«Ապառաժ»-ի Խմբագրական. Ուղենիշը` Հայրենիքի Ազատագրում

0
215

25 Հոկտեմբերին հրապարակուել է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանի հարցազրոյցը «Պի.Պի.Սի.» լրատուական գործակալութեան «Հարտ Թոք» ծրագրում:

Ընկերային ցանցերում, լրատուական կայքերում եւ հեռուստաալիքներում քննարկման նիւթ դարձաւ այս հարցազրոյցը: Կասկածից վեր է, որ «Պի.Պի.Սի.» նշուած հաղորդաշարը, յանձինս Սթիվըն Շաքիւրիի, բաւականին հեղինակաւոր հարթակ է միջազգային քաղաքական ասպարէզում դիրքորոշումների արտայայտման համար: Ի հարկէ, ինչպէս հէնց հաղորդման վերնագիրն է յուշում` դժուար է խօսել այդ հարթակից, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը չկարողացաւ յաղթահարել այդ դժուար ասպարէզը:

Մի կողմ թողնելով հաղորդաշարի հեղինակի այն քննադատական դիտարկումները, որոնք վերաբերւում էին Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, մեզ յուզողը զրոյցի Արցախին վերաբերող բաժինն է: Նախ պէտք է նշել, որ փորձառու լրագրողի աչքից չեն վրիպել Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուների կողմից հնչեցուող յաճախ իրարամերժ արտայայտութիւնները, ինչը վկայում է քաղաքական հայեցակարգային յստակ դիրքորոշման բացակայութեան մասին: Որպէս յատկանշական օրինակ` միջազգային հանրութիւնը չի ընկալում Արցախը` որպէս ինքնուրոյն տարր բանակցութիւններին մասնակցելու փաստարկը եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախօսի համատեղումը:

Արտաքին գործերի նախարարի կողմից Արցախում Հայաստանի դերի մասին փաստարկները եւս խոցելի էին: Հայաստանը ներկայացուեց որպէս իր հայրենակիցների անվտանգութեան երաշխաւոր: Արցախեան հիմնահարցի գաղափարական հենքը ոչ թէ սոսկ անվտանգութիւնն է, այլ հայրենի հողի ազատագրումը: Եթէ հայրենիքի ազատագրումը դառնայ հայեցակարգային առանցքային ուղենիշ, անվտանգութեան բաղադրիչն այդ ընդհանուր ուղենիշի մի մասնիկն է միայն: Իսկ հայրենիքի ազատագրման ուղենիշի ծիրում շատ եւ շատ այլ փաստարկներ կարելի է կիրառել` պատմական, մշակութային, իրաւական…

Մտահոգիչ էր հաղորդավար Սթիվըն Շաքիւրի անդրադարձը 1995 թուականին հրապարակուած հակահայկական փաստաթղթերին, երբ միջազգային կազմակերպութիւններն ու Արցախեան հարցով զբաղուող պետութիւնները փորձում էին առաւելագոյնս ճնշում գործադրել Հայաստանի վրայ: Դա տեղի էր ունենում միջազգային հանրութեան կողմից տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու ջանքերի համայնապատկերում: Հայկական կողմի համաձայնութիւնը կորզելու համար այդ օրերին Հայաստանը ենթարկւում էր դիւանագիտական ծանր ճնշումների: Այն ժամանակ հայկական դիւանագիտութիւնը կարողացաւ խոյս տալ ճնշումներից, սակայն հայկական քաղաքական դաշտը դէմ-յանդիման կանգնեց մի կացութեան, որը բերեց քաղաքական դաշտի վերաձեւաւորման եւ յանգեցրեց 1998 թուականի խաղաղ իշխանափոխութեան:

Համընդհանուր դիտանկիւնից նայելով խնդրոյ առարկայ հարցազրոյցին, զգալի է արեւմտեան ուժերի կողմից Հայաստանի վրայ ճնշում գործադրելու միտումը: Միւս կողմից, տարածաշրջանային զարգացումները, յատկապէս Սիրիայի հարցով հիմնական դերակատարների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի լռակեաց համաձայնութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանում թուրքական ազդեցութեան աճը խորհելու առիթ են տալիս: Տեղին է մէջբերել «Պի.Պի.Սի.» փորձառու հաղորդավարի հարցազրոյցում նախաբանի տեսքով արտայայտածը. «Հայաստանը կովկասեան տարածաշրջանում հսկայական ռազմավարական նշանակութիւն ունեցող փոքր երկիր է` շրջապատուած լարուածութեամբ եւ թշնամութեամբ: Անցեալ տարի ժողովրդավարական բողոքի ցոյցերը յանգեցրին այսպէս կոչուած թաւշեայ յեղափոխութեան, որի արդիւնքում Երեւանում իշխանութեան եկաւ նոր կառավարութիւն: Քաղաքականապէս եւ տնտեսապէս Հայաստանը ձգտում է դէպի արեւե՞լք, թէ՞ արեւմուտք»:

2 նոյեմբերի, 2019թ.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here