«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԳԱՆՁԱՍԱՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆԻ ՀԵՏ

0
226

«Թուրքիայի Խոցելիութիւնը Մենք Պէտք Է Հնարաւորինս Օգտագործենք»

Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների եւ ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիա (յարձակում-խմբ.) է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արեւելքում: Հոկտեմբերի 9ին Թուրքիան ռազմական յարձակում է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արեւելքում: «Խաղաղութեան ակունք» անունը ստացած գործողութիւնը նպատակ էր հետապնդում «վերացնել Թուրքիայի հարաւային սահմանին գտնուող ահաբեկչութեան միջանցքը, չէզոքացնել քուրդ զինեալներին եւ «Իսլամական պետութեան» ջոկատները, ստեղծել անվտանգութեան գօտի եւ ապահովել սիրիացի փախստականների համար վերադարձի պայմաններ»:

17 Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի բանակցութիւնների արդիւնքում Թուրքիան պարտաւորուել է 120 ժամով դադարեցնել իր գործողութիւնները, որպէսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ.անոց «անվտանգութեան գօտուց»:

22 Հոկտեմբերին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդիւնքում կնքուել է յուշագիր, որի 5-րդ կէտում նշւում է, որ սկսած  2 Հոկտեմբերի  ժամը 12-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղութեան ակունք» գործողութեան շրջանից, կը մտնեն ՌԴ ռազմական ոստիկանութեան եւ Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նր-անք կը նպաստեն քրդական խմբաւորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ. հեռաւորութեան վրայ, որը պէտք է աւարտուի  23 Հոկտեմբերի  ժամը 12-ից սկսած՝ 150 ժամուայ ընթացքում: Նշուած ժամկէտի աւարտից յետոյ՝  1 Նոյեմբերից Սիրիայի հիւսիս-արեւելքում կ՛իրականացուի ռուս-թուրքական համատեղ պարեկութիւն:

Թուրքիայի ռազմական գործողութիւնների հետեւանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, եւս 300 մարդ համարւում է անհետ կորած:

Հոկտեմբերի երկրորդ տասնօրեակից Թուրքիայի ձեռամբ Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողութիւնների, Սիրիայի հայկական համայնքի եւ Թուրքիայի հանդէպ առաջացած միջազգային դժգոհութիւնը ի նպաստ հայկական հարցերի լուծմանն օգտագործելու շուրջ «Ապառաժ»ի թղթակիցը զրուցել է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Սիրիայի հիւսիս-արեւելքը ենթարկուել է թուրքական յարձակման: Որքանո՞վ է տուժել Սիրիայի տուեալ շրջանի հայութիւնը եւ ի՞նչ իրավիճակ է արձանագրւում Սիրիայում Ռուսաստանի հետ Թուրքիայի կնքած համաձայնագրից յետոյ:

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Սիրիայի հիւսիս-արեւելքում իրավիճակը դեռեւս լարուած է, բայց կարող եմ ասել, որ այսօր հայութեանը որպէս այդպիսին վտանգ չի սպառնում: Սիրիայի հիւսիս-արեւելքում ապրող հայերը տարհանուել են դեռեւս Սիրիայի պատերազմի սկզբնական շրջանում, երբ «Իսլամական պետութեան» զինեալ խմբաւորումները գրաւեցին Սիրիայի հիւսիսային շրջանի գիւղերը: Թուրքիայի յարձակման ժամանակ այդ շրջանում մնացել էին սակաւաթիւ թուով հայ ընտանիքներ, հիմնականում՝ աշխատանքի բերումով: Թուրքական թափանցման արդիւնքում Սիրիայի այդ հատուածն ապահով չէր հայերի համար, այդ իսկ պատճառով այդ շրջանում մնացած հայերը միացել են նախապէս Հալէպ, Հաղփմա եւ Հասաքէ ու Գամիշլի տեղափոխուած ընտանիքներին:

Սիրիայի ազգային մարմինները, Ջեզիրէի առաջնորդական փոխանորդութիւնը, բարեսիրական մարմինները հանդիպել են իրենց շրջանները լքած հայերի հետ, ծանօթացել են իրենց դժուարութիւններին եւ պատրաստակամ են ցուցաբերել հնարաւոր օժանդակութիւն՝ միաժամանակ խրախուսելով Սիրիան լքելու ցանկութիւն յայտնած հայ ընտանիքներին՝ տեղափոխուել Հայաստան եւ Արցախ:

Պատմութեան ընթացքից մենք ծանօթ ենք Թուրքիայի քաղաքականութեանը, որ եթէ առիթ տրուի, յարձակւում, գրաւում եւ գրաւուած տեղից չի նահանջում՝ տարածելով իր ծաւալապաշտ քաղաքականութիւնը: Եւ քանի դեռ Թուրքիան ներկայութիւն ունի Սիրիայի հիւսիսում, այնտեղ չի կարելի վերադառնալ: Սիրիահայերի հանգրուանն այսօր թուրքական յարձակումից զերծ մնացած Սիրիայի միւս շրջաններն են, որտեղ հայերի անվտանգութիւնը որոշ չափով երաշխաւորում է քրդական խմբաւորումների հետ սիրիական բանակի համաձայնութիւնը եւ վերահսկողութիւնը հիւսիս-արեւլեան շրջաններում:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ աշխատանքներ է տարել «Գանձասար» թերթն այս օրերին:

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- «Գանձասար»ը հնարաւորութեան չափ փորձել է փոխանցել Սիրիայում տիրող ճշմարիտ պատկերը, որովհետեւ երբեմն քաղաքական ուղղուածութիւն ունեցող որոշ լրատուամիջոցներ ներկայացնում էին՝ Սիրիայում տիրող խուճապահար իրավիճակ, տեղահանման, փոխադրման կազմակերպման հրատապութիւն, ինչը, սակայն, ճշմարտութեանը չէր համապատասխանում: Ճիշդ է, Սիրիայում կային դժուարութիւններ, եւ վտանգը երկրում դեռեւս առկայ է, բայց Սիրիայի հայութիւնը շարունակում է գործել իր կառոյցներով, ազգային մարմիններով, դպրոցներով եւ եկեղեցիներով: Եւ անկախ տարածաշրջանի քաղաքական տարբեր տեսակէտների՝ «Գանձասար»ը փորձում է ներկայացնել ճշմարտութիւնը առանց չափազանցութեան եւ առաջն առնել այն խուճապի, որ ստեղծւում է հայութեան շրջանակներում լրատուամիջոցների ոչ-իրաւացի տեղեկութիւնների հետեւանքով:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ էք կարծում՝ Թուրքիան ինչ որ հետեւութիւննե՞ր է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելով, թէ՞ համաձայնագրի կնքումը բխում էր հէնց Թուրքիայի շահերից եւ ի նպաստ Թուրքիայի նպատակների:

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Ես կարծում եմ, որ Թուրքիան, հաւատարիմ մնալով իր ծաւալապաշտական նպատակներին, ձգտում է ապահովական գօտի ստեղծելու պատրուակով իրեն միացնել Սիրիայի հիւսիսային շրջանը՝ իրականացնելով Օսմանեան կայսրութեան օրերից ունեցած ցանկութիւնը:

Սիրիայի իշխանութիւնները շատ լաւ են գիտակցում Թուրքիայի նկրտումները: Սիրիայի նախագահը Ռեջեփ Էրդողանին որակել է որպէս աւազակ, մատնանշել է Հալէպի գործարանները թալանելու, սիրիական քարիւղը, պետրոլը ապօրինի միջոցներով դուրս բերելու եւ սիրիական տարածքները գրաւելու Թուրքիայի քայլերը: Իրականութեան մէջ միջազգային ընտանիքն էլ գիտի, որ Թուրքիան այս խաղաքարտերն օգտագործում է իր նպատակների համար՝ ժողովրդագրական պատկեր փոփոխելու միջոցով մեծացնում է իր գերիշխանութիւնը եւ հաստատում իր վերահսկողութիւնը տուեալ շրջանում:

Միջազգային հանրութիւնը պէտք է մշտապէս շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի ապահովական գօտի ստեղծելու դէպքում անգամ Թուրքիան ներկայութիւն չունենայ Սիրիայում: Թուրքիայի անմիջական ներկայութունը Սիրիայում անընդունելի է:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Սիրիայի հիւսիսն այս Հոկտեմբերին գերտերութիւների շահերի բախման մրցասպարէզ էր: Ի՞նչ հետեւութիւններ պէտք է անել Սիրիայում տեղի ունեցած դէպքերից եւ ինչպէ՞ս կարող է հայութիւնն օգտագործել Թուրքիայի նկատմամբ առաջացած համաշխարհային դժգոհութիւնը՝ ի նպաստ հայկական հարցերի:

ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Սիրիայի կառավարութիւնը միշտ էլ յայտարարել է, որ իրենց համար սկզբունքային է երկրի տարածքային ամբողջականութեան պահպանումը, եւ որ նրանք դատապարտում են երկրի քուրդ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի ջարդերը: Սիրիայի իշխանութիւնները հաւատում են, որ Սիրիայի ներքին ուժերի միացումով է հնարաւոր պայքարել Սիրիայի արտաքին ուժերի դէմ: Իսկ Սիրիայի ներքին ուժերից մէկն էլ հայ համայնքն է:

Ճիշդ է, այսօր Սիրիայի հայկական համայնքն ուղղակիօրէն վտանգուած թիրախ չէ, բայց Թուրքիան սահմանի վրայ է եւ հայութիւնը վտանգի տակ է: Հայկական համայնքի համար ներկայ գերխնդիրը ապահովութեան երաշխիքի ամրագրումն է, իսկ ապահովութեան երաշխիքների ամրագրման համար պէտք է վարել հաւասարակշռուած քաղաքականութիւն: Հայաստանը, Արցախը, Սփիւռքը եւ մասնաւորապէս սիրիահայութիւնը պէտք է գործադրեն բոլոր ջանքերը՝ կարելի եղածին չափով այս տարածաշրջանի վրայ թուրքական ախորժակը զսպելու համար: Իսկ Սիրիայի հայկական համայնքի կազմակերպումը հնարաւորութիւն կը ստեղծի վերստին ներգործօն դեր ունենալ Սիրիայում:

Համագործակցաբար տարուած աշխատանքի եւ լոբիի ճշգրիտ ուղղորդումով կարելի է որոշ չափով սանձել Թուրքիային: Ներկայումս Թուրքիան շատ խոցելի է, եւ Թուրքիայի խոցելիութիւնը մենք պէտք է հնարաւորինս օգտագործենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here