Հայկազեան Հայագիտական Հանդէսը՝ մեծածաւալ նոր հատորով

0
178

Արծուի Բախչինեան

Պէյրութի Հայկազեան Հայագիտական Հանդէսի այս տարուայ հատորը (թիւ 39) աննախադէպ է նախ եւ առաջ մրցանիշային իր ծաւալով՝ 927 էջ։ Մի կողմից դրական է մեծ քանակութեամբ նոր հայագիտական նիւթերի մէկտեղումը մէկ յարկի տակ, միւս կողմից թուայնացած մեր դարում հաստափոր թղթէ հատորները նուազ գործնական են դառնում։ Ինչեւէ, հրապարակի վրայ ունենք եւս մէկ գիտական հատոր, որն ընդգրկում է ընդհանուր առումով 54 նիւթ՝ 48 յօդուած-ուսումնասիրութիւն, քննարկում եւ հրապարակում ու վեց գրախօսական՝ բացառեալ խմբագրականը եւ նախորդ հատորի շնորհանդէսների մասին մշտական լրատուն։ Հատորի նիւթերն ընդգրկում են հետեւեալ ոլորտները.- պատմութիւն (19), գրականագիտութիւն (8), մարդաբանութիւն (5), լեզուաբանութիւն, հնագիտութիւն, ազգագրութիւն (3ական), երաժշտագիտութիւն (2ական), տնտեսագիտութիւն, արուեստաբանութիւն, կինօգիտութիւն (1ական)։ Նիւթերը հայերէն են, միայն ութը՝ անգլերէն եւ մէկը՝ ֆրանսերէն։ Հեղինակների ճնշող մեծամասնութիւնը Հայաստանից է, սփիւռքահայ հեղինակները մեծ մասամբ Լիբանանից են։ Մէկական հեղինակներ էլ կան հետեւեալ երկրներից.- ԱՄՆ, Արգենտինա, Թուրքիա, Լեհաստան, Կիպրոս, Հունգարիա, Մեքսիկա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա։

Հատորի խմբագրականը՝ «Յանձնառութիւն, Պահանջ, Երաշխիք» վերտառութեամբ, ասես կանխատեսել է այսօր Հայաստանում հայագիտութեան առջեւ ծառացած հերթական մարտահրաւէրները՝ որի աւարտը եւս մէկ անգամ հարկ է համարում յիշեցնել, որ հայագիտութիւնն այսօր «պետական ու ազգային որոշում կայացնողներու միտքին մէջ պէտք է ընկալուի իբրեւ ազգային ռազմավարութեան ծրագրումի անփոխարինելի միջոց» (էջ 5)։

Հատորի հիմնական՝ «Յօդուած-Ուսումնասիրութիւններ» բաժինը բացւում է Թաթուլ Մանասէրեանի «ՀՀ Տարածքների Համաչափ Զարգացումը եւ Տարաբնակեցումը Որպէս Համազգային Առաջնահերթութիւն» ուսումնասիրութեամբ, որը վերաբերում է մասնաւորապէս Հայաստանի գիւղական համայնքների զարգացման ռազմավարութեանը. հեղինակը գործնական առաջարկներ է կատարում դրանց զարգացման անհամաչափութիւնների յաղթահարման համար։

Լիլիթ Սիմոնեանի «Մհերի Դուռ. Քրիստոնեայ Ժողովրդի Նախաքրիստոնէական Սրբավայրը» ներկայացնում է Մհերի պաշտամունքը որպէս Վանի տարածաշրջանին բնորոշ տեղական երեւոյթ, թէ ինչպէս Մհերի Դուռ ուխտի են գնացել մասնաւորապէս կանայք եւ աղջիկները՝ խնդրարկու դառնալով «ազնաւուր» Մհերի մոտ։

Հենրիկ Բախչինեանի «Հայկական Հնագոյն Ժամերգերը եւ Սահակ Պարթեւը» հետազօտութիւնը քննում է վաղ միջնադարեան ժամերգերը (մասնաւորապէս՝ առաւօտերգերը), որոնց զգալի մասի հեղինակութիւնը հաստատապէս վերագրւում է Սահակ Պարթեւին։

Գէորգ Ղազարեանը « Կիւրեղ Սկիւթապոլսեցու Տեղեկութիւնները Ե.-Զ. Դարերի Պաղեստինի Հայ Վանականների Մասին» նիւթում յունալեզու վարքագրութիւններից պեղել է տեղեկութիւններ Դ. դարում Պաղեստինում գործած հայ միաբանների (Եւթիմիոս Մեծ, Սաբբա Սրբացեալ, Յովհաննէս Լռակեաց) մասին։

Արսէն Շահինեանի «Հայոց Հայրապետերի Իրաւասութեան եւ Հովանու Ներքոյ Գտնուող Տարածքները (Է.-Ը. Դարեր)» ուսումնասիրութեան մէջ հեղինակը Զ.-ԺԲ. դարերի բազմալեզու աղբիւրների հիման վրայ ճշգրտել է այն տարածքները, որոնք գտնուել են հայոց կաթողիկոսարանի հովանու եւ իրաւասութեան ներքոյ։

Մարիամ Գրիգորեանի «Հայ Ազնուական Կանանց Նուիրատուական Գործունէութիւնն Անիում (Ժ.-ԺԴ. ԴԴ.)» յօդուածը ի մի է բերել անեցի այն տիկնանց (Կատրանիդէ թագուհի, Սթէէս իշխանուհի, երէցկին Խուշուշ եւ այլք), որոնք կառուցել են եկեղեցիներ, դրամական եւ շէնքային նուիրատուութիւններ կատարել, իրենց ամուսինների հետ եղել են համասեփականատէրեր եւ մասնակցել են առեւտրական գործարքների։

Տիգրան Պետրոսեանցի «Վաչէ Ա. Վաչուտեան՝ Կողմնակալ-Փոխարքայ (ԺԳ. Դարասկիզբ)» յօդուածը պատկերում է Այրարատ նահանգը եւ շրջակայ գաւառները ղեկավարած միջնադարում պետական մի այրի գործունէութիւնը, մասնաւորապէս տարածաշրջանի կարեւոր եկեղեցիների կառուցման գործում։

Աստղիկ Մուշեղեանի «Հայ Երաժշտական Մշակոյթը Վան-Վասպուրականի եւ Մերձակայ Շրջանների Վանքերում (ԺԴ.-ԺԸ. ԴԴ.)» աշխատութիւնը ներկայացնում է հիմնականում ձեռագիր աղբիւրներում յիշուած երաժիշտ-փիլիսոփաների՝ թուարկելով տասնեակ անուններ եւ գնահատելով նրանցից միքանիսի թողած երաժշտական-բանաստեղծական ժառանգութիւնը։

Արմէն Հայրապետեանի «Դրուագներ Ալեքսանդրապոլի ՀՅԴ Կառոյցի՝ Երկիր Զինամթերք Փոխադրելու Գործունէութիւնից (ԺԹ. Դարավերջ-Ի. Դարասկիզբ)» յօդուածը ցոյց է տալիս, թէ ինչպէս զինատար խմբերի անարդիւնաւէտ գործունէութիւնից ալեքպոլցի դաշնակցականներն անցում են կատարել հայ եւ քուրդ շալակաւորների միջոցով փոքր խմբաքանակներով զէնքի փոխադրման մարտավարութեանը։

Եղիկ Ճէրէճեանի «Վերստին Կարդալով Ժիրայրի Կենսագրութիւնը (Կարգ մը Վարկածներու Քննութիւն)»ը նորովի է մեկնաբանում համիդեան բռնակալութեան դէմ ազատագրական պայքարի գործիչ Ժիրայրի (Մարտիրոս Պօյաճեան, 1876–1890) կենսագրութեան որոշ դրուագներ։

Սուրէն Դանիէլեանը «Թռիչքի Առեղծուածը՝ ”Վե՛ր, Աւելի Վե՜ր” (Զօհրապի Ստեղծագործութիւնը)» յօդուածում վիճարկում է Գրիգոր Զօհրապի արձակի հարազատութիւնը եւրոպական նատուրալիստական գրականութեանը՝ իր կարծիքը հիմնաւորելով «նորավէպի իշխանի» եւ ժամանակի գրողների (Տիւսաբ, Նար-Դոս, Մոփասան, Զոլա) ստեղծագործութիւնների միջեւ զուգահեռներ կատարելով։

Հերվէ Ժորժըլէնը «Մի Հայ Աքսորականի Հայեացքը Կանանց. Երուանդ Օտեանի Յուշերը» յօդուածում (անգլերէն) փորձել է առանձնացնել հայ մեծ երգիծաբանի ստեղծած հայ կնոջ կերպարը տեղահանութեան եւ կոտորածների ժամանակ՝ լուսարձակի տակ առնելով գաղթական հայուհու կերպարը, մտածելակերպը, վարուելակերպը, փորձութիւներն ու վճռական դերակատարութիւնը։

Ռուբէն Սահակեանի «Հայ Ազգային-Ազատագրական Շարժման Անմար Դէմքերից՝ Կոստանդին Համբարձումեան» ուսումնասիրութիւնը ծնունդով շուշեցի գործչի մասին է, որը եղել է Արեւմտեան Հայաստանի ազատագրման նուիրեալ, մասնակցել Զանգեզուրի ինքնապաշտպանութեանը, գլխաւորել Վասպուրականի հայերի նահանջը։

Արտակ Ասատրեանը «Սիւնիք-Արցախի Գօտիների Գեղազարդման Ընդհանուր Բնութագիր (Ոճաւորում, Խորհրդիմաստ, Տարբերակներ, Զուգահեռներ, Յարգադրոշմներ)» հետազօտութեան մէջ առանձնացրել է այդ գօտիների առնուազն հինգ խումբ, քննել դրանց ընդհանրութիւնները եւ հայ ժողովրդական արուեստի հետ ունեցած կապերը։

Սվանտէ Լունդգրէնը «Սկանդինաւցի Միսիոներուհիների Մասնակցութիւնը Հայասիրական Շարժմանը» (անգլերէն) յօդուածում քննել է Հիւսիսաիյն Եւրոպայի երկրներում սկիզբ առած հայանպաստ շարժման մարամասները, ազդակները, առաջին միսիոներուհիներին, նրանց գործունէութեան շրջանակը, նուիրումի տեւողութիւնը եւ առաքելութեան բարեշրջումները։

Գէորգ Ստեփանեանը «Շամախու եւ Բաքուի Հայ Աւետարանական Համայնքները (Համառօտ Ակնարկ՝ Կազմաւորումից Մինչեւ 1918)» ուսումնասիրութեամբ ներկայացրել է այդ համայնքների պատմական իրողութիւններ եւ եզրակացրել, որ դրանք կատարել են որոշ առաջադիմական դեր հայութեան կրթութեան եւ բարեգործութեան բնագաւառներում։

Կարինէ Ալեքսանեանի «Թուրքական Ժխտողականութիւնը Կովկասում (1917-1918)» աշխատութիւնը ծանօթացնում է Առաջին Աշխարհամարտի աւարտական փուլում թուրքերի իրականացրած ժխտողական ռազմավարութիւնը եւ Կովկասի հայութեան ու արեւմտահայ գաղթականների բնաջնջումը։

Եւա Մնացականեանը          «Թումանեանի Յայտնութիւնը 50ամեակի Յոբելենական Հրապարակումներում» յօդուածում ի մի է բերել 1919ին հայ մամուլում Ամենայն Հայոց Բանաստեղծի վերաբերեալ տպագրուած նիւթերը ու դրանցից յառնող Թումանեանի հմայիչ կերպարը։

Հայկ Մարտիրոսեանը «Յովհաննէս Քաջազնունու Գործունէութիւնը Արտասահմանում» ուսումնասիրութիւնը ներկայացնում է Հայաստանի Ա. Հանրապետութեան վարչապետի արտասահմանեան առաքելութիւնը 1919–1920ին՝ նշելով նրա ունեցած դրական եւ ժխտական կողմերը։

Վարդան Մատթէոսեանը    «Միհրան Խայեան՝ Հայաստանի Հանրապետութեան Օդուժի Ռահվիրաներէն» գրութեան մէջ բացայայտում է հայ օդագնացութեան քիչ ուսումնասիրուած էջերը ու նրա սկզբնաւորողներից մէկի կեանքի ոդիսականը։

Փեթէր Փալ Կրանիցի «Հայկական Հարցին Լուծարումը եւ Ազգերու Լիկային Տագնապը» ընդարձակ ուսումնասիրութիւնը (անգլերէն) ներկայացնում է Ազգերի Լիկայի դիրքորոշումները Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան (նախալեմքինեան հասկացութեամբ) հանդէպ։

Յասմիկ Եսայեանի   «Մշակութափոխման Դրսեւորումներ Ֆրեզնոյի Շրջանի Ա. եւ Բ. Սերնդի Հայերի Շրջանում (1900-1930ականներ)» յօդուածում ներկայացւում է ամերիկահայ հնագոյն համայնքներից մէկում առկայ երեւոյթները (խառնամուսնութիւններ, անուանափոխութիւն, ազգային-մշակութային նկարագրի փոփոխութեան որոշակի պայմաններ ու կանոններ)։

Սվետլանա Սարգսեանը      «Հայ Երաժշտութեան Համարկումի Գործընթացները» աշխատութեան մէջ (անգլերէն) ուսումնասիրում է հայ երաժշտութեան մէջ վերջին տասնամեակներին առկայ համարկման գործընթացներն իմաստաբանութեան, սեռի, ոճական եւ լեզուական օրինաչափութիւնների ոլորտներում։

Լիլիթ Լուսինէ Սէյրանեանի «Գորգի Գեղագիտական Կշռոյթը Կեանքի եւ Գրի Զուգահեռներում» յօդուածը քննում է գորգի խորհրդանիշը հայ եւ համաշխարհային գրականութեան օրինակների հիման վրայ։

Կարինէ Ռաֆայէլեանը «Հայ Քնարերգութիւնը Խորհրդային եւ Անկախութեան Շրջանի Ճամփաբաժանին (Դիտարկումներ)» հետազօտութիւնը արժեւորում է 1980ականների վերջի, 1990-ականներին սկզբի հայաստանեան չափածոյի դաշտը՝ կենտրոնանալով մասնաւորապէս հինգ բանաստեղծների ստեղծագործութեան վրայ։

Նոյնպէս մերօրեայ հայ քերթութիւնը՝ ի դէմս պոլսահայ ժամանակակից բանաստեղծի, մասնագիտական գնահատական է տրուած Քնարիկ Աբրահամեանի «Իգնա Սարըասլանի Բանաստեղծութեան Հորիզոնները» ուսումնասիրութեան մէջ։

Յաջորդ երեք գրութիւնները վերաբերում են լեզուաբանութեանը։ Գաղթուհի Հանանեանի «Դարձեալ Կ(ը) Եղանակիչի Մասին» յօդուածը նոր փաստերի հիման վրայ յաւելումներ է կատարում հայերէնի կ(ը) մասնիկ ծագման մասին արտայայտուած կարծիքներին։ Եուրի Աւետիսեանի «Ժամանակակից Գրական Արեւելահայերէնի Անկանոն Բայերի Ուսումնասիրութիւնը եւ Ուսուցումը» յօդուածում հեղինակը ներկայացրել է չորս աղիւսակ՝ գրական արեւելահայերէնի անկանոն բայերի շեղումներն ու անկանոնութիւններն ամբողջութեամբ եւ համակարգուած ներկայացնելու ու դրանց ուսուցումն առաւել արդիւնաւէտ դարձնելու նպատակով։ Իսկ Արմենակ Եղիայեանի «Իմաստաբանութիւն Ա. (Ա-Հ)» գրութեան մէջ ի մի են բերուած բառային շփոթելի զոյգերի ցանկեր՝ Աից Հ տառը՝ բացատրելով իւրաքանչիւր խնդրական բառերի իմաստներն ու տարբերութիւնները։

Մելինէ Անումեանի   «Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի Թեմաներով 2008-18ին Թուրքիացի Մտաւորականների Ուսումնասիրութիւնները» քննական հայեացք է՝ ուղղուած ժամանակակից թուրք մտաւորականների՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ այլազան աշխատութիւններին։

Կրեկորի Փելչինսքիի «Հայերը Լեհաստանում Ի. Դարում» ակնարկը ներկայացնում է լեհահայ համայնքի ոչ-վաղ անցեալն ու ներկան, մասնաւորապէս նոր համայնքների կազմաւորումն ու նկարագիրը։

Տ. Ներսէս Քահանայ Ասրեանը «Գնդերէցների Ծառայութիւնը Հայոց Բանակում» յօդուածում տեղեկութիւններ է հաղորդում ՀՀ Զինուած ուժերում հոգեւոր առաջնորդութեան վերաբերեալ։

Կարէն Մկրտչեանի  «Հայաստանի Հանրապետութիւն-Իրանի Իսլամական Հանրապետութիւն Տնտեսական Յարաբերութիւնները՝ Որպէս Տարածաշրջանի Անվտանգութեան Գործօն » ուսումնասիրութիւնը ոչ միայն ներկայացնում է այդ յարաբերութիւնների պատմականը, այլեւ կատարում գործնական առաջարկներ հայոց պետականութեան համար խիստ կենսական այդ ոլորտի զարգացման համար։

Արման Մալոյեանը «Օձուն. Թեմի Կազմաւորումը եւ Վանքապատկան Գիւղերի Տեղավայրերը

(ԺԸ. Դարի Վերջին Քառորդ-ԻԱ. Դարասկիզբ)» փորձել է ներկայացնել կարճատեւ կեանք ունեցած Օձունի թեմի պատմութիւնը 18րդ դարի վերջին։

Զաւէն Մսըրլեանը    «Հայոց Մասնակցութիւնը Լիբանանի Նախագահ Միշէլ Աունի (2016-) Նախագահութեան Շրջանի Խորհրդարանական Ընտրութիւններուն» ակնարկը (անգլերէն) շարունակում է Հանդէսի նախորդ հատորներում ընդգրկուած՝ Լիբանանի նախագահական ընտրութիւններում հայերի մասնակցութեան պատմութեան վաւերագրումը։

«Քննարկումներ» բաժինը բացւում է Զաւէն Կնեազեանի «Քարաշամբի Գաւաթի Շեփորներուն Առեղծուածին Բացայայտումը» յօդուածով, որտեղ հեղինակը քննութեան է ենթարկել բրոնզէդարեան երաժշտական մի գործիք եւ եզրակացրել, որ նրա վրայի պատկերները եղել են մեծածաւալ շեփորներ։

Յաջորդ նիւթը՝ Հեղինէ Մկրտչեանի «Սուրբ Վայրերում Հայ Եկեղեցու Կուսանոցների Գոյութեան Հարցը», ներկայացնում է մի վարկած՝ Անաստաս Վարդապետի թղթում ակնարկուած հայ միանձնուհիների մենաստանի վերաբերեալ։

Վարդան Մխիթարեանի «Տարածաշրջանի Առաջին Ֆրանսերէն Քարտէզի Ստեղծման Աշխարհաքաղաքական Նախադրեալները» ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրում է 1653ին տպագրուած Կովկասն ու յարակից շրջանները պատկերող ֆրանսիական մի քարտէզի վրայ՝ առաջադրելով դրա ստեղծման մի շարք ազդակներ։

Յասմիկ Սիմոնեանի, Ռուզան Մկրտչեանի եւ Աշոտ Փիլիպոսեանի «Սեւանի Աւազանի Երկաթէդարեան Խմբային Թաղումների Երեւոյթը» դաշտային աշխատանքների հիման վրայ ցոյց է տալիս Հայկական Լեռնաշխարհում գոյատեւած յուղարկաւորման հնամենի մի սովորոյթ եւ դրա հետ առնչուող որոշ խնդիրներ։

Գալիա Դաւիդովայի «Արաքս Գիւղի Էթնօմշակութային Բնութագիրը (Ազգագրական Ակնարկ)»ը ներկայացնում է Արմաւիրի մարզի գիւղերից մէկի հարսանեկան ծէսերը, տան սրբերի մասին հաւատալիքները, ժողովրդական բժշկութիւնը եւն.։

Քարլոս Անթառամեանի «Մի Անգամ, Տերսիմում. Հայաստանից Դուրս, Վերադարձ Քրտստա՞ն» վերնագրուած ակնարկը (անգլերէն) պատկերում է մեքսիքահայ հեղինակի փորառութիւնը՝ այցը պապերի ծննդավայր Տերսիմ՝ հայկական նկարագրից զրկուած եւ քրտական «տարազ» հագած։

Սիպիլ Չեքմէնի «Երկրի Սահմանին Կառչած Յիշողութիւն. ‘Կարօտ’ եւ ‘Կարճ Հաղորդագրութիւն’ Ֆիլմերը» ակնարկում (ֆրանսերէն) վերլուծուած են Հայաստանում ստեղծուած Ֆրունզէ Դովլաթեանի եւ Վարդան Դանիէլեանի շարժանկարները։

Խորէն Գրիգորեանի «Մուսալեռցիները ‘Ղարաբաղցի՞’. Նախնիների Ինքնութեան Փնտռտուքները՝ 1915ի Ինքնապաշտպանական Մարտերից Յետոյ» նիւթը ներկայացնում է մուսալեռցիների ծագման արցախ-սիւնիքեան վարկածը՝ փորձելով ցոյց տալ, որ ծագման, ինքնութեան վարկածները կարող են ունենալ քաղաքական զարգացումներով պայմանաւորուած փոխակերպումներ։

Եղիա Թաշճեանի «Հանքարդիւնաբերութիւն. Այո՞ Թէ՞ Ոչ։ Յետյեղափոխութեան Տրամախօսութիւն Մը » գրութիւնը (անգլերէն) անդրադառնում է մերօրեայ ՀՀ իշխանութիւնների առջեւ ծառացած դժուարին մարտահրաւէրներից մէկին՝ ծանր մետաղական հանքերի շահագործման հետ կապուած ընկերային եւ կենսոլորտային թնճուկին։

«Հրապարակումներ» բաժինն ընդգրկում է հայ ժողովրդի մասին օտար հեղինակի վկայութիւնների թարգմանութիւններ (Արծուի Բախչինեանի «Եոհան Բլարամբերգի Վկայութիւնները Հայ Ժողովրդի Մասին (1836-1841)») եւ անտիպ նամակներ (Անդրանիկ Տագէսեանի «Մատենագիտական Ճշտում մը եւ Տասնչորս Նամակներ Նազարէթ Տաղաւարեանէն Զապէլ Եսայեանին (26 Մարտ 1906–27 Մարտ 1908)» եւ Ռիթա Մարիա Գազանճեանի ու Ա. Տագէսեանի «Թլկատինիցիին Վերստին Ծնունդը (Հայր Արսէն Ղազիկեանի եւ Բենիամին Նուրիկեանի Փոխանակած 23 Նամակները. 18 Նոյեմբեր 1925-31 Մարտ 1928)»)։

«Հաղորդումներ» բաժնում Աշոտ Փիլիպոսեանը հանդէս է եկել «Նոր Պեղումներ Զօրաց Քարեր Հնավայրում» նիւթով, որտեղ կրկին հաստատւում է հնավայրի տարածքում բնակավայրի ու նրան կից դամբարանադաշտի առկայութեան մասին։

«Գրախօսականներ» բաժնում ներկայացուած են 2017–2018ին հրատարակուած վեց գիրք՝ Կարէն Մաթեւոսեանի, Աւետ Աւետիսեանի, Արա Զարեանի եւ Քրիստին Լամուրէի «Դադիվանք. Վերածնուած Հրաշքը» (գրախօս՝ Զարուհի Յակոբեան), Ժերար Տետէեանի «Հայերը Կիպրոսում (577-1211) Յուստինիանոս Բ.ից Հիւկ Ա. Լուսինեան» (գրախօս՝ Նիկոլաս Կուրէաս), Համօ Սուքիասեանի եւ Նարինէ Երանոսեանի «Խորհրդային Հայաստանի Երգիծական Մամուլը 1920ական Թուականներին» (գրախօս՝ Արծուի Բախչինեան), Յասմիկ Ստեփանեանի «Գէորգ Բամպուքճեան. Կեանքը, Գործը եւ Ժամանակը (1923-1996)» (գրախօս՝ Հենրիկ Բախչինեան), Արծուի Բախչինեանի «Հայերը Չինաստանում. Հայ-Չինական Պատմամշակութային Առնչութիւնները» (գրախօս՝ Յովհաննէս Ալեքսանեան) եւ           Հիդեմիցու Քուրոքիի խմբագրութեամբ լոյս տեսած «Մարդկային Շարժունակութիւնը եւ Բազմէթնիք Համակեցութիւնը Միջին Արեւելքի Քաղաքային Հասարակայնութեան Մէջ» (գրախօս՝ Անդրանիկ Տագէսեան) հատորները։

Այս անգամ հատորում չկան մահագրականներ, ինչը բնաւ յարգանքի պակաս չէ անցած տարի մեզնից հեռացած հայագէտների հանդէպ։ Պատճառը զուտ տեխնիկական է. հատորի մեծ ծաւալը թոյլ չի տուել այդ բաժինն ընդգրկել, ինչը լրացուելու է յաջորդ տարուայ հատորում։

Ինչպէս տեսնում ենք՝ չափազանց ընդգրկուն է Հայկազեան Հայագիտական Հանդէսի նիւթերի թեմատիկան՝ Հայաստանի տարածքում յայտնաբերուած երկաթի ու բրոնզի դարի գտածոներից մինչեւ մերօրեայ հանրապետութեան հանքարդիւնաբերական խնդիրները։ Ինչպէս նշուած է հատորի խմբագրականի մէջ, «հայագիտութիւնը պէտք է երիտասարդանայ ոչ միայն մարդուժով, այլեւ՝ մտայնութեամբ ու աշխատելակերպով, պէտք է աւելիով համարկուի համաշխարհային ընկերային գիտութիւններու ոլորտին, ծաւալէ իր ուսումնասիրութիւններու բովանդակային ծիրը ներկայ ժամանակներու համապատասխան» (էջ 4-5)։

Հայկազեան Հայագիտական Հանդէսի 39րդ հատորը կարող ենք համարել այս համոզումի դրսեւորման մեծապէս յաջողուած մի փորձ…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here