ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԵՎ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

0
290

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ – ԱԶԳ

Եթե այսօր հասարակական հարցում (քիչ էր մնացել ասեիՙ հանրաքվե) անցկացնեինք, թե ո՞վ է Հայաստանում ամենասիրելի մարդը, անառարկելիորեն բոլորը տալու էին մեր «Սպիտակ արջի»ՙ Արթուր Ալեքսանյանի անունը: Մեր ըմբիշը գիտի արժանապատիվ եւ վստահ հաղթանակ տանել իր մրցակիցների նկատմամբՙ գեղեցիկ նետումներով ծնկի բերելով նրանց: Ափսոս որ վերջին մրցման ժամանակ նրա ախոյանը ազերի չէր, այլՙ ծագումով վրացի: Թեեւ մեկ անգամ չէ, որ նա առանձին ոգեւորությամբ զգետնել է իր թուրք եւ ազերի մրցակիցներին:

Մեր ժողովուրդը, բոլորս, նման ինքնավստահ եւ արժանապատիվ հաղթանակ ենք ակնկալում նաեւ մեր պետական առաջնորդներից միջազգային բոլոր ֆորումներում, հատկապես այնտեղ, որտեղ «մեր» դիմաց կանգնած է անբարտավան որեւէ ազերի, լինի բլոգերի անվան տակ թաքնված գործակալ, ԵԽԽՎ պատգամավոր, արտգործնախարար թե նախագահ: Հայերս ուզում ենք նշաձողը միշտ բարձր տեսնել:

Փաշինյան-Ալիեւ մյունխենյան դեմ առ դեմ բանավեճը (panel discussion) Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում չգոհացրեց շատ շատերին: Նույնիսկ նրանց, ովքեր անվերապահ հիացում ունեն ՀՀ վարչապետի նկատմամբ: Չեմ ուզում կրկնել մամուլում եւ հատկապես սոցցանցերում հայտնված վերապահ գնահատանքի եւ անվերապահ պարսավանքի խոսքերը վարչապետի կատարումների վերաբերյալ, սկսածՙ Ալիեւի անբարտավան պահվածքի ֆոնին նրա արտաքին պահվածքից մինչեւ պրիմիտիվ անգլերենը, ոչ հստակ եւ թերի բանաձեւումներից մինչեւ պատմության խորքերը նրա կատարած էքսկուրսներըՙ ի պատասխան Հեյդարօղլուի: Միով բանիվՙ այդ արտահայտությունները կարելի է բաժանել երկու դասիՙ անբավարարվածության եւ խորը դժգոհության: Նույնիսկ մամուլի կրպակի մի վաճառողուհի, որն ինձ ծանոթ է վարչապետի նկատմամբ տածած իր սիրատոչոր հիացմունքով, Փաշինյանի «ամուր ներվերը» գովելուց հետո ասաց. «Ես նրա փոխարեն տեղնուտեղը Ալիեւին կխեղդեի»: Ասենքՙ Ալիեւը նույնպես չփայլեց որեւէ բանով, բացի գոռոզ կեցվածքից: Նրա անգլերենը ողորմելի էր:

Պետք է դիտարկել նաեւ, որ մամուլի տարբեր հրապարակումներում քիչ չէին ու չեն վարչապետի փոխարեն Ալիեւի «պորտը տեղը դնելու» դերում հայտնվելու մերոնց ցանկությունըՙ «ես այսպես կասեի», «ես այնինչ փաստն էլ կբերեի», «ես…»: Եղան նաեւ ոմանք, որոնք Փաշինյանի փոխարեն բանավեճի նույն աթոռին երեւակայեցին նստեցնել, ըստ իրենց ճաշակի, մեկ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեկ Ռոբերտ Քոչարյանին, մեկ Սերժ Սարգսյանին կամ Վարդան Օսկանյանին ու Էդվարդ Նալբանդյանին, իմ կարծիքովՙ ոչ անտեղի կերպով:

Ինչեւէ: Ի մի բերելով հայ-ադրբեջանական հակամարտության այսՙ բանավիճային դրվագը, անհրաժեշտ է այսուհետեւ նկատի ունենալ մի քանի բան:

Նախՙ բոլոր այն պետական գործիչները, որոնք հակամարտության ու բանակցությունների որեւիցե փուլում որոշիչ դերակատարում են ունեցել նախապես, անկախ նրանց նկատմամբ գործող իշխանության վերաբերումից, Արցախյան հարցի շուրջ պետք է ունենան պաշտոնական կամ անպաշտոն խորհրդականի կարգավիճակ:

Երկրորդՙ ներկա իշխանությունները պետք է ստեղծեն տարբեր մասնագետներից բաղկացած գիտական հատուկ մի աշխատակազմ, խումբ, որն իր հետազոտությունների արդյունքները կամփոփի բանաձեւերի տեսքովՙ կիրառելի տարբեր ձեւաչափի ֆորումներում եւ բանակցության սեղանների շուրջ:

Երրորդՙ մեկընդմիշտ պետք է հրաժարվել հայաստանյան հինՙ «ամեն բան գիտեմ» հիվանդությունից. այս եւ նման գործերում դիլետանտությունը ավելի վնասակար ու վտանգավոր է, քան ոչինչ չասելն ու չանելը: Սովորելը, մասնագետների եւ փորձառուների կարծիքով զինվելը բնավ ամոթ չէ, այդ հարցում բարդույթավոր լինե՛լն է ամոթ: Հետեւաբար, մեր պետության բարձրաստիճան յուրաքանչյուր պաշտոնյա, վարչապետից, նախագահից, արտգործնախարարից սկսած մինչեւ խորհրդարան ու պաշտպանության նախարարություն, ստիպված պետք է լինեն սովորելու, նույնիսկ անգիր անելու վերոհիշյալ աշխատախմբի ներկայացրած բանաձեւերը եւ դրանք օգտագործելու ըստ տեղի եւ պայմանների: Բանաձեւերով խոսելը ընդունված է նույնիսկ ամենափորձառու պետական գործիչների կողմից: Օտար լեզվին տիրապետելը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր առավելություն է, սակայն ոչ այնքան կարեւորՙ որքան լեզվի սայթաքումներից ու մտավոր բացթողումներից խուսափելը:

Հասկանալի է, որ վերոհիշյալ 3 կետերը տնային աշխատանքի գլխավոր բաղադրիչներն են, պարտականությունների մի համալիր, որն անտեսելը, որից խուսափելը անթույլատրելի է պետական գործչի համար, մանավանդ պատասխանատու հանգամանքներում:

Քաղաքական ասպարեզում, ինչպես սպորտում, միայն տնային չարքաշ աշխատանքը կարող է արդյունք տալ եւ փառք բերել տվյալ անձնավորությանը, ինչպես չարքաշ եւ անդուլ մարզանքներըՙ մեր «Արջին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here