Ամերիկեան Ամպերի Կուտակում` Անգարայի Եւ Պաքուի Քաղաքական Երկնակամարում

0
225

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Խօսքս, քա՛ւ լիցի, զուտ մթնոլորտային երեւոյթի մասին չէ: Տարուայ այս շրջանում եղանակը մշտապէս յարափոփոխ է թէ՛ Անգարայում, թէ՛ Պաքւում: Այն մերթ բարեխառն է, մերթ ամպամած ու անձրեւային: Մի խօսքով` աշնանային: Բնութիւնն ամէնուրեք իր աւանդական տարերքի մէջ է, եւ ամպերի կուտակումներն այս կամ այն վայրում`  սպասելի, թէ անսպասելի,  բնականոն գործընթացի արդիւնք են: Առաւել եւս` հազիւ թէ այնպիսի մի հեռաւոր մայրցամաքից, ինչպիսին Ամերիկան է, բնութեան խելքին փչի աշնան այս օրերին լրացուցիչ ամպեր ուղարկել ոչ այլուր, քան, հայկական հեքիաթների ասած, «եօթը ծովից ու եօթը սարից այն կողմ»:

Բայց խօսքս քաղաքական երկնակամարի մասին է: Այո՛, հէնց այդպէս. ամերիկեան ամպերը կուտակուած են Անգարայի եւ Պաքուի յատկապէս քաղաքական երկնակամարում ու  դոյզն իսկ կապ չունեն բնութեան տարերքի հետ: Ինչպէ՞ս հնարաւոր է` կարող էք հարցնել: Պատասխանեմ` շատ հասարակ. պարզապէս Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը վերջերս` հոկտեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է բանաձեւ օսմանեան Թուրքիայում 1915-1923թթ. իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու մասին, ինչը եւ զօրեղ պատճառ է դարձել, որպէսզի իրենց «Մէկ ազգ` երկու պետութիւն» հռչակած այդ երկու թուրքական պետութիւնների մայրաքաղաքների քաղաքական երկնակամարը մէկէն սեւակնի: Ընդ որում` ոչ թէ սովորական անձրեւաբեր, ինչը երեւի թէ  երկու չարեաց փոքրագոյնը կը լինէր թէ՛ Անգարայի եւ թէ՛ Պաքուի համար, այլ` միանգամից կարկտագոյժ կուտակումների տեսքով:

Ինչպէ՞ս կարելի է` Անգարայում զայրոյթից կարմրատակած բղաւում է նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը, սպասէք` թուրքական խորհրդարանը համարժէք պատասխան կը տայ:

«Կանխակալ եւ անարդար է Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի թիւ 296 բանաձեւը մտացածին «հայոց ցեղասպանութեան» մասին», որպէս համերաշխութեան նշան աւագ եղբօր հետ` նախագահ Իլհամ Ալիեւի հրահանգով Պաքւում աղաղակում է նրա աշխատակազմի արտաքին քաղաքականութեան հարցերով բաժնի վարիչը` ձայնակցելով, կամ ժողովրդական լեզուով ասած` դամ պահելով  Թուրքիայի նախագահի հին երգին, թէ` «քաղաքական գործիչները չէ, այլ պատմաբանները պէտք է ուսումնասիրեն այն ժամանակուայ իրադարձութիւնները»: Մի խօսքով` իսկը թուրք-ազրպէյճանական երգ` «Այ Լաչին, վայ Լաչին» մուղամի հանգով, որը, երեւի թէ յիշում էք, 27 տարի առաջ սկսեց աղեկտուր հնչել եւ առ այսօր նոյն կերպ հնչում է Պաքուի մէյխանաներում` կապուած Արցախի պաշտպանութեան բանակի կողմից «Կեանքի ճանապարհի» բացման եւ այդ ռազմագործողութեան շրջանակներում 1992թ. մայիսի 17-ին Լաչին բնակավայրի ազատագրման իրողութեան հետ: Ի դէպ, այդ գիւղաքաղաքն Արցախը Հայաստանից արհեստականօրէն տարանջատող այն շրջանի կենտրոնն էր, որի համայնավար ղեկավարը,  եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, անձնագրով ազրպէյճանցի, մինչդեռ ծագումով` քուրտ մի ոմն Ռահիմով, ով պաշտօնի բերումով միաժամանակ ԱդրԽՍՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր էր, մինչ այդ` դեռեւս 1989-ին, ջանալով աւելի շատ ազրպէյճանցի երեւալ,   կարմրատակած յոխորտում էր խորհրդարանում. «Իմացած եղէք` Լաչինն արծիւ է, եւ ինչպէս թռչունն իր թեւով եւ օձն իր պորտով, ոչ մի հայ էլ չի անցնի Լաչինի տարածքով»: Ինչպէս ասում են` ականջդ կանչի, ազգուրաց Ռահիմով, ո՞ւր ես. Լաչինն այլեւս եւ յետայսու ընդմիշտ վերականգնել է իր հայկական պատկանելութիւնն ու պատմական անունը եւ կոչւում է Բերձոր` արդէն երրորդ տասնամեակն ի վեր ծառայելով որպէս Արցախը մայր հայրենիքի հետ կապող պորտալար:

Բայց վերադառնանք մերօրեայ իրողութեանը` Միացեալ Նահանգների Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւին: Այդ յիրաւի պատմական որոշման օգտին, ինչպէս յայտնի է, քուէարկել է նիստի մասնակից քոնկրեսականներից 405-ը, իսկ դէմ` ընդամէնը 11 հոգի, ձեռնպահ` 3-ը, 14 քոնկրեսական չի քուէարկել: Դէմ քուէարկած քոնկրեսականները ներկայացնում են Հանրապետական կուսակցութիւնը, որը, ինչպէս յայտնի է, աւանդաբար գերադասում է Թուրքիայի հետ յարաբերութիւնների առաջնահերթութիւնը:  Հնարաւոր է` զարմանալի թուայ, բայց ձեռնպահ քուէարկածներից երկուսը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցութիւնը:  Թէ ինչո՛վ է բացատրւում այդ քոնկրեսականների վարքագիծը` կարելի է դիտարկել նրանցից մէկի` Մինեսոթա նահանգից Ներկայացուցիչների պալատում ընտրուած Իլհան Օմարի օրինակով: Ի դէպ, Դեմոկրատական կուսակցութիւնից նա նաեւ միակ քոնկրեսականն էր, որ մէկ օր անց դէմ է քուէարկել  Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին պալատի` ընդունած օրինագծին` կապուած Սիրիայի հիւսիս-արեւելեան քրտաբնակ շրջաններ Անգարայի ռազմական ներխուժման հետ: «Ոսկանապատ.ինֆօ»  վերլուծական կայքից տեղեկանում ենք, որ ամերիկեան «Տէյլի Քոլըր» պարբերականը, լրագրողական հետաքննութիւն անցկացնելով քուէարկութիւնների տաք հետքերով, պարզել է, որ ծնունդով Սոմալիից այդ 38-ամեայ քոնկրեսականը, որ Միացեալ Նահանգների քաղաքացիութիւն է ստացել հազիւ երկու տասնամեակ առաջ, իր կատարած թուրքամէտ քուէարկութիւնների համար ֆինանսական պարգեւ է ստացել մի լոպիստական կառոյցից, որը կապուած է Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ: Ըստ հետաքննութեան արդիւնքների, Օմարի «ծառայութիւնները», որոնք նա մատուցել է Էրտողանի վարչախմբին` ընդամէնը գրոշներ են արժեցել վերջինիս համար: «Տէյլի Քոլըր»-ի ձեռք բերած  հաշուետուութիւնները վկայում են, որ ի նպաստ թուրքական կառավարութեան եւ անձամբ Էրտողանի գործունէութիւն ծաւալող Թուրք-ամերիկեան ղեկավար կոմիտէի (TASC) ղեկավար Խալիլ Մութլուն, որ, ի դէպ, Էրտողանի մերձաւոր ազգականն է, հակաթուրքական քուէարկութիւնների նախաշեմին Օմարին փոխանցել էր ոչ աւել, ոչ պակաս… 1500 տոլարի գումար: TASC-ի լրատուական կայքում յայտնաբերուել է նաեւ Իլհան Օմարի լուսանկարն Էրտողանի նոյն այդ ազգական Խալիլ Մութլուի`  իր «մեկենասի» հետ, նկարի տակ դրուած հետեւեալ գրութեամբ. «Դոկտոր Մութլուն երախտագիտութիւն է յայտնել այն մշտական աջակցութեան համար, որ Օմարը ցուցաբերում է թուրք ամերիկացիներին եւ ամերիկացի մահմետականներին»:  Իբրեւ արդարացում` Օմարը յայտարարել է, թէ իր որոշումը յետաձգել է մինչեւ «ակադեմական կոնսենսուսը», եւ որ ցեղասպանութեան ճանաչումը պէտք չէ օգտագործուի որպէս քաղաքական պայքարի մահակ եւ գործընկերներին կոչ է արել որպէս ցեղասպանութիւն սկզբում ճանաչել  ստրուկների անդրովկիանոսեան առեւտուրը եւ ամերիկացի հնդիկների բնաջնջումը: Դրանից յետոյ Հայոց ցեղասպանութեան ճանաչման կողմնակիցներն Օմարին յիշեցրել են, որ նա, փաստօրէն, նոյնութեամբ կրկնում է այն քարոզչական գաղափարները, որոնք  առաջ է մղում Թուրքիայի կառավարութիւնը:

Այնուամենայնիւ, ուշագրաւ  է, որ Հայոց ցեղասպանութեան բանաձեւին կողմ  քուէարկածների մէջ համաժամանակ թէ՛ հանրապետական եւ թէ՛ դեմոկրատ օրէնսդիրներն են, որոնք Միացեալ Նահանգների ներքաղաքական գործընթացներում քիչ է ասել` անհաշտ են, աւելի՛ն, ակնյայտ հակադիր են միմեանց, մանաւանդ` նախագահ Տոնըլտ Թրամփի վարած քաղաքականութեանը վերաբերող հարցերում: Բայց ահա հայկական հարցում նրանք գրեթէ բոլորն էլ դրսեւորել են նախանձելի միասնականութիւն, ինչը զարմանք, եթէ չասեմ` ապշանք  է յարուցել ոչ միայն բուն երկրում, այլեւ` նրա սահմաններից դուրս:

Կարելի է ենթադրել, ինչո՞ւ չէ` նաեւ պնդել, որ ամերիկացի քոնկրեսականների դրսեւորած գրեթէ միահամուռ համերաշխութեան համար վճռական խթան է հանդիսացել յանդգնութեան սահմանները կոխկռտած Թուրքիայի ներկայիս վարքագիծը, որը Ուաշինկթընի քաղաքական շրջանակներում, ընդհուպ անգամ նախագահ Թրամփի մօտ թողնում է ՕԹԱՆ-ի գծով ռազմավարական դաշնակցին ոչ յարիր ու, բնականաբար, պատժի ենթակայ կեցուածքի տպաւորութիւն: Այս առումով, համոզուած եմ, միանգամայն իրատեսական է գրչակից ընկերոջս` «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանի այն եզրայանգումը, թէ` «Քաղաքագիտական այբուբենը յիշեցնում է, որ  երկկողմ ուղղութիւնների  շահերի բախման կամ  համընկնման կէտերի հատման պահի օգտագործումը երրորդ կողմի համար ստեղծում է նպաստաւոր պայման` առաւելութիւն ձեռք բերելու համար: Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակը փաստօրէն քաղաքական արուեստի տիրապետման փաստ հրամցրեց եւ ճիշդ պահին խփեց թիրախին»:

Ուաշինկթըն-Անգարա շահերի խաչմերուկում ներկայումս, իրօք, առաւել քան շատ են նման նպաստաւոր, բախումնայարոյց պահերը:

Յիշենք Սեւ ծովի ընդերքով դէպի Թուրքիա ձգուող  ռուսական Հարաւային կազամուղի տակաւին թերաւարտ շինարարութեան խնդիրը, որին կտրականապէս դէմ է պաշտօնական Ուաշինկթընը, բայց որին Անգարան յանդգնել է ամենայն կերպ աջակից լինել:

Յիշենք Թուրքիայի կողմից ռուսական արտադրութեան Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերման փաստը, ինչի դէմ վճռականօրէն հանդէս են գալիս թէ՛ Միացեալ Նահանգները եւ թէ՛ ՕԹԱՆ-ի նրա միւս դաշնակիցները` պնդելով, որ այդ կայանքները չեն համապատասխանում Դաշինքի հակաօդային պաշտպանութեան գործիքակազմին, աւելի՛ն, մեծապէս խաթարում ու վտանգում են նրա յուսալիութիւնը:

Յիշենք Սիրիայի հիւսիսարեւելեան հատուածում թուրքական զինուժի վերջերս ձեռնարկած «Խաղաղութեան աղբիւր» կոչեցեալ ռազմագործողութիւնը` ուղղուած Միացեալ Նահանգների հովանու ներքոյ յայտնուած քրտական ուժերի դէմ եւ այդ գործողութեան ընթացքում տարազգի խաղաղ բնակչութեան, այդ թւում, նախ` յատկապէս քրտերի, ապա եւ ալեւիների, հայերի, ասորիների, արամէացիների նկատմամբ գործադրուող հաշուեյարդարները:

Յիշենք նախագահ Էրտողանի անդադար սպառնալիքները Թուրքիայի տարածքում ժամանակաւորապէս ապաստանած միլիոնաւոր սիրիացի փախստականների առջեւ Եւրոպայի դարպասները բացելու եւ եւրոպական երկրները ներգաղթեալների հզօր հոսքով հեղեղելու հաւանականութեան մասին: Յիշենք, որ վերջին մի քանի տարում Անգարայի յարաբերութիւնները, աւելի ճիշդ կը լինէր ասել` միջպետական սիրախաղերը  շատ աւելի սերտ են Մոսկուայի, քան ՕԹԱՆ-ի գծով նրա դաշնակից մայրաքաղաքների հետ, իսկ Անգարա-Մոսկուա, Անգարա-Սոչի օդային ուղիները նախագահ Էրտողանի համար պարզապէս դարձել են, այսպէս ասած, ջրի ճանապարհ, ինչը չի կարող խանդի ու դրանից բխող զայրոյթի տեղիք չտալ Ուաշինկթընին ու Պրիւքսելին, Արեւմուտքի միւս կենտրոններին:

Այս ամէնը` մի կողմից: Միւս կողմից` Ներկայացուցիչների պալատի անդամները, ընդ որում, դատելով քուէարկութեան արդիւնքներից, ոչ սպառիչ բոլորը, ասենք` նրանց ջախջախիչ մեծամասնութիւնը, երեւի թէ սկսել են խղճի խայթ զգալ իրենց մեծաթիւ հայազգի ընտրողների առջեւ: Կարելի է, ի հարկէ, դա ռոմանթիք դիտարկում համարել, բայց, այնուամենայնիւ, ճշմարտութիւնից այնքան էլ հեռու չէ, որ ամերիկեան քաղաքական վերնախաւը հետզհետէ յանգում է այն ողջախոհ գիտակցութեան, որ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ապրած ողբերգութիւնը` Արեւմտեան Հայաստանում եւ օսմանեան Թուրքիայի այլ տարածքներում իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը, փաստօրէն, երկրի տարբեր ժամանակների կառավարիչների կողմից յանիրաւի շահարկուել է որպէս տարաբնոյթ միջպետական գործարքների առարկայ, ինչը բարոյական ծանր բեռ է դարձած պետութեան համար եւ ինչը թօթափելու միակ ձեւն ու միջոցը Միացեալ Նահանգներին ի սկզբանէ քաջ յայտնի  պատմական ողջ ճշմարտութիւնը պաշտօնապէս ընդունելն ու ճանաչելն է` որպէս այլեւս անյետաձգելի օրակարգային խնդիր ու հրամայական: Առաւել եւս որ ակնյայտ առկայ է  նաեւ խնդրի լուծման այնպիսի մի ներքաղաքական նախադրեալ, ինչպիսիք են Միացեալ Նահանգների 49 նահանգի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման իրողութիւնը եւ համարժէք վերաբերմունքի նրանց պահանջ-կոչը դաշնային իշխանութիւններին:

Քա՛ւ լիցի, չեմ ուզում սառը ցնցուղի տակ առնել մեր աշխարհասփիւռ հայրենակիցների եւ անձամբ իմ այն տաք յոյսերը, թէ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւն անյապաղ համարժէք արձագանգ կը գտնի նաեւ ամերիկեան Քոնկրեսի վերին պալատում` ծերակոյտում եւ յաջորդիւ` Սպիտակ տանը: Բայց, այնուամենայնիւ… արցախեան առածն ասում է` «Պառաւը գիտկան չի, գլխին եկած ա»: Իսկ որ մեր ժողովուրդն առաջին անգամը չէ, որ  ապրում է այս օրերին բոլորիս համակած  ոգեւորութիւնը, ինչին, այնուամենայնիւ, ամէն անգամ յաջորդել է խոր հիասթափութիւնը, կարծում եմ, տեղեակ ենք ազգովի: Պատմութեան տխուր էջերը, ցաւօք, կրկնուելու սովորութիւն ունեն:

Միացեալ Նահանգների բոլոր ժամանակների իշխանութիւններն էլ, փաստօրէն, ի սկզբանէ քաջատեղեակ էին եւ են անցած դարասկզբի եղերական իրադարձութիւններին, ինչը վերահաստատւում է նաեւ բանաձեւի շարադրանքում, որտեղ Մեծ եղեռնի իրողութիւնները եւ դրանց նկատմամբ ամերիկեան պետական դիրքորոշման տարաբնոյթ դրսեւորումներն արձանագրուած են թէ՛ ժամանակագրօրէն եւ թէ՛ պատճառահետեւանքային կուռ կապի մէջ` յստակ, անմիջականօրէն եւ կամ տողատակի պարունակներով:

Ներկայացուցիչների պալատի որոշումը վերահաստատում է այն իրողութիւնը, որ  Միացեալ Նահանգները քանիցս պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը. ծերակոյտի ընդունած զանգուածային սպանութիւնները դատապարտող բանաձեւերում,  1951թ.` «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» համաձայնագրի առնչութեամբ Միջազգային դատարան Միացեալ Նահանգների կառավարութեան ուղարկած գրաւոր յայտարարութեան մէջ, 1975 եւ 1984 թուականներին Ներկայացուցիչների պալատի, 2000թ. նոյն պալատի Միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի ընդունած բանաձեւերում, նախագահ Ռոնալտ Ռիկընի  1981թ. ապրիլի 22-ի ոգեկոչման հռչակագրում:

Բայց փաստ է նաեւ, որ նոյն Ռիկընի վարչակազմը, այդ հռչակագրի հրապարակումից յետոյ անգամ, կտրականապէս դէմ է արտայայտուել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող Քոնկրեսի բանաձեւերին: Առհասարակ, Ռիկընին  յաջորդած ամերիկացի բոլոր նախագահներն էլ ապրիլի 24-ի ոգեկոչման իրենց յայտարարութիւններում մշտապէս խուսափել են օգտագործել ցեղասպանութիւն եզրոյթը:

Թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս` որոշակի լոյս է սփռում նաեւ «Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանի  «Գաղտնի փաստաթուղթը բացայայտում է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան միջամտութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը» յօդուածը: Հրապարակուած լինելով հայկական տպագիր մամուլում եւ ելեկտրոնային լրատուամիջոցներում, այդ թւում` «Ազդակ» օրաթերթում, այն կրկին յիշեցնում է հայ ժողովրդական իմաստնութիւնը, թէ`  «Մախաթը պարկի մէջ չես թաքցնի»:

Երեւի թէ չարժէ եւս մէկ աւելորդ անգամ մանրամասն անդրադառնալ հրապարակման պարունակած աղմկայարոյց տեղեկատուութեանը: Պարզապէս նշեմ, որ 2000թ. հոկտեմբերի 2-ի թուագրութեամբ այդ փաստաթուղթն իրականում վերահաստատում է քաղաքական վերլուծաբանների տեսակէտն  առ այն, թէ չի բացառւում, որ այս անգամ եւս Սպիտակ տունը ջանքեր գործադրի  արգելափակելու համար Հայոց ցեղասպանութեան համապետական ճանաչումը` որպէս առաջնահերթ խնդիր կարեւորելով Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակցի իր յարաբերութիւնները: Անգամ` եթէ Ներկայացուցիչների պալատի օրինակով համարժէք բանաձեւ ընդունեն նաեւ Քոնկրեսի ծերակուտականները: Հայ դատի արդիւնաւէտ լուծումն ամերիկեան վարչակազմը, տակաւին նախագահ Քլինթընի ժամանակներից ի վեր, տեսնում էր եւ է ժամանակի պատմաքաղաքական իրադարձութիւնների համատեղ լրացուցիչ ուսումնասիրման եւ դրա հիման վրայ փոխհամաձայնեցուած եզրայանգման ծիրում, ինչը, ըստ նրա, հարկ եղած հունի մէջ կը դնի երկու պետութիւնների ու ժողովուրդների հաշտեցման գործընթացը: Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան այդ նախաձեռնութիւնը, ինչպէս յայտնի է, կեանքի կոչուեց 2001թ. յուլիսին` «Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի» ստեղծմամբ, որը, ինչպէս նշւում է այդ հրապարակման մէջ, իրականում գործում էր Հայ դատին խոչընդոտելու համար, արտաքին գործերի նախարարութեան ֆինանսաւորմամբ` Թուրքիայի կառավարութեան հետ համատեղ: Արդիւնքում` հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նոր` «ֆութպոլային դիւանագիտութեան» փուլում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները 2009թ. հոկտեմբերի 10-ին  Ցիւրիխում ստորագրեցին արձանագրութիւններ, որոնցով նախատեսւում էր առանց որեւէ նախապայմանի դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բայց քանի որ Անգարան Պաքուի ճնշմամբ յամառօրէն շարունակում էր նախապայմանների պնդման իր քաղաքականութիւնը, ուստի եւ գործընթացը, ինչպէս որ սպասւում էր, անփառունակ վախճան ունեցաւ: Անշուշտ, նաեւ սփիւռքահայութեան զգալի ջանքերի շնորհիւ էր, որ Հայաստանը վերջապէս հրաժարուեց այդ գործընթացից` 2018թ. մարտի 1-ին չեղեալ յայտարարելով Ցիւրիխի արձանագրութիւնները:

Յաւարտ խօսքիս, անկախ այն յստակ տեսանելի կամ հազիւ նշմարելի  հեռանկարից, թէ Սպիտակ տունը վերջնականապէս կ՛ընդունի անցած դարասկզբի պատմական արդարութիւնը, միեւնոյնն է` Ներկայացուցիչների պալատի թիւ 296 բանաձեւը, անկասկած, աշխարհասփիւռ հայ ժողովրդի եւս մէկ առաջընթաց քայլն է  իր Համազգային դատի` Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում: Փոյթ չէ, ի հարկէ, որ մեր չարակամ հարեւանները, Անգարայում լինի, թէ Պաքւում, ահաւասիկ վայնասուն են բարձրացնում եւ կամ ատամ են կրճտացնում մեր դէմ: «Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանութեան ճանաչման լոյսի ներքոյ Միացեալ Նահանգների հայերը կարող են պատերազմական տուգանքներ պահանջել Թուրքիայից», ահազանգում է Թուրքիայի խորհրդարանի նախկին խօսնակ Ճեմիլ Չիչեքը: «Երեւանում մի պահ մոռացել են, որ Ա. Աշխարհամարտում նման խաղերը հայերի համար անչափ վշտալի են աւարտուել: Մինչդեռ պէտք չէ մոռանալ պատմութեան դասերը»: Իսկ սա արդէն դասական յոխորտանք է, որ այս օրերին հնչում է Պաքուից: Համոզուած եմ` սովորաբար յոխորտում են նրանք, որոնք սարսափ ունեն իրենց մէջ: Պէտք չէ կռահել, քանզի առաւել քան տեսանելի է, թէ ի՛նչ սարսափ է դա: Այո՛, հեռու չէ ամենեւին, եւ անպայման կը գայ Հատուցման ժամը, երբ միջազգային ճանաչում կը ստանայ նաեւ 1988-1990թթ. Ազրպէյճանի հայ ազգաբնակչութեան նկատմամբ իրագործուած ցեղասպանութիւնը: Այդ են խոստանում նաեւ Պաքուի քաղաքական երկնակամարում կուտակուած ամպերը: Ինչո՞ւ չէ` հնարաւոր է հէնց նոյն ամերիկեան ամպերը:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here