Սիրիա թուրքական ներխուժման հետևանքների մասին Երևանի զգուշացումները հիմնավոր էին

0
3091

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր սպանությունը, ինչպես նաև Թել Աբյադում հայկական եկեղեցու պղծումը հերթական անգամ փաստում են այն վտանգի մասին, որի մասին դեռևս հոկտեմբերի սկզբին՝ Սիրիայում թուրքական գործողությունների ամենասկզբում, բարձրաձայնում էր ՀՀ ԱԳՆ-ն՝ իրավամբ մատնանշելով, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը ստեղծում է ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։

Նոյեմբերի 12-ին տարածված հաղորդագրության մեջ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի Դեր Զոր նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը՝ ընդգծելով, որ վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Եվ, իսկապես, Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի և նրա կողմից հովանավորվող խմբավորումների գործունեության արդյունքում հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Առանձին տեղեկությունների համաձայն՝ թուրքական թողտվության պայմաններում բանտերից  «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներն ազատության մեջ են հայտնվել և գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը՝ խմբակային մահապատիժներից մինչև առևանգումներ և թալան: Ականատեսների վկայությամբ՝ Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերի գործողությունները հիշեցնում են Իսլամական խալիֆայության գոյության շրջանում ահաբեկիչների իրագործած վայրագությունները:

Թուրքիայի գործողությունները կամ նրա թողտվությամբ իրականացվող նման վայրագությունները, կարելի է ենթադրել, որ նպատակ են հետապնդում նաև փոխել այս շրջանների դեմոգրաֆիկ պատկերը: Թերևս գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է նաև թուրք-սիրիական սահմանագոտին բնակեցնել թուրքամետ կամ առնվազն Թուրքիայի նկատմամբ չեզոք բնակչությամբ: Սա է Թուրքիայի նախաձեռնած «անվտանգության գոտու» ողջ տրամաբանությունը,  և այդտեղ ազգային և կրոնական փոքրամասնությունները տեղ չունեն:

Ցավով պետք է արձանագրել նաև այն, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցողը պատշաճ գնահատականի չի արժանանում միջազգային հանրության կողմից: Թուրքիային «արտոնված» գործողության հետևանքների մասին գրեթե չի բարձրաձայնվում, ինչը գործողությունների ավելի մեծ ազատություն է տալիս Թուրքիային:

Այս տեսանկյունից հատկանշական է, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե բավական պատասխանատու և հետևողական մոտեցում ցուցաբերեցին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունների հետևանքով հայ համայնքի անվտանգությունն ապահովելու և հնարավոր բոլոր հարցերում օժանդակելու հարցում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը թուրքական գործողության ամենասկզբից աշխատում են արտակարգ ռեժիմով, հնարավորինս արագ կազմակերպվեց Թել Աբյադից հայերի տարհանումը, իսկ Կամիշլի քաղաքում բնակվող շուրջ 3000 հայերի անվտանգության խնդիրը դարձավ Փաշինյան-Պուտին քննարկման առարկա (Թուրքիա-ՌԴ Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Կամիշլին չի ներառվել անվտանգության գոտում և գտնվում է Սիրիական կառավարության վերահսկողության տակ):

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ, ցավոք, Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հայկական համայնքի ներկայացուցիչների անվտանգության ապահովման ՀՀ գործիքակազմը խիստ սահմանափակ է: Սակայն, մի կողմից ՌԴ հետ ակտիվ համագործակցությունը, մյուս կողմից՝ միջազգային հանրության ուշադրության հրավիրումը Սիրիայում Թուրքիայի և նրա հովանավորյալ ուժերի կողմից իրականացվող հանցագործությունների վրա, կարող են նպաստել այդ շրջաններում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար հնարավոր ռիսկերի նվազեցմանը:

 

Արփինե Հովսեփյան

http://armenpress.am/arm/news/994988/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here