«ԱՐՄԷՆՊՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0
375

«Օլիմպիական Խաղեր Ասելիս Պատկերացնում Եմ Տոկիոյի Ոսկին». Արթուր Ալեքսանեան

Հարցազրոյցը Վարեց՝

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

500 գրամ. այսքան է կշռում Ռիօ դէ Ժանէյրոյի Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը Օլիմպիական խաղերի տարերքի մասին ասում է, որ աշխարհի բոլոր առաջնութիւնները միասին վերցրած չարժեն Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալը:

Անկախ Հայաստանն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն եւ երկուսն էլ՝ ըմբշամարտից: 31րդ ամառային Օլիմպիական խաղերը մէկընդմիշտ փոխեցին Արթուր Ալեքսանեանի մարզական կարիերան (Ասպարէզ-Խմբ.), երբ նուաճեց իր կարիերայի համար ամենակարեւոր մեդալը՝ օլիմպիական ոսկին: Այդ 500 գրամ ոսկին Արթուր Ալեքսանեանի անունը գրեց մարդկութեան պատմութեան մէջ՝ «դատապարտելով» նրան լինել յաւերժ յիշուած: «Արմէնպրէս»ի հետ զրոյցում աշխարհի եւ Եւրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական եւ Եւրոպայի խաղերի չեմպիոն Ալեքսանեանը խօսեց իր ուժեղ կողմերի, առօրեայի եւ, իհարկէ, Տոկիոյի 32րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ինչպէ՞ս է սովորաբար սկսւում ձեր օրը:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Եթէ ուսումնամարզական հաւաքի ենք լինում, ապա արթնանում եմ 8:30ին, դուրս գալիս, շարւում ենք, զբօսնում: Յետոյ նախաճաշ, եւ արդէն սկսում ենք նախապատրաստուել առաջին մարզմանը:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Իսկ սննդի հարցում առանձնայատկութիւններ կամ արգելքներ կա՞ն:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Կան ուտելիքներ, որոնք չեմ սիրում եւ առհասարակ չեմ ուտում: Չեմ ուտում գառան միս, իւղոտ բաներ չեմ ուտում: Բայց մրցաշարերից յետոյ մի քանի օր սահմանափակումներ չեմ ունենում: Սակայն մի քանի օր միայն, յետոյ անցնում եմ ռեժիմով սնուելուն:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Ե՞րբ էք ձեզ յիշում առաջին անգամ գորգի վրայ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Շատ փոքր տարիքից եմ յիշում ինձ, երեւի 8-9 տարեկան էի: Գնում էի մարզումների եւ լաւ տպաւորուել եմ, քանի որ ըմբշամարտի մարզահագուստ էի նուէր ստացել: Կարծում եմ, ես այն քիչ մարզիկներից եմ, որ մարզուել է միայն մէկ մարզաձեւով, եւ ես հէնց սկզբից ընտրել եմ ըմբշամարտը:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ձեր հայրը նաեւ ձեր անձնական մարզիչն է: Արդեօք այդ փաստը ձեզ օգնո՞ւմ է թէ խանգարում:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Աւելի շատ օգնում է: Երբեք էլ չի խանգարել: Իմ յաղթանակների հիմքը հայրս է, ամէն ինչ նրանից է գալիս: Եթէ նա չլինէր մարզիչս, գուցէ այս արդիւնքները չլինէին:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Կա՞յ արդեօք մէկն ըմբշամարտում, ով ձեր համար օրինակելի է:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Շատ ըմբիշներ կան, ովքեր օրինակ են ծառայել ինձ, օրինակ՝ օլիմպիական չեմպիոն Արմէն Նազարեանը, Մնացական Իսկանդարեանը, ինչպէս նաեւ Ալեքսանդր Կարելինը:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Կա՞յ մի գօտեմարտ ձեր անցած ճանապարհին, որը որպէս դաս յիշում էք:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Իւրաքանչիւր մրցաշար իր հետքը թողնում է՝ կապ չունի, թէ ինչ արդիւնքի եմ հասնում: Ամէն մրցաշարից յետոյ վերլուծում ենք իւրաքանչիւր գօտեմարտ: Սակայն աշխատում եմ չկրկնել թոյլ տուած սխալները:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Հայաստանը ներկայացնող մարզիկների մեծ մասը Գիւմրիից է: Ինչի՞ց է, որ գիւմրեցիներն այդքան ուժեղ են:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ճիշդ էք: Բոլոր հաւաքականներում ամենաշատը գիւմրեցիներն են: Եւ ամենաշատ մեդալ նուաճողներն էլ են գիւմրեցիները: Գուցէ մեր հող ու ջրից է կամ «թասիբ»ից (պատիւէն-Խմբ.):

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, ո՞րն էք համարում ձեր ուժեղ կողմը:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Որպէս մարդ, որպէս մարզիկ կը նշեմ աշխատասիրութիւնը եւ նուիրուածութիւնը գործին: Ինչպէս նաեւ անկոտրուն կամքը: Ես ոչ մի բանից չեմ կոտրւում: Եթէ նպատակ ունեմ, հասնում եմ դրան:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մրցագորգ մտնելիս հաշուի էք առնում հակառակորդի թոյլ կողմե՞րը, թէ ձեր ուժեղ կողմերը:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Մրցագորգ մտնելիս հաշուի եմ առնում մրցակցի թոյլ եւ ուժեղ կողմերը: Իմ հնարքները գործի եմ դնում մրցակցի թոյլ կողմերը յիշելով:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Ինչո՞վ էք հետաքրքրւում ըմբշամարտից դուրս:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ֆուտբոլ եմ շատ սիրում, շատ հետաքրքրւում եմ ֆուտբոլով եւ վատ չեմ խաղում: Եթէ ոչ ըմբշամարտ, ապա ֆուտբոլ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սնահաւա՞տ էք արդեօք դուք, եւ ունէ՞ք գօտեմարտին նախապատրաստուելու յատուկ արարողակարգ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ոչ, իմ կարծիքով ես սնահաւատ չեմ: Բայց գօտեմարտից առաջ եղել է ժամանակ, որ երաժշտութիւն եմ լսել, սակայն ամէն ինչ կախուած է տրամադրութիւնից: Բայց լինում են դէպքեր, որ ինքս ինձ հետ մնալով առաւել լաւ եմ տրամադրւում: Սակայն յատուկ ոչինչ չեմ անում, միայն իմանալով հակառակորդիս՝ ուսումնասիրում եմ նրան:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մարդկային ո՞ր արժէքն էք ամենաշատը գնահատում:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Համեստութիւնը:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Որտե՞ղ էք տեսնում ձեզ 10 տարի անց:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Դժուարանում եմ պատասխանել… հիմա բացառապէս կենտրոնացած եմ սպորտի վրայ եւ այդ մասին կը մտածեմ կարիերաս աւարտելուց յետոյ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Արթուր, երբ լսում էք Տոկիոյի Օլիմպիական խաղեր արտայայտութիւնը, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Միանգամից գալիս է Օլիմպիական խաղերի ոսկին, որը նուաճելու շատ մեծ ցանկութիւն ունեմ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մի քանի բլից (թեթեւ-Խմբ.) հարց եւս. Թո՞մը թէ Ջերին:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ջերին:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սո՞ւրճ թէ թէյ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Թէյ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Պաղպաղա՞կ թէ պիցցա:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Պաղպաղակ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Մարադոնա՞ թէ Պելէ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Պելէ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.-Սե՞ւ թէ սպիտակ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Սեւ:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սիրելի ճաշատեսա՞կ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Խորոված:

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Սիրելի վայր Գիւմրիո՞ւմ:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Մենք ասում ենք Կիրովի փողոց (այժմ՝ Ռիժկովի ճեմափողոց):

ՎԱՐՎԱՌԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ.- Շնորհակալ եմ զրոյցի համար:

Լուսանկարները՝

ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿԵԱՆի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here