Հայաստանն Աղտոտում Է Արաքս Գետը. Tehran Times

0
227

Հայաստանի հարաւում գործող գործարանների հոսքաջրերը լցւում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գիւղատնտեսական ու զբօսաշրջային մեծ նշանակութիւն ունեցող գետի ջրերը. այսպիսի բովանդակութեամբ յօդուած է հրապարակուել իրանական անգլիալեզու The Tehran Times թերթում:

Իրանցի փորձագէտներն ու պաշտօնեաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակութիւնը հասել է առողջութեան համար վտանգաւոր չափերի:

Յօդուածում յստակ չի նշւում, թէ կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խօսքը, եւ արդեօք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծուանիկի պոչամբարի մետաղեայ խողովակաշարի վթարի հետեւանքով: Հոսքաջրերը լցուել էին Ողջի գետ: Խնդիրը քննարկուեց նաեւ  17 Հոկտեմբերին, Հայաստանի կառավարութեան նիստում:

«Այժմ իրանական իշխանութիւնները խուսափում են պաշտօնական բողոք ներկայացնել խնդրի մասին՝ ցանկանալով պահպանել երկկողմ բարիդրացիական յարաբերութիւնները: Սակայն այս խնդիրը պէտք է լուծուի կամ երկկողմ համաձայնագրով, կամ միջազգային միջամտութեամբ», ասւում է յօդուածում:

Յօդուածի հեղինակը, յղում անելով իրանցի բնապահպանների ու գիւղոլորտի փորձագէտների կարծիքներին, նշում է, որ Իրանի համար լուրջ գիւղատնտեսական ու զբօսաշրջային նշանակութիւն նունեցող Արաքս գետում «անկասկած կան առողջութեան համար վտանգաւոր ծանր մետաղներ»:

Արաքս գետի ջուրը, համաձայն հրապարակման, պարբերաբար ուսումանսիրւում է Իրանի տարբեր գիտահետազօտական կազմակերպութիւններում, որոնցից են Թաւրիզի համալսարանը, Բժշկական գիտութիւնների համալսարանը եւ Իրանի գիւղատնտեսութեան նախարարութեան հետազօտական կենտրոնը:

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ գետի ջրի բաղադրութիւնում ալիւմինի, երկաթի, պղնձի եւ մկնդեղի պարունակութիւնը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգութեան ընդունելի նորմը: «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցւում են գետը Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակւում են հողում, հետեւաբար դրանք յայտնւում են բոյսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում», նշում է յօդուածագիրը:

Նա յղում է անում մի շարք փորձագէտների, որոնք հաստատում են գետի աղտոտուածութեան փաստը՝ իրանական իշխանութիւններին կոչ անելով խնդիրը բարձրաձայնել հայաստանեան իշխանութիւնների հետ քննարկումներում:

Նոյն հրապարական մէջ նաեւ ասւում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ առաջիկայ երեք տարիների ընթացքում: Այս մասին յայտարարել է Արեւելեան Ադրբեջանի (Իրանի մարզն է) տարածաշրջանային ջրային ընկերութեան տնօրէն Իւսեֆ Ղաֆարզադէն:

Նա ասել է, որ Արաքս գետի աղտոտման խնդիրը քննարկուել է բոլորովին վերջերս՝ 19- 21 Նոյեմբերին Թաւրիզում հայ-իրանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ. «Քննարկուել են սահմանային գետի ջրի մօնիտորինգի (հսկումի-Խմբ.) ու աղտոտման կանխարգելման հարցերը»:

Եուսեֆ Ղաֆարզադէն յայտարարել է, որ աղտոտող նիւթերի ազդեցութիւնը եւ խտութիւնը յստակ գնահատուած է, եւ Հայաստանը պարտաւորութիւն է վերցրել վերանորոգել իր տարածքում եղած օբյեկտները (կառոյցները-Խմբ.) աղտոտումն ամբողջովին բացառելու համար: «Ջրի ու արտահոսքերի մոնիտորինգը համատեղ իրականացուել է վերջին տասնամեակում եւ շարունակուելու է ամէնամսեայ ռեժիմով իրականացուել նաեւ ապագայում», ասել է նա:

«Civilnet»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here