Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի թեկնածու է առաջադրվել «Ազատ Հայրենիք»-ի համագումարում

0
3064

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շուշիում նոյեմբերի 10-ին կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը: Ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը:

Իր խոսքում «Ազատ Հայրենիք» կուսակցության համահիմնադիր Արթուր Թովմասյանն ասել է, որ համագումարը հնարավորություն է գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու այն ծրագրերը, որոնք պետք է առաջնորդեն առաջիկա տարիներին:

««Ազատ Հայրենիք»-ը Արցախի քաղաքական դաշտի առաջատար քաղաքական ուժն է, որն ունի մեծ փորձառություն և հանրային լայն աջակցություն: Դա փաստում է, որ մեր անցած քաղաքական ճանապարհը ճիշտ է, և այդ առթիվ ուզում եմ վերահաստատել, որ մեր բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով»,- նշել է Թովմասյանը:

Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը: Հաջորդիվ համագումարի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար թեկնածուի ընտրության հարցը: Համագումարի բոլոր մասնակիցների կողմից միաձայն ընտրվել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կուսակիցների վստահությունն իսկապես պարտավորեցնող է: «Ես ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու կուսակիցներիս ցանկությանը: Այդ իրավունքն ինձ վերապահում եմ, նախ և առաջ, այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար, ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավորման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած, քաղաքական և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ պատվաբեր պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն»,- ասել է Հարությունյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է, որ իրենք գալիս են համակարգային խնդիրներ լուծելու, այլ ոչ թե դրանք հետագա սերունդներին թողնելու:

«Մենք գալիս ենք մարդկանց կյանքը փոխելու, այլ ոչ թե մարդկանց կյանքի փոփոխման անհրաժեշտության մասին խոսելու: Մենք գալիս ենք արցախցու ստեղծագործական ինքնաիրացմանը նպաստելու, լինի նա զինվորական թե հողագործ, բանվոր թե ուսուցիչ, մի խոսքով՝ աշխատավոր մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու, այլ ոչ թե այդ կյանքի բեռն ավելացնելու»,- ավելացրել է Հարությունյանը:

http://armenpress.am/arm/news/994726/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here