Բանակցային Մրցավազք` Անորոշ Վերջնագծով

0
327

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Խօսքը, ինչպէս երեւի կռահեցիք, վերաբերում է ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, որը, եթէ մի պահ քաղաքականից տեղափոխենք մարզական ասպարէզ, ապա, ըստ էութեան, իւրօրինակ մրցավազք է յիշեցնում, որի մասնակիցները, սակայն, այդպէս էլ երբեք չեն հասնում վազքուղու վերջնագծին: Չեն հասնում, քանզի այն չի երեւում, չկայ, այսինքն` անյայտ է, անորոշ: Պարզապէս մրցութեան կազմակերպիչները, տուեալ պարագայում` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ միջնորդները, կամ անփութօրէն չեն նշագծել մրցավազքի տարածական աւարտը եւ կամ երեւի թէ այդպիսին է խաղի կանոնը` վազէք այնքան, քանի դեռ վազորդներից մեկնումէկը շնչասպառ չի եղել` առաջինն ընդունելով իր պարտութիւնը:

Եւ ահա շուրջ երեք տասնամեակ է, ինչ պարբերաբար շարունակւում է այդ տարօրինակ ու անհեռանկար մրցապայքարը: Եթէ հաշուելու լինենք, ապա երկու երկրների տարբեր ժամանակների առաջին դէմքերը, անսալով համանախագահների յորդորին, արդէն մի քանի տասնեակ անգամ իրենց ուժերն են չափել այդ բանակցային վազքուղում: Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարների հանդիպումների թուին, ապա, նկատի ունենալով, որ միայն անցեալ տարի նրանք ուղիղ հինգ անգամ առերեսուել են վազքուղու փոխարկուած բանակցային սեղանի շուրջ, կարելի է մօտաւոր հաշուարկով նշել, որ այն մօտեցել եւ կամ, հնարաւոր է, անցել է մէկուկէս հարիւրի սահմանը: Սակայն, ինչպէս տեսնում ենք, վերջնական արդիւնքն առ ոչինչ է, այսինքն կողմերից եւ ոչ մէկն էլ, կամ, ինչո՞ւ չէ, երկուսն էլ համաժամանակ շնչասպառ չեն եղել մինչեւ վերջնագիծ հասնելը:

Ինչպէս արդէն յայտնի է, նոյն այդ պատկերը կրկնուել է նաեւ օրերս Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների Ժընեւում կայացած հանդիպմանը` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսայի, Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի միջնորդ դեսպանների, ինչպէս նաեւ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը համակարգելու լիազօրուած այդ միջազգային կառոյցի գործող նախագահի անձնական ներկայացուցչի  մասնակցութեամբ:

Հանդիպումը, որ  տեղի է ունեցել յունուարի վերջերին, փաստօրէն, առաջինն էր իր իրաւունքներին անցած նորամանուկ տարում: Վերջին անգամ` Պրաթիսլաւայում դեկտեմբերի սկզբներին կայացած եւ նոյն տարուայ  միւս նախորդ հանդիպումներից այն հիմնականում տարբերւում է նրանով, որ անհամեմատ տեւական էր: Հանդիպումը շարունակուել է գրեթէ երեք օր, որից առաջինում հակամարտ կողմերի լիազօր ներկայացուցիչներն առանձին-առանձին հանդիպել են համանախագահների հետ, իսկ յաջորդ երկու օրերին` յունուարի 29-ին եւ 30-ին, բանակցել են միջազգային միջնորդների մասնակցութեամբ: Ընդ որում` նրանց առաջին հանդիպումը տեւել է աւելի քան 7, իսկ երկրորդը` 4 ժամ:  Ինչպէս այդ հանդիպման կապակցութեամբ իր  յօդուածում ենթադրում է մոսկովեան «Քոմերսանթ» թերթի մեկնաբանը. «Մնացականեանն ու Մամետեարովը խօսեցին երկու օր եւ էլի են ուզում»: Երեւի թէ այդպէս էլ կար: Չնայած դա ընդամէնը հեղինակի տպաւորութիւնից բխած ենթադրութիւն է եւ ոչ աւելին:  Թէկուզ եւ, չբացառենք, արտգործնախարարները, հնարաւոր է, իրար ասելիք շատ ունէին, ինչը չհասցրին ժամանակի սղութեան եւ կամ այլ մի պատճառով:

Միեւնոյն ժամանակ, Ժընեւի եւ Պրաթիսլաւայի հանդիպումներն ունեն նաեւ առանձին նմանութիւններ, որոնք գուցէեւ առաջին հայեացքից կարծես թէ այնքան էլ էական չեն, բայց, յամենայն դէպս, որոշակի ենթադրութիւնների տեղիք կարող են տալ: Ինչպէս յայտնի է` նախքան Պրաթիսլաւա կը մեկնէր, Ազրպէյճանի թիւ մէկ դիւանագէտ Էլմար Մամետեարովը Մոսկուայում առանձնակի հանդիպում էր ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ` Սերկէյ Լաւրովի հետ: Զրոյցի թեման, բնականաբար, հակամարտութեան կարգաւորման գործընթացն էր: Ուշագրաւ է, որ հէնց Լաւրովն է մշտապէս պնդում բանակցային գործընթացում «փոքր քայլերի» սկզբունքով առաջնորդուելու կարեւորութիւնը` կողմերին յորդորելով, որ դա կարող է նուազեցնել լարուածութեան մակարդակն ու մօտեցնել հակամարտութեան լուծմանը: Ըստ երեւոյթին, պաքուեցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերստին յիշեցնելով` շօշափել է այդ խմդիրը եւ կամ  լրացուցիչ այլ խորհուրդներ է տուել նրան, որոնցով զինուած Մամետեարովը մեկնել էր Սլովաքիայի մայրաքաղաք: Որքան էլ տարօրինակ թուա, բայց ազրպէյճանական մամուլը, մանաւանդ` իշխանամէտ լրատուամիջոցները, լրահոսին յանձնելով այդ հանդիպման մասին տեղեկատուութիւնը, այս անգամ նոյնիսկ ծպտուն չեն հանել Լաւրովի հայկական արմատների մասին` ձեռնպահ մնալով  նրան որպէս «Քրեմլինում հայերի գլխաւոր լոպիստ» յորջորջելու գայթակղութիւնից: Կարծում եմ` հազիւ թէ նման պահուածքը Պաքուի յիշողութեան կորուստ կարելի է համարել:

Երկրորդ դրուագը կապուած է Ֆրանսայի եւ Ազրպէյճանի նախագահների հեռախօսազրոյցի հետ: Բանն այն է, որ Էմանուէլ Մաքրոնը զանգահարել է Իլհամ Ալիեւին: Ի հարկէ դրանում ոչինչ արտառոց լինել չի կարող, մանաւանդ որ շփման այդ ձեւը սովորական երեւոյթ է պետութիւնների ղեկավարների յարաբերութիւններում: Սակայն բանն այն է, որ այդ հեռախօսազրոյցը, որի առանցքն ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացն էր, տեղի է ունեցել ուղիղ յունուարի 29-ին, հէնց նոյն այն օրը, երբ Մնացականեանն ու Մամետեարովը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների մասնակցութեամբ հանդիպում էին Ժընեւում: Միջազգային օրէնքներով կանոնակարգուած պայման չլինելով հանդերձ, յամենայն դէպս ընդունուած չէ, որպէսզի համանախագահող երկրների առաջին դէմքերը հեռախօսային կամ այլ ձեւի շփում ունենան հակամարտ կողմերից մէկնումէկի իր գործընկերոջ հետ: Այլ կերպ ասած` համանախագահող երկրների նախագահները սովորաբար հազուադէպ են աշխուժութիւն ցուցաբերում բանակցային գործընթացի ժամանակ. միջպետական յարաբերութիւններում հաստատուն ձեւաւորուած մի աւանդոյթ, ինչին ակնյայտ հակասում է հէնց այդ հեռախօսազրոյցի փաստը:

Այնուամենայնիւ, աւելի քան 11 ժամ տեւած այդ բանակցութիւններում ի՞նչ են խօսել Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման մանրամասները, ինչ խօսք, յայտնի են միայն  նրա անմիջական մասնակիցներին եւ ապա` նախարարների տունդարձից յետոյ, դրանց, բնականաբար, տեղեակ են երկու երկրների առաջին դէմքերը, ինչպէս նաեւ, եթէ ընդունենք այն հաւաստիացումները, թէ բանակցութիւնների ընթացքի մասին յաջորդիւ հանգամանալի տեղեկացւում է նաեւ պաշտօնական  Ստեփանակերտը, ապա ուրեմն նաեւ` Արցախի Հանրապետութեան նախագահը: Ինչպէս տեսնում ենք, ելնելով խորհրդապահութեան սկզբունքից, ինչի մասին այս անգամ յատուկ շեշտուել  է բանակցութիւնների մասնակիցների համատեղ յայտարարութեան մէջ, ծայր աստիճան նեղ է քաջատեղեակների շրջանակը, ինչ մնաց թէ  լայն հասարակութիւնը ծանօթ լինի:

Ինչ վերաբերում է ժընեւեան բանակցութիւնների թեմաթիք շեշտադրումներին, ապա այդ առումով, աւաղ, շորշոփների հանգոյն հազիւ նշմարուող, բայց, այնուամենայնիւ, տեղեկատուական սնունդ են պարունակում  ինչպէս բանակցող կողմերի արտաքին քաղաքական գերատեսչութիւններից իւրաքանչիւրի, նոյնպէս եւ բանակցութիւնների բոլոր մասնակիցների համատեղ ընդունած յայտարարութիւնները: Չնայած դրանց ընդհանրական բնոյթին, դիւանագիտական ոճին յատուկ շրջանցումներին ու խուսանաւումներին, այնուամենայնիւ, դրանց միջոցով հնարաւոր է թէկուզեւ աղօտ, բայց եւ ինչ որ չափով նշմարելի  ուրուագծուող պատկերացում կազմել այդ հանդիպումների բովանդակութեան մասին:

Եւ այսպէս, նախ, դրանք փորձենք դիտարկել բանակցող կողմերի արտաքին գործերի նախարարութիւնների հրապարակած յայտարարութիւնների մասով: Երեւի թէ հպանցիկ հայեացքն անգամ բաւական է այն տպաւորութիւնը ստանալու համար, որ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնների ընդունած յայտարարութիւնները նախքան կը հրապարակուէին, անցել են միեւնոյն գրաքննիչի գրչի տակով, քանզի դրանց ամբողջ բառամթերքը նոյնական կամ գրեթէ նոյնական է:

Առաջին էական տարբերութիւնը, եթէ դա իրօք կարելի է էական համարել, այն է, որ պաշտօնական Երեւանը ժընեւեան եռօրեայ քննարկումները որպէս ծաւալուն է գնահատում` ինչպէս որ դա արձանագրուած է համատեղ յայտարարութեան շարադրանքում, իսկ ահա պաշտօնական Պաքուն այն տեսակէտին է, թէ դրանք «վերջին տարիներին ամենածաւալունն էին»: Թէ ինչու յատկապէս այդպիսին` անորոշ է, մանաւանդ, որ անցած տարիներին կայացած բանակցութիւններից եւ ոչ մէկն էլ որեւէ առանձնակի էական լուծում չի արձանագրել հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Գուցէ Պաքուին ոգեւորում է մէկ ա՞յլ հանգամանք: Բանն այն է, որ ինչպէս յայտարարել է քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային անվտանգութեան վարչութեան նախկին պետ Դաւիթ Շահնազարեանը, Ժընեւում, որպէս առանցքային խնդիր, քննարկուել է «Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ազրպէյճանցիների համատեղ բնակեցման գօտիների ստեղծման հարցը, առաջին հերթին բանակցւում է Շուշիի հարցը»: Նրա խօսքով. «Հէնց այդ պարունակում է նախօրէին Ժընեւում ընթացող բանակցութիւններին զուգահեռ` Պաքւում Միացեալ Նահանգների դեսպան Լի Լիթցենպերկը սեփական նախաձեռնութեամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնքի ղեկավար Թուրալ «Կեանճալիեւի հետ»: Ի հերքումն այդ յայտարարութեան` Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլոյ խօսնակ Աննա Նաղդալեանն ի պատասխան նշել է, թէ` «Շահնազարեանի վերլուծութիւններում որեւէ աղերս չի տեսնում այսօրուայ իրականութեան հետ»: Անշուշտ, բնութեան մէջ պղտոր ջրերը սովորաբար վաղ թէ ուշ պարզուելու յատկանիշ ունեն: Յուսանք` կը պարզուի նաեւ այս իրողութիւնը:

Երկրորդ, բայց արդէն էական  տարբերութիւնն այն է, որ Հայաստանի ԱԳՆ յայտարարութեան մէջ նշւում է, թէ` «Նախարար Մնացականեանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչների ներգրաւման անհրաժեշտութիւնը», իսկ ահա Ազրպէյճանի ԱԳՆ յայտարարութեան մէջ այդ հանգամանքը, հասկանալի պատճառով, լռութեան է մատնւում: Ճիշդ է` հայկական մամուլում որոշակի աղմուկի տեղիք է տուել յայտարարութեան մէջ Զոհրապ Մնացականեանին վերագրուող «Արցախի ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներ» բառակապակցութիւնը, բայց դա, ըստ իս, ամենեւին էլ թերասածութիւն չէ, ինչպէս պնդում են մեր առանձին վերլուծաբաններ, քանզի Արցախի թէ նախագահը եւ թէ խորհրդարանի անդամ պատգամաւորները բոլորն էլ ժողովրդի ընտրեալներն են: Անշուշտ, կարեւորն ու էականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը բանակցութիւնների ընթացքում որպէս անհրաժեշտութիւն ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներգրաւման խնդիրը, ինչից խուսափել է ազրպէյճանական կողմն իր յայտարարութեան մէջ: Մամետեարովն  անգամ չի էլ փորձել թէկուզ հակադարձման տեսքով արձանագրել այդ հանգամանքը: Միեւնոյն ժամանակ, չբացառենք, որ Ազրպէյճանի արտ գործ նախարարը բանակցութիւնների ընթացքում բարձրաձայնել է, Պաքուի բնորոշմամբ,  «ազրպէյճանցի փախստականների», իրականում պատերազմական իրադրութեան պատճառով մարտական գործողութիւնների գօտուց հեռացած իր ազգակիցների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, ինչի մասին, բնականաբար, խօսք չկայ Հայաստանի ԱԳՆ յայտարարութեան մէջ, ինչը նշանակում է, որ այդ հարցում եւս բանակցող կողմերը որեւէ համաձայնութեան չեն եկել:

Այդքանը` բանակցող կողմերի` Հայաստանի եւ Ազրպէյճանի ընդունած յայտարարութիւնների մասով:

Ինչ վերաբերում է բանակցութիւնների արդիւնքով  դրանց բոլոր  մասնակիցների համատեղ ընդունած յայտարարութեանը, ապա, ինչպէս յատկանշական է բանակցային ողջ գործընթացում նախորդ ցանկացած հանդիպումից յետոյ տարածուած ամփոփիչ յայտարարութեան, այն նոյնպէս  լաւատեսական շնչով է պարուրուած եւ այն տպաւորութիւնն է թողնում, թէ ահա ուր որ է վերջնական կարգաւորման է յանգում երեսնամեայ հակամարտութիւնը: Իրականում` երբ թէկուզեւ հպանցիկ աչքի ես անցկացնում ժընեւեան բանակցութիւնների օրակարգի հարցերը, ակնհայս տեսնում ես, որ դրանցից իւրաքանչիւրն իրենից  մի հսկայական սառցալեռ` այսպըրկ է ներկայացնում, որի ստորջրեայ հատուածը քանիցս գերազանցում է  վերջրեայ երեւացող մասին: Դատէք ինքներդ: Եռօրեայ քննարկումների ընթացքում, նշւում է համատեղ յայտարարութեան մէջ. «ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետեւեալ հարցերը. 2019թ. ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների եւ քննարկուած առաջարկների իրականացումը եւ ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու ուղղութեամբ հնարաւոր յաջորդ քայլերը, ապագայ կարգաւորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը, կարգաւորման գործընթացի առաջմղմանն ուղղուած ժամանակացոյցը եւ օրակարգը»: Ուշադրութիւն դարձրէք. ամբողջ օրակարգը խարսխուած է տխրահռչակ «Մատրիտեան սկզբունքների» վրայ, որոնք իրենց ընդհանրութեան մէջ այս կամ այն չափով ընդունելի չեն հակամարտ կողմերից եւ ոչ մէկի համար` ո՛չ հակամարտութեան մէջ ներգրաւուած Հայաստանի եւ ո՛չ էլ հակամարտութեան իրական կողմեր հանդիսացող Արցախի եւ Ազրպէյճանի համար:

Արդեօք միջազգային միջնորդների գիտակցութեանը վերջնականապէս չի՞ հասել այն ակնյայտ եւ անժխտելի իրողութիւնը, որ իր հազարաւոր զաւակների կեանքի եւ արեան գնով բաղձալի ազատութեան հասած եւ անկախ, ինքնիշխան  պետականութիւն կերտող Արցախի ժողովուրդը երբեք եւ ոչ մի պայմանով  չի համաձայնի վերադառնալ թշնամական Ազրպէյճանի կազմ, եւ որ Ազրպէյճանին անհրաժեշտ է ոչ թէ Լեռնային Ղարաբաղն իր հայ բնակչութեամբ հանդերձ, այլ պարզապէս Լեռնային Ղարաբաղը որպէս սոսկ տարածք` առանց իր իրական տիրոջ` Արցախի հայ ժողովրդի:

Արդեօք նոյն այդ միջնորդների համար դժուա՞ր է  հասկանալ, որ երկու ժողովուրդների խաղաղ ու չեմ ասում` բարիդրացիական, այլ պարզապէս  դրացիական գոյակցութիւնը երբեւէ կարող է կայանալ միայն սեփական ազգային պետութիւնների կազմում նրանցից իւրաքանչիւրի  ինքնիշխանութեան պայմաններում:

Արդեօք հաւկուրութեա՞մբ պէտք է տառապել` չտեսնելու ու չգիտակցելու համար, որ հակառակ պարագայում անխուսափելի են նոր պատերազմներն ու արիւնահեղութիւնները:

Քանիցս միջազգային միջնորդներն իրենք են բարձրաձայնել, որ բանակցութիւնների առկայ երկարամեայ տեղապտոյտը դրանց ուղղակի ու լիարժէք մասնակցելու պաշտօնական Ստեփանակերտի իրաւունքի անտեսման հետեւանք է: Արդեօք, բանակցային գործընթացի ո՞ր կեռմանում մոռացութեան մատնուեցին  միջազգային հանրութեան արդարամտութիւնն ու արդարադատութիւնը:

Արդէն չորրորդ տարին է, ինչ  թղթի վրայ են մնացել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների  առաջարկութիւնները շփման գծից դիպուկահարներին հեռացնելու‚ միջադէպերի հետաքննութիւն անցկացնելու եւ այդ նպատակով յատուկ մեքանիզմներ կիրառելու‚ վստահութեան միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կարող են նպաստել լարուածութեան մեղմացմանն առաջնագծի ողջ երկայնքով մէկ: Ո՞ւր մնացին այդ կապակցութեամբ Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի բանակցութիւններում ձեռք բերուած համաձայնութիւնները: Թէ՞ այնքան ծանր էր բանակցային սայլի բեռը, որ կէս ճամբին էլ չհասած` Պաքուի քմահաճ պահանջով որպէս աւելորդ իրեր դէն նետուեցին դրանք` քաջ գիտակցելով հանդերձ, որ  այդ միջոցառումները  թոյլ կը տան դիտարկումների ընթացքում ստոյգ որոշարկել‚ թէ յատկապէս ո՞ւմ նախաձեռնութեամբ են տեղի ունեցել հրադադարի խախտումները: Եւ ահա Ժընեւի հանդիպմանն անգամ կէս բերան խօսք չասուեց այդ ամէնի մասին` երեւի թէ ենթադրելով, թէ անցնող ժամանակը հոսող ջրի պէս քշել, մոռացութեան ծովն է թափել այդ խոստումները:

Մէկ այլ առիթով ասել եմ ու ստիպուած եմ կրկնել. Հայաստանում, թէ այստեղ` Արցախում մենք յստակ գիտակցում ենք, որ խաղաղ բանակցութիւններին այլընտրանք չկայ: Գիտենք, որ դա անառարկելի ճշմարտութիւն է եւ վերաբերում է‚ առհասարակ‚ բոլոր հակամարտութիւնների կարգաւորման հեռանկարին: Մարդկութեան պատմութիւնն այդ է ուսուցանում: Համաշխարհային պատերազմներն անգամ ի վերջոյ հանգուցալուծուել են բանակցութիւնների սեղանի շուրջ: Ահա թէ ինչու մենք ողջունում ենք ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը` նոյնիսկ իր թերութիւններով ու թերացումներով հանդերձ, այն յոյսով, որ ի վերջոյ կը հետեւեն հարկ եղած շտկումները: Մենք արժանւոյնս ենք գնահատում այն  փխրուն, յարաբերական խաղաղութիւնը, որ ոչ միայն հայոց զօրականի զսպիչ ուժի, այլ նաեւ միջազգային միջնորդների ջանքերի շնորհիւ տիրում է շփման գծում եւ մեր ժողովրդին հնարաւորութիւն է տալիս թէկուզեւ իր կամքից անկախ մերթ ընդ մերթ ընդհատումներով հող մշակել, բարիքներ արարել, շնչել եւ ապրել ազատութեան մէջ:

Պարզապէս մեր խնդրանքն է միջազգային հանրութեանը, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեանը. մէկ-մէկ էլ ինքներդ բացատրէք, ի վերջոյ պարտադրելով հասկացրէք մեր չարակամ հարեւանին, որ անիմաստ ու անհեռանկար է ուժի կամ սպառնալիքի կիրառմամբ արցախցուն ծնկի բերել, խաղալ նրա պատուախնդրութեան հետ: Այլապէս, ի՛նչ իմանաս,  մարդ ենք, վա՛յ թէ օրերից մի օր չդիմացան մեր լարուած ջղերը, որ առայժմ զսպուած են, բայց երբեք ոչ` ընդարմացած ու ստիպուած լինենք  նորից բամբել նրա անուղեղ գանգին:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here