«Եւրոպական Երկրները Բաւարար Տեղեկացուած Չեն Ադրբեջանում Հայատեացութեան Երեւոյթի Մասին». Փաշինեան

0
231

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ատրպէյճանի մէջ մեծապէս տարածուած է հայատեացութեան երեւոյթը, իսկ եւրոպական երկիրները բաւարար չափով տեղեկութիւն չունին այդ մասին։ Այս մասին նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Corriere della Sera թերթին հետ հարցազրոյցին ընթացքին:

«Օրինակ, Եւրոպայի Լիգայի եզրափակիչին, որը տեղի ունեցաւ անցեալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում, այն ժամանակ «Արսենալ»ի, իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարեանը չկարողացաւ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եւրոպացի երկրպագուները կանգնեցուել են ոստիկանութեան կողմից: Մէկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալուել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործութիւն հանդիսացող մի երգ: Իսկ անցեալ տարի մենք ունեցել ենք դէպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թոյլ չի տրուել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպէ՞ս է այս իրավիճակը առնչւում Ադրբեջանի կառավարութեան պաշտօնական քաղաքականութեան հետ», նշեց Նիկոլ Փաշինեան:

Corriere della Sera-ի թղթակիցը յայտնեց, որ Ատրպէյճան հայերը կը մեղադրէ Լեռնային Ղարաբաղի համար ռազմական յարձակման մէջ՝ պնդելով, որ Հայաստանի վարչապետը յատկապէս կոշտ է: Այս դիտարկման Փաշինեան արձագանգած է վերյիշելով հայ սպայ Գուրգէն Մարգարեանի սպանութիւնը:

«Հայկական զինուած ուժերի սպայ Գուրգէն Մարգարեանը քնած ժամանակ կացնի հարուածներով սպաննուել է ադրբեջանցի սպայ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնւում էին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դէպքը տեղի է ունեցել 2004 թուականին: Հունգարիայում ցմահ բանտարկութեան դատապարտուելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտայանձնուեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունուեց որպէս ազգային հերոս, նրան ներում շնորհուեց նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, նա ստացաւ պաշտօնի բարձրացում եւ ապահովուեց Բաքւում բնակարանով», աւելցուց Նիկոլ Փաշինեան:

Այն դիտարկման, թէ պատմութեան եւ անոր նոյնիսկ սարսափելի հետեւանքներուն գիծով Հայաստանի ու Ատրպէյճանի արժեւորումները տարբեր են՝ վարչապետը նշեց, որ առկայ է հակամարտութիւն եւ անիկա պէտք է լուծուի:

«Երբ ես դարձայ վարչապետ, մի բանաձեւ առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է յայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատութիւնների արժանացայ: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պէտք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որեւէ լուծում կարող է կայուն լինել, եթէ հաշուի են առնուել հակամարտութեան երեք կողմերը: Ես յոյս ունէի, որ նախագահ Ալիեւը իմ յայտարարութեանը նման յայտարարութեամբ հանդէս կը գայ: Մէկ տարուց աւելի է՝ սպասում եմ, բայց դեռեւս լուր չունեմ այդ մասին: Եթէ դա տեղի ունենայ, մենք իրական առաջընթաց կ՛ունենանք բանակցութիւններում: Յոյսով եմ, որ եւրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կը խրախուսեն Ալիեւին՝ ընդունել այս բանաձեւը. Լեռնային Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կը հասկանայի, եթէ Ադրբեջանի նախագահը նախ եւ առաջ նշէր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կը լինէր», աւելցուց ան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here