«Մեծ Է Նոր Պատերազմի Վտանգը՝ Արցախի «Աբխազացման» Նպատակով». Լիլիթ Գէորգեան

0
368

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի ԶՐՈՅՑԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ԼԻԼԻԹ ԳԷՈՐԳԵԱՆԻ ՀԵՏ

Լոնդոնում հիմնուած «Ջէյնզ Ինտելիջընս» (Jane՛s Intelligence) պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով վերլուծական կենտրոնի (1) Ռուսաստանի եւ ԱՊՀի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գէորգեանը զրոյցում ամփոփել է անցած 2019 թուականի ընթացքում Հայաստանի ներքին կեանքում եւ արտաքին քաղաքականութեան ու անվտանգութեան ոլորտներում տեղի ունեցած կարեւորագոյն իրադարձութիւնները, ձեռքբերումներն ու բացթողումները, յաջողութիւններն ու ձախողումները՝ անդրադառնալով նաեւ նոր՝ 2020 թուականի գլխաւոր մարտահրաւէրներին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Լիլի՛թ, Նիկոլ Փաշինեանը ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակուելուց յետոյ եւրոպական բարձր ամբիոնից յայտարարեց, որ իր գլխաւորած կառավարութիւնը նախաձեռնել է «յաւակնոտ բարեփոխումներ»ի գործընթաց, որի առաջնահերթութիւններից են կոռուպցիայի դէմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատութեան յաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրէնքի գերակայութեան հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հաւասար կանոնների ապահովումը: Եթէ փորձենք առանձնացնել մի քանի առաջնահերթութիւններ Թաւշեայ յեղափոխութեան կարգախօսներով իշխանութեան եկած նոր կառավարութեան կամ այլ խօսքերով՝ կառավարող նոր ուժի բարեփոխումների օրակարգից, ապա դրանք են տնտեսական յեղափոխութիւնը, որը դրուած է նոր կառավարութեան ներկայացրած 5ամեայ ծրագրի հիմքում, դատաիրաւական համակարգի բարեփոխումների հարցը, որին վերաբերող ելոյթով Փաշինեանն ազդարարեց՝ «Հայկական յեղափոխութեան երկրորդ՝ ամենակարեւոր փուլի մեկնարկը», եւ, իհարկէ, երկրի անվտանգութեան ամրապնդումը, այդ թւում՝ նոր սպառազինութեան ձեռքբերումը, ՀՀ ԶՈՒ զինծառայողների պայմանների բարելաւումը, ՀՀ Զինուած ուժերի պաշտպանական քաղաքականութեան փոփոխութիւնները՝ պաշտպանողականից դէպի յարձակողական մարտավարութիւն, Հայաստանի Ազգային անվտանգութեան ռազմավարութեան վերանայումը եւ այլն:  Ի՞նչ յաջողութիւններ կամ առաջընթաց ենք գրանցել նշուած ուղղութիւններով: Օրինակ, կոռուպցիայի դէմ պայքարի, տնտեսական բարեփոխումների ծաւալները գոհացնո՞ւմ են, թէ ոչ:

ԼԻԼԻԹ ԳԷՈՐԳԵԱՆ.- Հայաստանի ներքաղաքական կեանքը արտաքինից բաժանուած չէ: Եւ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ նոր իշխանութիւնը վերջին մէկ տարում կենտրոնացաւ կարճաժամկէտ վտանգների չէզոքացման վրայ: Քոչարեան-Սարգսեան առանցքի ակտիւ համագործակցութիւնը Մոսկուայի հետ մէկտեղուած էր Արցախի շուրջ ռազմական լարուածութեամբ եւ Արցախի ներկայիս իշխանութիւնների եւ Քոչարեան-Սարգսեան թիմի ակնյայտ վտանգաւոր մերձեցման հետ:

Այս ամէնն ուղեկցւում էր եւ շարունակում է ուղեկցուել ակտիւ հիբրիդային (համացանցային-Խմբ.) պատերազմով: Այս պատերազմը մէկ տարուայ ընթացքում պարզ սոցիալական ցանցերով տարուող ապատեղակատուական արշաւից դարձաւ աւելի բազմաշերտ, ներառելով մի շարք նորաստեղծ հասարակական կազմակերպութիւններ, կուսակցութիւններ եւ խմբեր, որ քաղաքական ընդդիմութեան դիմակի տակ են թաքնուած: Արդիւնքում ամենակարեւոր քայլը, որ ակնկալւում էր նոր իշխանութիւններից, չարուեց: Այն է՝ քաղաքական գնահատական չի տրուել անցած ռեժիմներին (վարչակարգին-Խմբ.) եւ չի ստեղծուել անցումային արդարադատութեան մեխանիզմ:

– Չի բացայայտուել ՀՀում իշխանութեան բռնազաւթման մեխանիզմը, երկրորդային եւ աւելի ցածր մասնակիցների դերը այդ բռնազաւթման մէջ: Չի գնահատուել ՀՀում նմանօրինակ օկուպացիայի (գրաւումի-Խմբ.) հասցրած մարդկային, ռազմական, տնտեսական կորուստները եւ ազգային անվտանգութեանը տուած երկարատեւ վնասը:

– Նման գնահատականը կը ստիպէր նախկին ռեժիմի նախարարական եւ աւելի ցածր օղակի ծառայողների գնահատել իրենց դերը այդ բռնազաւթող ռեժիմին օժանդակելու գործում: Նման գնահատականի բացակայութիւնը եւ օկուպացիայի ակտիւ դերակատարների չանուանարկումը նշանակում է, որ իշխանութեան բռնազաւթումը ապագայում չպէտք է բացառել:

Կարծում եմ՝ սա է նոր իշխանութիւնների ամենամեծ ձախողումը, ինչի հետեւանքով նախկին ռեժիմն արագ հագաւ քաղաքական ընդդիմութեան դիմակը: Այս դիմակը, նախ, օգտակար է ընթացող եւ հնարաւոր քրէական գործերը իբրեւ քաղաքական հետապնդումներ Եւրոպական մարդու իրաւունքների դատարանում բողոքարկելիս: Սակայն ամենակարեւորը՝ նոր իշխանութիւնները թոյլ են տալիս հներին իշխանութեան բռնազաւթումը մարսել եւ վերածնուել իբրեւ քաղաքական այլախոհներ, որոնք բոլոր իրաւունքներն ունեն նորից իշխանութեանը վերադառնալու:

Հետեւաբար, պետական ապարատը (համակարգը-Խմբ.), յատկապէս ուժային կառոյցները, որ տասնամեակներով հին ռեժիմի կորիզն են կազմել, կը շարունակեն չէզոքացնել արմատական փոփոխութիւնները, մինչեւ հին ռեժիմը կը կոնսոլիդացնի (կ՛ամրապնդէ-Խմբ.) իր ուժերը եւ թերեւս նոր կուսակցական կոալիցիայով (համախոհութեամբ-Խմբ.) եւ թարմ քաղաքական դէմքերով հետ կը վերադառնայ:

Իհարկէ հների վերադարձը՝ կոսմետիկ (գեղագիտական-Խմբ.) փոփոխութիւններից յետոյ, այնքան էլ հեշտ չի լինի: Բայց գոնէ այն խաւը, որ հին ռեժիմի շահառուն է եղել, վստահաբար սպասում է Փաշինեանի կառավարութեան հանրային աջակցութեան անկմանը, ինչից յետոյ քաղաքական դաշտը կը բացուի հին ռեժիմից սնուող հին եւ նոր կուսակցութիւնների համար:

Այս առումով յատկապէս կարեւոր է նոր եւ իրական ընդդիմութեան ձեւաւորումը, որը սկանդալային (գայթակղեցուցիչ-Խմբ.) վերնագրերի փոխարէն կ՛աշխատի տասնամեակներում ձեւաւորուած պետական կառավարման վերստեղծմանը՝ հին օրէնսդրական թակարդները մաքրելով եւ ինստիտուտներ (հիմնարկներ-Խմբ.) ստեղծելով: Քանի որ Հայաստանը քաղաքականապէս նոր է ազատականանում, իրական ընդդիմութեան խնդիրն է յեղափոխութեան արդիւնքում հապճեպ ընդարձակուած իշխանական կուսակցութեան հետ աշխատելը, ինչպէս նաեւ նրան ի վերջոյ փոխարինելը:

Օլիգարխիայի դէպքում եւս կառավարութիւնն ընտրել է ոչ-ինստիտուցիոնալ ճանապարհ՝ գոնէ կարճաժամկէտ առումով: Այն է՝ օլիգարխների ֆինանսական փոխանցումների հաշուին ռազմական շտապ գնումների եւ այլ խնդիրների լուծումը: Ինչպէս այլ երկրների փորձն է ցոյց տալի, օլիգարխիան կազմաքանդելու համար մէկ կամ անգամ հինգ տարին բաւարար չէ՝ առանց մակրոտնտեսական ցնցումների: Ի դէպ այլ երկրների փորձը ցոյց է տալիս, որ հանրութեան ամենաառաջնային պահանջներից են՝ օլիգարխների ունեզրկումը եւ սեփական եկամուտների կտրուկ բարձրացումը: Այս երկու պահանջների թերի բաւարարումը յեղափոխական իշխանութիւնների ամենախոցելի կողմն է:

 

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Իսկ կա՞ն արդեօք տնտեսական յաջողութիւններ Հայաստանին դրսից հետեւողների տեսանկիւնից:

ԼԻԼԻԹ ԳԷՈՐԳԵԱՆ.- Յաջողութիւնների առումով դրական է այն, որ չնայած քաղաքական անկայունութեանը՝ ՀՀ տնտեսական աճը այս տարի ամենայն հաւանականութեամբ ամենաբարձրը կը լինի Արեւելեան Եւրոպական երկրների շարքում: Արտաքին տնտեսական պարտքի վերաֆինանսաւորումը համեմատաբար աւելի ցածր գնով եւս լաւ լուր է գոնէ դրսից Հայաստանին հետեւողների համար: Հայաստանի պետական պարտքի վարկանիշի բարձրացումը Moody՛s-ի եւ Fitch-ի կողմից, ինչպէս նաեւ Դեկտեմբերին Միջազգային արժութային հիմնադրամի կողմից խրախուսական տնտեսական ամփոփագիրը եւս վկայում է, որ Հայաստանի տնտեսութիւնը աւելի դիմացկուն է դառնում ներքին եւ արտաքին ռիսկերին (վտանգներուն-Խմբ.) դիմակայելիս:

Յեղափոխութիւնների համար ամենավտանգաւոր շրջանը սովորաբար հանրային ուրախութեան մարումից յետոյ է գալիս: Սա նաեւ Հայաստանին է վերաբերում: Փաշինեանի կառավարութեան գլխաւոր մարտահրաւէրները երկուսն են՝

– Առաջինը, անցնել կարճաժամկէտ տակտիկական քայլերից ռազմավարականի, յեղափոխականների կառավարութիւնից դառնալ մասնագէտների կառավարութիւն, մանաւանդ երբ պետական ապարատում նեպոտիզմի (հովանաւորչութեան-Խմբ.) արդիւնքում հիմնականում աշխատում են ցածր հմտութիւն ունեցողներն ու հին ռեժիմին սատարողները:

– Երկրորդը, որդեգրել «ստրատեգիական կոմունիկացիա (րազմավարական հաղորդակցութիւն-Խմբ.)», այսինքն՝ ոչ միայն վարչապետը, այլեւ կառավարութիւնը պէտք է յստակ հաղորդակցի, թէ ինչ ռազմավարութիւն ունեն տարբեր ոլորտներում, այդ թւում նաեւ ամենացաւոտ հարցերում, ինչպէս աղքատութեան վերացումը, ոսստիկանութեան եւ դատարանների ռեֆորմը (բարեփոխումը-Խմբ.) եւ այլն:

 

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Իսկ ի՞նչ յաջողութիւններ ենք ունեցել արտաքին քաղաքականութեան ու անվտանգութեան ոլորտներում: Պէտք է նկատել, որ վերջին մէկ տարուայ ընթացքում բուռն զարգացումներ են եղել մի քանի առաջնահերթ ուղղութիւններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորում, կարեւոր զարգացումներ Հայկական հարցի շուրջ, մասնաւորապէս՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսում, թուրք-ամերիկեան, հայ-թուրքական եւ թուրք-ռուսական զարգացումները, որոնք եւս այս կամ այն առումով առնչւում են հայկական գործօնին, հայ-ռուսական յարաբերութիւնները, ինտեգրացիոն (համարկման-Խմբ.) գործընթացները յետխորհրդային տարածքում եւ այլ առաջնահերթ ուղղութիւններ:

ԼԻԼԻԹ ԳԷՈՐԳԵԱՆ.- Յաջողութիւններն արտաքին քաղաքականութեան ոլորտում դեռեւս տակտիկական են ու նորից կարճաժամկէտ: Յեղափոխութիւնն ինքնին յետաձգեց Արցախի հարցում զիջումների խնդիրը, որին յանգեցրել էր նախորդ ռեժիմի վարած արտաքին քաղաքականութիւնը: Սակայն ռուսական կամ ՀԱՊԿ խաղաղապահներին Արցախ բերելու հարցը ամէն դէպքում մնում է Ռուսաստանի օրակարգում: ՀԱՊԿը շարունակում է մնալ անուանական անվտանգութեան կառոյց, որը որեւէ անվտանգութեան երաշխիք Հայաստանին չի տալիս:

Պաշտպանողական ռազմական մարտավարութիւնից գոնէ կոնցեպտուալ (տեսական-Խմբ.) առումով հրաժարուելը կարեւոր առաջընթաց է: Սակայն Արցախում հին ռեժիմի վերարտադրման հաւանականութիւնն ինքնին արդէն լուրջ խնդիր է նոր իշխանութիւնների համար: Եթէ ՀՀ-Արցախ պառակտումը, որ Քոչարեան-Սարգսեան տանդեմի ռեւանշի (լծակիցներու վրէժխնդրութեան-Խմբ.) մի մասն է, խորանայ, ապա վատթարագոյն դէպքում կարող ենք տեսնել Արցախի աբխազացում Ռուսաստանի կողմից, մանաւանդ երբ աւելի յաճախակի են դարձել ռուսական անձնագրերը արցախցիներին հասանելի դարձնելու առաջարկները մերձկրեմլեան քաղաքագէտների կողմից:

Ռուսաստան-Ադրբեջան վերջին շրջանի մերձեցումը, Ալիեւ-Փաշաեւ կլանի կողմից իշխանութեան լծակների առաւել վերահսկումը կադրային ջարդերի միջոցով աւելացնում են Արցախի համար ռիսկերը:

Հայաստանը դեռ չունի դիւանագիտական կարողութիւնը դուրս գալու Մադրիդեան- Կազանեան սկզբունքների փակուղուց: «Տարածքներ՝ յանուն կարգավիճակ»ի վտանգաւոր բանաձեւը կը շարունակի շահարկուել Ռուսաստանի կողմից Հարաւային Կովկասում ամրապնդուելու համար:

Ռուս-հայկական յարաբերութիւններում Մոսկուան շահեկան վիճակում է: Հայաստանի նախկին ռեժիմը, նրան հարող կուսակցութիւնները, ըստ էութեան, ստանձնել են Հայաստանում ռուսական շահերի պահպանման դերը: Միւս կողմից, նոր իշխանութիւնները, մասամբ հին ռեժիմին Մոսկուայի աջակցութիւնը թուլացնելու համար, լաւ յարաբերութիւններ ունեն Ռուսաստանի հետ՝ բազմիցս շեշտելով, որ յեղափոխութիւնը Հայաստանի ներքին խնդիրները լուծելու համար է, եւ ոչ աւելին:

Ինչ վերաբերում է Ցեղասպանութեան ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ապա այն հիմնականում պայմանաւորուած էր Թուրքիայի վարքագծով: ԱՄՆի Կոնգրեսը գրեթէ միաձայն որոշեց պատժել Թուրքիային ռուսական հակաօդային պաշտպանական համակարգ ձեռք բերելու համար: ԱՄՆ-Թուրքիա լարուածութիւնը նոր հնարաւորութիւններ կարող էր բացել, բայց կարծես Հայաստանը առանձնակի օրակարգ չունի Միացեալ Նահանգների վերաբերեալ:

Արտաքին քաղաքական յաջողութեան հասնելու համար Հայաստանը չի կարող յենուել միայն իր դիւանագիտական կորպուսի (մարմինի-Խմբ.) վրայ, որը նոյն հին պետական ապարատի մի մասն է եւ բարեփոխումների չի ենթարկուել, այդ թւում՝ կադրային եւ մարտավարական առումով:

Ինչպէս ներքաղաքական հարցերում, արտաքին յարաբերութիւններում եւս Փաշինեանի կառավարութիւնը ուժերը թարմացնելու եւ յստակ ռազմավարութեան կարիք ունի: Տնտեսական եւ ռազմական դիւանագիտութիւնը նոյնքան կարեւոր են, որքան քաղաքական յարաբերութիւնները:

 

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Յեղափոխութեան երկու տարիներից յետոյ որքանո՞վ է բարձրացել Հայաստանի միջազգային հեղինակութիւնը, Հայաստանի սուվերենութիւնը (գերիշխանութիւնը-Խմբ.)՝ յատկապէս հետսովետական տարածքում իր վարած քաղաքականութեան առումով: Եւ որո՞նք, ձեր կարծիքով, կը լինեն Հայաստանի ներքին կեանքի ու անվտանգութեան հիմնական մարտահրաւէրները 2020 թուականի ընթացքում:

ԼԻԼԻԹ ԳԷՈՐԳԵԱՆ.- Յեղափոխութիւնը Հայաստանը նորից դրեց աշխարհի քաղաքական քարտէզին: Տարածաշրջանով հետաքրքրուողների համար այն դրական քայլ էր, որ յատկապէս արտառոց էր դեմոկրատական գործընթացների աշխարհում յետընթացների ֆոնին: Յեղափոխութիւնը, առանց արեան, նաեւ «լաւ աւարտով» պատմութիւն է, դրական բրենդինգ (վաճառանիշ-Խմբ.): Տեղեկատուական տեխնոլոգիաների համագումարը, տուրիզմը, այսպէս կոչուած՝ «դրական աղմուկը» միմիայն օգտակար են: Սա նաեւ արտայայտւում է պետական պարտքի նկատմամբ ներդրողների մօտ աճող հետաքրքրութեամբ:

Յեղափոխութիւնը անակնկալի բերեց յետխորհրդային երկրներով հետաքրքրուողներին եւ՝ ոչ միայն: Իր իւրօրինակ եւ անարիւն ձեւով արագ իշխանափոխութիւնը Ռուսաստանի արբանեակ երկրում շատերի համար եղել է եւ մնում է իւրատիպ էքսպերիմենտ (փորձարկութիւն-Խմբ.):

Արդեօք կը կարողանա՞յ Հայաստանը պահպանել լաւ յարաբերութիւնները Կրեմլի հետ եւ միաժամանակ կազմաքանդել վերջինիս ամենաարդիւնաւէտ ազդեցութեան գործիքը՝ օլիգարխիան Հայաստանում:

Արդեօք կը կարողանա՞յ հայկական յեղափոխութիւնը խուսափել Ռուսաստան-Արեւմուտք կոնֆլիկտից (հակամարտութենէն-Խմբ.): Արդեօք կը կարողանա՞յ հայկական յեղափոխութիւնը առանց լուրջ արեւմտեան ֆինանսական եւ այլ զօրակցութեան ստեղծել անկախ դատական համակարգ, վերակառուցել ուժային կառոյցները եւ մաքրել պետական համակարգը կաշառակերութիւնից: Եւ վերջապէս՝ արդեօք թոյլ կը տա՞յ Ռուսաստանը, որ իր արբանեակ երկիրը ուժեղ պետական ինստիտուտներ ստեղծի, բազմավեկտոր (բազմաշառաւիղ-Խմբ.) արտաքին քաղաքականութիւն վարի թէ՛ ռազմական, թէ՛ ներդրումների, այդ թւում նաեւ էներգետիկ (ուժանիւթի-Խմբ.) ոլորտում:

Հայաստանի հանրութիւնը զինուորագրուել է յեղափոխութեան գաղափարին եւ պատրաստ է զօրակցել բոլոր նրանց, ովքեր կ՛անեն արմատական փոփոխութիւններ: Յեղափոխութիւնը չի պատկանում մէկ քաղաքական խմբի, եւ դա եւս դրական է: Բնականաբար, տարբեր խաւեր տարբեր ակնկալիքներ ունեն: Բայց հանրութեան պահանջը մէկն է՝ ոչ թէ կոսմետիկ, այլ համակարգային փոփոխութիւններ: Սա, իհարկէ, բացառութեամբ այն խաւի, որ զրկուել է ֆինանսական եկամուտներից կամ պաշտօններից ու տիտղոսներից, որոնց նրանք երբեւէ այլ երկրում չեն կարող հասնել:

– գլխաւոր մարտահրաւէրներից հետեւեալը կ՛առանձնացնէի՝ Արցախում ոչ ազատ ընտրութիւնները եւ երկրամասի Ռուսաստանի կողմից աբխազացման վտանգը՝ տեղական էլիտայի եւ Քոչարեան–Սարգսեան տանդեմի օգնութեամբ:

– մեծ է նոր պատերազմի հրահրման վտանգը՝ Արցախի տարածք «խաղարարաներ» մտցնելու հեռահար նպատակով:

– յեղափոխութեան ձախողումը եւ հնարաւոր քաղաքական անկայունութիւնը եւս ազգային անվտանգութեան խնդիրներ են:

Հանրութիւնը յստակ պահանջ ունի՝ համակարգային փոփոխութիւնների պահանջ: Եթէ ներկայիս կառավարութիւնն ընտրի կարճաժամկէտ լուծումներ եւ յետաձգի օլիգարխայի եւ ուժային կառոյցները մաքրելու գործը, ապա սա կարող է ապակայունացնել ներքաղաքական վիճակը:

Հիբրիդային պատերազմը կամ հանրութեան վրայ ազդելու եւ հանրութեանն ուղղորդելու «յատուկ միջոցառումները» Հայաստանում մեծ չափերի են հասել: Սրա մասին գրեթէ չի խօսւում, եւ այն իջեցւում է պրիմիտիւ (նախնական-Խմբ.) սոցիալական կեղծ կայքերի խնդրին: Հանրային դաշտը տեղեկատուական աղբով լցնելը, ապակողմնորոշելը կամ մոլորեցնելը ազգային անվտանգութեան խնդիր է: Նման համակարգ եւ մարդկանց ցանց ստեղծողները կարող են, օրինակ, վաղը համոզել, որ ռուս «խաղարարներ»ի մուտքը Արցախ լաւագոյն տարբերակն է Հայաստանի համար:

Սա նեղ ազգային օրինակ է: Հիբրիդային պատերազմի գլխաւոր նպատակներից մէկը մարդկանց մոլորեցնելն ու կեղծ օրակարգերով սնելն է, որտեղ տրամաբանական բացատրութեան փոխարէն ամէն ինչ յանգեցւում է կոնսպիրացիաների՝ դաւադրութիւնների: Նման կեղծ օրակարգեր են միասեռականների, Սորորսի, լիբերալիզմի, կլիմայական փոփոխութիւնների, աւանադապաշտութեան մասին ապատեղեկատուութիւնը: Հայաստանում հեշտ է նկատել, թէ ինչպէս հիբրիդային պատերազմի կանոններով շարժուողները ոչ մի կերպ չարձագանգեցին երեխանների ապօրինի վաճառքի մասին բացայայտումներին: Ինչպէս այլ երկների փորձն է տալիս՝ հիբրիդային պատերազմը կարող է լրջօրէն պառակտել հանրութեանը եւ այն դրսից հեշտ ղեկավարել:

Եւ վերջապէս, Մերձաւոր Արեւելքում ԱՄՆի նահանջը, ռուս-թուրքական ամրացող դաշինքը վերստեղծում են այն նոյն վտանգները, որ մէկ դար առաջ յանգեցրեց հայկական տարածքային կորուստների:

 

1.- Այս կենտրոնն իր հերթին մաս է կազմում Լոնդոնում հիմնուած IHS Markit ընկերութեանը, որը յայտնի է որպէս գլոբալ տեղեկատուութեան մատակարար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here