«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ԳԼԽԱՒՈՐ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
634

«Վերադարձի Մասին Օրէնք Պէտք Է Ունենանք, Որի Մշակման Աշխատանքները Մենք Սկսել Ենք»

Վարեց՝ ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պարոն Սինանեան, յեղափոխութիւնից յետոյ հայրենադարձութիւնը սահմանուել է որպէս կարեւոր ծրագրային ուղղութիւններից մէկը: Ի՞նչ փուլում են այդ ուղղութեամբ աշխատանքները:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Մենք այս փուլում հայրենադարձութեան տարբեր դրսեւորումների հետ ենք գործ ունենում եւ ունենալու ենք: Յեղափոխութիւնից յետոյ կայ բնականոն հայրենադարձութիւն, մարդիկ կան, ովքեր փոփոխութիւններից ոգեւորուած գալիս են եւ ուզում են իրենց կեանքը շարունակել Հայաստանում: Այս մարդիկ հիմնականում ինքնաբաւ մարդիկ են, ովքեր պետութիւնից որեւէ ակնկալիք չունեն: Նրանք ուր էլ որ գնան, յաջողելու են, եւ իրենց անհրաժեշտ չէ, որպէսզի մենք իրենց համար յատուկ ծրագրեր մշակենք: Ի հարկէ, այս մարդկանց թիւը սահմանափակ է, այն զանգուածային բնոյթ չի կրում, բայց ամէն դէպքում գործընթացը կայ: Մարդիկ գալիս են, եւ այդ հոսքը շարունակական է:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հիմնականում որ երկրներից են գալիս:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Գալիս են հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆից, Կանադայից, Աւստրալիայից: Եւ գալիս են ինչպէս աւանդական Սփիւռքի ներկայացուցիչները, այնպէս էլ անձինք, ովքեր Հայաստանում իրենց կեանքի ինչ-որ ժամանակահատուած ապրել են: Բայց, ի հարկէ, այն հայրենադարձութիւնը, որի մասին վարչապետն էր խօսում եւ որի մասին մենք ենք երազում, այդ ալիքը դեռ չկայ, պետութիւնը դեռ պատրաստ էլ չէ դրան: Այսինքն՝ մենք չունենք անհրաժեշտ քանակի աշխատատեղեր, տնտեսութիւնը չի զարգացել այն աստիճանի, չունենք այն սոցիալական ծրագրերի փաթեթը, որն անհրաժեշտ է, որպէսզի հայրենադարձութիւն տեղի ունենայ: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել մինչեւ 2050 թուականն ունենալ 5 մլն. բնակչութիւն: Բնական է, այդ աճը տեղի է ունենալու նաեւ հայրենադարձութեան շնորհիւ, ոչ թէ միայն բնական աճի:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Եւ որպէսզի դա տեղի ունենայ, ի՞նչ քայլեր պէտք է արուեն:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Մեզ անհրաժեշտ են մի շարք քայլեր, որոնց վրայ աշխատում ենք: Նախ պէտք է կարգաւորենք օրէնսդրական դաշտը, որը պէտք է համահունչ լինի հայրենադարձութեան հետ: Օրինակ՝ վերադարձի մասին օրէնք պէտք է ունենանք, որի մշակման աշխատանքները մենք սկսել ենք: Դրանով ամրագրւում է հայ մարդու իրաւունքը՝ ապրել հայրենիքում: Եւ նաեւ սահմանւում են պետութեան պարտաւորութիւնները հայրենադարձ անձի նկատմամբ: Այլ օրէնքներում պէտք է լինեն փոփոխութիւններ, որպէսզի յստակեցուեն հարցերը, ինչպիսիք են մարդկանց՝ քաղաքականութեան մէջ, պետական կառավարման համակարգում ներգրաւելու վերաբերեալ հարցերը: Գործող սահմանափակումները պէտք է վերացուեն: Դրան զուգահեռ, ինչ բարելաւում որ տեղի է ունենում Հայաստանի բնակչութեան համար, դա անդրադառնալու է նաեւ Սփիւռքի այն մարդկանց կեանքի վրայ, որոնք պոտենցիալ (հաւանական-Խմբ.) ներգաղթողներ են: Մենք նաեւ մտադիր ենք մշակել մի շարք այլ օրէնքներ, որոնք ամրագրելու են հայրենադարձների իրաւունքներն ու պետութեան պարտաւորուածութիւնը նրանց նկատմամբ: Մենք հիմա հայրենադարձութեանը նպաստող էկոհամակարգի (բնապահպանութեան համակարգի-Խմբ.) ձեւաւորման աշխատանքներն ենք իրականացնում:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Թիրախային թուեր կա՞ն սահմանուած, թէ ամէն տարի հայրենադարձութեան ինչ ցուցանիշ պէտք է ունենալ:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Եթէ մենք յաջորդ 2.5-3 տարին անցկացնենք պլանաւորման վրայ, այս աշխատանքներն իրականացնենք, խոչընդոտները վերացնենք եւ էկոհոմակարգը ստեղծենք, տարին մօտաւորապէս 50 հազար մարդ պէտք է լինի:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Իսկ ի՞նչ խնդիրներ են բարձրացնում այսօր հայրենադարձները, որոնք կառավարութիւնը պէտք է լուծի նրանց համար:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Թիւ մէկ խնդիրը ոչ թէ աշխատատեղերն են, այլ երեխաների կրթութեան հարցը: Մարդիկ ուզում են իմանալ, որ եթէ գան Հայաստան, իրենց երեխաներն ստանալո՞ւ են լաւ կրթութիւն: Ընդ որում, ինտէգրման (համարկման-Խմբ.) գործընթաց են կարեւորում, երբ երեխաները նոր են գալիս Հայաստան, անգլիախօս են կամ ռուսախօս, որպէսզի անցումը ցաւոտ չլինի երեխաների համար: Շատ լուրջ հարց է սա մարդկանց համար: Երկրորդ հարցը աշխատատեղերն են: Մեր տնտեսութիւնը պէտք է զարգանայ համապատասխան արագութեամբ, որպէսզի այս հարցը լուծուի: Ընդ որում, հայրենադարձութիւնն ու տնտեսութեան զարգացումը շաղկապուած են, որովհետեւ շատ մարդիկ գալիս են այստեղ եւ իրենք են ստեղծում աշխատատեղեր կամ մարդկանց վերադարձով մեր ներքին շուկան է մեծանում: Հետեւաբար, մենք այս գործընթացից շահում ենք: Երրորդ հարցը, որը եւս շատ կարեւոր է, առողջապահութեան հասանելիութեան խնդիրն է: Մարդիկ ուզում են վստահ լինել, որ եթէ գան Հայաստան, պատշաճ ու մատչելի առողջապահական ծառայութիւններ ստանալո՞ւ են: Նրանց կողմից բարձրացուող չորրորդ հարցը, որի լուծմանը նաեւ Հայաստանի բնակիչներն են սպասում, դա դատական համակարգի բարեփոխումներն են:

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Երբ նախորդ տարուանից Հայաստանում անշարժ գոյքի գներն սկսեցին բարձրանալ, տեղեկութիւններ եղան, որ դրսից մեր հայրենակիցները գալիս ու այստեղ անշարժ գոյք են գնում: Կա՞յ նման միտում:

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Այո, շատ են գնում, եւ գները բարձրանում են: Երեւանի կենտրոնում անշարժ գոյքի գները շատ են թանկացել, կենտրոնից դուրս եւս թանկացում կայ: Գիւմրիում են սկսել տները թանկանալ, դա ցոյց է տալիս, որ մարդիկ Գիւմրիով էլ են հետաքրքրուած: Մենք ունենք 7 մլն.ոց Սփիւռք, եւ եթէ նրանց թէկուզ փոքր մասը ուզենան Հայաստանում անշարժ գոյք ձեռք բերել, դա բնականօրէն բերելու է գների բարձրացմանը: Այդ միտումը նկատւում է այսօր: Նաեւ այլ միտում կայ՝ որոշ հարեւան պետութիւններում, ճգնաժամային իրավիճակով պայմանաւորուած, այդ մարդկանց մի մասը եւս իրենց ապագան կապում են Հայաստանի հետ՝ Իրանից, Լիբանանից: Եւ նրանք էլ ակտիւօրէն բնակարաններ են գնում Հայաստանում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here