«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՓԱՍՏԱԲԱՆ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿԵԱՆԻ ՀԵՏ

0
1242

«Մենք Պէտք Է Հասկանանք, Թէ Մեզ Ինչ Մոդելի Բանակ Է Պէտք»

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Նորիկեան, բանակում տարուայ սկզբից 10 զոհ ունենք, թէեւ տարեսկզբին վարչապետը նշում էր, որ բանակում մահերի քանակով պատմական մինիմումի (նուազագոյնի-Խմբ.) ենք հասել: Սա ինչի՞ մասին է խօսում, տեսակէտ կայ, որ պատշաճ վերահսկողութիւն չկայ:

ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿԵԱՆ.- Իւրաքանչիւր բանակ ապահովագրուած չէ դժբախտ պատահարներից: Հասարակութիւնում, որեւէ միջավայրում դժբախտ պատահարներից որեւէ մէկն ապահովագրուած չէ: Խօսքն այդ մասին չէ, խօսքը զինուած ուժերի տարբեր զօրամասերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին է, որը ծնում է այսպիսի դէպքեր: Իմ կարծիքով, խաղաղ պայմաններում, երբ չկան մարտական գործողութիւններ, սահմանում յարաբերական անդորր է, զինուած ուժերի սպայական կազմը առաւել քան իր ուժերի գերլարումով պէտք է ամէն ինչ անի զօրամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ուղղութեամբ, ինչը կը նպաստի այսպիսի հոգեբանական բացասական ազդեցութիւնների վերացմանը, որոնց արդիւնք են հանդիսանում այսպէս կոչուած ինքնասպանութեան հասցնելու հանգամանքերը: Իմ բոլոր ուսումնասիրութիւնները, տարիների փորձը, ինչպէս նաեւ օրինական ուժի մէջ մտած դատական ակտերի (գործերու-Խմբ.) բովանդակութեան ուսումնասիրութիւնը հնարաւորութիւն է տուել յանգելու համոզման, որ բոլոր դէպքերում, այսպէս կոչուած ինքնասպանութիւնները կամ զինծառայողների միջեւ կանոնադրական յարաբերութիւնների պարզաբանումը պայմանաւորուած է պատժի ու արժանապատուութեան ստորացման, ծեծի, բռնութեան, հայհոյանքի, աման լուանալու, անկողին լուանալու, դիրքերում քնելու հանգամանքներով: Այսինքն հանգամանքների յայտնի շրջանակ է, եւ պէտք է դրանց վերացման ուղղութեամբ աշխատի զինուած ուժերի անձնակազմը:

Բայց ոչ միայն զինուած ուժերի անձնակազմը: Սա համալիր խնդիր է, ես կարծում եմ, որ զինուած ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նոր ռազմավարութիւն պէտք է մշակել ու գործի դնել, որում պէտք է ներգրաւուի ոչ միայն ԶՈՒ անձնակազմը, այլեւ բուհական համակարգը, կրթական այլ հաստատութիւններ, մշակութային օղակները, հասարակութիւնն իր տարբեր շերտերով: Ես կարծում եմ, որ ընդհանրապէս այդ ողբերգութիւնների շղթան կտրելու համար ԶՈՒ յենասիւնը հանդիսացող սպայական կազմի մտածողութեան մէջ պէտք է արմատական փոփոխութիւններ կատարուեն: Ցաւօք սրտի, այնպիսի զգացողութիւն է, որ ինչ-որ մարդկանց համար սա սովորական երեւոյթ է: Ասում են՝ բա նորմալ է, բանակում պէտք է լինեն այսպիսի դէպքեր: Ես կտրականապէս դէմ եմ այդ ընկալմանը եւ կարծում եմ, որ ճիշդ հակառակը, հէնց բանակը այն հաստատութիւնն է, որ կանոնակարգւում է յստակ կանոնակարգերով, զինուորական խիստ հիերարխիկ (աստիճանակարգով-Խմբ.) հրաման տալու եւ հրաման կատարելու կանոններով, եւ այդ պայմաններում պէտք է այնպէս արուի, որ որեւէ զինծառայող ազատ չմնայ, նրա ամէն ժամը յագեցած լինի օրէնքով սահմանուած կարգով ինչ-որ գործողութիւններով, ինչը կը զրկի նրան զբաղուել այլ հանգամանքներով:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Շատերն են նշում, որ քրէական ենթամշակոյթն առկայ է նաեւ բանակում: Ընդհանրապէս քրէական ենթամշակոյթի դէմ ուղղուած օրէնքը, որ ընդունուեց վերջերս, կարո՞ղ է կենսունակ լինել: Որքանո՞վ այն կարող է կանխել միջադէպերը բանակում:

ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿԵԱՆ.- Բանակն ունի իր չգրուած բարքերը, որտեղ միմեանց միջեւ յարաբերութիւնները կարգաւորւում են ոչ միայն քրէական ենթամշակոյթին յարիր բարքերով, այլ նաեւ կան առանձնայատկութիւններ, որոնք բուն քրէական ենթամշակոյթի մէջ չտեղաւորուող յարաբերութիւններ են: Բայց որ դրանք յանցաւոր բարքեր են, ապօրինի բարքեր են, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող:  Իհարկէ, քրէական ենթամշակոյթի մասին օրէնքը եւ դրա կիրառումը կարող է իր որոշակի ազդեցութիւնն ունենալ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ բարքերը բանակ են ներթափանցում տարբեր դրսեւորումների միջոցով: Հէնց այդ դրսեւորումների դէմը պէտք է առնել, իսկ դրա դէմ առնել հնարաւոր է միայն ու միայն զինուած ուժերի տարբեր զօրամասերում բացառապէս զինուորական կանոնագրքերին համապատասխան հասարակական յարաբերութիւններ հաստատելու միջոցով: Եթէ զօրամասերում ցանկացած խնդիր լուծուի կանոնագրքերով, իրաւական ակտերով, օրինական տրուած հրամանների միջոցով, այդ ոչ ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) ինստիտուտները, բարքերը պահանջարկ չեն ունենայ: Այսինքն պէտք է գտնել այդ բջիջը, այդ մետաստազը (այլակերպութիւնը-Խմբ.) եւ ոչնչացնել: Սա համալիր գործընթաց է, որը պայմանաւորուած է սպայական կազմի ինտելեկտուալ (իմացական-Խմբ.) կարողութիւններով, հրամանատարական կազմի ղեկավարման, կառավարման հմտութիւններով: Շատ բան կախուած է զօրամասի հրամանատարից. Ինչպիսի կառավարում, ղեկավարում իրականացրեց զօրքում, այնպիսի բարոյահոգեբանական կը տիրի զօրքում:

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Երբ պարզուեց, որ կայ անգամ «էլիտար» (վերնախաւային-Խմբ.) զօրամաս, ձեզ համար սա անակնկա՞լ էր: Ընդհանրապէս նման զօրամասեր ունենալու հանգամանքն ինչի՞ մասին է խօսում:

ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿԵԱՆ.- Սա խօսում է այն մասին, որ կոնցեպտուալ (տեսական-Խմբ.) առումով մեր հանրային կեանքի մի շարք ոլորտներում, այդ թւում զինուած ուժերում, չեն իրականացուել կամ իրականացւում պատշաճ բարեփոխումներ, եւ երկրում պէտք են յեղափոխական արժէքներին համահունչ գործողութիւններ, որոնք ուղղուած կը լինեն որակապես նոր հասարակութիւն եւ զինուած ուժերում որակապես նոր մթնոլորտ ձեւաւորելուն: Ցաւով եմ արձանագրում, որ իներցիոն (սովորոյթով-Խմբ.) այն մտայնութիւնը, որ կար մինչեւ իշխանափոխութիւնը ՀՀ զինուած ուժերում, մեծ հաշուով, չի փոխուել: Աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական (ընկերային-Խմբ.) ինչ-որ խնդիրների լուծումը, սննդի բարելաւումը դրանք շատ անհրաժեշտ բաներ են, բայց խորքային առումով մենք պէտք է հասկանանք, թէ մեզ ինչ մոդելի (օրինակիևխմբ.) բանակ է պէտք, զինուած ուժերն ինչպիսի առաքելութիւն պէտք է իրականացնեն, այդ առաքելութիւնն իրականացնելու փուլում իրենք ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում պէտք է գտնուեն:  Ամենակարեւոր խնդիրը, որի վրայ կ՛ուզենայի ուշադրութիւն հրաւիրել, պատասխանատուութեան անխուսափելիութեան սկզբունքը պէտք է գործի բոլորի համար: ՀՀ օրէնքները շարքայինից մինչեւ գեներալի (զօրավարի-Խմբ.) համար պէտք է գործեն անխտիր: Մենք ամէն տարի մի քանի գեներալական ուսադիրներ ենք բաշխում տարբեր զինուորականների, բայց լաւ կը լինէր, որ հաշուետուողականութեան ինստիտուտն (հիմնարկը-Խմբ.) էլ շռնդալից լինէր, որ մարդիկ հասկանային, թէ ինչի համար են տրւում այդ կոչումները, այդ կոչումներ ստացող անձինք ինչպիսի գործունէութիւն են ծաւալել, ինչ արդիւնքներ են գրանցել: Զինուած ուժերում պէտք է մարդիկ նաեւ յստակ պատասխանատուութեան ենթարկուեն իրենց բացթողումների համար, մի քանիսը ուղղակի հեռացուեն զինուած ուժերից եւ ընդհանրապէս, զինուած ուժերը պէտք է զգաստանան, ի վերջոյ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here