«Մենք Պէտք Է Ունենանք Ընկերային Արդարութիւն, Հզօր Տնտեսութիւն, Եւ Մեր Հայկական Աւանդական Արժէքները Պէտք Է Սրբութեամբ Պահպանուեն Եւ Զարգացուեն». Իշխան Սաղաթելեան

0
999

Հարցազրոյցը վարեց` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Ասպարէզ»-ը հետեւեալ հարցազրոյցը կատարած է Արեւմտեան Միացեալ Նահանգներ այցելող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանին հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Հայ յեղափոխական դաշնակցութիւնը յայտարարել է, որ արմատական ընդդիմութիւն է: Ի՞նչ ծրագրերով էք առաջնորդւում, ի՞նչ է ձեր  օրակարգը:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Հայաստանում խորհրդարանական վերջին ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուեց խորհրդարան` կազմուած երեք քաղաքական ուժերից, որոնցից մէկը ձեւաւորեց ՀՀ իշխանութիւնը: Հայ յեղափոխական դաշնակցութիւնն այս ընտրութիւններում չանցաւ խորհրդարան: Մեր վերջին ընդհանուր եւ գերագոյն ժողովներում քննարկումներից յետոյ յայտարարեցինք, որ Դաշնակցութիւնը արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժ է: Անցնող մէկ տարուայ ընթացքում մենք ուշադրութեան կենտրոնում ենք պահել կառավարութեան գործունէութիւնը. ստեղծել ենք մասնագիտական ոլորտային տասներկու  յանձնախմբեր, որոնց միջոցով հետեւում ենք կառավարութեան ծրագրերին եւ ոչ միայն քննադատում ենք կառավարութեան մեր պատկերացմամբ սխալ աշխատանքները, նաեւ յաճախ առաջարկում ենք այլընտրանքներ: Երբ ՀՀ կառավարութիւնը, օրինակ, կառուցուածքային փոփոխութիւններ էր իրականացնում` կրճատելով նախարարութիւնները, մենք քննադատում էինք եւ սխալ էինք համարում, օրինակ, սփիւռքի նախարարութեան փակումը` միաժամանակ առաջարկելով մեր լուծումները:

Այսինքն Դաշնակցութիւնը ընդդիմադիր քաղաքական ուժ է, որը չի կիսում իշխանութիւնների վարած ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը, քննադատութեանը զուգահեռ` ներկայացնում է իր պատկերացումները, եւ սա բնական քաղաքական գործընթաց է:

Մենք ազգային օրակարգ մէջտեղ բերող, այդ օրակարգը սրբութեամբ պահպանող ազգային քաղաքական ուժ ենք մեր ողջ համահայկական կառոյցով: Շատ յաճախ, երբ ասում ենք ազգային, Արցախ, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում, Հայ դատ, մեզ գիտեն այս տեսանկիւնից, բայց մենք սրանից անբաժան ենք պահում մեր երկրի տնտեսական զարգացումը, ընկերային արդարութեան հաստատումը: Եթէ մենք չունենանք հզօր տնտեսութիւն, իրական սոցիալական արդարութիւն, մենք չենք կարող նաեւ ունենալ հզօր բանակ եւ հետեւաբար` պաշտպանել մեր հայրենիքը: Այս իմաստով, դրանք փոխկապակցուած են: Մենք պէտք է ունենանք ընկերային արդարութիւն, հզօր տնտեսութիւն, եւ մեր հայկական աւանդական արժէքները պէտք է սրբութեամբ պահպանուեն եւ զարգացուեն: Չի կարող ՀՀ-ում եկեղեցու դէմ ոտնձգութիւն լինել, չի կարող համալսարաններում հայերէնի դասաւանդումը լինի ոչ պարտադիր, պէտք է լինի պարտադիր, չի կարող դպրոցներում հայոց եկեղեցու պատմութիւն չդասաւանդուել: Մենք այս արժէքները պաշտպանող կուսակցութիւն ենք, եւ սա պաշտպանել ենք պետութիւն չունենալու պայմաններում, սփիւռքում: Միացեալ Նահանգներ այցիս շրջանակներում այցելել էի Ռոզ եւ Ալեք Փիլիպոս ազգային վարժարան, որտեղ եօթ հարիւր աշակերտ երգում, գրում, կարդում էր հայերէն, ամէն աշակերտի աչքերում կար Հայաստան: Սա պարտաւորեցնող է Հայաստանին, մենք պարտուելու իրաւունք չունենք, եւ ոեւէ մէկին էլ թոյլ չենք տայ պարտուել:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ սխալներ յատկապէս նկատի ունէք:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Ամենամեծ եւ կարեւոր խնդիրը, որի համար հէնց սկզբից քննադատում էինք եւ շարունակում ենք քննադատել ու յայտնել մեր մտահոգութիւնը իշխանութիւններին` դա մեր երկրում ստեղծուած ներքաղաքական իրավիճակն ու մթնոլորտն է: Իշխանութիւնները, փոխանակ մէջտեղ բերէին ազգային օրակարգ, դրա շուրջ համախմբէին ժողովրդին եւ աշխատէին ակնկալիքները, սպասումները բաւարարելու եւ երկիրն առաջ տանելու ուղղութեամբ,  շատ կարճ ժամանակ անց հասարակութեանը բաժանեցին սեւերի եւ սպիտակների: Նրանց, որոնք իշխանութիւնների կարծիքն ու տեսակէտները չեն կիսում, որակեցին հակայեղափոխականներ, եւ արդիւնքում, ցաւօք, մեր երկրում այսօր ստեղծուել է վատ մթնոլորտ, քաշուել են բաժանարար գծեր, եւ այն քաղաքական մշակոյթը, ժողովրդավարական արժէքները, քննարկման հարթակները, որ պէտք էր լինէին մեր երկրում եւ քաղաքական դաշտում, այսօր բացակայում են: Սա վտանգաւոր է մեր պետութեան, երկրի հետագայ ժողովրդավարացման գործընթացի, նաեւ ընդհանուր անվտանգութեան իմաստով, որովհետեւ հասարակութիւնն աւելի ու աւելի պառակտւում է: Այս իմաստով, իշխանութիւնների ամենամեծ բացը եւ սխալն այս ժամանակահատուածում  այն էր, որ հասարակութեանը բաժանեցին տարբեր մասերի: Դրան զուգահեռ` անցած մէկ տարի ութ ամսուայ ընթացքում, երկրում լուրջ, համակարգային բարեփոխումներ չեն իրականացուել: Անշուշտ փոքր յաջողութիւններ ունեցել է իշխանութիւնը, դրական երեւոյթներ կան, որոնք մենք երբեք չենք զլանում արձանագրել, բայց դրա կողքին չարուած եւ սխալ արուած աշխատանքներն այնքան մեծ են, որ այդ մէկ, երկու, երեք դրական փոփոխութիւններն աչքի չեն ընկնում:

ՀԱՐՑՈՒՄ.- Հասարակութեան մէջ բաժանարար գծեր, պառակտում արդեօք նախկինում էլ չի՞ եղել: Ի՞նչն է նախկին եւ ներկայ իրավիճակների տարբերութիւնը:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Նախկինում էլ կային այդ հարցերը, եւ շատ վատ էր, որ կային: Երկրում տեղի է ունեցել իշխանութեան փոփոխութիւն, այն արատաւոր երեւոյթները, որոնք նախկինում կային` դրանք այլեւս չլինելու ակնկալիքով: Այսինքն, եթէ նախկինում մի բան եղել է վատ, այս իշխանութիւնները պէտք էր այդ վատը չկրկնէին: Բայց կրկնում են, եւ աւելի կոպիտ ու սխալ ձեւերով: Հետեւաբար այս իշխանութիւնների անգործութիւնը, սխալ իրականացուած քայլերը պէտք չէ արդարացնել նախորդ իշխանութիւնների ժամանակ տեղի ունեցած երեւոյթներով:

ՀԱՐՑՈՒՄ.- Վարչապետ Փաշինեանը վերջին ասուլիսի ժամանակ յայտարարեց, որ ամբողջ Դաշնակցութեան եւ ՀՀ կառավարութեան միջեւ չկան հակասութիւններ, այլ իրենք խնդիր ունեն ՀՅԴ հայաստանեան կառոյցի, մասնաւորապէս նախորդ իշխանութիւնների հետ համագործակցութիւն ունեցած հատուածի հետ: Վարչապետը նաեւ յայտարարեց` եթէ ՀՅԴ Հայաստանի կառոյցում փոփոխութիւններ չլինեն, կառոյցի այդ հատուածին սպասւում է մշուշոտ ապագայ: Ինչպէ՞ս արձագանգեցիք այս յայտարութեանը, հաշուի առնելով նաեւ վարչապետի ակնարկը` Դաշնակցութեան հետ համագործակցութեան պատրաստակամութեան մասին:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Ով հարց ունի որեւէ դաշնակցականի հետ, եւ այդ հարցն անձնական չէ, ուրեմն գործ ունի ամբողջ Դաշնակցութեան հետ: Չի կարող ոեւէ մէկը` լինի դա ՀՀ վարչապետը կամ այլ կուսակցութեան ներկայացուցիչ, կամ ոեւէ այլ անձ, Դաշնակցութեան հետ խօսել այդ թոնով, այդ ձեւով, այդ ձեւաչափով: Ես չհասկացայ, դա վարչապետի կողմից սպառնալի՞ք էր, թէ՞ համագործակցութեան առաջարկ: Դաշնակցութիւնն առաջին օրուանից յայտարարել է, որ իր ամբողջ ներուժը, համահայկական միջոցները եւ հնարաւորութիւնները դնելու է պետութեան տրամադրութեան ներքոյ եւ  շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետութեանը: Այս իմաստով, այո՛, մենք համագործակցել ենք ՀՀ պետութեան հետ եւ շարունակելու ենք, որովհետեւ մեր նպատակը մեր ժողովրդին ծառայելն է: Բայց եթէ համագործակցութիւն ասելով` նկատի ունեն մաս կազմել կառավարութեանը, դա պարզապէս հնարաւոր չէ, եւ ես դա ըստ էութեան բացառում եմ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ համագործակցութեան մասին է խօսքը:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Մեր պետութիւնը, արտաքին ճակատում, որտեղ որ հարց, դժուարութիւն ունի, օգնութեան, օժանդակութեան կարիք ունի, մենք պետութեան կողքին ենք: Դա կը լինի Դաշնակցութեան համասփիւռ կառոյցի, Հայ դատի գրասենեակների միջոցով: Վերջին մէկուկէս տարուայ ընթացքում բազմաթիւ օտարերկրեայ պատուիրակութիւններ են ժամանել Հայաստան, Արցախ` Հայ դատի գրասենեակների անմիջական աշխատանքի շնորհիւ: Մենք նախորդ տարի նոյեմբերին Արցախում կազմակերպեցինք միջազգային մեծ խորհրդաժողով: Մեր համայնքներն աշխուժօրէն աշխատում են ՀՀ դեսպանների, հիւպատոսների հետ` մեր երկրի շահերն ու Հայ դատն աշխարհում պաշտպանելու ուղղութեամբ: Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցներով, ընկերային տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանում տարաբնոյթ օժանդակութիւն է յատկացնում: Այսինքն, այս իմաստով, անկախ նրանից, թէ՛ ով է Հայաստանում իշխանութիւնը, շարունակելու ենք աշխատել պետութեան հետ,  եւ այդ համագործակցութիւնը լինելու է: Բայց այլ ձեւաչափ այս պահին դեռ չեմ պատկերացնում, յատկապէս` այս պայմաններում, երբ պետութեանն ուղղուած մեր այս վերաբերմունքը ներկայի իշխանութիւններն ընկալում են որպէս դրսի-ներսի Դաշնակցութեան քայլեր եւ  տարբերութիւն դնում:

ՀԱՐՑՈՒՄ.- Վերջերս յատկապէս շատ է խօսւում Դաշնակցութեան Հայաստանի եւ սփիւռքի տարբերութեան մասին: Կը յստակեցնէ՞ք:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Իշխանութիւններին թւում է, թէ տեղացիները վատն են, դրսինները լաւն են, եւ երբեմն առանց ամաչելու, առանց յայտարարութիւնների հետեւանքները գիտակցելու` չեն զլանում բացայայտ, երբեմն լկտի ձեւերով  Դաշնակցութեանը որակումներ տալ, իրականութեանը չհամապատասխանող արտայայտութիւններ անել: Մենք, շատ յաճախ, յանուն երկրի ընդհանուր ներքին կայունութեան, մեծ դժուարութեամբ, ինչպէս հարկն է, պատասխաններ չենք տալիս, բայց այդ համբերութիւնը երկար չի կարող լինել:

Չկայ «դուրս եւ ներս» եւ չի կարող լինել: Մենք համահայկական մեծ կառոյց ենք, բազմաթիւ հարցերի շուրջ կարող ենք տարբեր տեսակէտներ ունենալ, քննարկումներ ունենալ, երբեմն նաեւ` բաց քննարկումներ, տարբեր կարծիքներ յայտնել, բայց որ դրսի-ներսի Դաշնակցութեան տարբերութիւն լինի կամ հիմնական հարցերի շուրջ սկզբունքային, մեծ տարաձայնութիւն` չի կարող այդպէս լինել, որովհետեւ մենք մէկ ենք:

Ես վերջին ամիսների ընթացքում պատիւ եմ ունեցել լինելու Քանատայում, Լիբանանում, եւրոպական տարբեր երկրներում եւ այժմ Միացեալ Նահանգներում եմ, արդէն մէկ շաբաթ է, շփւում եմ այստեղի ընկերների հետ, ունենք բազմաթիւ մտահոգութիւններ տարբեր հարցերի շուրջ, տարբեր տեսակէտներ, բայց խորքում, հիմնական, սկզբունքային հարցերում մենք միասնական ենք եւ նոյնը:

ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանում ներկայումս ամենաարդիականը սահմանադրութեան փոփոխութեան հարցն է: Ինչո՞ւ են  իշխանութիւնները  ցանկանում փոփոխել երկրի մայր օրէնքը: ՀՅԴ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Մենք այն քաղաքական ուժերից ենք, որ դեռեւս մայիսին զգուշացրել էինք, թէ վարչապետի` դատարանները շրջափակելու կոչն ինչպիսի՛ բացասական հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Անցնող տարուայ ընթացքում իշխանութիւնները դատական համակարգում որեւէ բարեփոխում չեն իրականացրել եւ չեն ծրագրել: Իշխանութիւնն այստեղ մի նպատակ ունի` գրաւել, նուաճել դատական համակարգը: Այդպէս արեց Բարձրագոյն դատական խորհրդի դէպքում. ստիպեց խորհրդի անդամներին` հրաժարական տալ, ձեւաւորեցին նորը, եւ դա ներկայացուեց որպէս բարեփոխում: Նայէք այդ խորհրդի ներկայի կազմին եւ նախագահին եւ կը հասկանաք, թէ իշխանութիւնները որքանո՛վ են անկեղծ իրենց յայտարարութիւններում: Նոյնը ցանկանում են անել Սահմանադրական դատարանի պայմաններում, ցանկանում են ունենալ վերահսկելի, իրենց կողմից ղեկավարուող եւ կառավարուող Սահմանադրական դատարան եւ առհասարակ` դատական համակարգ: Այս իմաստով, ապօրինի ճնշումներ են գործադրում ՍԴ անդամների վրայ, որպէսզի նրանք հրաժարական տան, արդիւնքում ձեւաւորեն մի ՍԴ, որը 24 ժամ կը ծառայի իշխանութիւններին` դրանով խախտելով իշխանութեան ճիւղերի բաժանման, հաւասարակշռման հարցը: Դժբախտաբար իշխանութիւնը շարունակում է գնալ այս ճանապարհով, եւ մենք ամբողջովին դէմ ենք: Մեր դիրքորոշումը ՍԴ անդամներին պաշտպանելու հարց չէ, այլ` երկիրը սահմանադրական կարգի տապալումից փրկելու հարց: Սրա մասին բազմիցս արտայայտուել ենք եւ յոյս ունենք, որ իշխանութիւնները կը գիտակցեն, կը հասկանան եւ յետ կը կագնեն:

ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ միջոցներ էք ձեռնարկել հարցի մասին ձեր կարծիքը հանրութեանն ու իշխանութիւններին ներկայացնելու համար:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Տարբեր միջոցներով ենք ներկայացրել մեր տեսակէտը, այդ թւում` նախորդ տարուայ ամրանը եօթ կուսակցութիւնների հետ միասին յայտարարութիւնը, միաժամանակ մասնակցել ենք միջոռացումների: Դատական համակարգում բարեփոխումների իշխանութիւնների նախատեսած քայլերի քննադատութեանը զուգահեռ` ներկայացրել ենք նաեւ մեր պատկերացումները  բաւական ծաւալուն փաստաթղթի միջոցով: Ընդ որում, շատ կարեւոր է նշել, որ մենք երբեք հիացած չենք եղել Հայաստանի դատական համակարգի գործունէութեամբ եւ բազմաթիւ անգամներ բարձրաձայնել ենք: 2016 թուականին Հանրապետական կուսակցութեան հետ կնքուած յուշագրի կէտերից մէկը հէնց դա էր, որ դատական համակարգում կան մի շարք հարցեր, որոնք պէտք է լուծուեն: Հիմա էլ բարձրաձայնում ենք, որ իշխանութիւնները գնում են ոչ թէ այս հարցը լուծելու ճանապարհով, այլ պարզապէս ցանկանում են ունենալ սեփական դատարաններ եւ վերջ:

ՀԱՐՑՈՒՄ.- ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 129-րդ տարեդարձը: Այսօր ի՞նչ մարտահրարւէրներ կան համահայկական կառոյցի առջեւ:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Մարտահրաւէրները միշտ են եղել եւ այսօր եւս կան: Տարբեր երկրներում դրանք տարբեր են: Օրինակ, այսօր Լիբանանում կուսակցութեան խնդիրներն այլ են, որովհետեւ երկիրը վտանգի մէջ է: Բայց ընդհանուր առմամբ, հիմնական մարտահրաւէրները, որ ամբողջ աշխարհում ունենք, դա ժողովրդային աւելի լայն զանգուածների հետ մեր աշխատանքը կազմակերպելն է: Դաշնակցութիւնը, լինելով ազգային կուսակցութիւն, երբեք իր առջեւ խնդիր չի դրել, նոյնը նաեւ Հայաստանում, իր շարքերը համալրել մեծ քանակութեամբ մարդկանցով: Հայաստանում եղել ենք իշխանութիւն, ընդդիմութիւն, բայց մեր շարքերի թիւը գրեթէ միշտ նոյնն է եղել` 5-6 հազարի շրջանակներում: Այսինքն մենք երբեք մեր առջեւ նպատակ չենք դրել մեծաթիւ մարդկանց ընդգրկել մեր շարքերը: Նաեւ, վերջին փորձութիւնները ցոյց տուեցին, որ ճիշդ ենք եղել, որովհետեւ Հայաստանում եղել են կուսակցութիւններ, որ ունեցել են 180 հազար անդամ եւ այսօր նոյնիսկ 20 հոգի չունեն:

Այսօր կարեւոր ենք համարում աւելի լայն զանգուածների հետ աշխատանքը, յատկապէս` երիտասարդների, ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ աշխարհում, որովհետեւ մեր աշխատանքին նոր կեանք, նոր թափ, նոր լիցք հաղորդելու համար շատ կարեւոր է, որ մեր շարքերը համալրուեն մեծ քանակութեամբ, լաւ կրթութիւն ստացած, իրենց հայրենիքը սիրող երիտասարդներով, որ մեր պայքարին նոր թափ տանք:

Անշուշտ աշխարհը փոխուել է, ժամանակները փոխուել են, եւ երիտասարդութիւնն էլ այլ է: Ամբողջ աշխարհում փորձում են ազգային գաղափարախօսութիւն ունեցող ուժերին ներկայացնել որպէս յետամնաց, աւանդական ազգային արժէքները պահպանող եւ զարգացնող մարդիկ, բայց վստահեցնում եմ, որ ազգային գաղափարախօսութիւն կրող մարդիկ ամենաժամանակակիցն են, ազգային գաղափարախօսութիւնը  ամենաժամանակակիցն է, որովհետեւ դա ընդունելու, հասկանալու, կրելու համար պէտք է ճանաչես քո ժողովրդին, պատմութիւնը, մշակոյթը, հաւատքը, իսկ այս իմաստով,  դժբախտաբար, դա ոչ բոլորի մօտ է: Հետեւաբար Դաշնակցութիւնն ունի մի շարք մարտահրաւէրներ, եւ որքան մարտահրաւէր` այնքան աշխատանք, կամք, վճռակամութիւն, որ այս 130 տարիների ընթացքում արել ենք եւ շարունակելու ենք:

ՀԱՐՑՈՒՄ.- Ազգային ուժերի նկատմամբ վերաբերմունքի պայմաններում ձեզ յաջողւո՞ւմ է ապահովել սերնդափոխութիւն:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Անկեղծ ասած` ունենք դժուարութիւններ: Ինչպէս նշեցի, դա համընդհանուր խնդիր է, բայց այսօր Հայաստանում ՀՅԴ ղեկավար հանդիսացող Գերագոյն մարմինը մեծամասնութեամբ համալրուած է երիտասարդներով, որոնց մի մասին մեր հանրութիւնը առիթ ունեցել է վերջին տարիներին մօտիկից ճանաչելու, ականատես լինելու նրանց գործունէութեանը: Ունենք երիտասարդական, ուսանողական միութիւններ, որոնք մեր լաւագոյն ճանապարհն են սերնդափոխութիւն իրականացնելու:

ՀԱՐՑՈՒՄ.- Վերջին շրջանում բաւական հնչեղութիւն ստացան ՀՅԴ-ի համահայկական կառոյցից արտաքսումների դէպքերը, կամաւոր հեռացողներ եղան: Ինչո՞վ էր պայմանաւորուած: Արդեօք երիտասարդներին հնարաւորութիւն տրւո՞ւմ է ազատօրէն արտայայտուել պահպանելով Դաշնակցութեան աւանդոյթները, գաղափարներն ու սկզբունքները, նաեւ` կատարել նորամուծութիւններ, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ են:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Հեռացման մասին շատ եմ խօսել, եւ չէի ցանկանայ անդրադառնալ, բայց կը ցանկանայի նշել, որ տեղեկութիւնները, թէ հեռացել են յիսուն-վաթսուն հոգի, չի համապատասխանում իրականութեանը: Այդ թիւը շատ աւելի քիչ է, գտնուել են երիտասարդներ, որոնք  խախտել են կուսակցութեան կանոնագիրը, չեմ ցանկանում մանրամասների մէջ մտնել, եւ նրանք ստացել են իրենց պատիժը:

Միաժամանակ կը ցանկանայի անդրադառնալ այն մտքերին, թէ Դաշնակցութեան մէջ չկայ ժողովրդավարութիւն, բռնանում են, վերջերս նաեւ հակադաշնակցական մամուլն ու քարոզչութիւնը փորձում են ներկայացնել, որ երիտասարդներին, մտաւորականներին հեռացնում են, նման բան պարզապէս չկայ: Չգիտեմ այլ կուսակցութիւն Հայաստանում, որը երիտասարդների արտայայտուելու այդքան մեծ լիազօրութիւն եւ անհատական նախաձեռնութիւնների համար այդքան մեծ ինքնուրոյնութիւն ընձեռի: Երիտասարդներից շատերը ներգրաւուած են եղել մեր բազմաթիւ յանձնախմբերում, կուսակցութիւնը նրանց համար ստեղծել է ինքնադրսեւորուելու բազմաթիւ հնարաւորութիւններ, ոմանք հասկացել են, եւ ոմանք չեն գիտակցել: Բայց մի բան ձեզ վստահեցնում եմ, որ մեր կառոյցում, Հայաստանում եւ համոզուած եմ սփիւռքում, երիտասարդութիւնն առանձնայատուկ դերակատարութիւն ունի կուսակցութեան մէջ: Նոյնիսկ մեր կուսակցութեան կանոնագրով, Դաշնակցութեան ուսանողական մի-ութիւններին յատուկ քոթա (չափաբաժին-Խմբ.) է տրուած ուղղակիօրէն Դաշնակցութեան Ընդհանուր` բարձրագոյն ժողովին մասնակցելու համար: Այդ աւանդոյթն ի դէպ եղել է, երբ առաջին ուսանողական միութիւնն է ստեղծուել, այսինքն 130 տարի առաջ էլ Դաշնակցութիւնն իր ուսանողական միութեանը կարեւորելու եւ արժեւորելու համար ստեղծել է այդ առիթը, եւ այդ աւանդոյթները մինչ այժմ կան եւ գործում են: Այսինքն մենք երիտասարդներին տեղ տուող, մեծապէս կարեւորող կուսակցութիւն ենք, բայց իւրաքանչիւրը դա պէտք է վաստակի:

ՀԱՐՑՈՒՄ.- Արցախի յառաջիկայ նախագահական ընտրութիւններում ՀՅԴ-ն առաջադրել է իր թեկնածուին: Ի՞նչ ակնկալինքեր ունէք:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրութիւններում առաջադրել է թեկնածու` Դաւիթ Իշխանեանին, եւ պատրաստւում ենք ընտրարշաւի: Մենք ցանկանում էինք, որ Արցախում լինէր միասնական թեկնածու, եւ այն քաղաքական խաղերը, լարուածութիւնը, այն հարցերը, որ կարող են Հայաստանում առաջանալ, Արցախ չտեղափոխուեն, որովհետեւ մեր համար ամէն ինչից առաջ կարեւոր է Արցախի ներքին կայունութիւնը, նաեւ Հայաստանի,  բայց տուեալ պարագայում` Արցախն առաւել եւս ու յանկարծ ընտրութիւնների միջոցով կամ ընտրապայքարի ընթացքում որեւէ անկայունութեան տարրեր չլինեն: Դժբախտաբար այդ համաձայնութիւնը մենք չունեցանք միւս թեկնածուների կողմից, ընդ որում, այդ միասնական թեկնածուն մենք չէինք պատկերացնում, որ մեր թեկնածուն լինէր: Ամէն դէպքում, լաւատես ենք: Ամենակարեւորը, որ Արցախում ընտրապայքարը չվերածուի ժողովրդի մէջ բաժանարար գծեր ստեղծելու եւ քաղաքական հաշուարկների պատճառով ներքին բախումներ ու նման վտանգաւոր երեւոյթներ տեղի չունենան:

ՀԱՐՑՈՒՄ.- Արցախեան հակամարտութեան շուրջ բանակցութիւնների ընթացքն ինչպէ՞ս էք գնահատում:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Իշխանութիւնների տեսակէտն Արցախի հարցում անցնող մէկ ու կէս տարուայ ընթացքում շատ անհասկանալի փուլեր է անցել: Սկզբից վարչապետը յայտարարեց, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցութիւնների սեղանի շուրջ, յետոյ ասաց, որ ժողովուրդը պէտք է որոշի` ի՛նչ է ցանկանում, ասելով, թէ ժողովուրդն իրեն փաստաթղթի վրայ չի ասել, թէ ի՛նչ անկնալիք ունի վարչապետից բանակցութիւնների ժամանակ: Դրան մենք անմիջապէս արձագանգեցինք եւ սխալ յայտարարութիւն որակեցինք վարչապետի կողմից, որովհետեւ ժողովուրդը շատ յստակ իր պատասխանը տուել է` իր արեան գնով ազատագրել է Արցախը եւ իր անկախութեան հանրաքուէով ու սահմանադրութեամբ յստակ տուել է այդ հարցի պատասխանը:

Այստեղ քննարկման, սակարկման, ժողովրդի տեսակէտը լրացուցիչ ունենալու պատճառ չի կարող լինել: Երրորդը` ասաց, որ պէտք է լինի մի տարբերակ, որ ընդունելի լինի Արցախի, Հայաստանի  եւ Ազրպէյճանի ժողովրդների համար: Չորրորդ յայտարարութիւնն էլ, թէ` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս իմաստով, երբ մէկ տարուայ մէջ չորս տարբերակներ ես դնում իրար կողքի, մի շարք մտահոգութիւններ առաջանում են: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում երբեւէ կը լինի իշխանութիւն, որը գիտակցաբար Արցախի ճակատում կը փորձի զիջումների գնալ: Ես այդպէս չեմ մտածում, եւ մենք երբեք նման բան չենք ասել, որ իշխանութիւնները եկել են Արցախը յանձնելու: Բայց մենք սրա կողքին արձանագրում ենք, որ իշխանութիւնները Արցախի բանակցութիւնների հարցում չունեն հայեցակարգ, ամբողջական տեսակէտ` թէ որտեղի՛ց են սկսում եւ ո՛ւր են գնում: Այս իմաստով շատ մտահոգուած ենք, եւ Աստուած չանի, այս բանակցութիւնները տանեն փակուղի: Եթէ մինչ այս Հայաստանն էր Ազրպէյճանին մեղադրում բանակցութիւնները ձախողելու, ապակառուցողական դիրքորոշման համար, հիմա փոխուել են դերերով` Հայաստանին են մեղադրում ապակառուցողական գործունէութեան մէջ, ինչը պայմանաւորուած է վարչապետի վերջին իրար հակասող յայտարարութիւններով: Այս իմաստով մենք ունենք անելիք, մտահոգութիւն, եւ Արցախը մեր համար ոչ միայն մեր հայրենիքի մի մասն է, այլ նաեւ մեր արժանապատուութիւնն է, ինքնասիրութիւնն է, անվտանգութեան երաշխաւորը, քանզի առանց Արցախ` չկայ Հայաստան, չկայ հայ ժողովուրդ: Հետեւաբար Արցախը մեր ժողովրդի հիմնական օրակարգն է, եւ այս հարցում մենք զիջման որեւէ ցանկութիւն եւ պատճառ չունենք:

ՀԱՐՑՈՒՄ.- Չլինելով խորհրդարանական ուժ` ի՞նչ միջոցներով էք պատրաստւում արդիւնաւէտ կերպով լուծել ձեր նշած խնդիրները:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- ՀՅԴ-ի ուժը երբեք պայմանաւորուած չի եղել խորհրդարանում հինգ-վեց տոկոս ձայներով: Ի հարկէ ընտրութիւնները ցուցիչ են քաղաքական կուսակցութիւնների համար, բայց Դաշնակցութեան պարագայում, օրինակ, եթէ նախկինում ունէինք հինգ տոկոս, ուրեմն այդքա՞նն էր մեր կուսակցութեան ազդեցութիւնը ՀՀ-ում: Ո՞վ չգիտի ՀՅԴ-ի ազդեցութեան մասին: Եղել է ընտրութիւն, չենք անցել խորհրդարան, դժբախտութիւն չէ: Աշխարհում ընդունուած է, եթէ որեւէ կուսակցութիւն չի հաւաքում համապատասխան ձայներ` օրէնսդիր մարմնում ներգրաւուելու համար, պայքարում է յաջորդում տեղ ունենալու համար: Այդ Հայաստանում է, որ ասում են վերջ, եթէ չես հաւաքել, ուրեմն վերջացած ես, որովհետեւ Հայաստանում վերջին երեսուն տարիներին բազմաթիւ կուսակցութիւններ մտել են խորհրդարան, նոյնիսկ մեծ քուէ են հաւաքել եւ այսօր չկան ընդհանրապէս:

Դաշնակցութեան գործունէութեան մէջ ոչինչ չի փոխուել, եւ միայն ԱԺ ամպիոն, այն լծակը, որ կարող էինք ունենալ աւելի շատ ազդեցութիւն ունենալու համար, այսօր դա չունենք: Մնացած առումով, վերջին մէկուկէս տարուայ ընթացքում մենք բազմաթիւ ուղղութիւններով աշխատել ենք: Այսինքն մեր գոյութիւնը երբեք պայմանաւորուած չի նրանով, թէ խորհրդարանում, իշխանութեան մէջ կը լինե՞նք, թէ՞ չէ: Դա այն կուսակցութիւնների  եւ մարդկանց համար է, որոնք ստեղծել են դրանք իրենց անձը, իրենց ընտանիքի շահերը պաշտպանելու համար: Մենք մէկ հոգու շուրջ համախմբուած, մէկի շահերը պաշտպանող կուսակցութիւն չենք: Հետեւաբար այսօր խորհրդարանում չենք, բայց վստահեցնում եմ ձեզ` ապագայում լինելու ենք եւ շատ ծանրակշիռ:

ՀԱՐՑՈՒՄ.- Այս տարի ՀՅԴ-ն ինչպէ՞ս է նշում հիմնադրման տարեդարձը:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- 2020-ը մեր համար յոբելենական տարի է` կուսակցութեան 130-ամեակն է, որ նշելու ենք սփիւռքում եւ Հայատանում մեծ շուքով: Յոբելեան նշելը կուսակցութեան համար միայն տօն չէ` իրար հանդիպելու, շնորհաւորելու առիթ չէ: Սա մեր համար նաեւ մեր ժողովրդին հաշուետուութիւն տալու միջոց է, եւ այս իմաստով, որքան մեծ են լինելու միջոցառումները, այնքան նաեւ հաշուետուութիւն տալու բովանդակային ծաւալն է մեծ լինելու, նոր մեկնարկի մասին յայտարարելու, աւելի լայն բացուելու, աւելի մեծ թափ հաղորդելու մեր առաջիկայ աշխատանքներին: Համահայկական մի քանի ձեռնարկներ ունենք ծրագրած եւ առաջիկայում կը յայտարարենք ամսաթուերը:

ՀԱՐՑՈՒՄ.- ՀՅԴ-ն, ինչպէս նշեցիք, ամենատարբեր ուղղութիւններով լայնածաւալ գործունէութիւն է իրականացնում, բայց կարծես հանրութեան լայն շրջանակները բաւական իրազեկուած չեն այդ մասին:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Մենք աշխատում ենք շատ հրապարակային. Հայաստանում այսօր մենք ե՛ւ փողոցում ենք, ե՛ւ գրասենեակում ենք, ե՛ւ մամուլում: Ընդհանրապէս, քարոզչական առումով, ունենք այդ խնդիրները, որ մեր իրականացրած աշխատանքները չենք կարողանում մեր հասարակութեանը լիարժէք ներկայացնել: Այսօր Հայաստանում ասում են, որ կարեւոր չէ գործ անում ես, թէ չէ, կարեւորը` լաւ «լայվ» մտնել իմանաս եւ «սթաթիւս» գրես, եւ կարեւոր էլ չէ, թէ ո՛րն է ճշմարտութիւն, ո՛րը` սուտ: Այս իմաստով, ներկայ ուժերի հետ մրցակցելու համար մենք դժուարութիւն ունենք, մենք այդ դաշտում չենք, որովհետեւ մենք այլ կերպ ենք մտածում եւ գործում: Բայց ունենք մամուլ, ընկերային կայքերում, եւ գործունէութիւնը բաւական հրապարակային է եւ աշխուժ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ձեր ուղերձը ամերիկահայ համայնքին:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Ամերիկահայ համայնքը մեր ամենամեծ, ամենակազմակերպուած եւ աւանդոյթներ ունեցող համայանքներից է: Մեծ հպարտութիւն ապրեցի, երբ այցելեցի Ազգային վարժարան, որտեղ ամբողջովին հայկական ոգին էր տիրողը: Միացեալ Նահանգների Քոնկրեսի որոշումներն էլ մեր համայնքի քաղաքական գործունէութեան, Հայ դատի երկարատեւ աշխատանքի արդիւնքն են:

Իւրաքանչիւր հայ նաեւ իր երկրի դեսպանն է օտար երկրում, եւ այս իմաստով, որքան մենք կազմակերպուած համայնք ունենանք, այնքան լաւ, բայց շատ կարեւոր է, որ այս համահայկական հարստութիւնը, հայ ժողովրդի հնարաւորութիւնները ուղղորդուեն դէպի հայրենիք եւ ծառայեն Հայաստանի եւ Արցախի զարգացմանն ու հզօրացմանը: Եւ այն բացթողումները, խնդիրները, հարցերը, որ անցնող տարիների ընթացքում չենք կարողացել լուծել ու այն յոյսերը, որոնք չեն արդարացուել, այսօր ժամանակն է, որ համախմբուած, միմեանց թեւ թիկունք տալով` իրականացնենք ու միասին շէնացնենք մեր երկիրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here