ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵՐ «ԹԱՆԿ» ՓՈՂԵՐԸ

0
388

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ- ԱԶԳ

Դեպքերն ու իրադարձությունները Հայաստանում ու նրա շուրջը գլխապտույտ արագությամբ հաջորդում են միմյանց, ոմանքՙ կարեւոր, ուրիշներՙ ոչ այնքան, շատերըՙ արհեստածին, տակավին ուրիշներՙ դեռեւս կուլիսներում, եւ այսօր հրատապ թվացող հարցը կամ թեման վաղը թվում է ժամանցված: Սակայն կան խնդիրներ, որոնք անժամանցելի են ու միշտ հրատապ, եւ հրատապ են լինելու միշտ, գոնե մեր պարագայում:

Խոսքը վերաբերում է համազգային մեր գլխավոր ու թերեւս միակ կառույցինՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը կոչված է լինելու ազգի, համայն հայության միավորման գործնական դրսեւորման հարթակն ու միջոցը միաժամանակ: Տնտեսագիտության մեջ կա «թանկ փողեր» հասկացությունը, եւ մեր ազգային ամենաթանկ փողերը ա՛յս հիմնադրամում ու նրա՛ միջոցով հավաքվածն է, որով լուծվում են, պե՛տք է լուծվեն, Հայաստանի, Արցախի, ինչու չէՙ նաեւ Սփյուռքի ամենակենսական կարիքները:

Եվ այս մոտեցմամբ ինձ համար բոլորովին անհասկանալի էր նախորդ հինգշաբթի օրը կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեմարաթոնի արդյունքների քաղաքականացված գնահատումը տարբեր ու հակադիր լրատվամիջոցներում ու քաղաքական շրջանակներում: Զարմանալի էր, մանավանդ, ոմանց չարախնդությունըՙ թե նախորդից շուրջ մեկ միլիոն ավելի քիչ է հավաքվել այս անգամ, եւ ուրիշների չքմեղանքը նաեւՙ թե մեր գլխավոր նպատակը շատ փող հանգանակելը չէր, այլՙ շատ մասնակից-նվիրատուներ ընդգրկելը:

Անտեղի, անիմաստ, ես կասեիՙ տխմար շահարկումներ: Սա այն ասպարեզը չէ, ուր կարելի է մեր ազգակիցների հայրենասիրության ու ազգասիրության ցուցանիշը շփոթել գործող կամ նախկինում գործած իշխանությունների վայելած կամ չվայելած համակրանքի մակարդակի հետ: Հիմնադրամը վերկուսակցական, վերքաղաքական, նույնիսկ վերպետական կառույց է, պե՛տք է լինի, եւ եկող ու գնացող իշխանությունները առավելագույնը կարող են լինել դրա սպասարկուները, բայց ո՛չ հանգանակողներն ու տնօրինողները:

Չարախնդացողներն ու չքմեղացողները չե՞ն տեսնում, որ վերջին 10 տարիներին հանգանակված գումարները հետեւողականորեն նվազում են, արդյունքները գոնե 10 միլիոնի նշաձողի վրա պահելու համար զանազան կողմնակի միջոցներ են ձեռնարկվում: Եվ ամենաաընդունելինՙ յուրաքանչյուր նախագահ եւ վարչապետ, յուրաքանչյուր իշխանություն հանգանակված գումարները դիտարկում է իր սեփական պրիզմայի ընդմեջեն:

Եվ այդ էր պատճառը, որ նոր իշխանության առաջին գործերից մեկը եղավ բացահայտել Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի անթույլատրելի վարքագիծը եւ աղմուկ-աղաղակով նրան հեռացնել պաշտոնից, առանց մտահոգվելու Հիմնադրամի հեղինակությամբ, այնինչ կարելի էր հարցը լուծել առանց վնասելու այդ հեղինակությանը, նրա փոխարեն նշանակելով մեկ ուրիշի: Մեկ կողմ թողնելով այն հարցը, թե այդ վարկաբեկումից որքա՞ն կորցրեց Հիմնադրամը, այս պարագայում, փաստորեն, եւս մեկ անգամ, ականատես եղանք կառավարության կոպիտ միջամտությանը:

Երկրորդը, որն իմ կարծիքով կրկին վնասեց Հիմնադրամին, ավելինՙ խաչաձեւեց նրան, եղավ «Իմ քայլը» հիմնադրամի գործարկումը: Թռուցիկ ծանոթանալով վերջինիս կայքէջինՙ շուրջ մեկ տարվա ընթացքում այդ հիմնադրամին մեկ միլիոն դոլարից (Քրիստ Մանուկյանՙ բարեհիշատակ Լուիզ Մանուկյան Սիմոնի դուստրը) մինչեւ 10 հազար դրամ են նվիրաբերել շուրջ 140 հոգի (որոնցից 23-ը, ի դեպ, «անանուն»), եւ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5 միլիոն դոլար: Բացառիկ արդյունք այսքան կարճ ժամանակամիջոցի համար: Չգիտեմՙ այդ նվիրատվությունները կգնայի՞ն «Հայաստան» հիմնադրամին, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այդ գումարը, որը կազմում է վերջին թելեթոնի ընթացքում հավաքվածի կեսից ավելին, նվիրաբերվում է ոչ այնքան «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներին, այլՙ հանգանակչի… հանգամանքին:

Մյուս կողմիցՙ ո՞վ է հաշվել եւ հաշվելու, թե տարեկան քանի՞ տասնյակ միլիոններ են նվիրաբերվում Հայաստանում եւ Արցախում հավաքական եւ անհատական բազում ծրագրեր իրականացնելու համար:

Նվիրաբերելու ոգին մեր ժողովրդի մեջ չի՛ մարել, շարունակվում է, հետեւաբար անհրաժեշտ է հիմնովին փոխել մեր մոտեցումները:

Պետք է փոխվի Հիմնադրամի փիլիսոփայությունը եւ այն պետք է դառնա վերքաղաքական անկախ եւ իսկապես համազգային կառույց, որտեղ, ինչպես գրել եմ շուրջ երկու տարի առաջ, կառավարության դերը սահմանափակվում է համապետական առաջնահերթ ծրագրերի ներկայացմամբ եւ դրանց իրականացման վերաբերյալ կատարողական հաշվետվությունների ներկայացմամբ: 10-12 միլիոն հաշվվող հայության մեջ մի՞թե չկան հեղինակավոր, անբասիր, տեսլական ունեցող եւ փող հանգանակելու մեջ ճարտար մարդիկ, որոնք կկարողանան նյութական կապիտալից առաջ բարոյական վստահելիության դրամագլուխ ստեղծել Հիմնադրամի համար, ապա ժամանակակից տեխիկական միջոցների ներդրմամբ համազգային հանգանակության գործում ընդգրկել ողջ հայությանը ամբողջ աշխարհում:

Մեզ «թանկ» փողեր են պետք, եւ շատ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here