Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» գիրքը ներկայացվեց Գրողների միությունում

0
319

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրող Տիգրան Գաբոյանը հոկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միության անդամներին ներկայացրեց թվով երրորդ՝ «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» բանաստեղծական ժողովածուն:

«Տիգրանի բանաստեղծություններին ծանոթ էի մամուլից: Ամփոփ  մի գրքում  նրա նկարագիրն ավելի հստակ է դառնում: Հեղինակի բանաստեղծական մտածողությունը գիտեի, բայց  նա ինձ երբեմն հանկարծակիի էր բերում: Նրա լեզվամտածողությունը, պատկերային, բանաստեղծական մտածողությունը շատ հետաքրքիր են արտահայտվում այս գրքում: Այստեղ արտացոլվել են վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցած դաժան իրողությունները, որոնց  ականատեսն է եղել գրողը, և նրա կենսափորձը դարձել է բանաստեղծություն»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա շեշտեց, որ Տիգրանն իր բանաստեղծական խոսքը  մոտեցնում է մարդու հոգուն, և դրանցում կա սեր, մարդկություն:

Տիգրան Գաբոյանն էլ նշեց, որ իրենց շատերն են քաջալերել հրատարակել ժողովածուն: Ինքն արդյունքից գոհ է:

Տիգրանն իրեն խորը հայաստանցի և  ծանրակշիռ սփյուռքահայ  անվանեց: «Որպես  քաղաքակրթական արժեք, սփյուռքն ինձ տառապեցրել է: Հայաստանն ու հայաստանակենտրոնությունն իմ կյանքում միշտ առկա էին: Առաջին բանաստեղծությունս նվիրված էր Մասիսին: Կարծում եմ` պոեզիան եկավ ամբողջացնելու Հայաստանի հանդեպ կարոտը»,-խոստովանեց գրողը:

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ:

Այն հրատարակվել է 300 օրինակ տպաքանակով. շուտով դրանք կլինեն գրախանութներում:

Տիգրան Գաբոյանն առաջին՝ «Դեպի երկինք արձակված նետ» գիրքը գրել է 1995 թվականին, իսկ երկրորդ՝ «Անմաս» գիրքը՝ 2003-ին: Գաբոյանը նաև արաբերենի թարգմանիչ է, գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ և միջազգային հարաբերությունների մագիստրոս: 

http://armenpress.am/arm/news/994088/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here