«ԱՐՄԷՆՊՐԷՍ»Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆԻ ՀԵՏ

0
1433

«Երեւանի Տրանսպորտը Վայել Չէ Երեւանցուն»

Վարեց՝ ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը մայրաքաղաքում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր է խոստանում: Նա վճռական է տրամադրուած առկայ խնդիրների լուծման ու խոստացուած ծրագրերի կեանքի կոչման ուղղութեամբ: «Արմէնպրես»ի հետ բացառիկ հարցազրոյցում Հայկ Մարութեանն ամփոփել է անցնող տարում կատարուած աշխատանքները, նախանշել գործունէութեան նոր ուղղութիւններ:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Պարոն Մարութեան, ձեր նախընտրական քարոզարշաւի ժամանակ դուք խոստացել էիք մի շարք ոլորտներում փոփոխութիւններ ու բարեփոխումներ իրականացնել: Դրանցից ամենակարեւորն ու առաջնահերթը երեւանցիների համար կար եւ մնում է տրանսպորտային (երթեւեկի-Խմբ.) համակարգի բարելաւումը: Վերջերս դուք մեկնել էք Բրիւսէլ՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդէսին: Ի՞նչ նորութիւններով էք վերադարձել եւ մօտ ապագայում որքանո՞վ է Երեւանի բնակիչների համար իրատեսական տրանսպորտային նոր համակարգ ունենալը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկէ, ամենաառաջնահերթ խնդիրներից մէկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանութեան հարցի սկզբունքային լուծումից յետոյ, թերեւս ամենաառաջնահերթը: Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տուել ենք հարցի վերաբերեալ նախորդ տարիներին: Երեւանի տրանսպորտն այսօր ոչ միայն յարմարաւէտ չէ կամ անվտանգ չէ, այլ բառի ամենակոնկրետ (ամէնէն յստակ-Խմբ.) իմաստով՝ վայել չէ երեւանցուն: Խնդիրը տասնամեակներով համակարգային լուծում չի ստացել, իսկ վերջին տասնամեակի ընթացքում է՛լ աւելի է վիճակը վատթարացել: Ուստի, տրանսպորտային նոր համակարգի ներդրման, ընդհանրապէս, հանրային տրանսպորտի վերաբերեալ մեր պատկերացումների արմատական փոփոխութեան խնդրի առաջ ենք այսօր: Առաւել եւս, թեթեւ մարդատար մեքենաների այս ահռելի հոսքի պայմաններում մենք պէտք է ստեղծենք հանրային տրանսպորտի մրցունակ համակարգ, պարզ ասած, որպէսզի մարդիկ հրաժարուեն քաղաքում երթեւեկել իրենց մեքենաներով ու աւտոբուս նստեն: Այս տարուայ ընթացքում վերջնականապէս հաստատեցինք նոր տրանսպորտային ցանցի նախագիծը, մշակեցինք դրա իրագործման ֆինանսական մոդելը, որը հաւանութեան արժանացաւ կառավարութեան կողմից, եւ արդէն յաջորդ տարուանից, այսպէս ասենք, թղթի վրայից հարցը կը փոխադրենք իրականացման դաշտ: Համաձայն նոր ցանցի, քաղաքը կը սպասարկի տարբեր տարողութեան ու չափի շուրջ 850 աւտոբուս եւ աւելի քան 100 տրոլէյբուս: Արդէն մօտ ապագայում կը յայտարարուեն առաջին խմբաքանակների ձեռքբերման մրցոյթները: Համագործակցութեան դրական ակնկալիքներ կան նաեւ մեր աւանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից: Այնպէս որ, դեռեւս անցեալ Դեկտեմբերին ռեֆորմի (բարեկարգումի-Խմբ.) իրագործման իմ հնչեցրած ժամկէտներն ուժի մէջ են, եւ մենք ռէալ (իրական-Խմբ.) արդիւնքները կը տեսնենք արդէն 2021-22 թուականներին:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Շարունակելով տրանսպորտային համակարգի հարցը, նշեմ, որ ձեր խոստումներից մէկը եղել է նաեւ մետրոյի առնուազն մէկ կայարանի կառուցումը: Մետրոյի կառուցման ֆինանսաւորման ի՞նչ աղբիւրներ է դիտարկում քաղաքապետարանը: Այս պահին, ի՞նչ փուլում են գտնւում ներդրողների հետ բանակցութիւնները:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Այս ուղղութեամբ եւս բաւական ծաւալուն «տնային աշխատանք» ենք կատարել անցնող տարուայ ընթացքում: Մշակուել են մի քանի էսքիզներ (ուրուապատկերներ-Խմբ.), որոնցից առանձնացուել են առաւել նախընտրելիները, մշակել ենք ֆինանսաւորման մոդելը, այն է՝ անել գրաւիչ առաջարկ պոտենցիալ (հնարաւոր-Խմբ.) ներդրողին՝ կառուցել կայարանն ու տեղում ծաւալուն բիզնես-նախագծեր իրագործելու հնարաւորութիւն ստանալ: Ըստ մեր հրապարակած էսքիզի, կայարանը պէտք է տեղակայուի Հրազդանի կիրճի երկու ափերն իրար կապող կառուցուելիք կամրջի վրայ, այսինքն, հէնց կամրջի վրայ կը լինի կառամատոյցը: Սա հնարաւորութիւն կը տայ զգալիօրէն համակարգել ծախսերը, ինչպէս նաեւ դէպի կայարան մուտքի հնարաւորութիւն կը լինի երկու կողմից՝ Հալաբեանից ու Կիեւեանի հետ հատուող Բարբիւսի փողոցի կողմից: Հիմա արդէն առարկայական բանակցութիւնների մէջ ենք պոտենցիալ ներդրողի հետ, որոնք լաւատեսութեան բաւական ամուր հիմք են ստեղծում: Մետրոյի կայարանի կառուցումը քաղաքի այդ հատուածի համար զարգացման լուրջ խթան կը դառնայ:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Պարոն Մարութեան, վերգետնեայ եւ ստորգետնեայ աւտոկայանատեղերի կառուցումը եւս, ըստ ձեզ, Երեւանի համար գերակայ լուծում պահանջող հարցերից է: Ինչպիսի՞ դինամիկա (շարժում-Խմբ.) է նկատւում այդ գործընթացում: Առաջիկայում քանի՞ աւտոկայանատեղ է նախատեսւում կառուցել եւ յանձնել շահագործման. ինչպիսի՞ տարածքներում կայ դրանց անհրաժեշտութիւնը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Երեւանի զարգացման 2020 թուականի տարեկան եւ 2019-2023 թուականների հնգամեայ ծրագրերով քաղաքում վերգետնեայ եւ ստորգետնեայ աւտոկայանատեղերի անբաւարարութեան հարցն ամրագրում ենք որպէս հիմնախնդիրներից մէկը: Անցնող տարուայ ընթացքում, մասնաւորապէս, քննարկուել է Շահումեանի հրապարակի եւ Վազգէն Սարգսեան փողոցի միջեւ ընկած հատուածում նոր ստորգետնեայ աւտոկայանատեղերի էսքիզ-առաջարկը՝ մօտ 510 տեղով: Մտադիր ենք քաղաքի տրանսպորտի, ճանապարհային ցանցի ու դրա հետ անմիջական կապ ունեցող ենթակառուցուածքների հետ կապուած խնդիրների վերհանման լուծումների փնտռտուքի ընթացքում այս հարցերը դիտարկել: Բայց արդէն այսօր քաղաքաշինական պրոյեկտների (նախագիծերու-Խմբ.) հաստատման ընթացքում կարեւոր տեղ ենք տալիս կայանատեղերին: Բոլոր նախագծային թոյլտուութիւնները, օրինակ՝ բազմաբնակարան շէնքերի եւ հասարակական շէնքերի թոյլտուութիւնները, տրամադրելիս պարտադիր պահանջներում ամրագրւում են, որ կառուցապատման մակերեսի նկատմամբ հնարաւորինս մեծ յարաբերակցութեամբ աւտոկայանատեղ կառուցեն նախագծուող տարածքի սահմաններում՝ կանխարգիլելով յետագայում հանրային տարածքներում աւտոկայանման արդէն իսկ առկայ ծանր իրավիճակի վատթարացումը: Բացի դրանից, ճանապարհների երթեւեկելի գօտիները կայանատեղերից ազատելու, դրանք բուն նպատակին  ծառայեցնելու համար, դիտարկում ենք բակային գօտիների ընդհանրական բարեկարգման վերակառուցումներին ուղղուած մասնաւոր-առաջարկներ՝ ստորգետնեայ աւտոկայանատեղերի բաղադրիչով, որպէս լուծմանն ուղղուած քայլերից:

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Ձեր պաշտօնավարման մէկ տարուայ ընթացքում դուք կարողացաք լուծել աղբահանութեան հարցը: Այս պահին ստեղծուել է Երեւանի աղբահանութեան համայնքային հիմնարկ, որն էլ իրականացնում  է աղբահանութիւնը: Նախատեսւո՞ւմ է արդեօք մասնաւորի նոյնպէս ներգրաւել այս գործընթացում:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Ինչպէս գիտէք, մեր պաշտօնավարման առաջին ամիսներից սկսած, «Սանիթեք» ընկերութիւնը ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ էր արագ կերպով մայրաքաղաքի աղբահանութեան խնդիրը լուծելու ճանապարհներ փնտռել: Մենք պէտք է քայլեր ձեռնարկէինք, որպէսզի մասնաւոր օպերատորը (աշխատաւորը-Խմբ.) չփորձի քաղաքի հետ խօսել սաբոտաժի (խափանարարութեան-Խմբ.) լեզուով՝ «պատանդի մէջ պահելով» միլիոնանոց քաղաքի բնակիչներին:   Ապրիլին արդէն, աւագանին հաստատեց իմ որոշումը՝ ձեւաւորել «Երեւանի աղբահանութեան եւ սանմաքրման համայնքային հիմնարկը», որն այսօր ամբողջութեամբ ստանձնել է մայրաքաղաքի աղբահանութեան եւ սանիտարական մաքրման, իսկ ձեան տեղումների դէպքում՝ նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործառոյթները: Բարեբախտաբար, աղբահանութեան ամառային սեզոնի որոշակի խնդիրները հնարաւորինս արագ յաղթահարուեցին՝ մեր թիմի աներեւակայելի ջանքերի շնորհիւ ու երեւանցիների բացառիկ աջակցութեան պայմաններում: Սակայն, անգամ այդ պարագայում դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ հիմնարկի միջոցով ծառայութիւնների մատուցման եւ կատարուող աշխատանքների արդիւնաւէտութեանը: Առաջիկայում այդ ուղղութեամբ կը լինի խորը մասնագիտական վերլուծութիւն, ու այդ պարագայում, հնարաւոր կը լինի դատողութիւններ անել մասնաւոր այլ կազմակերպութեան ներգրաւման նպատակայարմարութեան մասին:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Յայտնի է, որ աղբահանութիւն իրականացնող «Սանիթեք» ընկերութիւնը, որի հետ Երեւանի քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, դիմել է արբիտրաժի (իրաւարարութեան-Խմբ.): Ինչպիսի՞ սցենարներ (բեմագրութիւններ-Խմբ.) են կանխատեսւում, ունէ՞ք արդեօք հակափաստարկներ: Ձեր ընդդիմախօսները նշում են, որ եթէ արբիտրաժը բաւարարի ընկերութեան հայցը, Երեւանի քաղաքապետարանը ստիպուած է լինելու հսկայական գումարներ վճարել: Պատրա՞ստ էք արդեօք նման որոշման:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Այս հարցում, հասկանալի պատճառներով, մանրամասներին չեմ անդրադառնայ: Եթէ կը լինի արբիտրաժի գործընթաց, քաղաքապետարանը բաւարար փաստական եւ մասնագիտական ռեսուրսներ (պաշարներ-Խմբ.) ունի՝ ապացուցելու քաղաքի ճիշտ լինելը: Եկէք ուղղակի վերյիշենք, որ քաղաքը այս ամրան ամիսներին բառացիօրէն կանգնած էր աղբային աղէտի նախաշեմին՝ իր հնարաւոր ամենավատ հետեւանքներով: Մենք մեր քաղաքի կենսական շահն ենք պաշտպանել,  այս հարցում մեր դիրքերն առաւել քան ամուր են:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Աղբի վերամշակման գործարան կառուցուելո՞ւ է:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Աղբի վերամշակման գործարանի վերաբերեալ նշեմ, որ Երեւանի քաղաքապետարանը ստացել է ու շարունակում է ստանալ բազմաթիւ բիզնես-առաջարկներ՝ տարբեր ընկերութիւնների կողմից: Դրանք այժմ ուսումնասիրման փուլում են: Դարձեալ մասնագիտական համակողմանի դիտարկումների արդիւնքում կ՛ընտրուի այն ընկերութիւնը, որի փաթեթային առաջարկը ամենաընդունելին կը լինի քաղաքապետարանի համար՝ ելնելով բնապահպանական, քաղաքաշինական, առողջապահական եւ սոցիալական մի շարք չափորոշիչներից: Բացի դրանից, ստեղծել ենք «Կանաչապատում եւ շրջակայ միջավայրի պահպանութիւն» ՀՈԱԿը, որն ի թիւս այլ գործառոյթների, զբաղուելու է նաեւ աղբի տեսակաւորման, կոշտ ու վտանգաւոր թափօնների կառավարման հարցերով: Արդէն Սեպտեմբերից սկսած տեսակաւորում ենք ստուարաթուղթը, որը դեռեւս միայն տնտեսվարողներից հաւաքում ենք ու յանձնում վերամշակման:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Այս մէկ տարուայ ընթացքում ապամոնտաժուել (կազմաքանդուել-Խմբ.) են բազմաթիւ ապօրինի եւ ինքնակամ շինութիւններ՝ Նար Դոսի փողոցում եւ Կոմիտասի պողոտայում: Այդ շինութիւնների գոյքագրում կա՞յ, թէ որ փողոցներում եւ քանի հատ են դրանք: Ի՞նչ փուլում է Օպերայի յարակից տարածքի բարեկարգման եւ կանաչապատման գործընթացը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- 2019թ. ընթացքում բազմաթիւ ինքնակամ օբյեկտներ, այդ թւում՝ կրպակներ են ապամոնտաժուել, ու գործընթացը շարունակւում է հէնց հիմա: Մասնաւորապէս, տարուայ ընթացքում Կենտրոնում ապամոնտաժուել են Նար Դոս փողոցում տեղադրուած կրպակաշարը, Կոմիտասի պողոտայում՝ 16 կրպակ, Կոմիտաս 15 հասցէում զաւթուած մայթը վերադարձուել է հետիոտնին, կանխուել են մի շարք ապօրինի շինարարութեան փորձեր: Ընդհանրապէս, 2019ի ընթացքում Արաբկիրում ապամոնտաժուել են 65ից աւելի կրպակներ, քարէ հիմքով մասնակի շինութիւններ, տաղաւարներ Կոմիտասի պողոտայում, մետրոյի «Բարեկամութիւն» կայարանի յարակից տարածքում, Հր. Քոչար, Ա. Խաչատրեան, Կիեւեան փողոցներում, Ազատութեան պողոտայում: Ինքնակամ կրպակները քանդւում են նաեւ միւս շրջաններում:

Ինչ վերաբերում է Օպերայի յարակից տարածքի կանաչապատմանն ու բարեկարգմանը, ապա գործընթացն այս պահին քանդուած սրճարանների տարածքում արդէն աւարտուած է: Այնտեղ համալրուել է բուսահողի շերտը, նոր սիզամարգեր են տնկուել, ոռոգման ցանց է անցկացուել: Իհարկէ, տարուայ կտրուածքով այստեղ արդիւնքը մեզ չի գոհացնում, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ ամէն ինչ արուելու է օրէնքի տառին համապատասխան: Գուցէ, հանրային տարածքները վերադարձնելու հարցում այդ սկզբունքը մի քիչ աւելի շատ ժամանակ տանի, բայց մենք պատրաստ ենք դրան:

Ի դէպ, Մաշտոցի պողոտայում ու Տէրեան, Թումանեան, Սայաթ Նովա փողոցներում խիստ հետաքրքիր քաղաքաշինական ծրագրեր ունենք:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Ի՞նչ փուլում է բարձրայարկ շէնքերում առկայ վթարային վերելակների վերանորոգումը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Այս տարի իրականացրինք 20 վերելակ նորով փոխարինելու փորձնական ծրագիրը, միւս տարի ակնկալում ենք առնուազն 100 վերելակի փոխարինում: Փորձնական ծրագրի նպատակներից մէկը՝ հնարաւոր քօղարկուած խնդիրների վերհանումն է, որպէսզի յաջորդ տարի, երբ մեկնարկի հիմնական ծրագիրը, մենք չբախուենք չնախատեսուած արգելքների հետ: Բացի դրանից, զգալի աւելացրել ենք գործող վերելակների վերանորոգման ու սպասարկման ծախսերը: Քաղաքում փոխարինման ենթակայ շուրջ 3500 վերելակ կայ: Սա ահռելի թիւ է ու լրջագոյն մարտահրաւէր մեր քաղաքի համար, բայց մենք վստահ ենք, որ երեւանցիների ակտիւ մասնակցութեամբ կը կարողանանք այս հարցին լուծում տալ մօտակայ տարիներին:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Այս տարի ներդրուել է մանկապարտէզների եւ դպրոցների գրանցման օն-լայն (առցանց-Խմբ.) հարթակ: Ի՞նչ արձագանգներ կան, ինչպիսի՞ արդիւնք է տուել այս հարթակների ստեղծումը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- «Մանկապարտէզ» կառավարման համակարգի մաս հանդիսացող mankapartez.yerevan.am կայքը բացուել է 2019 թուականի Փետրուարին: Դրանով ներդրել ենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեամբ գործող մանկապարտէզների մասին համապարփակ տեղեկութիւն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետեւելու եւ քաղաքացիներին առցանց հերթագրման հնարաւորութիւն ապահովելու մեխանիզմը: Դեկտեմբերի 10ի դրութեամբ կայք է այցելել շուրջ 356 հազար մարդ, որպէս օգտատէր գրանցուել են 4922ը, 12,762 քաղաքացի օգտուել է «Հետեւել հերթին» ծառայութիւնից, իսկ Ապրիլից գործարկուած առցանց հերթագրման միջոցով 1583 երեխայ հերթագրուել է մանկապարտէզում: Կարծում ենք, որ համակարգի ներդրման շնորհիւ անհաւասարութեան պրակտիկայից ենք ազատուել: Հիմա որեւէ անձ անկախ նրանից, մանկապարտէզում «ծանօթ» ունի թէ ոչ, գրանցւում է ու սպասում է իր հերթին:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Մի շարք համայնքային տարածքներ վերադարձուել են համայնքներին: Նախկինում մանկապարտէզներից օտարուած 6500 քմ. տարածք վերադարձուել է, ինչի շնորհիւ շուրջ 1000ով աւելի երեխայ հնարաւորութիւն ունի յաճախելու մանկապարտէզ: Այդ ծրագիրը շարունակուելո՞ւ է: Օրինակ, նման լուծում ստացաւ «Սեբաստիա» մանկապարտէզ-դպրոցի կրթահամալիրի շէնքի հարցը, որոշուեց, որ Ալեքսանեանների ընտանիքը այն կը վերադարձնի համայնքին, ի՞նչ փուլում է գործընթացը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Նախադպրոցական ուսումնական հաստատութիւնների աշխատանքները համակարգւում են վարչական շրջանների կողմից: Քաղաքապետի անունից, մայրաքաղաքի շրջանների ղեկավարները լիազօրուել են իրենց տարածքներում գտնուող Երեւան համայնքի սեփականութիւն հանդիսացող մանկապարտէզների զբաղեցրած տարածքներն ազատելու նպատակով օգտագործողներին ծանուցելու, որ նրանք պէտք է հրաժարուեն վարձակալութեան պայմանագրերից՝ օրէնսդրութեամբ նախատեսուած պայմաններով: Այստեղ եւս ունենք շարունակական գործընթաց, յանձնարարել եմ պարբերաբար ներկայացնել տեղեկատուութիւն նշուած լիազօրագրի շրջանակներում կատարուած աշխատանքների մասով: Ինչ վերաբերում է Ալեքսանեանների ընտանիքին տարիներ առաջ տրուած մանկապարտէզին, ապա դրա անհատոյց օգտագործման պայմանագրի գործողութիւնը դադարեցուած է, այսինքն, համայնքը վերադարձրել է մանկապարտէզը:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Նախկին Երիտասարդական պալատի տեղում կառուցուելիք շէնքի հարցը պարբերաբար դառնում է հասարակութեան քննարկման գլխաւոր թեմաներից, մանաւանդ երբ տարբեր նախաձեռնութիւններով ինչ-ինչ նախագծեր են հրապարակ բերւում: Ի՞նչ է ի վերջոյ կառուցուելու այդտեղ եւ ե՞րբ:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Երեւան քաղաքում անաւարտ, չիրացուած, փաստացի չօգտագործուող, անբարեկարգ եւ նմանատիպ անշարժ գոյքի պատշաճ  օգտագործումը ապահովելու նպատակով, ընդհուպ՝ նշուած գոյքերի մասով հանրային գերակայ շահ ճանաչելու եւ ներդրումային այլ ծրագրերում օգտագործելու գործընթացի իրականացման շրջանակներում հանդիպումներ են ընթացել Երեւան քաղաքի գլխաւոր ճարտարապետի հսկողութեամբ կառուցապատող «Աւանգարդ Մոթորս» ՍՊԸի ղեկավարի հետ: Քննարկուել են, մասնաւորապէս, նախկին «Երիտասարդութեան պալատ»ի տեղում յետագայ կառուցապատման ծրագրին նոր շունչ հաղորդելու հարցն ու յետագայ քայլերը: Ընդհանրապէս, մենք շահագրգռուած ենք, որ յատկապէս քաղաքի կենտրոնում տարիներ շարունակ կիսատ մնացած նախագծերը հնարաւորինս արագ աւարտին հասնեն: Այնուհանդերձ, մենք ձգտում ենք արդէն գոյութիւն ունեցող ծրագրերը հնարաւորինս բերել մեր պատկերացումների դաշտ: Փորձում ենք վնաս չտալ կառուցապատողին՝ ամէն դէպքում ընտրում ենք քաղաքի համար օպտիմալ տարբերակը: Արձանագրեմ նաեւ կարեւոր մի փաստ՝ մենք արդէն փաստացի կասեցրել ենք Երեւանի փոքր կենտրոնում բարձրայարկ շինարարութեան թոյլտուութիւն տալու պրակտիկան: Քաղաքը պէտք է զարգանայ նաեւ թաղամասերում, այն պէտք է ոչ միայն «բարձրանայ», այլեւ «լայնանայ»՝ ընդարձակուի:

 

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ.- Ձեր յայտարարած յաւակնոտ ծրագրերից մէկն էլ Նոր Նորքը կենտրոնին կապող ճոպանուղու կառուցումն էր: Այդ հարցով ներդրող ներգրաւելու շուրջ բանակցութիւններ տարւո՞ւմ են: Կա՞յ արդեօք  նախագիծ, ի՞նչ ժամկէտներում է պլանաւորւում դրա կառուցումը:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹԵԱՆ.- Նորքի զանգուածը քաղաքի կենտրոնի հետ կապող  տրանսպորտային միջոցի ստեղծման նպատակով մեր մասնագէտները՝ գլխաւոր ճարտարապետի հետ միասին, ուսումնասիրել են աւստրիական «Դոպելմայեր»  ընկերութեան կողմից կազմուած նախնական հաշուարկները: Ակնկալւում է, որ ֆինանսաւորման աղբիւր կարող է լինել պետական երաշխիքով վարկի ներգրաւումը: Այս ուղղութեամբ տարուայ ընթացքում քննարկումներ ենք ունեցել ՀՀ  տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութիւնում:  Ներկայումս ակտիւ բանակցութիւններ են ընթանում «Դոպելմայեր» ընկերութեան  հետ: Կառուցման ժամկէտները որոշակի կը դառնան վերոյիշեալ աշխատանքների արդիւնքներից կախուած:

 

Լուսանկարը՝ ԱՐԹՈՒՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆի

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here