջինին: Եւրոպական միապետները հայերին խորհուրդ տուեցին կապ հաստատել Եւրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը եկաւ մեր տարածաշրջան որպէս եւրոպական ուժ: Ռուսական մշակոյթն ու քաղաքակրթութիւնը եւրոպական քաղաքակրթութեան անբաժանելի մասն են: Ճիշտ է, Ռուսաստանը նաեւ եւրասիական քաղաքակրթութեան մաս է: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թէ ինչպէս Արեւելքն ու Արեւմուտքը կարող են ներդաշնակօրէն գոյակցել:

Այսօր մենք տեսնում ենք, թէ ինչպէս են հակամարտում այս երկու բեւեռները՝ Ռուսաստանը եւ Արեւմուտքը, այդ թւում՝ նախկին ԽՍՀՄի տարածաշրջանում:

Եւրոպական շատ առաջնորդներ ասում են, որ Ռուսաստանի հետ նորմալ յարաբերութիւնների հաստատումը նրանց համար առաջնային է:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Նրանք այդ մասին ձեզ ասում են մասնաւո՞ր զրոյցներում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Նրանք դա ասում են ինձ պաշտօնական զրոյցների ընթացքում: Բայց մեզ համար չկայ ընտրութիւն՝ Արեւելք կամ Արեւմուտք: Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ ունենք համաձայնագիր ԵՄի հետ համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան վերաբերեալ: Ռուսաստանը դէմ չէ ԵՄի հետ մեր համագործակցութեանը, եւ ԵՄն դէմ չէ ԵԱՏՄին մեր անդամակցութեանը:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Դուք համարո՞ւմ էք Վրաստանի հետ 2008թ.ի հակամարտութիւնը, Ուկրաինայի արեւելքում 2014թ.ի հակամարտութիւնը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցութեան արդիւնք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ես չէի ցանկանայ մեկնաբանել Վրաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ես ցանկանում եմ ե՛ւս մէկ անգամ շեշտել եւ շատ կը ցանկանայի, որ մեր թանկագին բոլոր ռուսաստանցիներն արձանագրեն այս փաստը. 2018թ.ին Հայաստանում տեղի ունեցան փոփոխութիւններ: Տեղի է ունեցել ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւն: Ինչո՞ւ այն ոչ բռնի եղաւ: Կայ հիմնական պատճառ: Որովհետեւ չկար որեւէ օտար ուժ, որը ներգրաւուած լինէր այս գործընթացում: Չկար ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:

Անձամբ ես եւ իմ թիմը թոյլ չենք տուել, որպէսզի որեւէ արտաքին գործօն խառնուի մեր ներքին գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք յաջողութեան ենք հասել: Եւ մենք ասացինք, որ արտաքին քաղաքականութեան մէջ շրջադարձեր չեն լինելու: Դրանք մեզ մօտ չկան եւ չեն լինի: Ես ասել եմ, որ մեր յեղափոխութեան մէջ չկայ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա հարիւր տոկոսանոց ճշմարտութիւն է եւ ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, որովհետեւ հակառակը պարզապէս գոյութիւն չունի:

«ԿՈՄԵՐՍԱՆՏ».- Լսել եմ, որ յաջորդ տարուայ սկզբին դուք առաջին պաշտօնական այցով կ՛այցելէք Ռուսաստան: Ճի՞շդ է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այո: Երեւանում ես ու Վլադիմիր Վլադիմիրին փոխանակուեցինք հրաւէրներով: Մենք պայմանաւորուեցինք, որ նախ ես պաշտօնական այցով կը գամ, յետոյ նա կը գայ: Միգուցէ տարուայ առաջին կէսին ես գամ, երկրորդ կէսին՝ Վլադիմիր Վլադիմիրին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here