ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- 30 Յունուարին, Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին տուած վճիռով՝ Ատրպէյճանի իշխանութիւնները պատասխանատու նկատուեցան Մանուէլ Սարիբէկեանի մահուան համար: Մասնաւորապէս՝ հաստատուեցաւ, որ տեղի ունեցած է ուխտին 2րդ (կեանքի իրաւունք) եւ 3րդ (խոշտանգումներու արգիլում) յօդուածներու խախտում: Ըստ դատարանին՝ Մանուէլ Սարիբէկեան մահացած է այլոց կողմէ, մասնաւորաբար Պաքուի ռազմական ոստիկանութեան վարչութեան աշխատակիցներուն կողմէ գործադրուած բռնութեան իբրեւ արդիւնք: Ընդունելի չնկատուեցաւ ատրպէյճանական իշխանութիւններուն բացատրութիւնը, որ Սարիբէկեան կախուած է: Տուժողին իրաւայաջորդներուն Ատրպէյճան պիտի վճարէ 60,000 եուրօ եւ 2200 եուրօ՝ դատական ծախսերուն համար: Նշենք, թէ հայցը ՄԻԵԴին ներկայացուցած էին ծնողները՝ Մամիկոն Սարիբէկեան ու Սիրանոյշ Բալեան: Յիշեցնենք, որ Թթուջուր գիւղի բնակիչ, 20ամեայ Մանուէլ Սարիբէկեան 11 Սեպտեմբեր 2010ին եղանակային վատ պայմաններու պատճառով մոլորուած եւ յայտնուած էր Ատրպէյճանի մէջ, ապա տեղափոխուած էր Պաքու, ուր 5 Հոկտեմբերին մահացած էր բանտախուցին մէջ:

0
1161

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Պոլսահայ միութեան՝ Տինքի տարելիցի կապակցութեամբ կազմակերպուող ամէնամեայ ձեռնարկի հիւրն այս տարի «Ակօս» օրաթերթի հայերէն բաժնի գլխաւոր խմբագիր Բագրատ Էսդուգեանն էր, ում յանձնուեց «Հրանդ Տինքի հոգու ազատութեան եւ արդարութեան» մեդալը:

Ստորեւ՝ «Ասպարէզ»ի Հարցազրոյցը  Բագրատ Էսդուգեանի հետ.

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութիւններն առիթ դարձան համայնքում բողոքների մեծ ալիքի, ընդհուպ մինչեւ պառակտումների, քանի որ Թուրքիայի կառավարութեան պարտադրած նոր կանոնադրութեամբ փոխուեց ընտրական գործընթացը, եւ արդիւնքում յաղթեց իշխանութեան համար առաւել ընդունելի թեկնածուն: Ինչպէ՞ս ընդունեց համայնքը նոր իրականութիւնը եւ ի՞նչ մարտահրաւէրների առաջ կանգնեց:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Պոլսահայութեան կարեւորագոյն մարտահրաւէրն է, որ  ընտրութեանը նախորդող շրջանի պառակտումները յաղթահարուեն, ժողովրդի ցանկութիւնը դա է, որովհետեւ ընտրութիւններն իսկապէս առիթ դարձան համայնքի բեւեռացման: Համաձայն եմ Կարօ Փայլանի հետ, որ այս ընտրութիւններում կառավարութիւնը մեզ պարտադրեց իր կամքը, եւ արդար ազգի կամքով արուած ընտրութիւն չէր: Մեր աւանդոյթի եւ երկրի նախկինում սահմանուած օրէնքով, մենք առնուազն տասներկու թեկնածու էինք ունենում, եւ նրանցից առաջադրուողների միջեւ պէտք է ընտրութիւնը կազմակերպուէր: Ըստ նոր պահանջի, սահմանափակուեց երկրից դուրս ծառայող եպիսկոպոսների առաջադրուելու հնարաւորութիւնը, եւ միայն երեք թեկնածու առաջադրուեց, որոնցից Գարեգին արք. Պեզճեանը ազնիւ գտնուեց եւ մատնանշելով իր հոգեւոր եղբայրների ոտնահարուած իրաւունքները՝ հրաժարուեց մասնակցելու յետագայ պայքարին: Նա միւս թեկնածուներին էլ յորդորեց նոյն կերպ վարուել, որպէսզի կառավարութեան խաղը խափանուի, բայց նրանք մերժեցին: Ես ինքս էլ դէմ էի ընտրութիւններին եւ ժողովրդին յորդորում էի բոյկոտել դրանք: Բայց այժմ ինձ դժուար պէտք է լինի ասել, որ ընտրուածն իմ պատրիարքը չէ, որովհետեւ տասներեք հազար մարդ մասնակցեց ընտրութիւններին, եւ դա ընդունելի թիւ է, որոնցից ինը հազար ձայնը տրուեց  Սահակ Բ. եպիսկոպոս Մաշալեանին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նորընտիր պատրիարքն ընտրուելուց յետոյ էլ շարունակեց «գործարք»ի տրամաբանութիւնից բխող իր քաղաքականութիւնը եւ թուրքական թերթին տուած հարցազրոյցում քննադատեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Մեր հոգեւորականներն ինչ-որ չափով ազգային գիտակցութիւնից զուրկ մնացին վերջերս: Թուրքիայի իշխանութիւնների հետ լաւ յարաբերութիւններ հաստատելու յոյսով՝ չխուսափեցին ոտնահարել ազգային սրբութիւնները, ինչն անընդունելի երեւոյթ է: Անշուշտ, որեւէ կրօնական առաջնորդ պիտի ցանկանայ իշխանութիւնների հետ լաւ յարաբերութիւններ ունենալ, բայց դա չի նշանակում յանուն դրա՝ ազգիդ անարգել: Պատրիարքի վերջին յայտարարութիւնները այդ ծիրեն ներս էին, մանաւանդ՝ «մենք Սփիւռքի հետ կապ չունենք» նրա խօսքերը: Դա անընդունելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը մէկ ժողովուրդ է, եւ Հայաստանի բոլոր նախագահներն էլ միշտ ընդգծել են, որ իրենք համայն հայութեան նախագահն են, ուրեմն ինչպէ՞ս կարելի է նման խօսքեր ասել: Պատրիարքի կողմից հնչեցուածը սխալ էր եւ համայնքի մեծամասնութեան համար անընդունելի, թէեւ կային մարդիկ, ովքեր արդարացրին նրա դիրքորոշումը: Կարծում եմ, պէտք է մի քիչ համբերել, որ պատրիարքը գտնի ինքն իրեն:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամբողջ աշխարհում տպագիր մամուլը մեծ դժուարութիւնների առաջ է կանգնած: Ինչպէ՞ս է գործում «Ակօս» շաբաթաթերթն այսօր, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ ռազմավարութեամբ է առաջնորդւում:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- «Ակօս»ը ներկայում լոյս է տեսնում հինգ հազար տպաքանակով: Թերթն աւելի դժուար ընթեռնելի է դարձել, որովհետեւ շատ բովանդակալից է, լի վերլուծական նիւթերով, այսինք՝ պարզ ժամանցի համար չէ, եւ չի առաջարկում միայն վերնագրեր ու լուսանկարներ, ինչպէս մարդիկ են վերջերս նախընտրում: Դա մի կողմից որակի չափանիշ է, միւս կողմից դժուարացնում է մեր գործունէութիւնը: Մեր երկրում եւս տպագիր մամուլը լուրջ նահանջ է ապրում, թերթերի տպաքանակը նուազել է, եւ շարունակում են գոյատեւել այն թերթերը, որոնք ունեն իշխանական աջակցութիւն: Մենք այդ հնարաւորութիւնը չունենք, եւ միայն որոշ ծանուցումներ ստանալով ենք շարունակւում, թէեւ աշխատակազմի քանակը նուազել է, եւ տասը մարդ է աշխատում:

Ուրախ եմ, որ «Ակօս»ը նաեւ վստահելի աղբիւր է, որովհետեւ մենք յաճախ ենք անդրադառնում, որ Թուրքիայում եթէ տերեւ շարժուի, անմիջապէս, յատկապէս Հայաստանի լրատուամիջոցները դիմում են մեզ, անձամբ հարցնում են ինձ, թէ ի՛նչ է կատարւում: Ամենադժուար հարցումն այն է, թէ պոլսահայ համայնքն ի՛նչ է կարծում որեւէ հարցի շուրջ: Պատասխանս յաճախ այն է, որ համայնքի ամբողջական մէկ կարծիք, որպէս այդպիսին, չկայ: Անշուշտ, մենք ժողովրդի հետ շփուելով, կարող ենք ենթադրաբար որոշ հակումներ նկատել, բայց երբեք չենք կարող համարձակուել օգտագործելու այդ նախադասութիւնը, որ պոլսահայութիւնը որեւէ հարցի մասին միանշանակ կարծիք ունի:

«Ակօս»ի դէպքում, ընդդիմադիր ջիղն է նկատելի: Ես ընդդիմադիր, այլախոհ գաղափարներով մարդ եմ, եւ իմ զգացումները աւելի համարձակ եմ փոխանցում: Այնինչ, այդ համարձակութիւնը Թուրքիայի ներկայ պայմաններում կարող է հետեւանքներ ունենալ: Կինս միշտ մտավախութիւններ ունի եւ զգուշացնում է, որ զգոյշ արտայայտուեմ, քանի որ երբեք չես կարող կռահել, թէ ում  կարող է դառնացնել քո խօսքը: Մեր քաղաքում բանտարկուած լրագրողների թիւը շուրջ 170 է, որոնցից 120ն արդէն պատիժներ են ստացել, եւ 50ի դատավարութիւնն էլ շարունակւում է: Այդ պատիժները հիմնականում սահմանւում են կա՛մ ահաբեկչութիւնը գովաբանելու, քարոզելու, կա՛մ՝ երկրի նախագահին անարգելու համար: Սակայն, գիտակից մարդիկ շատ լաւ հասկանում են, որ ո՛չ ահաբեկչութեան քարոզչութիւն է եղել նրանց գրութիւններում, ո՛չ էլ որեւէ իշխանութիւնների նկատմամբ որեւէ նախատինք: Գերզգայուն ժամանակներ են, եւ յուսանք, դրանք էլ կ՛անցնեն, որովհետեւ մեր երկիրը խաղաղ երբեք չի եղել, եւ միշտ էլ տասնամեակներով ալեկոծումներ են եղել:

Կ՛ուզէի նշել, որ երբեմն ապերախտ աշխատանք է թւում հայերէնով լրագրող լինելը, որովհետեւ արձագանգները կա՛մ ուշ են ստացւում, կա՛մ էլ՝ երբեք: Բայց  յուսահատութեան պահերին այնպիսի անսպասելի արձագանգ ենք ստանում, որ ոգեւորութեամբ շարունակում ենք աշխատել: Ուրախ եմ նաեւ, որ «Ասպարէզ» թերթն էլ տպագրում է մեր յօդուածներից:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ վիճակ է հայոց լեզուի հարցում: Քանի հայկական վարժարան կայ, եւ ինչպիսի՞ն է լեզուի կրթութեան որակը:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Պոլսոյ մէջ հայ դպրոցը լուրջ աւանդոյթ ունի՝ ի տարբերութիւն մեր այլ գաղթօջախների, որտեղ դպրոցաշինութիւնը սկսուել է 1920ական թուականներից, այսինքն՝ 1915 թուականից ցիրուցան եղած ժողովուրդը համախմբուելով սկսել է կառուցել նախ եկեղեցի, ապա՝ դպրոց: Պոլսոյ մէջ  այդ գործընթացը սկսուել է 150 տարի առաջ: Այսօր ունենք 16 վարժարան, որոնցից 15ը պաշտօնական, մէկը՝ ոչ պաշտօնական, այսինքն՝ դասաւանդւում է Հայաստանի կրթութեան նախարարութեան ծրագրով: Միւս 15 վարժարաններն առաջնորդւում են երկրի միակ ուսումնական ծրագրով, որը միտուած է թուրք ազգ կերտելուն, եւ միաժամանակ՝ ուսուցանւում է հայոց լեզու եւ գրականութիւն, կրօն: Թէեւ, երկրում պաշտօնական փոքրամասնութիւն համարուող հայերին հնարաւորութիւն է տրւում նաեւ այլ առարկաներ հայոց լեզուով դասաւանդելու, սակայն ծնողները համաձայն չեն, քանի որ չեն համարում, որ հայերէնը անհրաժեշտ լեզու է իրենց զաւակների համար: Նրանք, հիմնականում նախընտրում են հայկական վարժարանները միայն նրա համար, որ երեխաները հայերի շրջապատում լինեն, եւ բնաւ չեն կարեւորում մայրենին: Դա ազգային գիտակցութեան նահանջ է իմ կարծիքով, որ ծագել է հասարակութեան այլասերումից, անգիտութիւնից: Այսօր, ընդամէնը երեք հազար աշակերտ է սովորում նշուած բոլոր վարժարաններում միասին, այնինչ, աշխոյժ հայ համայնքի ընդհանուր թիւը վաթսուն հազարից աւելի է:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համայնքի հետ կապուած ի՞նչ այլ թեմաներ են ձեզ համար այսօր առաջնային թւում:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Իսլամացած հայերի հարցը գլխաւոր կարող է համարուել: Այս երեւոյթը բաւական հակասական արձագանգներ ունի համայնքում: Կան մարդիկ, յատկապէս համայնքային հաստատութիւնների ղեկավարներ, բարերարներ, հոգաբարձուներ, որ իսլամացած հայերի՝ ինքնութեանը վերադառնալու ցանկութիւնը համարում են կեղծ՝ մեկնաբանելով, որ նրանք ուղղակի ցանկանում են օգտուել, համայնքի մաս կազմել, որպէսզի հնարաւորութիւն ունենան մասնակցելու  բազմաթիւ պաշտօնների համար ընտրութիւնների, եւ յաղթանակի հաւանականութիւնը մեծ է: Չեմ բացառում, որ հնարաւոր է հազարաւոր մարդկանց մէջ լինեն եւ այդպիսիններ, բայց դա չի կարող առիթ դառնալ, որ ես շատերի նկատմամբ բարեացակամ չլինեմ: Անհատապէս, կնոջս հետ միասին մենք տասը իսլամացած հայերի մկրտութեան կնքահայր ենք եղել, եւ աւանդոյթ ենք ձեւաւորել միասին Ս. Ծնունդը նշելու:

Դժբախտաբար մեր պատրիարքարանը նոյնպէս բաւական մերժողական դիրքորոշում ունի. իրենք աշխարհին նայում են քրիստոնեայի աչքով, մենք՝ հայի: Եկեղեցին նրանց ասում է, որ եթէ ցանկանում են ինքնութեանը վերադառնալ, պէտք է յաճախեն վեց ամսեայ քրիստոնէութեան դասընթացների: Որոշակի տրամաբանութիւն կայ, բայց իրականութեանը հակասող երեւոյթ է: Այդ մարդկանց մեծամասնութիւնը երբեւէ նուիրեալ հաւատացեալ, մուսուլման չի եղել, չի այցելել մզկիթ, չի աղօթել, եւ այժմ նրանք ցանկանում են ուղղակի վերագտնել ինքնութիւնն առանց կրօնական խիստ կանոնների:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ զարգացումներ են սպասւում Թուրքիայում նախագահ Էրդողանի ղեկավարութեամբ:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Էրդողանի վիճակը բաւական դժուարացել է, եւ նա աւելի շատ բռնութեամբ իրավիճակը վերահսկելու ծուղակում է, որ ի վնաս է լինելու: Երկրի ներսում նա կորցնում է հասարակութեան վստահութիւնը՝ հիմնականում տնտեսական վիճակով, գործազրկութեամբ պայմանաւորուած: Միաժամանակ, Թուրքիայի նախագահը խնդիրներ ունի աշխարհի հետ՝ ԱՄՆի, Եւրամիութեան, Արաբական աշխարհի, տարածաշրջանի երկրների, եւ միակ փրկութիւնը թւում է Ռուսաստանը, բայց Պուտինը վստահելի գործընկեր չի կարող համարուել: Էրդողանի բարձրանալու շրջանն աւարտուել է, եւ այժմ սկսուել է անկումը, թէեւ նա հանդուրժող չէ եւ հեշտօրէն չի նահանջի:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստան-Թուրքիա յարաբերութիւննե՞րը:

ԲԱԳՐԱՏ ԷՍԴՈՒԳԵԱՆ.- Մենք միշտ ջատագով ենք Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւմանը եւ հաւատացած ենք, որ դա կը ծառայի ի նպաստ երկու ժողովուրդների: Սակայն Թուրքիայի կառավարութեան այսօրուայ մերժողական քաղաքականութեան պայմաններում, մենք երբեք խնդրողի դիրքում չպէտք է յայտնուենք, հակառակը՝ մեր ազգի արժանապատուութիւնը պէտք է բարձր պահենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here