Հայ Սփիւռքի՞ Մամուլ, Մինչեւ Ե՞րբ…

0
161

ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի դոցենտ,
պ.գ.թ., Հայաստանի հանրային ռատիոյի «Համասփիւռք» հաղորդման հեղինակ-վարող

Հայրենիքից հեռու մեր հայրենակիցները երկար տարիներ սեփական ուժերով հայկական «աշխարհ» են կառուցել, որին մենք այսօր հայ սփիւռք ենք անուանում: Եղել են երկար ու ձիգ տարիներ, երբ հայոց պետականութիւնը հեռու է եղել համահայկական շատ մարտահրաւէրներից: Սփիւռքի հայկական «աշխարհ»-ը առանց վարանելու իր վրայ է վերցրել այդ բեռը: Այն տարել է պատուով եւ մեծ պատասխանատուութեամբ: Իսկ ովքե՞ր են եղել այդ «աշխարհ»-ի կերտողները: Փիլիսոփայական դիտարկումներից զերծ մնալու համար, մէկ բառով ասած, նուիրեալներ: Հայրենակիցներ, ովքե՞ր , անկախ քաղաքական ու կրօնական հայեացքներից, փորձել են օտար հողում իբրեւ հայ պահպանուել: Այս գործընթացի շրջանակում սփիւռքի մամուլը դարձել է իւրօրինակ կամրջող հարթակ: Կամրջող` բոլորիս համար: Կարող ենք ժամերով քննադատել այդ հարթակը, զանազան պիտակներ տալ: Մի բան, սակայն, պարզ է. օտարալեզու միջավայրում հայերէն մտածող եւ հայերէն գրող գլխաւոր հասցէն սփիւռքի հայ մամուլն է: Հասցէ, որի յարատեւումը արդէն միայն հասցէատիրոջ հարցը չէ: Հայոց վերանկախացումից ի վեր այդ հասցէն աւելի մեծ թափով է լծուել հայրենիքի եւ սփիւռքի կապերի ամրապնդման գործին: Այսպէս պարզ կարող էի մտածել, եթէ ինքս գործնականում չտեսնէի այդ կապերի խորքային արտայայտումները: Դրանք աւելին էին, քան` պարզապէս հայրենակենտրոն յօդուածներ հրապարակելը:

Անհրաժե՞շտ էր մասնակցել հայրենիքի համար նախաձեռնուող դրամահաւաքի աշխատանքներին, եւ սփիւռքի տեղեկատուական թրծուած մեքենան լծւում էր գործի: Խնդիր կա՞ր հայրենիքի մտաւորականութեանը ներկայանալի դարձնել սփիւռքում` մասնակիցների թւում առաջիններից էր մամուլը: Արցախեան հակամարտութեան թէժացումների փուլերում կարիք կա՞ր օտարախօս լսարանին հասանելի եւ անաչառ տեղեկատուութիւն հաղորդել` նրանք ազդու լռութեամբ կատարում էին իրենց գործը: Եւ այսպէս շարունակ…

Հայրենիքից այս ամէնը դիտարկելիս կարող է թուալ, թէ դա այդպէս էլ պէտք էր լինէր: Արդեօ՞ք մեզ հարցրել ենք, թէ ինչպիսի՞ ջանքերի գնով է դա իրականացւում: Երբ նոյն յաջողութեամբ օտար պետութիւնների լրատուական հսկաները աշխարհով մէկ, այդ թւում` մեր հայրենիքում, իրենց ներկայացուցչութիւններն են պատշաճ կերպով պահում ու իրականացնում տեսանելի աշխատանք: Մինչդեռ սփիւռքի հայ մամուլը շարունակում է ապաւինել սեփական` մեզ համար անվերջանալի թուացող միջոցներին: Մինչեւ ե՞րբ…

Վերջին տասնամեակում մեր պետականութիւնը զգաց, որ սեփական մարտահրաւէրների շարքում աւելանում է շատ կարեւոր մէկ նոր մարտահրաւէր: Սփիւռքի շատ համայնքներ տարածաշրջանային նշանակութիւն ունեցող ռազմաքաղաքական եւ տնտեսական վայրիվերումների ալիքի տակ են յայտնուել: Եւ սա տեղի է ունենում ոչ թէ նորաստեղծ համայնքների շուրջ, այլ` այնպիսի համայնքների, որոնք ողջ սփիւռքի համար հայապահպանութեան տեսակէտից հենքային նշանակութիւն ունեցող կենտրոններ են եղել: Մերձաւոր Արեւելքի հայահոծ համայնքներ ենք կորցնում: Սա ոչ միայն մեր հայրենակիցների անկանոն տեղաշարժերի, ֆիզիքական անվտանգութեան եւ ընկերային ապահովութեան վտանգներ է իր մէջ պարունակում, այլ նաեւ մի ամբողջ մշակութային իւրօրինակ ժառանգութեան կորստի է յանգեցնում: Աւելի՛ն. աշխարհաքաղաքական տեսակէտից մեզ համար ահագնացող արձագանգների թնճուկ է ձեւաւորւում:   Սրա լուծումը դեռ չտուած` ի յայտ է գալիս նոր խնդիր: Կամրջող հարթակի` սփիւռքի հայ մամուլի աշխատանքը խաթարւում է: Օրինակները թւում է շատ չեն: Սակայն ահազանգը, վերոյիշեալ համայնքների պէս, գալիս է կարեւոր կէտից: Այն մինչ այժմ առաջնային դիրք է զբաղեցրել սփիւռքի արհեստավարժ մամուլի` ոչ այդքան մեծ ընտրանու շարքում:

Թէ՛ իբրեւ հայագէտ եւ թէ՛ իբրեւ լրագրող հետեւել ու մասնակից եմ եղել Լիբանանի հայ համայնքի հայապահպանութեանն ուղղուած տարբեր ծրագրերի: Արդէն տեւական շրջան է ականատեսն ենք լիբանանեան ներքին յայտնի զարգացումներին: Եւ որքան էլ ցաւալի ու անհաւատալի է, բայց նաեւ ականատես ենք լինում վերոյիշեալ օրինակիս հասցէատիրոջ` «Ազդակ» օրաթերթի գործունէութեան հետ կապուած տնտեսական խնդիրներին: Մտահոգիչ եւ օր առաջ գործնական քայլեր պահանջող խնդիր է սա: Ուրեմն, պատրա՞ստ ենք գիտակցելու, որ «Ազդակ» անունով հասցէի յարատեւումը արդէն միայն հասցէատիրոջ հարցը չէ: Մեր պատմութեան մի կարեւոր մասի` սփիւռքի պատմութեան հազարաւոր վաւերագիր էջեր պարունակող այս հարթակը բոլորիս աջակցութեան կարիքն ունի: Օգնենք եւ պահանջենք…

Յ. Գ.- Մեծ յոյս ունեմ, որ համայնքային մամուլի միւս հարթակների համար էլ այս տողերը կրկնելու կարիքը չի լինի: Ամրութիւն բոլորիս…

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here