Գարեգին Նժդեհի Ուրուականը Պաքւում

0
140

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Երեւի թէ այլ կերպ հնարաւոր չէ բնութագրել այն հիւանդագին անհանգստութիւնը, որ ահա տարիներ ի վեր համակել է Ազրպէյճանի իշխանութիւններին` կապուած 20-րդ դարի հայ մեծանուն ռազմաքաղաքական  գործիչ ու իմաստասէր, բոլորիս համար անմոռաց ու անգնահատելի սպարապետ Գարեգին Նժդեհի անուան հետ: Դժուար է պատկերացնել, բայց իրականում այդպէս է` սուլթանապետութեան վերածուած այդ հանրապետութեան ողջ քաղաքական վերնախաւը, առանձնապէս սուլթան Իլհամ առաջին-վերջինը քնած թէ արթմնի կարծես թէ ժամանակակից սարսափ-ժապաւէնների ազդեցութեան տակ գտնուելիս լինեն, շարժանկարներ, որոնց գլխաւոր հերոսն այս անգամ գերմարդի հագ ու կապով Գարեգին Նժդեհն է: Ինչպէս անցեալ դարի երկրորդ տասնամեակի վերջերին էր, այսօր էլ նա մերթ Արցախում է իր քաջազուն զօրքով, մերթ` Զանգեզուր-Սիւնիքում` ամէնուրեք ջարդուխուրդ անելով հայ ժողովրդի դէմ ելած թշնամական հրոսակներին` ամէն մի հերթական ջարդից յետոյ ազդու սաստելով մարտադաշտից ճողոպրող ելուզակներին. «Սա Հայաստան է եւ վերջ»:

Ընդունուած կարգ է` մարդիկ սովորութիւն ունեն վերապատմել իրենց տեսած շարժապատկերները կամ երազները` հարեւանին լինի, թէ փողոցում հանդիպած ոեւէ ծանօթ-բարեկամի, հիւր ընդունելիս կամ մէկ ուրիշի հիւրընկալ տանը: Ասում են, որ դա բացառապէս քաղքենիներին յատուկ սովորութիւն է: Գուցէ եւ  այդպէս է: Բայց պարզւում է` ոչ բոլոր դէպքերում: Ինչո՞ւ չէ` այդպիսիք կան  նաեւ քաղաքական ու պետական գործիչների շրջանում: Անգամ` բարձրաստիճան պաշտօնեաների, նոյնիսկ` պետութիւնների առաջին դէմքերի միջավայրում:

Հեռուն չգնանք: Հէնց այդպիսիներից է Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը: Իր բոլոր հին ու նոր յոռի յատկանիշների շարանին նա վերջին տարիներս աւելացրել է եւս մէկը` տեսած սարսափ-ժապաւէններն ու երազներն ուրիշներին պատմելու-վերապատմելու սովորութիւնը եւս: Անկախ նրանից` միջազգային միջոցառումներում է, թէ այս կամ այն օտարերկրեայ գործչի հետ հանդիպման ժամանակ: Օրինակնե՞ր: Ինչքան ուզէք: Հէնց միայն Գարեգին Նժդեհին առնչուող նրա վերջերս յաճախակի կրկնուող նոյնատիպ երազացութիւնը բաւական է իմ ու ձեր հետաքրքրութիւնը լիուլի բաւարարելու համար:

Յիշենք հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխապատում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում նրա սադրիչ յայտարարութիւնն առ այն, թէ իբր Հայաստանում հերոսացնում են ֆաշիստներին եւ որպէս երեւոյթի արտայայտութիւն` Երեւանի կենտրոնում կանգնեցուած է, իր իսկ ցնորական բնորոշմամբ, «ֆաշիստական դահիճ եւ դաւաճան Գարեգին Նժդեհի յուշարձանը»: Եւ քանի որ նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ուստի եւ նա ստիպուած էր անյապաղ կոշտ հակադարձել` նշելով, որ Նժդեհը պայքարել է թուրքերի, ոչ թէ Խորհրդային Միութեան դէմ. «Իլհամ Ալիեւի խօսքից այն տպաւորութիւնն է ստացւում, թէ ընդհանրապէս այդ պատերազմում Հիթլերը երկրորդական դերակատարութիւն է ունեցել, եւ նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականութիւնն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի` թուրքական բռնագրաւման դէմ, պայքարում էր հայերի ցեղասպանութեան դէմ, որը կազմակերպել էին թուրքերը»:

Ի հարկէ տեղին կը լինէր նիստում յիշեցնել Իլհամ Ալիեւին, որ իրականում Ազրպէյճանում են մեծարում ու հերոսացնում ֆաշիստական խամաճիկներին եւ առաջին հերթին` Մուսաւաթ ազգայնական կուսակցութեան հիմնադիր-առաջնորդ, անցած դարասկզբի  տխրահռչակ Ազրպէյճանի դեմոկրատական հանրապետութեան  խորհրդարանի նախագահ, իր  հայատեաց քարոզչութեամբ քաջ յայտնի, մինչեւ ուղն ու ծուծը  փանթուրքիստական, փանիսլամիստական ծաւալապաշտ գաղափարաբանութեամբ ներծծուած Մամետ Էմին Ռասուլզատէին, ով իր հրապարակումներում առաջ էր մղում թուրքերի ազգային բացառիկութիւնը` երբեմն ծայրայեղ ցեղապաշտութեան դրսեւորումներով: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռասուլզատէին ազրպէյճանական տարագրութեան այլ անդամների հետ հրաւիրել էին Պերլին` Գերմանիայի նացիստական կառավարութեան հետ բանակցութիւնների: Դրանց արդիւնքում որոշուել էր, որ նա գլխաւորելու է Գերմանիայում ազրպէյճանական ներկայացուցչութիւնը: Անցնելով իր լիազօրութիւնների կատարմանը` Ռասուլզատէն ի պաշտօնէ եւ անձնապէս մասնակցում էր գերմանական բանակի կազմում ազրպէյճանական լեգէոնի ստեղծման աշխատանքներին: Ինչպէս գրում է ամերիկացի պատմաբան Ալեքսանտր Տալլինն իր «Գերմանական գերիշխանութիւնը Ռուսաստանում, 1941-1945» աշխատութեան մէջ, Ատոլֆ Հիթլերը չէր վստահում հայկական եւ վրացական լեգէոններին, յուսալի էր համարում միայն ազրպէյճանականը: Երրորդ ռայխի առաջնորդի անվստահութիւնը հիմնուած էր այն լուրերի վրայ, ըստ որոնց, հայկական լեգէոնի ներկայացուցիչներն օգնում են հրեաներին ու խորհրդային գերիներին փախչել համակենտրոնացման ճամբարներից: Մինչդեռ ազրպէյճանական լեգէոնը  բաւականին յարգուած էր նացիստական կառավարութեան կողմից: Ուստի եւ նրան վստահուեցին Լեհաստանի դէմ 1944թ. զինուած գործողութիւնները: Իսկ ահա Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայութեան զօրավար Լեւ Սոցկովն իր «Անյայտ անջատողականութիւն» աշխատութեան մէջ գրում է, որ Ռասուլզատէն անմիջական կապ ունէր Կարմիր բանակի դէմ խափանարարների ուղարկման գործընթացի հետ:

Ազրպէյճանում Ռասուլզատէն, փաստօրէն,  ազգային հերոս է համարւում: Նա պատկերուած է ազրպէյճանական արժոյթի` 1000 մանաթի թղթադրամի վրայ: Նրա պատուին յուշարձաններ են կանգնեցուած իր ծննդավայրում` Նովխանա ծովափնեայ աւանում, Գեանջա (Գանձակ) եւ Զաքաթալա քաղաքներում: Ռասուլզատէի անուն են կրում Պաքուի փողոցներից մէկը, ինչպէս նաեւ մայրաքաղաքի նախկինում հոծ հայաբնակ, 1990-ի յունուարից լրիւութեամբ հայաթափուած արուարձաններից մէկը` Կիրով աւանը: Նրա  յուշարձանը տեղադրուած էր նաեւ Պաքուի մեթրոյի «Ուլտուզ» կայարանի մօտ, սակայն 2015թ. Իլհամ Ալիեւի հրամանով այն հանուել է եւ փոխարինուել վերջինիս հօր` Հայտար Ալիեւի յուշարձանով: Սակայն դա աւելի շատ կապուած էր աւագ Ալիեւին է՛լ աւելի հերոսացնելու, այլ ոչ թէ Ռասուլզատէի դերը նսեմացնելու հետ: Իսկ ահա 2014թ. Ազրպէյճանի նախագահի հրամանով Ազրպէյճանում մեծ շուքով նշուել է Ռասուլզատէի ծննդեան 130-ամեակը:

Երեւի թէ Հայաստանի վարչապետը վերոյիշեալ նիստին, հնարաւոր է, կա՛մ լրիւութեամբ չէր տիրապետում հարկ եղած փաստական նիւթին եւ կա՛մ, չի բացառւում, արժանապատիւ չի համարել նոյնպէս դիմել հարեւան երկրի նախագահի օգտագործած քարոզչական զէնքին` զազրախօսութեանը, ուստի եւ փաստարկուած չի բարձրաձայնել, որ Ազրպէյճանը չտեսնելով իր իսկ աչքի գերանը` «չի յիշում» Հիթլերի հետ համագործակցած իր առ այսօր փառաբանուող հերոսին:

Եւ քանի որ Աշխապատի նիստի բանավէճից Իլհամ Ալիեւի բերանում դեռեւս, այսպէս ասած, շիրայ էր մնացել, նա Գարեգին Նժդեհի ուրուականին առնչուող միեւնոյն սարսափ-երազը վերյիշեց նաեւ շուրջ երեք շաբաթ անց` հոկտեմբերի 30-ին, Պաքւում, այս անգամ այն վերապատմելով ԱՊՀ երկրների պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին: «Ես հրաւիրել եմ թէ՛ պետութիւնների եւ թէ՛ Հայաստանի նոր ղեկավարութեան ուշադրութիւնն առ այն, որ դա անթոյլատրելի է ԱՊՀ տարածքում եւ Հայաստանի նոր ղեկավարութիւնը պէտք չէ իրեն զուգակցի ֆաշիզմի հերոսականացման հետ», յայտարարել էր նա` յաւելելով, թէ «Երեւանում տակաւին հանուած չէ Գարեգին Նժդեհի  յուշարձանը»:

Ինչ խօսք, հազիւ թէ Ազրպէյճանի նախագահը տեղեակ չէ ֆաշիզմին ծառայելու ասպարէզում իր իսկ հայրենակիցների «հերոսական» արարքներին: Առաւել եւս, որ բազմաթիւ եւ անժխտելի են այդ իրողութեան ապացոյցները: Իրականում ազրպէյճանցիները նացիստական Գերմանիայի բանակի` վերմախտի կազմում գործուն մասնակցութիւն են ունեցել Խորհրդային Միութեան դէմ մղուած պատերազմին:

Յայտնի է, որ ազրպէյճանական լեգէոնը հիմնուել է 1941թ. եւ նախապէս «Կովկասեան-մահմետական» լեգէոն էր կոչւում, քանզի նրա կազմի մէջ, բացի ազրպէյճանցիներից, մտնում էին նաեւ Տաղստանի բնակիչները: Բայց 1942թ. լեգէոնում այնքան էր աճել ազրպէյճանցիների թուաքանակը, որ որոշուեց ստեղծել առանձին ստորաբաժանում` ազրպէյճանական լեգէոն, որի կազմաւորմանը Ռասուլզատէի հետ մէկտեղ մասնակցում էին տարագիր մուսաւաթականների «ազրպէյճանական կառավարութեան» միւս անդամները` Խալիլ Խասմամետովը, Շաֆի Ռուսթամպէյլին, Նաղի Շէյխզամանլին, Ֆուատ Էմիրճանը եւ ուրիշներ:  Բաւական է ասել, որ ազրպէյճանական լեգէոնն իր մէջ ներառում էր հիմնականում հետեւակային ու լեռնահրաձգային նշանակութեան քսան գումարտակ եւ երեք առանձին գնդեր: Եթէ փորձենք հաշուարկել այդ զօրամասերի անձնակազմերի հաւաքական թուաքանակը` հիմք ընդունելով, որ, համաձայն ընդունուած կարգի, մէկ գումարտակի համալրումը կազմում է 300-370, իսկ սովորաբար իր կազմում 3 գումարտակ ունեցող մէկ գնդինը` աւելի քան 1000 զինուոր ու  սպայ, ապա պատկերացնել միայն կարելի է, վերմախտի ազրպէյճանական լեգէոնը, ընդհանուր առմամբ, բաղկացած էր  առնուազն 100 հազար զինուորականից: Անշուշտ դժուար չէ ենթադրել, որ ազրպէյճանցի կարմիրբանակայինները, ի տարբերութիւն ռազմաճակատ զօրակոչուած ԽՍՀՄ այլ ժողովուրդների ներկայացուցիչների, բառիս բուն իմաստով, անհամեմատ զանգուածայնօրէն էին գերի յանձնւում Խորհրդային Միութիւն ներխուժած ֆաշիստական զաւթիչներին, մանաւանդ պատերազմի ամենաաղէտալի շրջանում` 1941-1942թթ.:  Բանն այն է, որ Բ. Աշխարհամարտի տարիներին գործող բանակ էր զօրակոչուել Ազրպէյճանի ազրպէյճանական ազգութեան քաղաքացիների (ըստ 1939թ. մարդահամարի տուեալների` 1 միլիոն 870 հազար 471 շունչ) 18 տոկոսը կամ 1000-ից 19-ը, մօտաւորապէս` 343 հազար մարդ: Նրանց մի զգալի մասը,  թէ ստոյգ քանի հոգի` յայտնի չէ, մարտական գործողութիւնների ընթացքում գերի է յանձնուել: Բայց երբ համեմատում ես ազրպէյճանցի զօրակոչուածների եւ լեգէոնականների թուաքանակները, պարզւում է, որ դրանցից առաջինների ընդհանուր թուի առնուազն մէկ երրորդը, փաստօրէն, որպէս լեգէոնական` ծառայում էր գերմանական վերմախտում:

Ազրպէյճանցի «քաջարի» լեգէոնականներն առանձնապէս «աչքի են ընկել» Վարշաւայի ապստամբութիւնը ճնշելու ժամանակ, որ տեւեց 1944թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը: Այդ  պատժիչ գործողութեանը մասնակցում էին գերմանական վերմախտի ազրպէյճանական լեգէոնի 111-րդ գնդի երկու հետեւակային գումարտակներ:  Համաձայն բաց աղբիւրների տուեալների, դրանք ոչ միայն մասնակցել են լեհերի ապստամբութեան ճնշմանը, այլեւ` Վարշաւայի Վոլեա շրջանի բնակչութեան զանգուածային կոտորածին, ինչի պատճառով զոհուել են շուրջ 40 հազար խաղաղ բնակիչներ: Ընդ որում` ոչ միայն լեհ քաղաքացիներ, այլեւ` կեթոներում պարփակուած հազարաւոր հրեաներ:

Ուստի, կարծում եմ, տեղն է յիշեցնել Ազրպէյճանի նախագահի հերթական երազացութիւնը, այս անգամ` Պաքուի իր նստավայրում, Սիմոն Վիզենթալի Կենտրոնի համահիմնադիր եւ փոխնախագահ, հրեայ կրօնական գործիչ, ռաբին Աբրահամ Կուպերի եւ Միացեալ Նահանգների քրիստոնէական  առաջնորդների Քոնկրեսի ղեկավար, աւետարանչական հոգեւոր գործիչ Ճոնի Մուրի օրերս կայացած ընդունելութեան ընթացքում: Զրոյցի թեման, դժուար չէ կռահել, դարձեալ «արջի եօթ երգն էր մեղրի մասին»: Հիասթափուած լինելով այն անհաղորդ վերաբերմունքից, որ ԱՊՀ երկրների ղեկավարներն Աշխապատում, իսկ պաշտպանութեան նախարարները Պաքւում ցուցաբերեցին Գարեգին Նժդեհի Երեւանի յուշարձանի մասին իր սադրիչ յայտարարութեան նկատմամբ, Իլհամ Ալիեւն այս անգամ կարծես թէ բաւական յարմար ու թեմայի առնչութեամբ գերզգայուն ունկնդիրներ էր յայտնաբերել: Ինչ խօսք, որպէս վայել է ազրպէյճանական աւանդական  սնապարծութեանն ու կեղծաւորութեանը, նա, նախ, յատուկ շեշտեց, որ Ազրպէյճանը բազմադաւան եւ բազմազգ երկիր է, որտեղ լիարժէք ապրելու ու գործելու լայն հնարաւորութիւններով են օժտուած անխտիր բոլոր ազգերի քաղաքացիները, այդ թւում, անկասկած, հրեաները: Ի հարկէ, ի տարբերութիւն հարեւան Հայաստանի, «որը միազգ պետութիւն է, քանզի միւս ազգային խմբերը վտարուել են»: «Ես լսել եմ, որ Հայաստանում իբր թէ հրէական համայնքի ղեկավար կայ, սակայն նրա ազգանունը կարծեմ Կարապետեան է, թէ Վարապետեան: Մի խօսքով, այնտեղ ո՛չ հրեաներ կան, ո՛չ էլ ազրպէյճանցիներ»: Սա, ի հարկէ, նրա, այսպէս ասած, մարտից առաջ սովորաբար կատարուող «հրետանային նախապատրաստութիւնն» էր: Ապա, ինչպէս որ սպասւում էր, յաջորդեց իսկական մարտը: Ալիեւի խորհրդականները երեւի թէ նախապէս հասկացրել էին նախագահին, որ Երուսաղէմում եւ Վիեննայում գործող Վիզենթալի հիմնարկը տասնամեակներ ի վեր զբաղւում է ոչ միայն Ողջակիզման եղերական իրադարձութիւնների ուսումնասիրութեամբ, այլեւ` աշխարհի տարբեր ծայրերում ֆաշիստ յանցագործների յայտնաբերմամբ: Ուստի եւ, ձգտելով ձեռքից բաց չթողնել այդ բարեպատեհ առիթը, նա այս անգամ որոշել էր խփել ուղիղ նշանակէտին: «Այդ մարդը, նկատի ունենալով Գարեգին Նժդեհին, ասել է նա, մասնակցել է տարբեր ազգութիւնների ներկայացուցիչների, այդ թւում` հրեաների եւ այլ մարդկանց սպանութեանը: Նա ձերբակալուել է, երկարաժամկէտ ազատազրկուել եւ մահացել Վլատիմիր քաղաքի բանտում: Ուստի մենք յուսով ենք, որ աշխարհի հրէական համայնքները կը միանան մեզ եւ Հայաստանի կառավարութեանը կը ստիպեն վերացնել այդ յուշարձանը»:

Յիշեցնեմ, որ այս տեղեկատուութիւնը քաղուած է Ազրպէյճանի պետական լրատուական գործակալութեան` «Ազերթաճ»-ի լրահոսից: Ուշագրաւ է, որ լրատուամիջոցը տեղեկատուութիւնն աւարտում է բացառապէս երկրի նախագահի խօսքով` չներկայացնելով հրեայ եւ աւետարանչական գործիչների, մանաւանդ որ առաւել եւս սպասում էր հիւրընկալ տանտէրը,  ռաբին Աբրահամ Քուփերի արձագանգը: Կարելի է ենթադրել, որ այս անգամ եւս, այսպէս ասած, դատարկ կրակոց էր եւ, որպէս այդպիսին,  անարձագանգ մնաց Իլհամ Ալիեւի սադրանքը, ինչպէս որ Աշխապատի եւ Պաքուի վերոյիշեալ նիստերում էր: Միակ հրէական արձագանգը, որ տարածուեց լրահոսում, հնչեց Երեւանից: «Բնաւ կարիք չունեմ ապացուցելու ո՛չ Ալիեւին, ո՛չ Ազրպէյճանին, ո՛չ էլ որեւէ մէկին մեր գոյութեան փաստը, յայտարարել է Հայաստանի հրէական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետեան-Ֆելերը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը:- Միակ բանը, որ ուզում եմ ասել. այնքան անկիրթ է պետութեան ղեկավարի յայտարարութիւնը, որը փորձում է «հրէական գործօնն» օգտագործել իր նպատակների համար, բայց հարկ չի համարել ճշդել ազգանունը` դրանով իսկ ի ցոյց դնելով իր քամահրանքը… Թէեւ կարծում եմ, որ պետութեան ղեկավարին վայել չէ զրոյց վարել այդ ձեւաչափով»:

Մի խօսքով, նախագահ Ալիեւն այս անգամ եւս մեն ու միայնակ մնաց հոգին տանջող իր սարսափ-երազների մէջ: Իսկ այդ երազներում դարձեալ ու դարձեալ ուրուականն է Գարեգին Նժդեհի, որ անցած դարասկզբին հայրենիքի պաշտպանութեան կոչով ի զէն ելած զանգեզուրցի հասարակ շինականների իր զօրքով ահեղ մարտեր էր մղում` ոչ մի կերպ թոյլ չտալով, որ ռուս պոլշեւիկների եւ մէկէն «պոլշեւիկացած» թուրքերի ու թուրք-թաթարների միացեալ հորդաները մայր հայրենիքից պոկեն, կտրեն հայոց պատմական Մեծ Սիւնիք նահանգը` նուիրաբերելու համար նորահռչակ արհեստածին Ազրպէյճանին` հայկական Նախիջեւանի եւ Արցախի հետ միասին: Առաջիններին այն օդ ու ջրի պէս պէտք էր  թուրքերի աջակցութեամբ դէպի մահմետական Արեւելք համայնավարական գաղափարների արտահանման, երկրորդներին` Մեծ Թուրանի ստեղծման համար յարմար միջանցք բացելու, երկու դէպքում էլ` սին ու անհեռանկար նպատակներով: Չյաջողուեց, ձախողուեց: Եւ «մեղաւորը» հէնց նա էր` նորագոյն պատմութեան հայոց սպարապետը` Լեռնահայաստանի արծիւ Գարեգին Նժդեհը: Ահա այդ էր Մեծ հայի միակ ու գլխաւոր «մեղքը», որ չկարողացան երբեւէ ներել ո՛չ խորհրդային իշխանութիւնները` մինչ ի մահ նետելով նրան բանտային զնդանները  եւ ո՛չ էլ Պաքու-Անգարաներում` ամենայն կերպ փորձելով սեւացնել Մարդ մարդու լուսաւոր կերպարը: Առանց միջոցների խտրութեան: Մերկապարանոց յերիւրանքով ու վայրահաչութեամբ, պատմական անժխտելի իրողութիւնների խեղաթիւրմամբ, թէ վայրագ բարբարոսութեան դրսեւորումներով: Իրենց իսկ ձեռքով, թէ այլազգի վարձու մոլագարների: Ինչպէս դա արուեց հէնց վերջերս` Ռուսաստանի հայահիմն եւ հայակերտ բնակավայրերից մէկում` Քրասնոտարի երկրամասի Արմաւիր քաղաքում, որտեղ քաղաքային Տումայի պատգամաւոր մի ստահակի ձեռքով պղծուեց Սուրբ Աստուածածնի Վերափոխման հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի պատուին տեղադրուած յուշատախտակը: Պատահական չէ, որ այդ պիղծ արարքի մասին վերը նշուած հանդիպմանը շրթունքները գոհունակութեամբ ծպծպացնելով էր իր հրաւիրեալ հոգեւորական հիւրերին պատմում Ազրպէյճանի վայ-նախագահը:

Այնուամենայնիւ, Գարեգին Նժդեհի Երեւանում վեր խոյացող յուշարձանը շարունակում է ուրուականի պէս հետապնդել Պաքուի քաղաքական վերնախաւին եւ առանձնապէս` Իլհամ Ալիեւին` քնած թէ արթմնի, անընդհատ յիշեցնելով, որ նա` հայ ժողովրդի հերոս որդին յաւէտ ապրում է, կայ ու կը լինի իրեն ծնած ու սնած ազգի սրտում ու հոգում: Ոչ միայն քարակերտ յուշարձանի, իր անունը հպարտօրէն կրող հրապարակների ու փողոցների, Երեւանի մեթրոյի կայարանի տեսքով: Աւելի՛ն. Գարեգին Նժդեհը որպէս սրտի զարկերակ մշտապէս տրոփում է հայրենի երկրի սահմաններում, Արցախի պաշտպանութեան դիրքերում նժդեհացած իւրաքանչիւր հայ զինուորի ու սպայի կրծքում:

Այնպէս որ, զուր են Ազրպէյճանի նախագահի եւ նրանց ջանքերը, որոնք բոլոր հնարաւոր եւ անհնարին միջոցներով ճգնում են հայոց պատմութեան էջերից, հայ ժողովրդի յիշողութիւնից ի սպառ ջնջել այս լուսաշող անունը` Գարեգին Նժդեհ, նա ինքը` մեծ սպարապետ, քաղաքական գործիչ, իմաստասէր Գարեգին Տէր Յարութիւնեանը, ում իմաստուն, հեռատես մտքի ու քաջ բազկի բարեբեր արգասիքը դարձաւ Լեռնահայաստանի հռչակումը, եւ ում անձնուէր ջանքերի շնորհիւ հայոց Մեծ Սիւնիքին չվիճակուեց Փոքր Սիւնիքի եւ Նախիջեւանի դառը ճակատագիրը եւ ընդմիշտ մնաց մայր հայրենիքի գորովալի գրկում` Հայաստանի կազմում: Այո՛, եթէ թէկուզ ժամանակաւորապէս, ինչպէս որ նա նախատեսել էր ի սկզբանէ,  չպահպանուէր, չմնար նժդեհեան Լեռնահայաստանը, չէր մնայ ու չէր լինի նաեւ Խորհրդային Հայաստանը` որպէս ԽՍՀՄ հիմնադիր միութենական հանրապետութիւն եւ, բնականաբար, չէր լինի մերօրեայ ազատ, անկախ, ինքնիշխան հայոց զուգապետութիւնը` Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը:

Ուրեմն, յաւե՛րժ փառք հայոց ազատարար զօրավարին` Սպարապետ Գարեգին Նժդեհին:

Արցախ
Յատուկ  «Ազդակ»-ի համար

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here