Jantelagen – Ովքե՞ր Են Սրանք…

0
238

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Վերջերս մամուլում հանդիպեցի հետաքրքրական մի ակնարկի, որը մտորումների տեղիք տուեց: Շուէդիայում լայն տարածում ունի «ջանթելագեն» տերմինը, որի իմաստը մէկ բառով հնարաւոր չէ թարգմանել: Պարզւում է, որ այս բառը ստորադաս, խիստ բացասաբար է որակաւորում այն մարդուն, ում «մեծարում» են: Շուէդիայում այս բառով ծաղրում են բոլոր այն մարդկանց, ովքեր գլուխ են գովում, ի ցոյց աշխարհի յայտարարելով, թէ իրենք որքան յաջողակ են նիւթապէս, ինչքան առատաձեռն են վարձատրւում իրենց աշխատանքի դիմաց, ու որքան շատ ու թանկարժէք ունեցուածք, իրեր եւ այլն ունեն: Երբ «ջանթելագեն» բառի բացատրութիւնն էի փնտռում, բառարանս մի տեսակ շփոթուեց: Նման բառ գոյութիւն չունէր… Յօդուածը նշում էր, թէ Շուէդիայում հասարակութեան մէջ աւելի հեշտ են քննարկում ննջարանում կատարուող այլեւայլ զարգացումներ, քան խօսում են իրենց նիւթական բարեկեցութիւնն ընդգծող որեւէ նիւթի շուրջ: Առաջին հայեացքից զարմանալի է թւում, թէ ինչո՛ւ արդար քրտինքով, առանց գողանալու ու խաբելու, յարատեւ աշխատանքի արդիւնքում վաստակածն աշխարհին ի ցոյց դնելը իւրատեսակ արհամարհանքի կամ ծաղրի առարկայ պիտի դառնայ: Ի՞նչ վատ բան կայ… Հիմա նայէք ձեր շուրջն ու յիշէք, թէ քանի մարդու էք հանդիպել, որ իր գերթանկարժէք ինքնաշարժը, պալատը, 12 հազարանոց ձեռքի պայուսակն ու 80 հազարանոց ժամացոյցը գնել է աշխարհի աչքը հանելու ակնկալիքով: Բնական է, երբ ինչ որ բնագաւառում յաջողութեան հասնելով, մարդը քաղում է կեանքի նիւթական պտուղները: Իր հանգիստն ու յարմարաւէտութիւնը ապահովելու ձգտումը նոյնպէս բնական է, բայց ուրիշի «աչքը հանելու» ձգտումը որտեղի՞ց է այդքան կենտրոնաձիգ իմաստ ընդունել:

Տարիներ առաջ ծանօթներիցս մէկը հիւր էր եկել: Ուրախ էի՝ տեսնելով նրան թանկարժէք ինքնաշարժը կայանելիս: Գործերը լաւ են, փա՜ռք Աստծոյ, մտածեցի: Ողջագուրուեցինք, զրուցեցինք շատ երկար: Վերջում, երբ թեմաները հալուեցին, ինձ հարցրեց. «…քո տան վճարումները եզրափակե՞լ ես, բանկին պարտք ունե՞ս»: «Դեռ վճարում եմ», ասացի: «Ես իմը վճարել եմ արդէն վաղո՜ւց», ասաց: Լաւ, ի՞նչ շարժառիթով էր ինձ ասում, յետոյ էլ ուղիղ աչքերիս մէջ նայում, թէ արդեօք նախանձի կամ ցաւի նշոյլ կը տեսնի՞: Եղբա՛յր, չեմ նախանձել ու չեմ նախանձելու, բայց ի՞նչ կարիք կայ քո ներքին հաշիւները ինձ հետ կիսելու, յետոյ էլ ինձ հարցնելու, թէ տունս սեփականացրել եմ ամբողջութեամբ թէ մասնակիօրէն: Ո՞ւմ գործն է: Յիշեցի ընկերոջս՝ Արմէնի պատմածը, թէ ինչպէս մեր հայրենակիցներից մէկը իր ընտանիքի հետ ապրում էր, մեղմ ասած, շատ համեստ կեանքով, բայց ինչպիսի հպարտութեամբ էր Կիրակի օրերին իր «Բենթլի»՝ 300,000 դոլարանոց «խաղալիք»ը վայելում: «Ջանթելագեն» է, մտածեցի: Հիմա, մեր ճանաչած մարդկանցից քանի՞սն են նման տիտղոսի արժանի: Աւելի ճիշտ չի՞ լինի՝ մի վերնաշապիկ պատուիրել, «ֆօտոշոփ» արած սեփական նկարը վրան դնել, տակն էլ գրել. «Ես բոլորիցդ լա՜ւն եմ, գեղեցի՜կը, հարո՜ւստը, խելացի՜ն, ցանկալի՜ն»: Յետո՞յ, ո՞ւմ ենք զարմացնում:

Թող չթուայ, թէ նման «շնորհքը» միայն մեզ՝ հայերիս է յատուկ: Մէկ այլ ծանօթիս պատմածի համաձայն, իր հրեայ գործընկերը վերջերս գնել է 25 սենեականոց մի պալատ: «Լա՛ւ, թող գնի, բայց ինչո՞ւ էր ինձ սենեակները մէկիկ-մէկիկ ցոյց տալիս, չէ՞ որ կնոջից բաժանուած է, երեխաներն էլ ամիսը մէկ են հօրն այցելում, ինքն էլ վախենում է մենակութիւնից», սրտնեղում էր ընկերս: Ու այստեղ յիշեցի միլիոններ կուտակած ամերիկացի մի բուժքրոջ պատմութիւնը, որ ամբողջ կեանքում աշխատել էր հիւանդանոցում, եւ որեւէ մէկը մինչեւ իր մահը չէր իմացել, թէ իրենց կողքին, համեստ բնակարանում տասնեակ միլիոնաւոր դոլարների ունեցուածքի տէր մարդ է ապրում: Երբ բացել էին նրա կտակը, մօտաւորապէս հետեւեալ բովանդակութեամբ մի գրութիւն էին գտել. «Ամբողջ կեանքում աշխատեցի հիւանդանոցում, սրտանց օգնեցի մարդկանց, ու նրանց աչքերի ու հոգու տուած ջերմութիւնը իմ ամենամեծ հարստութիւնն է եղել: Ես ոչինչ չեմ ակնկալել նրանցից, բացարձակապէս ոչինչ: Իմ աշխատավարձի չծախսուած մասով գնել եմ Apple ու Microsoft ընկերութիւնների արժէթղթերն այն ժամանակ, երբ դրանք սենթեր արժէին: Ինձնից անկախ, մի օր միլիոնատէր դարձայ, յետոյ այդ միլիոնը դարձաւ 2, 4, 8, 16… Ես ապրեցի գրեթէ նոյն կեանքով, ինչպէս ապրում էի համալսարանն աւարտելուց անմիջապէս յետոյ. ծախսում էի չափաւոր, ուտում էի իմ սիրած ուտելիքը՝ բայց չափաւոր, ու ձեռքս երբեք չի գնացել 800 դոլար վճարելու մէկ բաժին կերակուրի դիմաց, չնայած որ կարող էի: Չե՛մ ափսոսում: Հիմա, իմ կեանքի մայրամուտին, ինձ ջերմացնում է միայն այն միտքը, թէ որքա՛ն ու ինչպէ՛ս եմ կարողացել տալ կամայ թէ ակամայ իմ կեանքի մաս դարձած անձանց: Ես յիշում եմ հարեւանիս աղջկայ ուրախութիւնը, երբ «Դիզնիլենդ»ի 4 տոմս նետեցի նրանց փոստարկղն, ու որեւէ մէկն անգամ չկասկածեց, թէ ո՛վ էր հեղինակը: Յիշում եմ եւ ուրախանում, թէ ինչպէս թաքուն ձեւով վճարեցի մի հիւանդի բժշկական ծախսերը. նրան անտնութիւն էր սպառնում, եթէ վճարէր մէկ ամիս հիւանդանոցում անցկացնելու համար նախատեսուած ծախսերը: Նա չիմացաւ էլ, թէ իր բուժումն անվճար չէր, քանի որ հիւանդանոցի տնօրէնութեանը նախապէս խիստ պատուիրել էի, որ «բարերար»ի անունը որեւէ տեղ պէտք չէ յիշատակել: Ու նման բազմաթիւ դրուագներ… Երկու զաւակներս այդպէս էլ չիմացան, թէ ինչպէս վճարեցի ամերիկեան ամենաթանկարժէք համալսարաններում իրենց ուսում ստանալու կրթավճարը: Երբ հարցնում էին, թէ ինչո՛ւ եւ ինչպէ՛ս, ամէն անգամ հրաշքով խուսափում էի ճշմարտութիւնից: Վերջում միայն կիսուեցի նրանց հետ, երբ արդէն իրենց կեանքը ինքնուրոյն կառուցել էին ու ֆինանսական խնդիրներ չունէին: Հիմա հանգիստ սրտով ու խղճով եմ հեռանում»:

Յետոյ յիշեցի մի հայրենակցի, ով լսելով Քըրք Քրքորեանի՝ ամերիկեան համալսարաններից մէկին կատարած բազմամիլիոնանոց նուիրատուութեան մասին կարճ ու կոնկրետ ասաց՝ «…ապո՛ւշ»: Ապուշը քո նախնիներն են, որ քեզ նման այծ են մեծացրել՝ նիւթապաշտ ու որկրամոլ: Դու ի՞նչ գիտես տալու քաղցրութիւնը. կեանքում խլելուց ու լափելուց բացի ոչինչ չես սովորել:

Պարզւում է, թէ մարդու կրթութեան աստիճանն էլ կապ չունի ունեցածը կիսելու բերկրանքը գիտակցելու հաւասարման մէջ: Որկրամոլ կրթուածներ չէ՞ք տեսել: Դրանցից մէկի մասին գրել եմ տարիներ առաջ: 19րդ դարի վերջի եւ 20րդ դարի սկզբի մեծահարուստ հայի զաւակը (լեզուս չի պտտւում նրան հայ կոչել), թքած ունենալով մարդկային արժէքների վրայ, յայտնի է իր մի թեւաւոր խօսքով. «Լաւագոյն ընթրիքին ներկայ են երկու մարդ՝ դու եւ մատուցողը…»: Այն ժամանակ, ասում են, երբ հայրը միլիոնների նուիրատուութիւններ էր կատարում, զաւակը համալրում էր Լոնդոնի ոսկէ երիտասարդութեան շարքերը, աւելացնում իր թանկարժէք ինքնաշարժների հաւաքածոն ու գինարբուքների մէջ էր: «Ջանթելագեն» էր, դեռ մի բան էլ աւելի:

Մի առիթով ընկերոջս գրել էի Վարդանի պատմութիւնը՝ լոսանջելեսահայ Սարգիս Մաջարեանի մասին: Այս անձնաւորութիւնը 90ականներին գրեթէ ամէն տարի Հայաստան էր այցելում, իր հետ տանելով հազարաւոր դոլարներ: Դրանք բաժանում էր անծանօթ մարդկանց, նախապէս տեղեկանալով, թէ տուեալ շէնքի ամենաընչազուրկ ընտանիքը ո՞րն էր: Թղթադրամներով լի ծրարը աննկատ սահեցնում էր դռների արանքից ներս ու արագ հեռանում էր, ըստ Վարդանի: Պատմելիս ընկերս երախտագիտութեամբ էր յիշում պարոն Սարգիսին, ու նրա երախտագիտութիւնը ինձ էլ էր փոխանցւում, կարծես մե՛նք էինք նուիրատուութեան հասցէատէրերը: Ի՞նչ իմանաս, գուցէ այդ պատճառով էր, որ մեզնից մէկը սովալլուկ երեխաներին ամսական գումար էր փոխանցում, իսկ միւսը անուասայլակ ու այլ պիտոյքներ էր ուղարկում կարիքաւոր անդամալոյծներին: Ասում են՝ բարութիւնը վարակիչ է: Որկրամոլութիւնն ու մարդկային այլ արատներն էլ են վարակիչ: «Ջանթելագեն»ներն էլ կարող են վտանգաւոր լինել, քանի որ մարդկային արժէքների փոխարէն նրանք նիւթական արժէքներ են մեծարում, աստուածացնում, ակամայ խրախուսելով մանկութեան մի ընկերոջս տարիներ առաջ հնչեցրած միտքը՝ «…ո՞ւմն է պէտք, էս տարիքում մի հատ ինքնաշարժ էլ չունի», երբ հարցրել էի, թէ մեր թաղի Սամուէլն ինչպէս է: Այդ խօսակցութիւնը վերջինն էր նրա հետ:

Մարդկային կարիքները առաձգական են ու ժամանակի, այլ հանգամանքների հետ նաեւ՝ փոփոխական: Կարիքներից զատ էլ կարելի է ունեցուածք ու դրամ կուտակել, բայց պէտք չէ այն ուրիշի աչքը հանող գործիք սարքել: Մե՛ղք է: Ու տայ Աստուած, որ բոլորդ այնքան ունենաք, որ չվախենաք ուրիշին էլ բաժին հանելու: Այդ բերկրանքը իրօ՛ք որ շատ հաճելի է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here