ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՏԵՄՊՆ ԸՆԿԵԼ Է

0
448

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ – ԱԶԳ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2019» զեկույցը, որտեղ արտացոլված են աղքատության ցուցանիշի փոփոխությունն անցած տարվաՙ 2018 թ.-ի ընթացքում:

Համաձայն այդ ամենամյա զեկույցի, 2018 թ.-ին Հայաստանում աղքատությունը 2017 թ.-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսով եւ կազմել 23,5 տոկոս: Այսինքն, բնակչության 23,5 տոկոսը գտնվում է մեկ չափահաս անձի համար ամսական 42621 դրամ կազմող աղքատության գծից ներքեւ: Հիշեցնենք, որ աղքատության գիծը ամեն տարի փոխվում էՙ գնաճի ցուցանիշը հաշվի առնելով: Աղքատների ընդհանուր ցուցանիշի մեջ այսպես կոչված չափավոր աղքատները կազմում են 10,6 տոկոս, որոնց թիվը 2017 թ.-ի համեմատ չի նվազել: Խոսքը մեկ շնչին ամսական 37 հազար դրամից ցածր սպառում ունեցողների մասին է: Ծայրահեղ աղքատները, որոնց մեկ շնչին ամսական ընկնող գումարը 24827 դրամ է, կազմել են բնակչության 1 տոկոսը, որը 2017 թ.-ի համեմատ նվազել է 0,4 տոկոսով:

Ի դեպ, հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, պետք է կրճատվի աղքատությունը»: Որքանո՞վ ենք մոտեցել այդ հայտարարությանը կյանքի կոչելուն մեկ տարի անց եւ արդյո՞ք մոտեցել ենք: Այս հարցերի պատասխանները ստանալու համար համադրենք 2018 թ.-ի աղքատության ցուցանիշները նախորդՙ 2017 թ.-ի համար կատարված զեկույցի աղքատության ցուցանիշների հետ:

Մասնավորապես, 2017 թ.-ին աղքատությունը 29,4 տոկոսից կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի: Չափավոր աղքատները կազմել էին 10,6 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատների թիվը դարձյալ նվազել էր 0,4 տոկոսով եւ կազմել 1,4 տոկոս:

Այսինքն, 2017 թվականին աղքատությունը ավելի մեծ չափով է նվազել, քան 2018 թ.-ին: Դա Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերով արձանագրված բարձրՙ 7,5 տոկոս տնտեսական աճի շնորհիվ է եղել: Հիշեցնենք, որ 2018 թ.-ի առաջին երեք ամիսներին այդ աճն ավելի բարձր տեմպեր էր ձեռք բերելՙ հասնելով 10,3 տոկոսի: Սակայն շուտով տեղի է ունենում «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունը, եւ տնտեսական աճի տեմպը սկսում է կտրուկ նվազել: Արդյունքում, տարեկան տնտեսական աճը նվազում է մինչեւ 5,2 տոկոս: Հենց դրա հետեւանքով էլ անցած տարվա արդյունքներով ունենք ավելի քիչ նվազած աղքատություն, քան դրան նախորդող տարում էր:

Հետեւաբար, ասել, թե մոտեցել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարած աղքատության կրճատմանը եւ առավել եւս ծայրահեղ աղքատությունը արմատախիլ անելուն, չի կարելի: Անցած տարվա արդյունքներով ունենք փաստ, որ աղքատության նվազման տեմպը ընկել է: Թե ինչպիսի՞ն կլինի աղքատության ցուցանիշը այս տարի, վիճկոմի զեկույցից պարզ կդառնա եկող տարվա վերջում:

Անշուշտ, թղթի վրա 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ցույց տալու իշխանության հրահանգը ենթադրում է, որ պետք է ցույց տրվի նաեւ աղքատության նվազման համարժեք տոկոս: Սակայն, չմոռանանք, որ այս տարվա աճի ցուցանիշը մասամբ պայմանավորված է ծառայությունների ոլորտի եւ մասնավորապես բուքմեյքերական գրասենյակների շրջանառության աճով, որը ոչ միայն չի նպաստում, այլ մի բան էլ խոչընդոտում է աղքատության հաղթահարմանը: Մյուս կողմիցՙ բնակչության ամենամեծ ներգրավում ունեցող ճյուղումՙ գյուղատնտեսությունում անկում է գրանցվում, որը եւս բացասական ազդեցություն է ունենալու աղքատության ցուցանիշի վրա: Եվ վերջապես, մյուս ճյուղերում, բացի արդյունաբերությունից, ներկա պահին աճ գոյություն չունի: Հետեւաբար, աղքատության նվազման ցուցանիշը եկող տարի հավաստի է լինելու ճիշտ այնքանով, որքանով պատվիրված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն է լինելու այս տարի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here