Քաղաքական Դիակների Վերջին Հանգրուանը Ղարաբաղեան Հարցի Շահարկումն Է

0
217

ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԵԱՆ

Ղարաբաղեան հակամարտութիւնը հայաստանցիների ու ընդհանրապէս հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակարեւոր մարտահրաւէրն է: Ասուածի տրամաբանութիւնից ելնելով հիմնախնդրի խաղաղ կարգաւորումն ու պատերազմի այլընտրանքի հաւանականութիւնը ըստ էութեան պէտք է դիտարկուէին քաղաքական ու հանրային դիսկուրսի (ճառախօսութեան, դատողութեան-Խմբ.) առաջնային առարկաները:

Բայց, ցաւօք սրտի, համանման դիսկուրս գոյութիւն չունի, չկայ ու երբեւէ չի էլ եղել: Առաջին հայեացքից միտքն այս առնուազն տարօրինակ է ու ինչու չէ նաեւ զաւեշտալի: Եթէ Ղարաբաղեան հակամարտութիւնը ամենակարեւոր մարտահրաւէրն է, ապա ինչպէ՞ս է հնարաւոր դրա շուրջ ծաւալուող դիսկուրսի չգոյութիւնը, չէ՞ որ քաղաքական ուժերը, հանրութիւնն ու քաղաքացիական հասարակութիւնը ամէն մի պատեհ առիթի պարագայում պէտք է քննարկումներ նախաձեռնէին դրա վերաբերեալ:

Քաղաքագէտներից ու փորձագէտներից շատերը կարող են պնդել, որ դիսկուրսի բացակայութիւնը պայմանաւորուած է հիմնախնդրի վերաբերեալ հանրութեան զգայուն մօտեցմամբ: Վերոնշեալ հիմնաւորման մէջ իհարկէ կան իրականութեան որոշակի տարրեր, բայց պէտք է արձանագրենք, որ դրանք չնչին են: Հանրութեան զգայական մօտեցումը չի կարող վճռական պատճառ լինել, քանի որ համաշխարհային պատմութեան պրակտիկան (կիրառութիւնը, փորձառութիւնը-Խմբ.) փաստում է, որ նոյնիսկ ամենապայթունավտանգ հիմնահարցերը կարող են դառնալ բանական քննարկման առարկայ: Հայ ժողովուրդն էլ այս տեսանկիւնից բացառութիւն չէ, քանի որ մենք էլ ապրում ենք այս մոլորակի վրայ ու ունակ ենք ինչ-որ հարցեր քննարկել:

Լա՛ւ, եթէ վճռական ու վերջնական պատճառը հանրութեան զգայուն արձագանգը չէ, ապա ո՞րն է ի վերջոյ բանական խօսքն ու քննարկումը արգելակող բուն խնդրոյ առարկան: Իհարկէ պատճառները բազմաթիւ են՝ պատմականից մինչեւ մշակութային, քաղաքականից մինչեւ քաղաքակրթական: Փաստօրէն գործ ունենք պատճառների համալիր ներգործութեան հետ: Բայց պէտք է նաեւ փաստենք, որ բոլոր այս խնդրիրները այդ նոյն համալիր ներգործութեան տրամաբանութեամբ կարող են լուծուել ու մղուել երկրորդական պլան (յատակագիծ-Խմբ.): Պատմական ու մշակութային, քաղաքական ու քաղաքակրթական պատճառները կարեւորւում ու սուր երանգաւորում են ստանում յատկապէս այն ժամանակ, երբ դրանք ներքաշւում են պոպուլիզմի (ժողովրդահաճութեան-Խմբ.) ու դեմագոգիայի (ամբոխավարութեան-Խմբ.) մանիպուլեացիոն (ձեռնավարութեան-Խմբ.) շղթայի մէջ: Այսինքն առաջինները երկրորդի ածանցեալներն են, ու հակամարտութեան պատմական բաղադրիչը կոնֆլիկտային (բախում, տագնապ-Խմբ.) է դիտարկւում, երբ այն դառնում է մանիպուլեացիայի թիրախ:

Փաստօրէն կարող ենք արձանագրել, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ բանական դիսկուրսը մղուել է ետին պլան, ու դրան փոխարինելու են եկել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլեացիոն աղմուկ-աղաղակը:

Արատաւոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները իշխանութիւններն են՝ Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ: Երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանութեան են եկել Ղարաբաղեան հակամարտութեան միջոցով ու բնական է, որ համակարգի շարունակականութիւնն էլ ապահովել են հէնց այդ նոյն հիմնախնդրի շահարկման հաշուին: Այսինքն այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են ու իրենց քաղաքական գոյութիւնն էլ մշտապէս արդարացրել են պատերազմով կամ էլ դրա սպառնալիքով: Այլ առաքելութիւն ու գոյութեան այլ իմաստաւորում նախորդ երկու ռեժիմները երբեւէ չեն ունեցել:

Բնական է, իրավիճակն այս չէր կարող անհետեւանք մնալ, քանի որ պատերազմի գաղափարական հիմքերի վրայ գոյութիւն ունեցող ռեժիմը (վարչակարգը-Խմբ.) պէտք է էլ աւելի խորանար գաղափարական այդ փակուղու մէջ: Արդիւնքում քաղաքական դիսկուրսի առաջնային թիրախներն են դառնում պատերազմի քարոզչութիւնը, նացիոնալիստական (ազգայնապաշտ-Խմբ.) դեմագոգիան, «ոչ մի թիզականութիւնն» ու ռազմահայրենասիրական պատրանքները:

Խնդիրն այն է, որ այլ ելք չկար, Քոչարեանն ու Սարգսեանը իշխանութեան մնալու այլ տարբերակ չունէին ու տրամաբանօրէն ժողովրդին պէտք է կերակրէին քաղաքական այդ միֆերով (առասպելներով-Խմբ.): Պարզապէս ընդդիմադիրներին չէզոքացնելու ու յեղափոխական օջախները բնում խեղդելու այլ ճանապարհ չկար: Միայն այդպէս էր հնարաւոր արդարացնել կոռուպցիան (զեղծարարութիւնը-Խմբ.) ու թալանը, բռնութիւնն ու ճնշումները: Իբրեւ թէ թալանում են, բայց Ղարաբաղի հարցում անզիջում են ու վճռական: Ի դէպ Սերժ Սարգսեանն էլ իր երրորդ ժամկէտի գնալու արկածախնդրութիւնը փորձում էր արդարացնել հէնց Ղարաբաղեան հակամարտութեան գոյութեամբ, իբրեւ թէ հէնց նա էր անվտանգութեան միակ ու բացառիկ երաշխաւորը:

Յեղափոխութիւնից յետոյ թւում էր, թէ քաղաքական ու հանրային փոխյարաբերութիւնների արատաւոր այս կերպը կը չէզոքացուի ու կը կազմաքանդուի: Բայց արդէն ուշ է: Իսկապէս ուշ է, քանի որ 20ամեայ հետեւողական քարոզչութեան արդիւնքում խզում է արձանագրուել, իրականութիւնն ու գաղափարական ընկալումները կարծես թէ կապ չունեն իրար հետ, անհամապատասխան են ու իրարամերժ: Այսինքն ստեղծուել է այնպիսի մի իրավիճակ, երբ իրականութիւնն ու մարդկային ընկալումները մարտնչում են միմեանց դէմ, գործ ունենք անհաշտ ու խորթ բեւեռների հետ:

Խզումն այս իսկապէս չափազանց լուրջ մարտահրաւէր է: Կառավարութեան, ինչպէս նաեւ ընդդիմադիր գործիչների առաջնային խնդիրն է գոնէ գաղափարական հարթութեան մէջ հաշտեցնել իրականութիւնն ու ու դրա վերաբերեալ կեղծ պատկերացումները: Մարդկային զանգուածները ապրում են Արտաշէս 1ի ու Տիգրան 2ի իրականութիւններում ու չեն կարողանում հասկանալ ստեղծուած իրավիճակի բուն էութիւնը:

Բայց այս հարցում ես վատատեսական տրամադրութիւններ ունեմ ու հակուած եմ կարծելու, որ խնդրի կարգաւորման համար առնուազն երկու-երեք կառավարութիւն պէտք է փոխուի, այսինքն գոնէ 20-25 տարի պէտք է անցնի:

Խնդիրն այն է, որ Ղարաբաղեան հակամարտութեան գաղափարական ներգործութեամբ գոյութիւն ունեցող իշխանութիւնները հիմա էլ դիրքաւորուել են ընդդիմադիր տիրոյթում ու իրենց ընդդիմադիր գոյութիւնը փորձում են հիմնաւորել նորից պատերազմով ու Ղարաբաղին սպառնացող թուացեալ վտանգով: Այսինքն նրանք ընդդիմադիր են, քանի որ Ղարաբաղին վտանգ է սպառնում, ընդդիմադիր են, քանի որ կառավարութիւնը «հող յանձնող» է: Ինչպէս տեսնում ենք «քոչարեանական գվարդիան (զօրանոց-Խմբ.)» նորից ու նորից հակամարտութիւնը դարձնում է մանիպուլեացիայի ու ազգայնական դեմագոգիայի առարկայ՝ հանրութեանն էլ աւելի հեռացնելով բանական դիսկուրսից:

Փաստօրէն արհեստական ճանապարհով սանձազերծուել է «հող յանձնողների» ու «չյանձնողների» դիմակայութիւն, որտեղ առաջնային պլան են մղուած պոպուլիզմն ու կիսագրագիտութիւնը, մանիպուլեացիան ու փաստերի ձեւախեղումը:

Եւս մէկ անգամ կրկնենք. Ղարաբաղի շահարկման հաշուին իշխանութեան եկած ու գոյութեան շարունակականութիւնը ապահոված ռեժիմը հիմա էլ այդ նոյն Ղարաբաղի շահարկման միջոցով հիմնաւորում է իր ընդդիմադիր լինելու անհրաժեշտութիւնը:

Սա փակ շղթայ է, փակուղի, որի հետեւանքը քաղաքական ու փիլիսոփայական մտքի անխուսափելի խցանումն ու դեգրադացումն (այլասերումը, վատթարացում-Խմբ.) է:

Կառավարող ուժի գլխաւորութեամբ աստիճանական ու զգոյշ քայլերով հանրութիւնն ու քաղաքական միջավայրը պէտք է վերադառնան բանական դիսկուրսի ու տրամախօսութեան հարթութիւն: Հայաստանցիներն ու հայ ժողովուրդը առանց շահարկումների ու ձեւախեղումների պէտք է կարողանան ընկալել Ղարաբաղեան հակամարտութեան իրական էութիւնը, քանի որ դա նրանց կենսական հարցն է:

Մենք իրաւունք չունենք խաղալ ազգի ճակատագրի հետ:

 

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here