ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

0
318

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. – ԱԶԳ

2020թ. թավշյա «հեղափոխության» երրորդ տարին է եւ նախկին իշխանություններից մնացած տնտեսական իներցիան արդեն մոտ է զրոյի, ինչը նշանակում է, որ զարգացման համար նոր իշխանությունները պետք է մշակեն առաջընթացի սեփական ռազմավարությունը: Այս պահին գործնական քայլեր չեն կատարվում ՀՀ-ում տնտեսական նոր քաղաքականնություն մշակելու համար, փոխարենը բարձրագոչ հայտարարությւոններ են արվում տնտեսական հեղափոխության մասին:

Նոր իշխանությունների կառավարման արդեն երրորդ տարում պարզ է, որ պետական ինստիտուտները կաթվածահար են ու ոչ գործունյա, սրան ավելանում է նաեւ նորերի կառավարման անկարողությունը, որը է՛լ ավելի է խորացնում ներպետական ճգնաժամը:

Տնտեսական հեղափոխությանը հավատում են միայն գործող վարչապետի ֆանատները, իսկ բիզնեսմենները, գյուղատնտեսները եւ ընդհանրապես գործի մարդիկ, բախվելով նորերի կառավարման ոչ պատշաճ մակարդակին, ստիպված են արձանագրել, որ իրավիճակը օր-օրի ավելի է վատանում: Չնայած վարչապետը հայտարարում է, թե իբր 2019 թվականը փակել ենք տնտեսական բարձր արդյունքով, սակայն մասնագիտական շրջանակների համար այդ աճը ընդամենը անկման նախօրեին սկսված տնտեսական հոգեվարքի դրսեւորում է:

Ներդրումների շարունակական անկման, արտագաղթի ու ներտնտեսական խորացող ճգնաժամի երեւույթները հատկապես տեսանելի կլինեն արդեն 2020թ.-ին, քանի որ մեքենաների ներկրումից առաջացած տնտեսական աճի ժամանակավոր ցուցանիշները այլեւս չեն լինի եւ պարզ կդառնա, որ պետությունը տնտեսական խորը փոսի մեջ է հայտնվելու: Իշխող քաղաքական ուժի կառավարման ապաշնորհությունը երեւում է տնտեսության գրեթե բոլոր բնագավառներումՙ էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, վերամշակող արտադրություն եւայլն:

Իշխանություններն այն աստիճան չեն տիրապետում իրավիճակին, որ ժամանակին նույնիսկ լուծարեցին Հայաստանի ՀՆԱ-ի առյուծի բաժինը կազմող գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունները:

Ինչեւէ, տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով հպարտանում են գործող իշխանությունները, պայմանավորված են մասամբ նաեւ ստվերի կրճատմամբ, խաղադրույքային ինդուստրիայի զարգացմամբ եւայլն: Ստվերի կրճատումը իհարկե լավ երեւույթ է հատկապես բյուջեի համալրման համար, սակայն միաժամանակ այն նոր արտադրություն չի ստեղծում, նոր ներդրումներ չի ապահովում ու նոր աշխատատեղեր էլ դրա հաշվին չեն առաջանում, իսկ շատ դեպքերում նույնիսկ կրճատվում են:

Այսինքն մասնագիտական շրջանակների համար պարզ է, որ մի կողմից թվում է թե տնտեսական թվաբանության մեջ աճ ունենք, սակայն մյուս կողմից էլ պարզ է, որ այդ թվաբանությունը իրական տնտեսությանը ոչինչ չի տալիս: Տնտեսության մեջ կարող է տեղի ունենալ աճ, եթե ներդրումներ գան Հայաստան, սակայն դրանք ցավոք չկան:

Հետհեղափոխական Հայաստանում հայտարարվում էր, որ Արեւմուտքը եւ հատկապես Սփյուռքը պատրաստ է հսկայական ներդրումներ իրականացնել ՀՀ-ում, սակայն իրականում այդ ներդրումները ոչ միայն չեկան, այլեւ կրճատվեցին: Աշխատեց տնտեսական հայտնի ֆենոմենըՙ ֆինանսները լռություն են սիրում, իսկ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ գործող վարչակազմի թեթեւ ձեռքով ամեն օր սկանդալներ են տեղի ունենում, ներդրումների սպասելն անիմաստ է:

Ներդրումային «սովը» էլ ավելի կխորանա 2020թ.-ին, քանի որ գործող իշխանությունները բիզնես մթնոլորտի բարելավման հարցում գործնական նշանակալից քայլեր չեն իրականացնում, իսկ երկիրը զարգացման համար ֆինանսական մեծ հոսքերի կարիք ունի: Սակայն, ինչպես կարող է բիզնես իրավիճակը բարելավվել, եթե կառավարությունն ու նրա ղեկավարը զբաղված են Սահմանադրական դատարանի շուրջ սկանդալների կազմակերպմամբ, իսկ դա էլ իր հերթին ազդում է Հայաստանի միջազգային իմիջի վրա:

Հայաստանի ՀՆԱ-ի ամենամեծ բաժինը հանքարդյունաբերությանն է, որը առայժմ միակ ուղղությունն է, որ քիչ թե շատ ներդրումներ ու աճ է ապահովում: Սակայն Ամուլսարի ու Լիդիանի շուրջ առաջացած իրավիճակը խորացնում է ճգնաժամը նաեւ այս բնագավառում, իսկ եթե այն շարունակվի, ապա բացառված չէ, որ այդ ընկերությունը կմտնի արբիտրաժային դատարան եւ փոխհատուցում կպահանջի:

Արդեն, ըստ որոշ լրատվամիջոցների, «Սանիտեք» կազմակերպությունը դիմել է միջազգային դատարանՙ հետ պահանջելով իր ներդրումները ՀՀ կառավարությունից, եւ եթե նրան հաջողվի այս հարցում «հաջողություն» գրանցել, ապա դա վերջնականապես կսպանի ՀՀ ներդրումային իմիջը:

Այսինքն միջազգային արբիտրաժային դատարանում ՀՀ դեմ որեւէ հայց հարված է լինելու «նոր» Հայաստանի բիզնես միջավայրին եւ պատգամՙ այլ կազմակերպություններին, որ խուսափեն ներդրումներ իրականացնելուց այստեղ: Ստեղծված այս պայմաններում, սակայն, կառավորությունը գործնական քայլեր չի ձեռնարկում իրավիճակը փոխելու համար:

Եվ այսպեսՙ 2020թ. սկսում ենք տնտեսական ու քաղաքական նոր խնդիրներով, իսկ դրանք միմյանց հետ փոխկապակցված են, եւ եթե քայլեր չձեռնարկվեն քաղաքական իրավիճակի կայունացման ուղղությամբ, ապա դա կազդի տնտեսական միջավայրի վրա եւս: Այս տարի արդեն մեքենաների ներկրման էֆեկտը զրոյացել է եւ հարց է առաջնում ինչի հաշվին է հնարավոր տնտեսական աճ ապահովել:

Սա մի հարց է, որի պատասխանը պետք է տար իշխանությունները 2020թ. բյուջեն կազմելիս, սակայն այն ոչ միայն հեղափոխական չէ, այլ տնտեսական իր 4.3% աճով կարելի է գնահատել որպես «հակահեղափոխական»: Սա նաեւ նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունները ընդամենը միֆ էին, իսկ զարգացման նոր մեխանիզմներ ստեղծելու համար լուծումներ չեն առաջարկվում:

Հետհեղափոխական Հայաստանում էյֆորիան անցնում է եւ գալիս է սթափության ժամանակը ու շատ-շատերն են զարթնում, հասկանալով, որ չեն կատարվել տրված խոստումները, չեն լուծվել հարցերը ու պետությունը կանգնած է կոտրած տաշտակի առաջ: 2020թ. թերեւս այս իշխանությունների համար ամենադժվար տարին լինի, քանի որ այլեւս անհնար է միմիայն խոստումներով մարդկանց կերակրել, եւ այս պայմաններում ոչինչ այլեւս չի մնում անել քան մեղավորներ գտնելը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here