Զանգեզուրի Պղնձամոլիբդենային. Մաքսիմ Յակոբեանի Ու Նրա Որդու Փոխարէն Նոր Բաժնետէրեր Ժնեւից Եւ Աջափնեակից

0
141

ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Հայաստանում ամենախոշոր ձեռնարկութեան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետէրերը ընկերութեան մասնաւորեցումից յետոյ փոփոխուել են: ԶՊՄԿում խոշոր մասնակցութիւն ունեցող բաժնետէր Մաքսիմ Յակոբեանի ընտանիքը 2017ին ամբողջութեամբ վաճառեց իր բաժնեմասերը մի ընկերութեան, որի սեփականատէրերը կապւում են Ս. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի շրջապատի հետ: Յեղափոխութիւնից յետոյ կոմբինատում դարձեալ բաժնետէր է փոխուել:

Պղնձամոլիբդենայինի Մասնաւորեցումը

2004ին Հայաստանի կառավարութիւնը մասնաւորեցրեց պետական խոշոր ձեռնարկութիւններից մէկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այդ որոշմամբ՝ Հայաստանի արդիւնաբերական հսկայի բաժնետոմսերի 60 տոկոսն օտարուեց գերմանական «Քրոնիմետ» (Cronimet) ընկերութեանը, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸին, 12.5ական տոկոս բաժնեմասէր էլ օտարուեցին «Զանգեզուր մայնինգ» ՍՊ եւ «Արմէնիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊ ընկերութիւններին: Այս ընթացքում կոմբինատում տեղի են ունեցել բաժնետէրերի խոշոր փոփոխութիւններ:

Մինչ կոմբինատի մասնաւորեցումը՝ 2004ի Մարտի 11ին կառավարութիւնը ստեղծել էր միջգերատեսչական յանձնաժողով, որը պէտք է նախապատրաստեր մասնաւորեցման գործընթացը, յետագայում ներդրումային մրցոյթ կազմակերպէր եւ այլն:

Պետական գոյքի կառավարման կոմիտէից «Սիվիլնեթ»ին պատասխանել են, որ ԶՊՄԿն ընդգրկուած է եղել «Պետական գոյքի մասնաւորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրէնքում ընդգրկուած մասնաւորեցման ենթակայ ընկերութիւնների ցանկում: Միեւնոյն ժամանակ՝ կոմիտէից յայտնել են, որ «ներդրումային մրցոյթին ներկայացուած յայտերի վերաբերեալ փաստաթղթերը Պետգոյքի կառավարման վարչութեան սկաւառակում առկայ չեն»:

ԶՊՄԿի բաժնեմասերը ձեռք բերելու համար ներկայացուել է երկու յայտ՝ գերմանական «Քրոնիմետ» եւ ամերիկեան «Քոմսափ» (Comsup) ընկերութիւնների կողմից: Գերմանական ընկերութիւնն առաջարկել է 132 միլիոն դոլար՝ բաժնետոմսերը գնելու համար ու պատրաստ է եղել գնել բաժնետոմսերի 50-100 տոկոսը: Ամերիկեան «Քոմսափն» առաջարկել է 130 միլիոն դոլար ու, ըստ Պետգոյքի կառավարման կոմիտէի, ներդրումային ծրագրից պարզ է, որ հիմնական ուշադրութիւնը կենտրոնացուած է եղել հանքաքարի վերամշակման վրայ: Յետագայում բանակցութիւններ են սկսուել երկու ընկերութիւնների հետ, եւ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Քրոնիմետ»ի ներդրումային ծրագրին:

Ովքեր Են ԶՊՄԿ Բաժնետէրերը

ԶՊՄԿի ամենախոշոր բաժնետէրը՝ «Քրոնիմետ»ը, մասնաւորեցումից յետոյ աստիճանաբար մեծացրել է իր բաժնեմասը՝ 60 տոկոսից հասցնելով 75 տոկոսի: Սա կատարուել է գերմանացիների կողմից ԶՊՄԿի մէկ այլ բաժնետիրոջ՝ «Մաքուր երկաթի գործարան»ի բաժնեմասերը ձեռք բերելուց յետոյ: «Մաքուր երկաթի գործարան» ընկերութեան 2014ի հաշուետուութիւնից տեղեկանում ենք, որ ընկերութեան տնօրէն եւ խոշոր մասնակից Գենիկ Կարապետեանը եւ նրա որդին՝ Դաւիթ Կարապետեանը, սեփականութեան իրաւունքով իրենց պատկանող բաժնեմասերը վաճառել են գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸին, որը «Քրոնիմետ» խմբի մէջ մտնող ընկերութիւն է: Գործարքը կայացել է 2014ի Մայիսին:

Գենիկ Կարապետեանի բաժնեմասը ընկերութիւնում 38.2 տոկոս էր: 2014ի վերջին «Մաքուր երկաթի գործարան»ի երկու նշանակալից բաժնետէրերը «Քրոնիմետ»ի հետ  փոխկապակցուած գերմանական երկու ընկերութիւններ էին՝ «Քրոնիմետ երկաթաձուլուածքների առեւտրային ընկերութիւնը»՝ 50,979 տոկոս բաժնեմասով եւ «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸն՝ 44 տոկոս բաժնեմասով: «Մաքուր երկաթի գործարան»ի գործադիր տնօրէնը Կարէն Յակոբեանն է՝ Սիւնիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿի տնօրէնների խորհրդի անդամ  Վահէ Յակոբեանի եղբայրը:

Արդէն 2015ի սկզբին «Մաքուր երկաթի գործարան»ի տնօրէնների խորհուրդը հաւանութիւն է տուել, որ «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸն ձեռք բերի նաեւ ընկերութեան փոքր բաժնետէրերի բաժնետոմսերը: ԶՊՄԿում «Քրոնիմետ մայնինգ» ընկերութեան բաժնեմասերին յետագայում գումարուել են «Մաքուր երկաթի գործարան»ում «Քրոնիմետ հոլդինգ»ի ձեռք բերած բաժնեմասերը եւ կազմել 75 տոկոս:

 

«Քրոնիմետ». Գերմանական Ներդրողը՝ Զանգեզուրում

 

«Քրոնիմետ»ը ընկերութիւնների խումբ է, որը զբաղւում է հանքարդիւնաբերոթեամբ, թափօնների կառավարմամբ, մոլիբդենի, պողպատի առեւտրով: Ընկերութիւնը ստեղծուել է 1980ին՝ Գերմանիայի Կարլսրուհէ քաղաքում: Ներկայում «Քրոնիմետ»ը աշխարհի 70 կէտերում զբաղւում է մետաղների արդիւնահանմամբ: «Քրոնիմետ»ի մայր ընկերութիւնը Cronimet Mining GMBH-ն է, որի վերջնական բաժնետէրերը հանքարդիւնաբերութեան ոլորտի գործարար Պիլարսկիների ընտանիքն է:

Գիւնտեր Պիլարսկին հիմնել է ընկերութիւնը, իսկ նրա ընտանիքի անդամները՝ Իւրգեն, Եոակիմ եւ Էլկէ Պիլարսկիները «Քրոնիմետ»ի բաժնետէրերն են: Գիւնտեր Պիլարսկին նաեւ գերմանական «Կարլսրուհէ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է, նաեւ՝ Գերմանիայի Բադեն-Վիւրթեմբերգ երկրամասում ՀՀ պատուոյ հիւպատոսը:

 

Մաքսիմ Յակոբեանի Բաժնեմասը՝ Դէպի Կիպրոս Եւ Շուէյցարիայի Քաղաքացի

 

ԶՊՄԿում 12.5 տոկոս բաժնեմաս ունի «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸն: Այս ընկերութիւնում եւս 2017ին տեղի են ունեցել փոփոխութիւններ: 2004ից «Զանգեզուր մայնինգ»ի բաժնետէրերն էին Մաքսիմ Յակոբեանը, նրա եղբայրն ու Յակոբեանի հետ փոխկապակցուած անձինք: Մաքսիմ Յակոբեանի բաժնեմասը «Զանգեզուր մայնինգ»ում 50 տոկոս էր, նրա եղբօրինը՝ Մեժլում Յակոբեանինը՝ 10 տոկոս, 10ական տոկոս բաժնեմասեր ունէին նաեւ Ալիկ Դաւթեանը, Աշոտ Մարգարեանը, Արծրունի Աւետիսեանը, Արիստակէս Ներսիսեանը: 2017ի Դեկտեմբերին այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են «Մուն մեթալս» ՓԲԸին: Մաքսիմ Յակոբեանը եղել է ԶՊՄԿի գործադիր տնօրէնը, 2017ին, սակայն, հեռացել այդ պաշտօնից: Մամուլում եղան հրապարակումներ, որ կոմբինատի բաժնետէրերը դժգոհ են Յակոբեանից, խօսւում էր նաեւ անարդիւնաւէտ կառավարման եւ չարաշահումների մասին: Մաքսիմ Յակոբեանին այդ պաշտօնում փոխարինեց Նիլ Սթիւենսոնը: Ընկերութեան տնօրէնը Ռոբերտ Մարգարեանն է, որը, բացի «Մուն մեթալս»ից, տնօրէն է դարձել նաեւ «Զանգեզուր մայնին»ում:

«Մուն մեթալս» ՓԲԸի իրաւաբանական հասցէն Երեւանի Արշակունեաց 5ն է: Գնացինք այս հասցէով, շէնքում տեղակայուած գրասենեակներից ոչ մէկը «Մուն մեթալսին»ը չէր:  Պետեկամուտների կոմիտէի հարկ վճարողների համակարգում այս ընկերութեան գործունէութիւնը նշուած է «այլ մանրածախ առեւտուր ոչ մասնագիտացուած խանութներում» տեսակով:

ԶՊՄԿի 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատէր «Մուն մեթալս»ը 2017-2019թթ. ունեցել է ընդամէնը 1-3 աշխատակից: Ընկերութեան կանոնադրական կապիտալը աւելի քան 12.3 միլիարդ դրամ է: Այնուհանդերձ, մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն, «Մուն մեթալս»ի բաժնետէրեր են եղել երկու անձինք՝ Արմէն Անտիկեանն ու Սուրէն Ածիկեանը: Արմէն Անտիկեանը Յովիկ Աբրահամեանի մշակութային հարցերով նախկին խորհրդական, Վենետիկի ժամանակակից արուեստի 54րդ բիենալէի հայկական տաղաւարի համակարգող Արմինէ Անտիկեանի եղբայրն է: Մեզ յաջողուեց պարզել, որ Անտիկեանն աշխատում է «Երեւան մոլ»ում որպէս փոխտնօրէն, Սերժ Սարգսեանի փեսայ, Սուրբ Աթոռում  ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի շրջապատից է: Անտիկեանը նաեւ Լէոնիդ Արեւշատեանի ազգականներից է. Արեւշատեանը Միքայէլ Մինասեանի բիզնեսների կառավարիչն ու «Ձորագետ հիդրօ» ընկերութեան բաժնետէրերից մէկն է: (Սեպտեմբերի 16ին վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ասուլիսում յայտարարել էր ռազմավարական մի շարք օբյեկտների մասնաւորեցման եւ դրանցում Միքայէլ Մինասեանի սեփականատէր լինելու մասին՝ նշելով, որ այդ փաստերով նախաքննութիւն է ընթանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ խօսքը «Ձորագետ հիդրօ»ի մասին է):

2011-2016թթ. Արեւշատեանը եղել է Միքայէլ Մինասեանի անուան հետ կապուող «Ձորագետ հիդրօ»ի 11 տոկոսի բաժնետէրը: Փորձեցինք կապ հաստատել Արմէն Անտիկեանի հետ, այցելեցինք «Երեւան մոլ», սակայն նա տեղում չէր: Աւելի ուշ, հեռախօսազրոյցում «Երեւան մոլ»ից խոստացան, որ նա կապ կը հաստատի մեզ հետ, սակայն Անտիկեանի հետ զրուցել այդպէս էլ չյաջողուեց:

Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2018ի Յուլիսի 20ին որոշեց համակենտրոնացնել «Մուն մեթալս»ն ու Կիպրոսում գրանցուած «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» (Walnort Finance Limited) ընկերութիւնները: «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ»ը ձեռք է բերել «Մուն մեթալս»ի բաժնետոմսերը: Ըստ ՏՄՊՊՀ որոշման՝ համակետրոնացման նպատակն է հանքարդիւնաբերութեան ոլորտում ֆինանսաւորման ակտիւացումը եւ տարբեր ֆինանսական գործիքների միջոցով ներդրումների իրականացումը:

Կիպրոսի ընկերութիւնների ռեգիստրից «Սիվիլնեթ»ը ձեռք է բերել այս ընկերութեան վերաբերեալ տեղեկութիւններ: «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ»ը ստեղծուել է 2013ին: Ընկերութիւնն իր պատմութեան ընթացքում ունեցել է երեք տնօրէն, վերջինը՝ Բեռնար Ռէյմոն Շարլ Ջոզեֆ Վանիերը (Bernard  Raymond Charles Joseph Vannier) նշանակուել է 2018ի Յունիսին՝ ՏՄՊՊՀի կողմից կատարած համակենտրոնացումից մէկ ամիս առաջ:

ԶՊՄԿի բաժնետէր ընկերութեան միանձնեայ մասնակիցը Շուէյցարիայի քաղաքացի, Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆֆէն է (Jean Jacques Louis Paul Buffet): Մեծ է հաւանականութիւնը, որ ԶՊՄԿի 12.5 տոկոս բաժնեմասի ղեկավարն այնուհանդերձ այս անձը չէ, այլ զուտ իրաւաբանական ծառայութիւն մատուցող եւ ընկերութիւններ գրանցող անձ է (proxy person): Ժան Ժակ Բաֆէն տնօրէն, որոշ դէպքերում նաեւ բաժնետէր է օֆշորային մի շարք ընկերութիւններում: Նոյն իրավիճակն է ընկերութեան տնօրէնի դէպքում: Համացանցում որեւէ տեղեկութիւն չկայ Բաֆէի գործունէութեան մասին, բացի այն, որ փաստաթղթերով նա տարբեր ընկերութիւնների բաժնետէր կամ տնօրէն է: «Սիվիլնեթ»ը փոստով Հոկտեմբերի 15ին մի քանի հարցից բաղկացած գրութիւն էր ուղարկել Ժան Ժակ Բաֆէին, սակայն մինչ այժմ պատասխան չկայ: Ժնեւում «Սիվիլնեթ»ի գործընկերը եղել է այն հասցէում, որտեղ գրանցուած է Ժան Ժակ Բաֆէն, նաեւ նկարահանում կատարել տարածքից:

Մեզ յաջողուեց պարզել ԶՊՄԿ բաժնետէրերից «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ»ի հետ կապուած երկու ուշագրաւ դրուագ: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում այն գրանցուած է 77 Strovolos Center հասցէում: Նոյն հասցէում է գրանցուած մէկ այլ ընկերութիւն՝ Triendotto Investments Limited-ը: Այս ընկերութեանն է պատկանում Ուկրաինայում քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի արտադրութեան բիզնես, որը անյաջողութեան է մատնուել: Ըստ Կիպրոսի ընկերութիւնների գրանցման պետական ռեգիստրի՝ Triendotto Investments Limited-ը պատկանում է Կարէն եւ Արմէն Վանեցեաններին: Նրանք Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի հօրեղբօր որդիներն են: Ուկրաինական մամուլն անցեալ տարի սկսեց գրել նաեւ, որ Կարէն եւ Արմէն Վանեցեանների տրանսպորտային այս բիզնեսը տապալուել է, եւ նրանք մեկնել են Շուէյցարիա՝ մշտական բնակութեան:

Սա միակ զուգադիպութիւնը չէ Վանեցեաններին պատկանող ընկերութեան ու ԶՊՄԿի բաժնետէրերից մէկի ընդհանրութեան հարցում: Թէ՛ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ»ը, թէ՛ Triendotto Investments Limited-ը ունեցել են նոյն տնօրէնները: Trendotto Investments Limited-ն ունի երեք տնօրէն՝ Ժուլիօ Պիրես Ֆրէյրէ, Քրիստիանա Մագնիտի, Կիրիակի Չատցիֆիլիպու անուններով: Վերջին երկուսը տնօրէն են եղել նաեւ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ»ում:

 

Վահէ Յակոբեանը Օտարում Է Իր Բաժնեմասը Կոմբինատում

 

Կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետէրը «Արմէնիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊ ընկերութիւնն է: 2003ին հիմնուած ընկերութիւնն ունէր երկու բաժնետէր՝ 50 տոկոս բաժնեմասով՝ Կարէն Գուրգէնի Կարապետեանը եւ Վահէ Յակոբեանը՝ Մաքսիմ Յակոբեանի որդին: Մաքսիմ եւ Վահէ Յակոբեանները մասաւորեցումից ի վեր կառավարչական եւ բաժնետիրական մասնակցութիւն ունէին Զանգեզուրի պնձամոլիբդենայինում. 2017ից Յակոբեանները փայատէր չեն եւ որեւէ մասնակցութիւն չունեն կոմբինատի կառավարման գործում:

«Արմէնիան մոլիբդեն փրոդաքշն»ի կանոնադրութիւնն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 2017ին ընկերութիւնը բաժնետէրերի արտահերթ ժողով է գումարել եւ որոշել վերակազմակերպուել նոր ընկերութեան՝ «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ անունով: Վերակազմակերպուած ընկերութիւնը ներկայում համարւում է «Արմէնիան մոլիբդեն փրոդաքշն»ի իրաւայաջորդ:

Եւ ահա «ԱՄՓ հոլդինգ»ի փաստաթղթերից երեւում է, որ Կարէն Կարապետեանի եւ Վահէ Յակոբեանի բաժնեմասերը 2017ին անցել են «Սթար դասթ» ՓԲԸին: Ընկերութեան տնօրէնը Աւետիք Յովիկեանն է, որը Սիւնիքի նախկին մարզպետ, Վահէ Յակոբեանին պատկանող «Սուր եւ ասպար» ընկերութեան տնօրէնն է (չշփոթել Մաքսիմ Յակոբեանի որդի Վահէ Յակոբեանի հետ): «Սթար դասթ»ի իրաւաբանական հասցէն նոյնն է, ինչ կոմբինատի բաժնետէրերից «Մուն մեթալսին»ը: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ «Սթար դասթ» ՓԲԸի բաժնետէրերը երկուսն են՝ տնօրէն Աւետիք Յովիկեանն ու Ջուլիետա Դարչինեանը: Վերջինիս մասին համացանցում տեղեկութիւններ գրեթէ չկան: Իրաւաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Դարչինեանի ընտանիքին է պատկանում Երեւանում գրանցուած «Արաքս վարսավիրանոց» ՍՊԸն:

Մեր տրամադրութեան տակ յայտնուած տեղեկութիւններով՝ Դարչինեանը 2012-2014 թուականներին աշխատել է «Ջազվէ»ում՝ որպէս մենեջեր: 2014-2016ին Դարչինեանը գործավար է եղել «Դիսթրիմէքս»ում: 2005-2017 թուականներին ընկերութեան բաժնետէրերից է եղել Ս. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը: «Դիսթրիմեքս»ը զբաղուել է ծխախոտների Հայաստան ներմուծմամբ:

Ըստ բաժնետէրերի շղթայի՝ ԶՊՄԿում բաժնեմաս ունեցող Դարչինեանը, փոխարէնը, ակտիւ է «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում: Նրա էջը հեղեղուած է Միքայէլ Մինասեանի եւ Մինասեանի մասին դրական հրապարակումներով: Վարսաւիրանոցը եւ Ջուլիետա Վարդանեանը գրանցուած են Աջափնեակ վարչական շրջանում: Հոկտեմբերի 29ին «Ֆէյսբուք» սոցիալական ցանցով պղնձամոլիբդենայինում իր մասնակցութեան վերաբերեալ մի քանի հարց ուղղեցինք Դարչինեանին: Դրանք մնացին անպատասխան: Ինչպէս ներքեւում կը տեսնենք, սա միակ դէպքը չէ, երբ ԶՊՄԿում խաչւում են գործարար անցեալ չունեցող ու հանրութեանն անյայտ անձինք:

 

«Ջազվէ»ի Փոխտնօրէնը՝ ֆեռոմոլիբդեն Արտահանող

 

Արդիւնահանող ճիւղերի թափանցիկութեան նախաձեռնութեան շրջանակում կազմուած 2016-2017թթ. ազգային զեկոյցից պարզ է դառնում, որ այդ տարիներին  ներքին շուկայում ԶՊՄԿն ֆեռոմոլիբդեն եւ պղնձի հանքաքար է վաճառել մետաղական արդիւնահանմամբ զբաղուող տարբեր ընկերութիւնների: Օրինակ՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին 2016ին վաճառել է 98 միլիոն դրամի պղնձի հանքաքար եւ խտանիւթ, իսկ 2017ին՝ 3.3 միլիարդ դրամի:

2016ին ԶՊՄԿն «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.» ՓԲԸին վաճառել է 1140 տոննա ֆեռոմոլիբդեն: Կոմբինատն արտադրանքն իրացրել է 5.2  միլիարդ դրամով: Յաջորդ տարի ֆեռոմոլիբդենի վաճառքը նոյնին կտրուկ մեծացել է՝ ԶՊՄԿն այս ընկերութեանն է վաճառել 6520 տոննա ֆեռոմոլիբդեն՝ աւելի քան 40 միլիարդ դրամով: Ընկերութիւնը հիմնուել է 2012ին Երեւանում եւ կապւում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի շրջապատի հետ, այն հիմնադրել է Սիլվա Ղամբարեանը, որը «Ջազվէ» սրճարանների ցանցի փոխտնօրէնն է:

«Ջազզվէ»ի հիմնադիրը Սերժ Սարգսեանի փեսայ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանն է, որը 2003-2011թթ. եղել է «Ջազվէ» ՍՊԸի միանձնեայ բաժնետէրը, իսկ 2011ից իր բաժնեմասը փոխանցել է Վիրջինեան կղզիներում գրանցուած «Ջազվէ հոլդինգ» ՍՊԸին:

Ղամբարեանը ղեկավարել է «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.»ն 2012-2016թթ., որից յետոյ ընկերութեան տնօրէն է դարձել Դաւիթ Ղալթախչեանը, որը «Քրոնիմետ»ի հայաստանեան ներկայացուցչութեան ղեկավարներից է: 2018ի Յունիսի 25ից «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.»ի տնօրէն է դարձել Ռոզա Ստեփանեանը:

Ռոզա Ստեփանեանն ընդգրկուած է տարբեր բիզնեսներում: Իրաւաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Ստեփանեանը 2017-2018թթ. եղել է հայկական գիւղմթերքի խոշորագոյն արտահանող ընկերութեան՝ «Սպայկա»ի 49 տոկոսի բաժնետէրը:

Միքայէլ Մինասեանի եղբօր՝ Գրիգոր Մինասեանին պատկանող «Էյ.էմ.» իրաւաբանական ընկերութիւնում, պետռեգիստրի տուեալներով, Ռոզա Ստեփանեանը տնօրէն է։ 2017-2018թթ. նա տնօրէն է եղել նաեւ «Կովկասֆուդ» ընկերութիւնում: Այս ընկերութիւնը Կոտայքի մարզի Ալափարս համայնքում 30 հեկտար տարածքի վրայ խնձորենու եւ ընկուզենու մշակմամբ է զբաղւում: Յետագայում «Կովկասֆուդ»ի բաժնետէր է դարձել «Սպայկա»ն:

2011ին Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը Ստեփանեանին ներկայացրեց ՀՀ նախագահին՝ որպէս Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամի թեկնածու: Աւելի ուշ, մամուլում տեղեկութիւններ տարածուեցին, որ Ռոզա Ստեփանեանի վրայ թեկնածութիւնը կանգ է առել, քանի որ վերջինս Անդրէասեանի հետ աշխատել էր միեւնոյն իրաւաբանական ընկերութիւնում՝ «Դիֆենս»ում: Հրապարակումներից յետոյ նա ինքնաբացարկ յայտնեց:

ՏՄՊՊՀի 2017ի Մարտի 24ի 60-Ա որոշմամբ՝ «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.»ն համակենտրոնացել է Դուբայի ազատ տնտեսական գօտում գրանցուած «Արեգ գրուպ Դիէմսիս»ի ընկերութեան հետ, որը, ըստ ՏՄՊՊՀի, ձեռք է բերել «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.»ի բաժնետոմսերի 50 տոկոսը: Թէ ովքեր են Դուբայում գրանցուած ընկերութեան բաժնետէրերը, հնարաւոր չեղաւ պարզել: Պետռեգիստրից յայտնի դարձաւ, որ միւս 50 տոկոսը պատկանում է Սիլվա Ղամբարեանին:

«Սիվիլնեթ»ի տրամադրութեան տակ է յայտնուել փաստաթուղթ, որից երեւում է, թէ դէպի ո՛ւր եւ ի՛նչ գործընկերների է մետաղական հանքանիւթ արտահանել «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.» ընկերութիւնը: Արտահանումները կազմակերպուել են երկու ուղղութեամբ՝ դէպի Նիդեռլանդներ եւ Գերմանիա: Այն արտադրանքը վաճառել է, օրինակ, RC Inspection ընկերութեանը, որը ստեղծուել է 2006ին՝ Ռոտերդամում, ու զբաղւում է մետաղական հանքանիւթերի առեւտրով, նաեւ իրականացնում է տարբեր ծառայութիւնների մատուցում՝ մետաղական նմուշառման եւ այլ ոլորտներում: Եւրոպայում գործող խոշոր այս ընկերութիւնը 2018ից գործունէութիւն է ծաւալում նաեւ Հայաստանում:

Միւս ընկերութիւնը, որին մատակարարուել է ֆեռոմոլիբդեն, Euro-Rijn international BV ընկերութիւնն է: 1979ին Ռոտերդամում ստեղծուած ընկերութիւնը զբաղւում է լոգիստիկ ծառայութիւնների մատուցմամբ, ինչպէս նաեւ մետաղական ապրանքների տրանսպորտային տեղափոխմամբ, բեռնափոխադրումներով եւ մաքսային ձեւակերպումներով:

 

Վահէ Յակոբեանի «Քրոնիմետ Մետալ Թրէյդինգ Սի.Այ.Էս.»ը

 

Հայաստանում 2012ին հիմնուել է «Քրոնիմետ մետալ թրէյդինգ Սի.Այ.Էս.» ՓԲԸն, որի բաժնետէրը, սակայն, գերմանական «Քրոնիմետ»ը չէ: Ըստ իրաւաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերութեան բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանին, 10ական տոկոս էլ ունեն Մհեր Պոլոսկովն ու Նարեկ Ամբարեանը: Պոլոսկովը ներկայում ԶՊՄԿի տնօրէնն է, իսկ Ամբարեանը՝ նրա տեղակալը:

Նարեկ Ամբարեանը երկար տարիներ պաշտօններ է զբաղեցրել դատախազական համակարգում, եղել է յատուկ կարեւոր գործերով քննիչ, սակայն 2012ից լքել է պետական համակարգը: Նարեկ Ամբարեանի եղբայրը՝ զինուորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարեանն է: Ըստ պետեկամուտների կոմիտէի՝ ընկերութիւնը գործունէութիւն է ծաւալում տեխնիկական փորձարկումների եւ վերլուծութիւնների բնագաւառում եւ ԶՊՄԿին ծառայութիւն մատուցող ընկերութիւններից մէկն է:

 

«Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»

 

Այս ընկերութիւնը հանքարդիւնաբերութեան խոշոր հարկատուներից է ու, ըստ ՊԵԿի հարկ վճարողների փնտռման համակարգի, զբաղւում է փոխադրման ծառայութիւններով, գրանցուած է Քաջարանում, Գետափնեայ 44 հասցէում: Ենթադրաբար՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»ը եւս կոմբինատին ծառայութիւն մատուցող ընկերութիւն է: Բաժնետէրը Դուբայում գրանցուած «Արեգ գրուպ դիեմսիս»ը ՍՊԸն է, իսկ գլխաւոր տնօրէնը 2016ից Օնիկ Աւանեսեանն է, որը եղել է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմէն Երիցեանի խորհրդականը:

 

Անպատասխան Հարցեր Պատասխանատուներին

 

Այս տարուայ Յունուարի 29ին, Յուլիսի 28ին եւ Հոկտեմբերի 21ին «Սիվիլնեթ»ը հարցումներ էր ուղարկել ԶՊՄԿ՝ խնդրելով տեղեկութիւններ տրամադրել վերջին տարիների ընթացքում կոմբինատի բաժնետէրերի ու բաժնեմասերի փոփոխութիւնների մասին: Մեր հարցումները մնացել են անպատասխան: Ինչպէս վերը նշեցինք, փոստով հարցեր էին ուղարկուել նաեւ Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆէին: Սա եւս անպատասխան է մնացել, նոյնը՝ «Քրոնիմետ»ի դէպքում:

Միքայէլ Մինասեանին «Ֆէյսբուք»ի միջոցով հարցրել էինք ԶՊՄԿ բաժնետէր «Մուն մեթալս» եւ ֆեռոմոլիբդեն արտահանող «Ջի.Առ.Ի.Փի.Սի.Օ.» ընկերութիւններում իր մասնակցութեան մասին: Մինասեանը պատասխանել է, որ նշուած ընկերութիւնների հետ որեւէ առնչութիւն չունի եւ չի ունեցել: Մինասեանը նշում է, որ Շէնգաւիթ վարչական շրջանում ժամանակին իր սեփականութիւնը հանդիսացած գրասենեակային տարածքում վարձակալական հիմունքներով բիզնես եւ խորհրդատուական բնոյթի գործունէութիւն են ծաւալել մի շարք ընկերութիւններ, որոնց գործունէութեան ինքը մանրամասներին չի տիրապետում:

2018ի Նոյեմբերի 20ին Նիկոլ Փաշինեանը ընդունել էր գերմանական «Քրոնիմետ»ի ներկայացուցիչներին՝ Գիւնտեր Պիլարսկու գլխաւորութեամբ: Դրանից առաջ էլ իր ասուլիսներից մէկում Նիկոլ Փաշինեանն անդրադառնալով պղնձամոլիբդենայինի սեփականատէրերի մասին հարցին՝ ասել էր, որ «կան տարբեր տեղեկութիւններ, օպերատիւ տուեալներ, այդ ամէնը ճշդման պրոցեսի մէջ է, եւ կը ճշդուի ըստ անհրաժեշտութեան»:  «Սիվիլնեթ»ը կառավարութեանը գրաւոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թէ արդեօք կառավարութեանը յայտնի դարձե՞լ են կոմբինատի վերջնական բաժնետէրերի մասին տուեալները, եւ արդեօք «Քրոնիմետ»ի հետ հանդիպմանը քննարկուել ու վարչապետին տեղեկացուե՞լ է բաժնեմասերի ու բաժնետէրերի վերջին տարիների փոփոխութիւնների մասին:

Պատասխանելով հարցմանը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութիւնից յայտնել են, որ արդիւնահանող ճիւղերի թափանցիկութեան նախաձեռնութեան շրջանակներում Ապրիլի 23ին ԱԺում ընդունուել է օրէնսդրական փաթեթ, որը սահմանում է մետաղական օգտակար հանածոյի արդիւնահանման իրաւունք ունեցող կամ իրաւունքի ձեռքբերման համար դիմում ներկայացրած կազմակերպութեան իրական սեփականատէրերի գրանցման կարգաւորումները:

Նախարարութիւնից պատասխանել են նաեւ, որ «օրէնքները մշակուել են առկայ միջազգային լաւագոյն փորձի հիման վրայ», իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետէրերի մասին տեղեկատուութեան նախարարութիւնը չի տիրապետում:

Այսպիսով, հաւաքուած տուեալների համաձայն՝ ԶՊՄԿի 75 տոկոս բաժնեմասը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերութիւնների խմբին: Մաքսիմ Յակոբեանի կողմից նախկինում տնօրինած 12.5 տոկոսն անցել է Միքայէլ Մինասեանի շրջապատի ներկայացուցիչներին, ապա՝ կիպրոսեան ընկերութիւնների միջոցով (կիպրոսեան ընկերութիւններից մէկի հետ նոյն հասցէում գրանցուած էր Վանեցեանների ընկերութիւնը) շուէյցարացի Ժան ժակ Բաֆէին, որն ըստ էութեան իրաւաբանական ծառայութիւններ մատուցող անձ է: Միւս 12.5 տոկոսը, որ տնօրինում էին Կարէն Կարապետեանն ու Վահէ Յակոբեանը‘ Մաքսիմ Յակոբեանի որդին, մի քանի ընկերութիւնների միջոցով անցել է Ջուլիետա Դարչինեանին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here